Ընդօրինակենք Հիսուսին, ուսուցանենք սիրով
«Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այս մարդը» (ՀՈՎՀ. 7։46)։
1. Ինչպե՞ս էին արձագանքում մարդիկ՝ լսելով Հիսուսին։
ՄԻ ՊԱՀ պատկերացրու. քո ականջով լսում ես, թե ինչպես է Հիսուսը սովորեցնում բազմություններին։ Անշուշտ, խորապես կհուզվեիր։ Իսկ ինչպիսի՞ն էր նրա ունկնդիրների արձագանքը։ Ավետարանագիր Ղուկասը գրում է, որ Նազարեթի բնակիչները «հիանում էին այն շնորհալի խոսքերի վրա, որ դուրս էին գալիս նրա բերանից»։ Մատթեոսը նշում է, որ նրանք, ովքեր լսում էին Հիսուսի Լեռան քարոզը, «ապշած էին մնացել նրա սովորեցնելու կերպի վրա»։ Իսկ Հովհաննեսն ասում է, որ պահապանները, ովքեր ուղարկվել էին ձերբակալելու Հիսուսին, վերադարձան ձեռնունայն և ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այս մարդը» (Ղուկ. 4։22; Մատթ. 7։28; Հովհ. 7։46)։
2. Ի՞նչ ուսուցողական մեթոդներ էր կիրառում Հիսուսը։
2 Պահապանները չէին սխալվում։ Հիսուսը, անկասկած, երբևէ ապրած մեծագույն Ուսուցիչն է։ Նա սովորեցնում էր պարզ ու հասկանալի, բերում էր անհերքելի տրամաբանական փաստարկներ, հմտորեն գործածում էր օրինակներ ու հարցեր։ Քրիստոսը հաշվի էր առնում, թե ովքեր են իր ունկնդիրները՝ բարձր դիրք ունեցողնե՞ր, թե՞ հասարակ մարդիկ։ Նրա սովորեցրած ճշմարտությունները թեև խորիմաստ էին, բայց դրանք հեշտ էր հասկանալ։ Սակայն միայն այս բաները չէին Հիսուսին դարձնում մեծ Ուսուցիչ։
Ամենակարևորը սերն է
3. Ինչո՞վ էր Հիսուսը՝ որպես ուսուցիչ, տարբերվում իր օրերի կրոնական առաջնորդներից։
3 Դպիրների ու փարիսեցիների մեջ, անկասկած, կային մարդիկ, ովքեր ունեին գիտելիք, ինչպես նաև այդ գիտելիքը ուրիշներին փոխանցելու հմտություն։ Բայց ինչո՞վ էր Հիսուսը՝ որպես ուսուցիչ, տարբերվում նրանցից։ Այն ժամանակվա կրոնական առաջնորդները չէին սիրում հասարակ մարդկանց։ Նրանք արհամարհում էին նրանց և նույնիսկ համարում «անիծված ժողովուրդ» (Հովհ. 7։49)։ Ի տարբերություն նրանց՝ Հիսուսը խղճում էր այդ մարդկանց, քանի որ «կեղեքված էին և ցիրուցան եղած, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն» ( Մատթ. 9։36)։ Նա ջերմ էր, կարեկից ու բարի։ Կրոնական առաջնորդները չէին սիրում նաև Աստծուն (Հովհ. 5։42)։ Իսկ Քրիստոսը սիրում էր իր Հորը և հաճույքով էր կատարում նրա կամքը։ Կրոնական առաջնորդները սեփական շահի համար ծռում էին Եհովայի խոսքերը, մինչդեռ Հիսուսը սիրում էր «Աստծու խոսքը». նա այդ խոսքը սովորեցնում, բացատրում և պաշտպանում էր, նա ապրում էր այդ խոսքով (Ղուկ. 11։28)։ Քրիստոսի ողջ էությունը ներծծված էր սիրով. սեր կար և՛ սովորեցրածի, և՛ սովորեցնելու ձևի, և՛ մարդկանց հանդեպ վերաբերմունքի մեջ։
4, 5. ա) Ինչո՞ւ է կարևոր սովորեցնել սիրով։ բ) Ինչո՞ւ է կարևոր ունենալ նաև գիտելիք և հմտություն։
4 Ի՞նչ կարող ենք ասել մեր մասին։ Լինելով Քրիստոսի հետևորդներ՝ մենք ուզում ենք ընդօրինակել նրան ծառայության մեջ ու կյանքում (1 Պետ. 2։21)։ Ուստի մեր նպատակն է ոչ միայն փոխանցել աստվածաշնչյան գիտելիքներ, այլև դրսևորել Եհովայի հատկությունները, հատկապես սերը։ Անկախ նրանից, շատ գիտելիքներ ունենք, թե՝ քիչ, հմտորեն ենք ուսուցանում, թե՝ ոչ, եթե սեր դրսևորենք, ապա կկարողանանք ճշմարտությունը հասցնել մարդկանց սրտին։ Որպեսզի արդյունավետ լինենք աշակերտ պատրաստելու գործում, պետք է Հիսուսի պես սովորեցնենք սիրով։
5 Ինչ խոսք, լավ ուսուցիչ լինելու համար պետք է լավ հասկանանք այն, ինչ սովորեցնում ենք, ինչպես նաև պետք է բավականաչափ հմուտ լինենք, որպեսզի կարողանանք այդ գիտելիքը փոխանցել ուրիշներին։ Հիսուսն օգնում էր իր աշակերտներին հասնելու այս երկու նպատակներին, և այսօր էլ Եհովան իր կազմակերպության միջոցով մեզ է օգնում այդ երկու հարցում (կարդա՛ Եսայիա 54։13; Ղուկաս 12։42)։ Բայցևայնպես, մեր նպատակը միայն դա չէ։ Մեր նպատակը պետք է լինի նաև սիրով սովորեցնելը։ Երբ գիտելիքը, հմտությունը և սերը քայլում են ձեռք ձեռքի տված, արդյունքները կարող են հրաշալի լինել։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք ուսուցանել սիրով։ Ինչպե՞ս էին դա անում Հիսուսն ու նրա աշակերտները։ Եկեք տեսնենք։
Մենք պետք է սիրենք Եհովային
6. Ի՞նչ և ինչպե՞ս ենք խոսում այն մարդու մասին, ում սիրում ենք։
6 Մենք հաճույքով ենք խոսում այն բաների մասին, ինչ սիրում ենք, ինչը մեր սրտին հարազատ է։ Մենք աշխուժանում ենք, լցվում խանդավառությամբ ու ջերմությամբ, հատկապես երբ խոսում ենք սիրելի անձնավորության մասին։ Մենք շատ ենք ուզում ուրիշներին պատմել նրա մասին, նրան գովում ենք, պատվում ու պաշտպանում։ Ինչո՞ւ։ Որովհետև ուզում ենք, որ մյուսներն էլ հիանան նրանով ու նրա հատկություններով։
7. Աստծու հանդեպ սերը ինչի՞ էր մղում Հիսուսին։
7 Որպեսզի կարողանանք օգնել ուրիշներին սիրելու Եհովային, նախ պետք է ինքներս ճանաչենք ու սիրենք նրան։ Չէ՞ որ ճշմարիտ երկրպագության հիմքում ընկած է Աստծու հանդեպ սերը (Մատթ. 22։36–38)։ Եհովային սիրելու հարցում Հիսուսը գերազանց օրինակ է թողել։ Նա սիրում էր նրան ամբողջ սրտով, մտքով, հոգով և զորությամբ։ Երկնքում նա իր Հոր հետ, ըստ ամենայնի, ապրել է միլիարդավոր տարիներ, հետևաբար լավ էր ճանաչում նրան։ Ուստի միանգամայն հասկանալի են այն խոսքերը, որ Հիսուսն ասաց. «Ես սիրում եմ Հորը» (Հովհ. 14։31)։ Այդ սերը երևում էր Քրիստոսի բոլոր խոսքերից և գործերից։ Այն մղում էր նրան միշտ անելու Աստծուն հաճելի բաները (Հովհ. 8։29), և մերկացնելու կրոնական առաջնորդների կեղծավորությունը, ովքեր պնդում էին, թե ներկայացնում են Աստծուն։ Աստծու հանդեպ սերը Հիսուսին նաև մղում էր խոսելու նրա մասին և օգնելու մարդկանց, որ ճանաչեն ու սիրեն նրան։
8. Աստծու հանդեպ սերը ի՞նչ անելու մղեց Հիսուսի աշակերտներին։
8 Հիսուսի պես՝ առաջին դարի քրիստոնյաները սիրում էին Եհովային։ Այդ սերը մղում էր նրանց քաջաբար ու եռանդորեն քարոզելու բարի լուրը։ Նրանք Երուսաղեմը լցրին իրենց ուսմունքով, չնայած որ ազդեցիկ կրոնական առաջնորդները ընդդիմանում էին։ Աշակերտները պարզապես չէին կարող չխոսել այն ամենի մասին, ինչ տեսել ու լսել էին (Գործ. 4։20; 5։28)։ Նրանք գիտեին, որ Եհովան իրենց հետ է ու կօրհնի իրենց։ Եվ իսկապես, Եհովան օրհնեց նրանց։ Հիսուսի մահից 30 տարի էլ չանցած՝ Պողոս առաքյալը գրեց, որ բարի լուրը քարոզվել է «երկնքի տակ գտնվող ամբողջ ստեղծագործությանը» (Կող. 1։23)։
9. Ինչպե՞ս կարող ենք խորացնել մեր սերը Աստծու հանդեպ։
9 Եթե ուզում ենք իսկապես արդյունավետ ուսուցիչ լինել, պետք է անընդհատ խորացնենք մեր սերը Եհովայի հանդեպ։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։ Մենք Աստծուն ավելի շատ կսիրենք, եթե հաճախակի հաղորդակցվենք նրա հետ աղոթքի միջոցով, ուսումնասիրենք նրա Խոսքը, կարդանք Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակությունները և ներկա լինենք քրիստոնեական հանդիպումներին։ Ինչքան ավելի շատ գիտելիքներ ձեռք բերենք Աստծու մասին, այնքան ավելի շատ կսիրենք նրան։ Իսկ երբ մեր սերը դրսևորենք խոսքով ու գործով, մարդիկ կնկատեն դա և գուցե ցանկանան մոտենալ Եհովային (կարդա՛ Սաղմոս 104։33, 34)։
Պետք է սիրենք այն, ինչ ուսուցանում ենք
10. Ո՞վ է լավ ուսուցիչը։
10 Լավ ուսուցիչը նա է, ով սիրում է այն, ինչ ուսուցանում է։ Նա պետք է հավատա, որ իր սովորեցրածը ճիշտ է, անհրաժեշտ է և արժեքավոր է։ Այդպիսի ուսուցիչը խոսում է խանդավառությամբ, ուստի նրա աշակերտները անտարբեր չեն նրա մատուցած նյութի հանդեպ։ Իսկ եթե ուսուցիչը չի գնահատում այն, ինչ սովորեցնում է, ապա ինչպե՞ս կարող է սպասել իր աշակերտներից, որ գնահատեն իրենց լսածը։ Հիշիր, որ դու Աստծու Խոսքի ուսուցիչ ես, և քո օրինակը մեծապես կարող է ազդել նրանց վրա, ում սովորեցնում ես։ Հիսուսն ասաց. «Ամեն ոք, ով կատարելապես ուսուցանվում է, իր ուսուցչի նման կլինի» (Ղուկ. 6։40)։
11. Ինչո՞ւ էր Հիսուսը սիրում այն, ինչ սովորեցնում էր։
11 Հիսուսը սիրում էր այն, ինչ սովորեցնում էր։ Նա գիտեր, որ արժեքավոր բաներ ունի մարդկանց տալու՝ ճշմարտությունը իր երկնային Հոր մասին, «Աստծու խոսքերը» և «հավիտենական կյանքի խոսքերը» (Հովհ. 3։34; 6։68)։ Շլացուցիչ լույսի պես՝ Հիսուսի սովորեցրած ճշմարտությունները երևան էին հանում վատը և արտահայտիչ դարձնում լավը։ Դրանք հույս և մխիթարություն էին տալիս խոնարհներին, որոնք խաբված էին կեղծ կրոնական առաջնորդների կողմից և հարստահարված՝ Բանսարկուից (Գործ. 10։38)։ Ճշմարտության հանդեպ Քրիստոսի սերը կարելի է տեսնել ոչ միայն նրա խոսքերում, այլև գործերում։
12. Ինչպե՞ս էր Պողոս առաքյալը վերաբերվում բարի լուրին։
12 Ընդօրինակելով Հիսուսին՝ նրա աշակերտները սիրում էին այն, ինչ սովորեցնում էին։ Նրանք այնքան շատ էին սիրում և գնահատում Եհովայի ու Քրիստոսի մասին ճշմարտությունը, որ հակառակորդները չէին կարողանում հետ պահել նրանց այդ մասին խոսելուց։ Պողոսը իր հռոմեացի հավատակիցներին գրեց. «Մեծ ցանկություն ունեմ հռչակելու բարի լուրը նաև ձեզ.... Քանի որ ես ամոթ չեմ համարում բարի լուրը. իրականում այն Աստծու զորությունն է բոլոր հավատ ունեցողների փրկության համար» (Հռոմ. 1։15, 16)։ Առաքյալը պատիվ էր համարում ամենուրեք պատմել ճշմարտության մասին։ Նա գրեց. «Ինձ.... տրվեց այս անարժան բարությունը, որպեսզի ուրիշ ազգերին քարոզեմ Քրիստոսի անհատակ հարստության մասին բարի լուրը» (Եփես. 3։8)։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի խանդավառությամբ էր Պողոսը սովորեցնում Եհովայի ու նրա նպատակների մասին։
13. Ի՞նչ պատճառներ ունենք սիրելու բարի լուրը։
13 Բարի լուրը մեզ հնարավորություն է տալիս ճանաչելու Արարչին և նրա հետ մտերիմ փոխհարաբերություններ հաստատելու։ Այն գոհացուցիչ պատասխաններ է տալիս կարևոր հարցերի, փոխում է մեր կյանքը, լցնում մեր սիրտը հույսով և զորացնում ծանր պահերին։ Բարի լուրի շնորհիվ մենք կարող ենք հավիտենական կյանքի հույս ունենալ, կյանք, որը լի կլինի իմաստով։ Չկա ավելի թանկարժեք ու կարևոր բան, քան բարի լուրը։ Այն Աստծու կողմից տրված մի անգին նվեր է, որը մեծ ուրախություն է պատճառում։ Իսկ երբ այդ մասին պատմում ենք ուրիշներին, մեր ուրախությունը կրկնապատկվում է (Գործ. 20։35)։
14. Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ սիրել այն, ինչ ուսուցանում ենք։
14 Ի՞նչ կարող ես անել, որպեսզի ավելի շատ սիրես բարի լուրը։ Աստծու Խոսքը կարդալիս ժամանակ առ ժամանակ դադար տուր և խորհրդածիր։ Օրինակ՝ պատկերացրու, թե ինչպես ես ուղեկցում Հիսուսին կամ Պողոս առաքյալին ծառայության ժամանակ։ Պատկերացրու քեզ նոր աշխարհում. ի՜նչ հիասքանչ կլինի կյանքը։ Խորհիր այն օրհնությունների մասին, որոնք ստացել ես բարի լուրին հնազանդվելու շնորհիվ։ Եթե սերդ վառ պահես բարի լուրի հանդեպ, ապա այն մարդիկ, ում դու սովորեցնում ես, կզգան դա։ Ուստի մենք պետք է խորհրդածենք այն ամենի շուրջ, ինչ սովորել ենք, ինչպես նաև պետք է ուշադրություն դարձնենք մեր ուսուցանելու ձևին (կարդա՛ 1 Տիմոթեոս 4։15, 16)։
Մենք պետք է սիրենք մարդկանց
15. Ինչո՞ւ ուսուցիչը պետք է սիրի իր աշակերտներին։
15 Արդյունավետ ուսուցիչն այնպես է անում, որ աշակերտն իրեն լավ զգա, որ փափագի սովորել ու արտահայտել իր կարծիքը։ Սիրող ուսուցիչը գիտելիք է տալիս իր աշակերտին, որովհետև անկեղծորեն հետաքրքրված է նրանով։ Նա նյութը համապատասխանեցնում է նրա կարիքներին, հաշվի է առնում նրա հասկացողության աստիճանը, ունակություններն ու հանգամանքները։ Արդյունքում՝ աշակերտի աչքից չի վրիպի ուսուցչի սերն իր հանդեպ, ու նա հաճույքով կսովորի։ Ուսուցիչն էլ հաճույքով կսովորեցնի։
16. Ինչպե՞ս Հիսուսը դրսևորեց իր սերը մարդկանց հանդեպ։
16 Հիսուսը նման սեր դրսևորեց։ Նրա սիրո մեծագույն դրսևորումն այն էր, որ նա իր կատարյալ կյանքը տվեց հանուն մարդկանց փրկության (Հովհ. 15։13)։ Հիսուսը ոչ մի ջանք չէր խնայում մարդկանց օգնելու և հատկապես նրանց հոգևոր կարիքները բավարարելու համար։ Նա չէր սպասում, որ մարդիկ մոտենան իրեն ու լսեն բարի լուրը, այլ ինքն էր գնում նրանց մոտ՝ քայլելով հարյուրավոր կիլոմետրեր (Մատթ. 4։ 23–25; Ղուկ. 8։1)։ Քրիստոսը համբերատար էր ու հասկացող։ Երբ աշակերտներին խորհուրդ տալու կարիք էր առաջանում, նա դա անում էր մեղմորեն (Մարկ. 9։33–37)։ Նա ոգևորում էր նրանց՝ վստահեցնելով, որ կարո՛ղ են լինել արդյունավետ ուսուցիչներ։ Ոչ մի ուսուցիչ այդքան չի սիրել իր աշակերտներին, ինչպես Քրիստոսը։ Զգալով նրա սերը իրենց հանդեպ՝ աշակերտներն էլ, ի պատասխան, նրան էին սիրում ու պահում նրա պատվիրանները (կարդա՛ Հովհաննես 14։15)։
17. Ինչպե՞ս էին Հիսուսի աշակերտները սեր դրսևորում ուրիշների հանդեպ։
17 Հիսուսի պես՝ նրա աշակերտները խոր սեր և ջերմ զգացմունքներ ունեին նրանց հանդեպ, ում քարոզում էին։ Չնայած հալածանքին ու մահվան վտանգին՝ նրանք շարունակում էին ծառայել մարդկանց ու հաջողությունների հասնել բարի լուրի քարոզչության գործում։ Այո՛, աշակերտները սիրում էին նրանց, ում հոգևորապես օգնում էին։ Պողոս առաքյալը հետևյալ հուզիչ խոսքերը գրեց. «Երբ ձեր մեջ էինք, մենք քնքշորեն էինք վարվում, ինչպես որ կերակրող մայրն է քնքշորեն խնամում իր երեխաներին։ Ուստի ջերմ զգացմունքներ ունենալով ձեր հանդեպ՝ մենք ուրախ էինք ձեզ տալու ոչ միայն Աստծու բարի լուրը, այլև մեր իսկ հոգիները, որովհետև դուք սիրելի դարձաք մեզ համար» (1 Թեսաղ. 2։7, 8)։
18, 19. ա) Ինչո՞ւ ենք պատրաստ զոհողություններ անելու հանուն քարոզչական գործի։ բ) Օրինակով ցույց տուր, որ մարդիկ նկատում են մեր սերը։
18 Նույն ձևով էլ, այսօր Եհովայի վկաներն ամբողջ աշխարհում ջանադրաբար փնտրում են նրանց, ովքեր փափագում են ճանաչել Աստծուն ու ծառայել նրան։ Անցած 17 տարիներին անընդմեջ մենք ամեն տարի ավելի քան մեկ միլիարդ ժամ ենք տրամադրել քարոզչությանը և աշակերտներ պատրաստելու գործին։ Այսօր էլ շարունակում ենք այդ գործը։ Չնայած որ քարոզչությունը պահանջում է զոհողություններ, այդ գործի համար մենք կամավորապես տալիս ենք մեր ժամանակը, էներգիան և նյութական միջոցները։ Հիսուսի նման՝ մենք հասկանում ենք, թե որն է Եհովայի կամքը. մեր սիրառատ երկնային Հայրն ուզում է, որ մարդիկ ստանան այն գիտելիքները, որոնք կարող են նրանց առաջնորդել հավիտենական կյանքի (Հովհ. 17։3; 1 Տիմոթ. 2։3, 4)։ Սերը մղում է մեզ օգնելու ազնվասիրտ մարդկանց, որ նրանք էլ ճանաչեն Եհովային ու սիրեն նրան։
19 Մարդիկ նկատում են մեր սերը։ Օրինակ՝ մի ռահվիրա քույր (ԱՄՆ) նամակներ է գրում՝ մխիթարելով նրանց, ովքեր հարազատ են կորցրել։ Մի անգամ նա պատասխան նամակ ստացավ։ «Սկզբում ես զարմացա, որ ինչ–որ մեկը ջանք է թափել ու նամակ գրել բոլորովին անծանոթ մարդու, որպեսզի օգնի նրան դիմանալու կյանքի հարվածներին,— ասում է նամակագիրը։— Ես կարող եմ միայն մեկ եզրահանգման գալ, որ Դուք սիրում եք Ձեր մերձավորին ու Աստծուն, որը մարդկանց տանում է կյանքի շավիղներով»։
20. Որքանո՞վ է կարևոր ուսուցանել սիրով։
20 Մի մարդ ասել է, որ երբ սերն ու հմտությունը համագործակցում են իրար հետ, ապա կարող են գլուխգործոց ստեղծել։ Մենք ձգտում ենք օգնել մեր աշակերտներին ճանաչելու Եհովային և սիրելու նրան։ Այո՛, իսկապես արդյունավետ ուսուցիչ լինելու համար պետք է սիրենք Աստծուն, սիրենք ճշմարտությունը և սիրենք մարդկանց։ Նման սեր մշակելով մեր մեջ և ծառայության ժամանակ դրսևորելով այն՝ ուրախություն կստանանք ոչ միայն տալուց, այլև այն բանի գիտակցումից, որ ընդօրինակում ենք Հիսուսին ու արժանանում ենք Եհովայի բարեհաճությանը։
[նկար 15–րդ էջի վրա]
Ինչո՞վ էր Հիսուսը՝ որպես ուսուցիչ, տարբերվում դպիրներից ու փարիսեցիներից
[նկար 18–րդ էջի վրա]
Լավ ուսուցիչն ունի գիտելիք, հմտություն և, որ ամենակարևորն է, սեր
[նկար 18–րդ էջի վրա]
Ինչպե՞ս կպատասխանես
• Ինչո՞ւ է կարևոր, որ բարի լուրի ուսուցիչը սիրի...
Աստծուն,
այն, ինչ ուսուցանում է,
նրանց, ում ուսուցանում է։