Ինչպե՞ս եմ կարողանում ուրախ լինել
ՊԱՏՄՈՒՄ է ՊԱՈՒԼԵՏ ԳԱՍՊԱՐԸ
Երբ ծնվեցի, մոտ երեք կիլոգրամ էի։ Ծնվելու ժամանակ իմ ոսկորներից մի քանիսը կոտրվել էին։ Բժիշկը վատ բան էր կասկածում։ Պարզվեց, որ տառապում եմ մի հիվանդությամբ, որն ունի անկատար ոսկրածագում անունը (մարդու ոսկորները փխրուն են և հեշտությամբ են կոտրվում)։ Ինձ անմիջապես վիրահատեցին։ Բժիշկները ապրելու հույս չէին տվել և ասել էին, որ 24 ժամվա ընթացքում ես կմահանամ։
ԾՆՎԵԼ եմ 1972 թ. հունիսի 14–ին Ավստրալիայի մայրաքաղաքում՝ Կանբեռայում։ Ինչպես արդեն նշեցի, բժիշկները հույս չէին տվել, որ ես կապրեմ, բայց ի զարմանս նրանց՝ կենդանի մնացի։ Շատ չանցած՝ թոքաբորբով հիվանդացա։ Բժիշկները համոզված էին, որ մահանալու եմ, այդ պատճառով էլ ոչինչ չձեռնարկեցին և ինձ թողեցին բախտի քմահաճույքին։
Պատկերացնում եմ, թե որքան դժվար է եղել ծնողներիս համար։ Նրանց խորհուրդ էին տվել շատ չկապվել ինձ հետ։ Առաջին երեք ամիսների ընթացքում նրանք նույնիսկ չէին հպվել ինձ, որպեսզի հանկարծ ինձ մի բան չպատահի։ Ի վերջո, երբ պարզ դարձավ, որ կապրեմ, բժիշկները առաջարկեցին ծնողներիս ինձ տանել հաշմանդամ երեխաների մանկատուն։
Այդուհանդերձ, նրանք որոշեցին ինձ տուն տանել։ Մայրս այդ ընթացքում սկսել էր Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել և գիտակցում էր, որ պետք է հոգ տանի իմ մասին։ Ինձ խնամելու համար նա շատ ջանքեր էր թափում և էմոցիոնալ ու ֆիզիկական առումով սպառվում էր։ Ինձ հաճախ էին հիվանդանոց տանում, քանի որ լողացնելու ժամանակ ոսկորներս կոտրվում էին։ Անգամ փռշտալիս ոսկորս կարող էր ճաքել։
Ընկնում եմ դեպրեսիայի մեջ
Հաշմանդամի սայլակը դարձել էր իմ մշտական ուղեկիցը։ Քայլելու մասին անգամ խոսք լինել չէր կարող։ Չնայած այդ դժվարություններին՝ ծնողներս առանձնահատուկ կերպով հոգում էին իմ բոլոր կարիքները։
Մայրս միշտ մխիթարում էր ինձ Աստվածաշնչում գրված բարի լուրով։ Նա պատմում էր, որ ապագայում Աստված երկիրը դրախտի է վերածելու, և բոլոր մարդիկ կատարյալ առողջություն են ունենալու (Սաղմոս 37։10, 11; Եսայիա 33։24)։ Սակայն անկեղծորեն խոստովանում էր, որ երբեմն դժվարությամբ է պատկերացնում, թե ինչպես եմ ապրելու մինչև այդ օրը։
Սկզբում հաճախում էի հաշմանդամների դպրոց։ Ուսուցիչներիս կարծիքով՝ ես ոչ մի հեռանկար չունեի։ Երեխաները կոպիտ էին իմ հանդեպ։ Այդ պատճառով տեղափոխվեցի սովորական դպրոց։ Ես մեծ ջանքեր էի թափում, որպեսզի կարողանայի շփվել դասընկերներիս հետ։ Ու չնայած ֆիզիկական և էմոցիոնալ խնդիրներին՝ որոշեցի ավարտել դպրոցը։
Միշտ մտածում էի մորս խոսքերի շուրջ և հասկանում էի, որ դասընկերներիս կյանքն անհույս է ու դատարկ։ Ու թեև գիտեի, որ նրա խոսքերը ճշմարտություն են, բայց դրանք իմ սրտի մեջ չէին։ Որոշեցի տրվել զվարճություններին և չմտածել վաղվա օրվա մասին։
18 տարեկանում առանձնացա ծնողներիցս և սկսեցի ապրել մի խումբ հաշմանդամ երիտասարդների հետ։ Մի կողմից ուրախ էի, մյուս կողմից, սակայն, փոքր–ինչ վախենում էի։ Այդուհանդերձ, ինձ դուր էր գալիս, որ ապրում եմ ազատ իմ նոր միջավայրում։ Ժամանակի ընթացքում ընկերներիցս շատերն ամուսնացան։ Ես նույնպես ուզում էի սիրված լինել։ Բայց կողակից գտնելը գրեթե անհնար էր ինձ համար։ Այդ միտքը վհատեցնում էր ինձ։
Բայցևայնպես, երբեք չէի մեղադրում Աստծուն։ Ես գիտեի, որ նա արդար Աստված է (Յոբ 34։10)։ Փորձում էի հաշտվել իմ վիճակի հետ։ Սակայն, միևնույն է, խոր դեպրեսիայի մեջ ընկա։
Աստիճանաբար վերականգնվում եմ
Մայրս իմացավ այդ մասին և անմիջապես կապ հաստատեց ժողովի երեցներից մեկի հետ, որն ապրում էր իմ հարևանությամբ։ Վերջինս զանգահարեց ինձ և հրավիրեց ժողովի հանդիպման։ Ժողովից մի քույր սկսեց ինձ հետ կանոնավորաբար Աստվածաշունչ ուսումնասիրել։
Ես կրկին հիշեցի այն ամենը, ինչ սովորեցրել էր մայրս տարիներ առաջ։ Իմ մտածելակերպը սկսեց փոխվել։ Հաճելի էր ընկերակցել ժողովի անդամների հետ։ Սակայն մի խնդիր ունեի. չէի կարողանում ազատ արտահայտել զգացմունքներս։ Վախենում էի, որ մարդիկ ինձ չեն հասկանա։ Դա էր երևի պատճառը, որ չէի կարողանում խոր սեր զարգացնել Աստծու հանդեպ։ Այդուհանդերձ, հասկանում էի, որ Եհովային նվիրվելը ճիշտ քայլ է։ Ուստի 1991 թ. դեկտեմբերին մկրտվեցի։
Ես բաժանվեցի իմ ընկերներից և սկսեցի առանձին ապրել։ Սակայն ինձ մենակ էի զգում և անընդհատ վախենում էի «անկոչ հյուրերից»։ Նորից ընկա դեպրեսիայի մեջ։ Թեև բոլորը կարծում էին, որ ես ուրախ եմ ու երջանիկ, սակայն իրականում հակառակն էր։ Ուզում էի ունենալ մի լավ ու վստահելի ընկեր։
Ես անչափ գնահատում էի այն, որ երեցներն ուշադիր են իմ հանդեպ։ Որպեսզի հոգևորապես ամուր մնամ, նրանք որոշեցին, որ Սյուզի անունով մի ամուսնացած քույր շարունակի ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Եհովան ասես ինձ նվիրեց Սյուզիին։ Նա ոչ միայն ուսուցիչ էր, այլև մտերիմ ընկեր։ Ես նրան շատ սիրեցի։
Սյուզին սովորեցրեց ինձ քարոզել տնետուն և ոչ պաշտոնական վկայություն տալ մարդկանց։ Թեև մկրտված էի, բայց խոր սեր չունեի Աստծու հանդեպ։ Մի անգամ նույնիսկ մտածեցի թողնել Եհովային։ Սակայն Սյուզին օգնեց ինձ դուրս գալ այդ վիճակից։ Այժմ ավելի շատ եմ սիրում Եհովային և գնահատում եմ այն ամենն, ինչ նա անում է ինձ համար։
Սյուզին օգնեց ինձ հասկանալու, որ չեմ կարող լինել երջանիկ, եթե ընկերակցում եմ նրանց հետ, ովքեր չեն սիրում Եհովային։ Ուստի սկսեցի ընկերություն անել հոգևորապես հասուն մարդկանց հետ։ Վերականգնեցի նաև մորս ու եղբորս հետ ունեցած փոխհարաբերությունները։ Ինձ երջանիկ էի զգում, քանի որ հավատակիցներս, ընտանիքս և, ամենակարևորը, Եհովան ուրախության ու քաջալերության մեծ աղբյուր էին ինձ համար (Սաղմոս 28։7)։
Նոր կյանք
Մի անգամ համաժողովներից մեկի ժամանակ լիաժամ ծառայողների մասին մի ելույթ լսեցի։ Ելույթում նշվում էր, թե ինչ ուրախություն են ստանում նրանք։ Մտածեցի. «Ինչո՞ւ ես էլ չծառայեմ լիաժամ»։ Ինչ խոսք, հասկանում էի, որ ինձ համար դժվար կլինի։ Սակայն աղոթեցի Եհովային ու որոշեցի դիմումը լրացնել։ 1998 թ. ապրիլին սկսեցի ծառայել որպես ռահվիրա։
Իսկ ինչպե՞ս պետք է ծառայեի։ Ես ինքնուրույն անձնավորություն եմ և չեմ սիրում ինչ–որ մեկին նեղություն պատճառել։ Սյուզին և իր ամուսինը՝ Մայքլը, գտան ելքը։ Նրանք առաջարկեցին մոտոցիկլետ գնել։ Բայց ինչպե՞ս կարող էի այն վարել։ Նկարում կարող եք տեսնել, որ դա հատուկ մոտոցիկլետ է՝ պատրաստված ինձ համար։ Անգամ կարիք չի լինում, որ իմ 19 կիլոգրամ կշռող մարմինը բարձրացնեմ հաշմանդամի սայլակից։
Այսպես եմ այցելում մարդկանց և Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնում։ Ի դեպ, ինձ դուր է գալիս մոտոցիկլետ վարել և զգալ, թե ինչպես է քամին խփում երեսիս։
Ես շատ եմ սիրում զրուցել փողոցում քայլող մարդկանց հետ։ Ընդհանուր առմամբ նրանք բարյացակամ են և հարգալից իմ հանդեպ։ Մեծ բավականություն եմ ստանում, երբ ուրիշներին Աստվածաշնչի ճշմարտություններն եմ սովորեցնում։ Հիշում եմ՝ մի անգամ բարձրահասակ քարոզչի հետ գնացել էի տնետուն ծառայության։ Երբ դուռը բացվեց, նա ողջունեց տանտիրուհուն և սկսեց զրույցը։ Սակայն վերջինս ապշած ինձ էր նայում։ Ի վերջո նա չդիմացավ ու հարցրեց իմ ծառայակցին. «Այս աղջիկը խոսել գիտի՞»։ Երկուսս էլ չկարողացանք մեզ զսպել ու սկսեցինք ծիծաղել։ Այնուհետև ե՛ս շարունակեցի զրույցը այդ կնոջ հետ, ու նա համոզվեց, որ իրոք կարողանում եմ խոսել։
Ես սիրում եմ Եհովային։ Անչափ երախտապարտ եմ մորս, որ ինձ սովորեցրել է Աստվածաշնչի ճշմարտությունները։ Այսօր վայելում եմ կյանքը և անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ Աստված «ամեն բան նոր կանի» ու ես էլ առողջ մարմին կունենամ (Հայտնություն 21։4, 5)։
[Մեջբերում 30–րդ էջի վրա]
Փորձում էի հաշտվել իմ վիճակի հետ։ Սակայն, միևնույն է, խոր դեպրեսիայի մեջ ընկա