Ի՞նչ է հավատը
ՁԵՐ կարծիքով՝ ի՞նչ է հավատը։ Ոմանք մտածում են, թե այն անհաստատ համոզմունք է։ Նշանավոր ամերիկացի ակնարկագիր և լրագրող Հ. Լ. Մենկենը հավատը սահմանեց այսպես. «Անտրամաբանական համոզմունք անհավանական ինչ–որ բանի մասին»։
Իսկ Աստվածաշնչում հետևյալ սահմանումն է տրվում. «Հավատը հուսացած բաների հաստատուն ակնկալությունն է և ակնհայտ ապացույցը այն իրողությունների, որոնք տեսանելի չեն» (Եբրայեցիներ 11։1)։
Քննենք հետևյալ հարցերը։
• Ի՞նչ է հավատի մասին ասում Աստվածաշունչը։
• Ինչո՞ւ է կարևոր զարգացնել այնպիսի հավատ, որի մասին խոսվում է Աստվածաշնչում։
• Ինչպե՞ս կարող եք ամուր հավատ ունենալ։
Սեփականության վավերագիր. անժխտելի փաստ
Այն ժամանակ, երբ գրվում էր «Եբրայեցիներ» գիրքը, «հաստատուն ակնկալություն» արտահայտությունը ծանոթ էր բոլորին։ Այն հաճախ էր օգտագործվում գործարքային փաստաթղթերում և նշանակում էր ապագայում ինչ–որ բան ստանալու երաշխիք։ Մի աշխատության մեջ նշվում է, որ Եբրայեցիներ 11։1 համարը կարելի է այսպես թարգմանել. «Հավատը հուսացած բաների սեփականության վավերագիր է»։
Դուք այդպիսի հավատ եք դրսևորում, երբ ինչ–որ բան եք գնել մի վստահելի ընկերությունից և սպասում եք, որ այն առաքվի ձեր տուն։ Ձեզ տալիս են վաճառքի կտրոն, որը հիմք է հավատալու, որ ընկերությունը ապրանքը կհասցնի ձեր տուն։ Այլ կերպ ասած՝ վաճառքի կտրոնը ձեր սեփականության վավերագիրն է՝ երաշխիք, որ կստանաք այն, ինչ գնել եք։ Եթե կորցնեք կամ դեն նետեք այն, ապա կկորցնեք սեփականության ապացույցը։ Նմանապես, նրանք, ովքեր հավատում են, որ Աստված կիրականացնի իր խոստումները, գիտեն, որ կստանան իրենց վարձատրությունը։ Իսկ այն մարդիկ, ովքեր չեն հավատում կամ կորցրել են իրենց հավատը, չեն կարող ակնկալել, որ որևէ բան կստանան Աստծուց (Հակոբոս 1։5–8)։
Եբրայեցիներ 11։1–ում գրված երկրորդ արտահայտությունը՝ «ակնհայտ ապացույցը», ունի հետևյալ իմաստը. հիմնավոր փաստ, որը հակասում է իրական թվացող բաներին։ Բերենք օրինակ. թվում է, թե արևն է պտտվում երկրագնդի շուրջ, քանի որ այն դուրս է գալիս արևելքից, անցնում է երկնակամարով և մայր է մտնում արևմուտքում։ Սակայն աստղագիտությունը և մաթեմատիկան այլ փաստ են ներկայացնում. երկրագունդը արեգակնային համակարգի կենտրոնը չէ։ Ուստի երբ իմանում եք այս փաստի մասին և ընդունում եք այն որպես ճշմարտություն, սկսում եք հավատալ, որ երկիրն է պտտվում արևի շուրջ, թեև իրականում այլ բան եք տեսնում։ Փաստորեն, հավատը կույր չի լինում։ Ընդհակառակը՝ հավատի շնորհիվ կարողանում ենք տեսնել իրերն այնպես, ինչպես դրանք կան իրականում։
Ամուր հավատ. որքանո՞վ է կարևոր
Աստվածաշունչը քաջալերում է ունենալ այնպիսի հավատ, որը փաստերի վրա է հիմնված։ Սակայն ամուր հավատ ունենալու համար դուք նաև պետք է պատրաստ լինեք փոխելու ձեր համոզմունքները։ Իսկ կարևո՞ր է արդյոք ամուր հավատ ունենալ։ Պողոս առաքյալը գրել է. «Առանց հավատի՝ հնարավոր չէ հաճեցնել նրան, քանի որ նա, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ նա գոյություն ունի և որ վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն» (Եբրայեցիներ 11։6)։
Պետք է նշել, սակայն, որ ամուր հավատ զարգացնելը դժվար է։ Այդուհանդերձ, եթե հետևեք հաջորդ հոդվածներում նշված չորս քայլերին, դա ձեզ կհաջողվի։