Մոտեցեք Աստծուն
Եհովան խոսում է իր մասին
ԵԹԵ քեզ հարցնեին, թե ով է Աստված, ինչպե՞ս կնկարագրեիր նրան։ Իսկ հիմա պատկերացրու, որ կարող ես Աստծուն հարցնել, թե ով է նա։ Մովսես մարգարեին այսպիսի հնարավորություն ընձեռվեց, և այդ մասին նա գրեց Աստվածաշնչում։
Սինա սարի վրա Մովսեսն ասաց Եհովային. «Աղաչում եմ՝ քո փառքը ցույց տուր ինձ» (Ելից 33։18)։ Հաջորդ օրը մարգարեին տրվեց Աստծու փառքը տեսնելու առանձնաշնորհումըa։ Սակայն Աստվածաշնչում մանրամասնորեն նկարագրված չէ, թե ինչ տեսավ Մովսեսը այդ փառահեղ տեսիլքի ժամանակ։ Այդուհանդերձ, Ելից 34։6, 7 համարներում շատ հետաքրքիր տեղեկություն ենք գտնում։ Եկեք տեսնենք, թե ինչ է ասում Եհովան իր մասին։
Եհովան նախ ասաց, որ ինքը «ողորմած և գթած» Աստված է (համար 6)։ Ըստ մի աստվածաշնչագետի՝ «ողորմած» թարգմանված եբրայերեն բառը ցույց է տալիս, որ Աստված «ջերմ կարեկցանք է զգում, ինչպես հայրը՝ իր երեխաների հանդեպ»։ Իսկ «գթած» բառը նկարագրում է այն անձնավորությանը, որը սրտանց ուզում է ինչ–որ բան անել կամ որևէ բան տալ մեկին, ով կարիքի մեջ է։ Պարզ է ուրեմն, որ Եհովան ցանկանում է մեզ հայտնել, որ ինքը հոգ է տանում իր ծառաներին այնպես, ինչպես ծնողներն են խնամում իրենց երեխաներին։ Նա ջերմորեն սիրում է և խորապես հետաքրքրվում է իր ծառաների բարօրությամբ (Սաղմոս 103։8, 13)։
Հետո Եհովան ասաց, որ «երկայնամիտ» է (համար 6)։ Նա չի շտապում բարկանալ իր ծառաների վրա, այլ համբերատար է և ժամանակ է տալիս, որ վերջիններս ուղղեն իրենց սխալները ու փոխվեն (2 Պետրոս 3։9)։
Եհովան շարունակում է ասել, որ ինքը «առատ է ողորմութիւնով և ճշմարտութիւնով» (համար 6)։ Ողորմությունը, կամ՝ սիրառատ բարությունը անգին հատկություն է, որի միջոցով Աստված ամուր, անբաժանելի հարաբերություններ է ստեղծում իր և իր ժողովրդի միջև (Բ Օրինաց 7։9)։ Եհովան նաև ճշմարտության աղբյուրն է։ Նա չի ստում, և նրան հնարավոր չէ խաբել։ Նա «ճշմարիտ Աստված» է, ուստի կարող ենք առանց կասկածելու հավատալ նրա բոլոր խոսքերին, այդ թվում նաև ապագայի խոստումներին (Սաղմոս 31։5)։
Մեր երկնային Հայրը ուզում է, որ իր մասին իմանանք մի կարևոր բան ևս։ Նա ասում է, որ «անօրէնութիւն՝ յանցանք եւ մեղք է ներում» (համար 7)։ Եհովան պատրաստ է ներելու զղջացող մեղավորին (Սաղմոս 86։5)։ Բայցևայնպես, նա չի հանդուրժում չարը։ «Յանցաւորին բնաւ անպարտ չեմ թողում»,— ասում է նա (համար 7)։ Սուրբ և արդար Աստվածը գիտակցաբար մեղք գործող անհատին անպատիժ չի թողնի։ Վաղ թե ուշ՝ նա կկրի իր մեղքի հետևանքները։
Եհովայի այս խոսքերը պարզ ցույց են տալիս, որ նա ցանկանում է, որ ճանաչենք իրեն ու հասկանանք, թե ինչպես է նա վարվում տարբեր իրավիճակներում։ Մի՞թե չես ուզում ավելի շատ բան իմանալ Եհովայի գեղեցիկ հատկությունների մասին։
[ծանոթագրություն]
a Մովսեսն իրականում չտեսավ Եհովային, որովհետև ոչ մի մարդ չի կարող տեսնել Աստծուն և ապրել (Ելից 33։20)։ Ակներևաբար, մարգարեն տեսիլքով տեսավ Աստծու փառքը և հրեշտակի միջոցով խոսեց նրա հետ։