Հավատարիմ տնտեսը և նրա Կառավարիչ մարմինը
«Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն տնտեսը, որին իր տերը կնշանակի իր բոլոր սպասավորների վրա, որպեսզի իրենց բաժին կերակուրը տա ճիշտ ժամանակին» (ՂՈՒԿ. 12։42)։
1, 2. Ի՞նչ կարևոր հարց տվեց Հիսուսը, երբ խոսում էր վերջին օրերի բաղադրյալ նշանի մասին։
ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ բաղադրյալ նշանի մասին խոսելիս Հիսուսն ասաց. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան, որին իր տերը իր տնեցիների վրա նշանակեց, որպեսզի նրանց կերակուրը տա ճիշտ ժամանակին»։ Այնուհետև նա ասաց, որ այդ ծառան կպարգևատրվի իր հավատարմության համար՝ նշանակվելով Տիրոջ ողջ ունեցվածքի վրա (Մատթ. 24։45–47)։
2 Դրանից մի քանի ամիս առաջ էլ էր Հիսուսը նման հարց տվել (կարդա՛ Ղուկաս 12։42–44)։ Այդ ժամանակ նա ծառային «տնտես» էր անվանել, իսկ «տնեցիներին»՝ «սպասավորներ»։ Տնտեսը ղեկավարում է տան գործերը և նշանակված է ծառաների վրա։ Այդուհանդերձ, տնտեսը նույնպես ծառա է։ Ո՞վ է այդ ծառան, կամ՝ տնտեսը, և ինչպե՞ս է նա «կերակուր տալիս ճիշտ ժամանակին»։ Մեզ համար շատ կարևոր է հստակ պատկերացնել, թե ով է այդ ծառան, որի միջոցով Եհովան մեզ հոգևոր կերակուր է տալիս։
3. ա) Ինչպե՞ս են կրոնական մեկնաբանները բացատրում «ծառայի» մասին Հիսուսի խոսքերը։ բ) Ո՞վ է «տնտեսը», կամ՝ «ծառան», և ովքե՞ր են «սպասավորները», կամ՝ «տնեցիները»։
3 Կրոնական մեկնաբանների շրջանում տարածված կարծիք կա, որ Հիսուսի այս խոսքերը վերաբերում են նրանց, ովքեր պատասխանատու դիրքեր են զբաղեցնում քրիստոնեական աշխարհում։ Բայց Հիսուսը՝ «տերը», չասաց, որ լինելու են բազմաթիվ ծառաներ, որոնք քրիստոնեական ամենատարբեր աղանդների մաս են կազմելու։ Ընդհակառակը՝ նա հստակ նշեց, որ լինելու է միայն մեկ «տնտես», կամ՝ «ծառա», որին ինքը նշանակելու է իր ողջ ունեցվածքի վրա։ Ուստի, ինչպես որ «Դիտարանն» է հաճախ բացատրել, տնտեսը խորհրդանշում է օծյալ աշակերտների «փոքր հոտին»՝ որպես մեկ ամբողջության։ Ղուկաս 12։42–44 համարների համատեքստը ցույց է տալիս, որ Հիսուսը հենց նրանց նկատի ուներ (Ղուկ. 12։32)։ «Սպասավորներ» և «տնեցիներ» բառերը նույնպես վերաբերում են այդ խմբին, բայց նրանցից յուրաքանչյուրը դիտվում է առանձին։ Հետաքըրքիր հարց է առաջանում. «Ծառա դասակարգի յուրաքանչյուր անդամ մասնակցո՞ւմ է ճիշտ ժամանակին հոգևոր կերակուր տալու գործին»։ Հարցի պատասխանը կարող ենք իմանալ՝ ուշադիր քննելով Աստվածաշունչը։
Եհովայի ծառան՝ հնում
4. Ի՞նչ անվանեց Եհովան հին Իսրայել ազգին, սակայն ի՞նչ կարևոր բան չպիտի մոռանանք։
4 Եհովան իր ժողովրդին՝ ամբողջ Իսրայել ազգին, անվանեց «ծառա»՝ ասելով. «Դուք էք [հոգնակի] իմ վկաները [հոգնակի], ասում է Տէրը. եւ իմ ծառան [եզակի], որին ես ընտրել եմ» (Ես. 43։10)։ Ճիշտ է, յուրաքանչյուր իսրայելացի մտնում էր այդ ծառա դասակարգի մեջ, սակայն մի կարևոր բան չպիտի մոռանանք. միայն քահանաները և քահանա չծառայող ղևտացիներն էին պատասխանատու ազգը հոգևորապես կրթելու հարցում (Բ Մնաց. 35։3; Մաղ. 2։7)։
5. Ըստ Հիսուսի խոսքերի՝ ի՞նչ մեծ փոփոխություն էր տեղի ունենալու։
5 Արդյոք Իսրայե՞լ ազգն էր այն ծառան, որի մասին խոսեց Հիսուսը։ Ո՛չ։ Դա երևում է այն խոսքերից, որ նա ասաց իր օրերի հրեաներին. «Աստծու թագավորությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որը նրա պտուղները կբերի» (Մատթ. 21։43)։ Պարզ է, որ փոփոխություն էր տեղի ունենալու. Եհովան մի նոր ազգ էր ստեղծելու։ Բայց ինչ վերաբերում է հոգևոր կրթությանը, ապա Հիսուսի նշած ծառայի գործը նման է այն գործին, որ Աստծու «ծառան» անում էր հին Իսրայելում։
Հավատարիմ ծառան հայտնվում է
6. Ի՞նչ նոր ազգ առաջ եկավ մ.թ. 33–ի Պենտեկոստեին, և ովքե՞ր էին մտնում նրա մեջ։
6 Նոր ազգը՝ «Աստծու Իսրայելը», կազմված է հոգևոր իսրայելացիներից (Գաղ. 6։16; Հռոմ. 2։28, 29; 9։6)։ Այն առաջ եկավ մ.թ. 33–ի Պենտեկոստեին, երբ Աստծու ոգին թափվեց աշակերտների վրա։ Այդ ազգը Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կողմից նշանակված ծառա դասակարգն էր, և այդ պահից սկսած՝ բոլոր օծյալ քրիստոնյաները դարձան «Աստծու Իսրայելի» մի մասը։ Նրա յուրաքանչյուր անդամ բարի լուրը քարոզելու և աշակերտներ պատրաստելու հանձնարարություն ստացավ (Մատթ. 28։19, 20)։ Իսկ այդ խմբի յուրաքանչյուր անդամ մասնակցո՞ւմ էր ճիշտ ժամանակին հոգևոր կերակուր մատակարարելու գործին։ Տեսնենք, թե ինչ է պատասխանում Աստվածաշունչը։
7. Սկզբում ո՞րն էր առաքյալների գլխավոր գործը, և հետագայում ի՞նչ լրացուցիչ պատասխանատվություն նրանք ստանձնեցին։
7 Հիսուսը ընտրեց 12 առաքյալների, որոնք ուղարկվելու էին քարոզելու բարի լուրը։ Սկզբում նրանց գլխավոր գործը դա էր լինելու (կարդա՛ Մարկոս 3։13–15)։ Այս հանձնարարությունը համապատասխանում էր հունարեն ապոստոլոս բառի հիմնական իմաստին։ Այս բառը ծագում է մի բայից, որը նշանակում է «ուղարկել»։ Սակայն ժամանակի ընթացքում, մինչ կազմավորվում էր քրիստոնեական ժողովը, առաքյալները ստանձնեցին նաև «վերակացության պատասխանատվությունը» (Գործ. 1։20–26)։
8, 9. ա) Ո՞րն էր 12 առաքյալների գլխավոր գործը։ բ) Ովքե՞ր լրացուցիչ պատասխանատվություններ ստացան կառավարիչ մարմնի կողմից։
8 Եվ այսպես՝ ո՞րն էր 12 առաքյալների գլխավոր գործը։ Այս մասին իմանում ենք այն իրադարձություններից, որոնք տեղի ունեցան Պենտեկոստեից հետո։ Երբ այրիներին մատակարարվող մթերքի ամենօրյա բաշխման հետ կապված վեճ ծագեց, 12 առաքյալները հավաքեցին աշակերտներին ու ասացին. «Տեղին չի լինի, որ մենք թողնենք Աստծու խոսքը, որպեսզի սեղաններին մթերք բաժանենք» (կարդա՛ Գործեր 6։1–6)։ Դրանից հետո առաքյալները այդ «անհրաժեշտ գործի վրա» նշանակեցին հոգևորապես հասուն եղբայրների, որպեսզի իրենք կարողանան իրենց անձերը նվիրել «խոսքի ծառայությանը»։ Եհովան օրհնեց նրանց ջանքերը. «Աստծու խոսքը շարունակում էր աճել, ու աշակերտների թիվը Երուսաղեմում խիստ շատանում էր» (Գործ. 6։7)։ Այսպիսով՝ հոգևոր կերակուր մատակարարելու գործը գլխավորապես առաքյալներն էին անում (Գործ. 2։42)։
9 Ժամանակի ընթացքում ուրիշներն էլ լուրջ պատասխանատվություններ ստանձնեցին։ Անտիոքի ժողովը Պողոսին ու Բառնաբասին սուրբ ոգու առաջնորդությամբ ուղարկեց միսիոներական ծառայության։ Նրանք նույնպես հայտնի դարձան որպես առաքյալներ, չնայած որ 12 առաքյալներից չէին (Գործ. 13։1–3; 14։14; Գաղ. 1։19)։ Նրանց նշանակումը հաստատվեց Երուսաղեմում գտնվող կառավարիչ մարմնի կողմից (Գաղ. 2։7–10)։ Կարճ ժամանակ անց Պողոսը իր լուման ներդրեց հոգևոր սնունդ մատակարարելու գործում. նա Աստծու ներշնչանքով գրեց իր առաջին նամակը։
10. Առաջին դարում բոլո՞ր օծյալ քրիստոնյաներն էին մասնակցում հոգևոր կերակուր պատրաստելուն։ Բացատրիր։
10 Արդյոք ոգուց ծնված բոլո՞ր քրիստոնյաներն էին մասնակցում քարոզչության գործը ղեկավարելուն և հոգևոր կերակուր պատրաստելուն։ Ո՛չ։ Պողոս առաքյալն ասում է. «Մի՞թե բոլորը առաքյալներ են։ Մի՞թե բոլորը մարգարեներ են։ Մի՞թե բոլորը ուսուցիչներ են։ Մի՞թե բոլորը զորավոր գործեր են կատարում» (1 Կորնթ. 12։29)։ Թեև բոլոր օծյալ քրիստոնյաները մասնակցում էին քարոզչական գործին, այնուամենայնիվ միայն խիստ սահմանափակ թվով մարդիկ՝ ընդամենը ութ հոգի են մասնակցել Քրիստոնեական Հունարեն Գրությունների 27 գրքերի գրությանը։
Հավատարիմ ծառան՝ մեր ժամանակներում
11. Ի՞նչ ունեցվածքի վրա է նշանակվել ծառան։
11 Հիսուսի խոսքերը, որ գրված են Մատթեոս 24։45 համարում, հստակ ցույց են տալիս, որ վերջին օրերում էլ երկրի վրա լինելու է հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգ։ Այդ դասակարգի անդամները Հայտնություն 12։17 համարում կոչվում են կնոջ սերնդից «մնացածներ»։ Որպես խումբ՝ այս մնացորդը նշանակվել է Քրիստոսի երկրային ողջ «ունեցվածքի» վրա։ Այն ունեցվածքը, որը վստահվել է հավատարիմ տնտեսին, Տիրոջ շահերն է երկրի վրա։ Տիրոջ ունեցվածքի մեջ մտնում են Թագավորության երկրային հպատակները և այն նյութական միջոցները, որոնք օգտագործվում են բարի լուրի քարոզչության գործում։
12, 13. Ինչպե՞ս է քրիստոնյան իմանում, որ ինքը ստացել է երկնային «կոչում»։
12 Ինչպե՞ս է քրիստոնյան իմանում, որ ինքը ունի երկնային հույս և մտնում է հոգևոր Իսրայելի մնացորդի մեջ։ Պատասխանը գտնում ենք Պողոս առաքյալի այն խոսքերում, որ նա ասաց իր պես երկնային հույս ունեցողներին. «Բոլոր նրանք, ովքեր առաջնորդվում են Աստծու ոգով, նրա՛նք են Աստծու որդիները։ Որովհետև դուք չստացաք ծառայության ոգի, որ կրկին ձեզ վախ պատճառի, այլ ստացաք որդեգրության ոգի, որով էլ մենք բացականչում ենք. «Ա՛բբա, Հա՛յր»։ Ոգին ինքը վկայություն է տալիս մեր ոգու հետ, որ մենք Աստծու զավակներն ենք։ Եվ եթե զավակներ ենք, ապա նաև ժառանգներ, անշուշտ, Աստծու ժառանգներ, սակայն Քրիստոսի ժառանգակիցներ, որ եթե միասին չարչարվում ենք, միասին էլ փառավորվենք» (Հռոմ. 8։14–17)։
13 Պարզ ասած՝ այս անհատները օծվում են Աստծու սուրբ ոգով և ստանում են երկնային «կոչում», կամ՝ «հրավեր» (ՆԱ, ծնթ., անգլ.) (Եբր. 3։1)։ Աստված նրանց անձամբ է հրավիրում։ Նրանք էլ անմիջապես, առանց որևէ հարցի, կասկածի կամ վախի, ընդունում են իրենց որդեգրումը որպես Աստծու որդիների (կարդա՛ 1 Հովհաննես 2։20, 21)։ Ուստի նրանք չեն ընտրում իրենց հույսը, այլ Եհովան իր կնիքը՝ սուրբ ոգին, դնում է նրանց վրա (2 Կորնթ. 1։21, 22; 1 Պետ. 1։3, 4)։
Ճիշտ տեսակետ
14. Ի՞նչ տեսակետ պետք է ունենան օծյալները իրենց մասին։
14 Ի՞նչ տեսակետ պետք է օծյալները ունենան իրենց մասին, մինչ սպասում են երկնային պարգևին։ Նրանք գիտակցում են, որ թեև իրենք մի հրաշալի հրավեր են ստացել, սակայն դա ընդամենը հրավեր է։ Օծյալները պետք է մինչև մահ հավատարիմ մնան, որպեսզի ստանան մրցանակը։ Նրանք խոնարհաբար կրկնում են Պողոսի խոսքերը. «Եղբայրնե՛ր, ես ինքս դեռ չեմ համարում, որ այն արդեն ձեռք եմ բերել, բայց մի բան կասեմ. մոռանալով հետևում եղած բաները և ձգտելով դեպի առջևում եղածները՝ ես հետամուտ եմ լինում նպատակին՝ վերին կոչման մրցանակին, որ տալիս է Աստված Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպ. 3։13, 14)։ Օծյալ մնացորդի անդամները ամեն ինչ պետք է անեն, որ «քայլեն՝ արժանի այն կոչմանը, որով իրենք կանչվել են՝ կատարյալ խոնարհամտությամբ», «վախով ու դողով» (Եփես. 4։1, 2; Փիլիպ. 2։12; 1 Թեսաղ. 2։12)։
15. Ի՞նչ տեսակետ պետք է ունենան քրիստոնյաները այն անհատի մասին, ով օգտվում է Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից, և ի՞նչ կարծիք ունեն իրենց մասին օծյալները։
15 Իսկ ի՞նչ տեսակետ պետք է ունենան մյուս քրիստոնյաները այն անհատի մասին, ով ասում է, որ Աստված իրեն օծել է սուրբ ոգով, և սկսում է օգտվել Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից։ Նրա մասին չպետք է դատողություններ անել։ Հարցը վերաբերում է նրան ու Եհովային (Հռոմ. 14։12)։ Իրենց հերթին, այն քրիստոնյաները, ովքեր իսկապես օծվել են Աստծու կողմից, հատուկ ուշադրություն չեն պահանջում։ Նրանք չեն կարծում, որ իրենք, լինելով օծյալներ, օժտված են հատուկ հասկացողությամբ. «մեծ բազմության» որոշ փորձառու անդամներ գուցե ավելի մեծ հասկացողություն ունենան (Հայտն. 7։9)։ Նրանք այն տեսակետը չունեն, թե իրենք ավելի շատ սուրբ ոգի ունեն, քան իրենց ընկերակիցները՝ «ուրիշ ոչխարները» (Հովհ. 10։16)։ Օծյալները հատուկ վերաբերմունք չեն ակնկալում և չեն կարծում, որ խորհրդանիշներից օգտվելն իրենց վեր է դասում ժողովի երեցներից։
16–18. ա) Արդյոք բոլո՞ր օծյալներն են բացահայտում նոր հոգևոր ճշմարտություններ։ Բացատրիր օրինակով։ բ) Ինչո՞ւ Կառավարիչ մարմինը չի խորհրդակցում բոլոր օծյալների հետ։
16 Արդյո՞ք երկրի վրա ապրող բոլոր օծյալները մաս են կազմում ինչ–որ խմբի, որի անդամները կապի մեջ են իրար հետ և բացահայտում են նոր հոգևոր ճշմարտություններ։ Ո՛չ։ Թեև, որպես մեկ ամբողջություն՝ ծառա դասակարգը պատասխանատու է Քրիստոսի օծյալ հետևորդներին հոգևորապես կերակրելու համար, սակայն այդ դասակարգի ոչ բոլոր անդամներն ունեն միևնույն պատասխանատվությունն ու աշխատանքը (կարդա՛ 1 Կորնթացիներ 12։14–18)։ Ինչպես արդեն տեսանք, առաջին դարում բոլորը ներգրավված էին քարոզչական գործում, գործ, որը շատ կարևոր էր։ Սակայն նրանցից միայն քչերը մասնակցեցին Աստվածաշնչի գրքերը գրելուն և քրիստոնեական ժողովը ղեկավարելուն։
17 Պարզաբանենք օրինակով։ Աստվածաշունչը «ժողովի» մասին հիշատակելիս երբեմն ասում է, որ ժողովը քայլեր է ձեռնարկում իրավական հարցեր լուծելու համար (Մատթ. 18։17)։ Մինչդեռ այդ քայլերը իրականում ձեռնարկում են միայն երեցները, որոնք ներկայացնում են ժողովը։ Նրանք չեն խորհրդակցում ժողովի բոլոր անդամների հետ նախքան որոշում կայացնելը։ Երեցները կատարում են այն գործը, ինչի համար որ նշանակված են։ Նրանք գործում են ամբողջ ժողովի անունից։
18 Նույն ձևով էլ, այսօր սահմանափակ թվով օծյալ տղամարդիկ ծառա դասակարգը ներկայացնելու պատասխանատվությունն ունեն։ Նրանք կազմում են Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը։ Ոգով օծված այս եղբայրները ղեկավարում են Թագավորության գործը և մատակարարում են հոգևոր սնունդը։ Սակայն, ինչպես որ առաջին դարում էր, Կառավարիչ մարմինը որոշումներ կայացնելիս չի խորհրդակցում ծառա դասակարգի յուրաքանչյուր անդամի հետ (կարդա՛ Գործեր 16։4, 5)։ Այդուհանդերձ, բոլոր օծյալ քրիստոնյաները լիովին մասնակցում են հնձին՝ այդ շատ կարևոր գործին, որը տեղի է ունենում այսօր։ Որպես դասակարգ՝ «հավատարիմ և իմաստուն ծառան» մեկ մարմին է, բայց նրա անդամները՝ որպես առանձին անհատներ, տարբեր հանձնարարություններ են կատարում (1 Կորնթ. 12։19–26)։
19, 20. Մեծ բազմության անդամները ի՞նչ տեսակետ ունեն «հավատարիմ և իմաստուն ծառայի» և նրա Կառավարիչ մարմնի վերաբերյալ։
19 Վերը նշված այս մտքերը ի՞նչ ազդեցություն պետք է թողնեն մեծ բազմության անդամների վրա, որոնց թիվը գնալով մեծանում է, և որոնք հույս ունեն հավիտյան ապրելու երկրի վրա։ Լինելով Թագավորի «ունեցվածքի» մի մասը՝ նրանք հաճույքով և մանրակրկիտ կերպով հետևում են այն առաջնորդությանը, որ տալիս է Կառավարիչ մարմինը՝ «հավատարիմ և իմաստուն ծառայի» ներկայացուցիչը։ Մեծ բազմության անդամները բարձր են գնահատում այն հոգևոր սնունդը, որ պատրաստվում է Կառավարիչ մարմնի առաջնորդությամբ։ Բայց ծառա դասակարգի հանդեպ հարգանք դրսևորելով հանդերձ՝ նրանք զգուշանում են մեծարելուց որևէ մեկին, ով ասում է, որ այդ դասակարգի անդամ է։ Ոչ մի քրիստոնյա, ով իսկապես օծվում է Աստծու սուրբ ոգով, չի ցանկանա և չի ակնկալի նման վերաբերմունք ստանալ (Գործ. 10։25, 26; 14։14, 15)։
20 Անկախ նրանից՝ օծյալ մնացորդի մեջ մտնող «տնեցիներ» ենք, թե մեծ բազմության անդամներ, եկեք վճռենք լիովին համագործակցել հավատարիմ տնտեսի և նրա Կառավարիչ մարմնի հետ։ Թող որ մեզնից յուրաքանչյուրը «արթուն մնա» և մինչև վերջ պահի իր հավատարմությունը (Մատթ. 24։13, 42)։
Հիշո՞ւմ ես
• Ո՞վ է «հավատարիմ և իմաստուն ծառան», և ովքե՞ր են տնեցիները։
• Ինչպե՞ս է անհատն իմանում, որ երկնային կոչում ունի։
• Ո՞վ է գլխավորապես պատասխանատու նոր հոգևոր կերակուր մատակարարելու համար։
• Ի՞նչ կարծիք պետք է իր մասին ունենա օծյալ քրիստոնյան։
[նկար 23–րդ էջի վրա]
Այսօր Կառավարիչ մարմինը ներկայացնում է հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգին։ Նման կառույց կար նաև առաջին դարում