2 Աստծու մասին ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերեք
«Սա՛ է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն» (Հովհաննես 17։3)։
Ո՞ՐՆ է ԽՆԴԻՐԸ։ Ոմանք ասում են, թե Աստված գոյություն չունի։ Մյուսները կարծում են, թե նա հզոր ուժ է։ Իսկ Աստծուն հավատացող շատ մարդիկ նրա մասին իրար հակասող ուսմունքներ են սովորեցնում։
Ո՞ՐՆ է ԼՈՒԾՈՒՄԸ։ Աստծուն կարող ենք ճանաչել՝ զննելով նրա ստեղծագործությունները։ Պողոս առաքյալն ասաց. «[Աստծու] անտեսանելի հատկությունները, այսինքն՝ նրա հավերժական զորությունն ու Աստվածությունը, հստակ կերպով երևում են աշխարհի արարումից ի վեր, որովհետև դրանք տեսնվում են ստեղծված բաների միջոցով» (Հռոմեացիներ 1։20)։ Ուշադրությամբ ուսումնասիրելով բնությունը՝ դուք շատ բան կիմանաք Արարչի իմաստության ու զորության մասին (Սաղմոս 104։24; Եսայիա 40։26)։
Սակայն Աստծու մասին ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելու համար մեզնից յուրաքանչյուրը պետք է բացի Աստվածաշունչը, կարդա և ուսումնասիրի այն։ Թույլ մի տվեք, որ ուրիշների մտածելակերպն ազդի ձեր որոշումների վրա։ Հետևեք Աստվածաշնչի խորհրդին. «Մի՛ ընդունեք իրերի այս համակարգի կերպարանքը, այլ վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը, որպեսզի հավաստիանաք, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (Հռոմեացիներ 12։2)։ Տեսնենք, թե ինչ է հայտնում Աստվածաշունչը Աստծու մասին։
Աստված անուն ունի։ Աստվածաշնչի բնագիր տեքստում Աստծու անունը գրված է եղել մոտ յոթ հազար անգամ։ Սաղմոս 83։18–ում կարդում ենք. «Եվ իմանան, որ դու կաս, քո անունը Եհովայ է. դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ»։
Եհովան զգացմունքներ ունի, և նրա համար միևնույն չէ, թե ինչպես են վարվում մարդիկ։ Եհովան ազատագրեց իսրայելացիներին Եգիպտոսի գերությունից, այդուհանդերձ, ժամանակ առ ժամանակ նրանք չէին հետևում նրա առաջնորդությանը։ Նրանց ըմբոստությունը «բարկացրեց» Աստծուն։ Իրենց արարքներով իսրայելացիները «Իսրայէլի Սուրբին նեղացրին» (Սաղմոս 78։40, 41)։
Եհովան հոգ է տանում մեր մասին անհատապես։ Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Չէ՞ որ երկու ճնճղուկը վաճառվում է չնչին արժեք ունեցող մետաղադրամով։ Սակայն նրանցից և ոչ մեկը գետին չի ընկնի առանց ձեր Հոր իմացության։ Բայց ձեր գլխի մազերը բոլորն էլ հաշվված են։ Ուրեմն մի՛ վախեցեք. դուք շատ ճնճղուկներից ավելի թանկ եք» (Մատթեոս 10։29–31)։
Աստված մի ազգին մյուսից ավելի բարձր չի դասում։ Պողոս առաքյալը Աթենքում ելույթ ունենալիս նշեց, որ Աստված «մեկ մարդուց ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որպեսզի բնակվեն ամբողջ երկրի երեսի վրա»։ Նա նաև ասաց, որ Աստված «մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործեր 17։26, 27)։ Իսկ Պետրոս առաքյալն ասաց. «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով որ վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35)։
Ո՞ՐՆ է ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ։ Ոմանք «Աստծու հանդեպ նախանձախնդրություն ունեն, բայց ոչ ճշգրիտ գիտության համաձայն» (Հռոմեացիներ 10։2)։ Եթե իմանաք, թե ինչ է Աստվածաշունչը իրականում սովորեցնում Աստծու մասին, դուք չեք մոլորվի, այլ կկարողանաք «մոտենալ Աստծուն» (Հակոբոս 4։8)։
Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի առաջին գլուխը, որը վերնագրված է՝ «Ո՞րն է ճշմարտությունը Աստծու մասին»a։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկար 6–րդ էջի վրա]
Աստծուն կարող ենք ճանաչել՝ նրա ձեռքի գործը զննելով