«Եհովան պայծառացրել է իր երեսը նրանց վրա»
ՄԱՐԴՆ ունի 30–ից ավելի դիմային մկան։ Նրա դեմքին հայտնված ժպիտի համար միայն պատասխանատու են այդ մկաններից 14–ը։ Իսկ ինչպիսի՞ն կլիներ նրա խոսքը, եթե այդ մկանները չլինեին։ Գրավիչ կլինե՞ր։ Հազիվ թե։ Սակայն դիմային մկանների դերը շատ ավելի մեծ է նրանց համար, ովքեր խուլ են։ Դրանք միայն իրենց «խոսքին» գրավչություն հաղորդելու միջոց չեն։ Այդ մկանները, ինչպես նաև ժեստերը շատ կարևոր են մտքեր ու գաղափարներ փոխանցելու համար։ Շատերը զարմանում են, թե ինչպես կարելի է ժեստերի լեզվով արտահայտել նույնիսկ բարդ մտքեր՝ բոլոր երանգներով։
Վերջին ժամանակներում աշխարհի տարբեր ծայրերում ապրող խուլ մարդիկ սկսել են տեսնել մի դեմք, որն անչափ արտահայտիչ է և խոսուն։ Նման դեմք չունի և ոչ մի մարդ։ Այդ մարդիկ, իհարկե ոչ բառացիորեն, տեսնում են «[Եհովայի] երեսը» (Ողբ. 2։19)։ Սա պատահական չէ։ Եհովան դեռ վաղեմի ժամանակներից է ցույց տվել իր մեծ սերը խուլ անհատների հանդեպ (Ղեւտ. 19։14)։ Այսօր էլ ակնհայտ է, որ Աստված սիրում է այդ մարդկանց։ «[Նրա] կամքն է, որ ամեն տեսակ մարդիկ փրկվեն և ճշմարտության ճշգրիտ գիտությանը գան» (1 Տիմոթ. 2։4)։ Չնայած որ բառերի աշխարհը խորթ է խուլ մարդկանց, այնուամենայնիվ, նրանցից շատերը ճշգրիտ գիտելիքներ են ձեռք բերել Աստծու մասին, ինչի շնորհիվ կարողանում են տեսնել նրա երեսը։ Ինչպե՞ս են նրանք ձեռք բերել այդ գիտելիքները։ Նախքան այս հարցին անդրադառնալը քննենք, թե ինչու է ժեստերի լեզուն այդքան կենսական խուլերի համար։
Լսում են տեսնելով
Կան շատ սխալ պատկերացումներ խուլերի և նրանց լեզվի՝ ժեստերի վերաբերյալ։ Բայց իրականությունը բոլորովին այլ է։ Օրինակ՝ խուլ մարդիկ կարողանում են մեքենա վարել։ Նրանց համար կարող է շատ դժվար լինել շրթունքների շարժումներին հետևելով հասկանալ, թե ինչ են ասում մարդիկ։ Ժեստերի լեզուն ոչ մի կապ չունի Բրայլի գրատիպի հետ և ամենևին էլ մնջախաղ չէ։ Չկա մեկ ընդհանուր ժեստերի լեզու բոլոր ազգերի մարդկանց համար։ Ավելին, նույն երկրի տարբեր շրջաններում ապրող խուլերը խոսում են տարբեր «առոգանությամբ»։
Իսկ կարողանո՞ւմ են խուլերը կարդալ։ Ոմանք լավ են ընթերցում, սակայն մեծամասնության համար կարդալը շատ դժվար է։ Ինչո՞ւ։ Քանի որ այն, ինչ տպագրված է թղթի վրա, բանավոր խոսքի արտացոլանքն է։ Մի պահ խորհենք, թե ինչպես է լսողություն ունեցող երեխան լեզու սովորում։ Ծննդյան պահից՝ նրան շրջապատում են մարդիկ, ովքեր խոսում են որոշակի լեզվով։ Կարճ ժամանակ անց երեխան արդեն կարողանում է բառերը իրար կապել ու նախադասություններ կազմել։ Դա տեղի է ունենում միանգամայն բնականորեն. նա պարզապես լսում է ու սովորում։ Ուստի, երբ լսող երեխան սովորում է կարդալ, նա պարզապես սովորում է այն, որ էջում տպված գրանշանները իրեն արդեն ծանոթ հնչյուններն ու բառերն են։
Հիմա պատկերացրու, որ օտար երկրում ես։ Գտնվում ես մի սենյակում, որի պատերը ձայնամեկուսիչ ապակուց են։ Դու երբեք չես լսել այդ երկրի լեզուն։ Ամեն օր տեղացիները գալիս են և փորձում են ապակու հետևից խոսել քեզ հետ։ Նրանց լսել հնարավոր չէ. ընդամենը տեսնում ես, որ նրանց շրթունքները շարժվում են։ Գիտակցելով, որ դու չես հասկանում՝ նրանք իրենց խոսքերը գրում են թղթի վրա ու այն ցույց տալիս ապակու հետևից։ Այդ մարդիկ կարծում են, թե այդ կերպով իրենց կհասկանաս։ Ի՞նչ ես կարծում, կկարողանա՞ս այդպես հաղորդակցվել նրանց հետ։ Նման հանգամանքներում հաղորդակցվելը գրեթե անհնար է։ Ինչո՞ւ։ Որովհետև թղթի վրա գրված բառերը այն լեզվով են, որը դու երբեք չես լսել։ Հենց այսպիսի վիճակում է գտնվում խուլ մարդկանց մեծ մասը։
Ժեստերի լեզուն հաղորդակցվելու հիանալի միջոց է խուլերի համար։ Անհատը ժեստերի միջոցով ստեղծում է պատկերներ ու հասկացություններ։ Նրա շարժումներն ու դեմքի արտահայտությունը ենթարկվում են ժեստերի լեզվի կանոններին։ Այսպիսով՝ ստեղծվում է տեսողական լեզու, որի միջոցով հնարավոր է տեղեկությունը փոխանցել դիմացինի աչքերին։
Փաստորեն, գրեթե ամեն մի շարժում, որ անում է խուլ մարդը իր ձեռքերի, մարմնի ու դեմքի միջոցով, իմաստ ունի։ Դեմքի արտահայտությունները միայն տպավորելու համար չեն։ Դրանք ժեստերի լեզվի «քերականության» անբաժանելի մասն են։ Օրինակ՝ հարց տալու ժամանակ հոնքերը բարձրացնելը կարող է նշանակել, որ դա կա՛մ հռետորական հարց է, կա՛մ հարց, որին պետք է պատասխանել «այո» կամ «ոչ»։ Իսկ եթե մարդը հոնքերը կիտում է, դա կարող է նշանակել՝ «ո՞վ», «ի՞նչ», «որտե՞ղ», «ե՞րբ», «ինչո՞ւ» կամ «ինչպե՞ս»։ Բերանի որոշակի շարժումները ցույց են տալիս առարկայի չափերը կամ գործողության արագությունը։ Այն, թե ինչպես է անհատը շարժում գլուխն ու այտերը, բարձրացնում ուսերը, բացում և փակում աչքերը, այս ամենը իմաստային նուրբ երանգներ է հաղորդում ասելիքին։
Նման հաղորդակցությունից խուլ մարդիկ մեծ բավականություն են ստանում։ Ովքեր լավ գիտեն ժեստերի լեզուն, կարողանում են փոխանցել ցանկացած միտք, որը կարող է լինել թե՛ բանաստեղծական, թե՛ տեխնիկական, թե՛ վեհ զգացմունքային, թե՛ երգիծական, թե՛ կոնկրետ և թե՛ վերացական։
Հրատարակություններ՝ ժեստերի լեզվով
Երբ Եհովայի մասին գիտելիքները մատուցվում են ժեստերի լեզվով, խուլ մարդը փաստորեն լսում է բարի լուրը և հավատ ընծայում այդ լուրի Հեղինակին։ Ուստի Եհովայի վկաները մեծ ջանքեր են գործադրում ժեստերի լեզվով քարոզելու համար (Հռոմ. 10։14)։ Այսօր ամբողջ աշխարհում կա 58 թարգմանչական խումբ ժեստերի լեզվով, և թվային տեսասկավառակի (DVD) վրա թողարկվում են հրատարակություններ ժեստերի 40 լեզուներով։ Իսկ ի՞նչ արդյունքներ են բերում այդ ջանքերը։
Ջերեմին, որի ծնողները խուլ են, պատմում է. «Հիշում եմ՝ մի անգամ հայրս իր ննջասենյակում ժամերով ուսումնասիրում էր ընդամենը մի քանի պարբերություն «Դիտարանից»՝ փորձելով ինչ–որ բան հասկանալ։ Հանկարծ նա դուրս վազեց սենյակից և ոգևորված «բացականչեց». «Հասկացա՜, հասկացա՜»։ Ապա սկսեց ինձ պատմել, թե ինչ է հասկացել։ Այդ ժամանակ ընդամենը 12 տարեկան էի։ Պարբերություններն արագ աչքի անցկացնելուց հետո ժեստերով ասացի. «Հայրի՛կ, չեմ կարծում, որ դա է իմաստը։ Այստեղ գրված է, որ...»։ Նա շարժումով ընդհատեց ինձ և վերադարձավ ննջասենյակ, որպեսզի ինքնուրույն գտնի գրվածի իմաստը։ Երբեք չեմ մոռանա նրա դեմքին հայտնված հիասթափությունը։ Չեմ մոռանա նաև, թե ինչպես էի հիացմունքով հետևում հորս։ Նյութը հասկանալը նրա համար անհամեմատ հեշտացավ, երբ սկսեցին թողարկվել ժեստերի լեզվով հրատարակություններ թվային տեսասկավառակի վրա։ Սիրտս ցնծությամբ է լցվում, երբ տեսնում եմ, թե ինչպես է փայլում նրա դեմքը Եհովայի մասին խոսելիս»։
Եհովայի վկա մի ամուսնական զույգ զրուցեց Հեսենիա անունով մի երիտասարդ կնոջ հետ, որը խուլ էր (Չիլի)։ Ամուսինները, թույլտվություն ստանալով Հեսենիայի մորից, ցույց տվեցին նրան «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը թվային տեսասկավառակի վրա Չիլիի ժեստերի լեզվով։ Նրանք պատմում են. «Տեսասկավառակը դիտելու ժամանակ Հեսենիան սկսեց ծիծաղել, հետո լաց լինել։ Երբ մայրը հարցրեց, թե ինչու է լալիս, նա պատասխանեց, որ իրեն դուր է գալիս տեսածը։ Մոր համար պարզ էր, որ աղջիկը հասկանում է այն, ինչ դիտում է»։
Գյուղական վայրում ապրող խուլ ամուսինները (Վենեսուելա) ունեին մեկ երեխա։ Կինը հղի էր երկրորդով։ Տնտեսական ծանր պայմանների պատճառով նրանք չէին կարող իրենց թույլ տալ ունենալու երկրորդ երեխան, ուստի մտածում էին արհեստական վիժում անել։ Այս ամենից անտեղյակ՝ Եհովայի վկաներն այցելեցին նրանց և տեսասկավառակի միջոցով ցույց տվեցին «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկի 12–րդ դասը Վենեսուելայի ժեստերի լեզվով։ Այդ դասում բացատրվում է Աստծու տեսակետը արհեստական վիժման և սպանության վերաբերյալ։ Ավելի ուշ կինը իր խորին երախտագիտությունը հայտնեց նրանց։ Նա ասաց, որ իրենք փոխեցին իրենց մտադրությունը և վիժում չարեցին։ Ժեստերի լեզվով այդ տեսասկավառակը կյանք փրկեց։
Եհովայի վկա Լորեյնը, որը խուլ է, ասում է. «Աստվածաշունչ ուսումնասիրելն ինձ համար նման էր խճանկար–գլուխկոտրուկ հավաքելուն։ Որոշ կտորներ բացակայում էին, և ես չէի կարողանում ստանալ ճշմարտության ամբողջական պատկերը։ Երբ մեր հրատարակությունները մատչելի դարձան ժեստերի լեզվով, այդ բաց տեղերը փակվեցին»։ Ջորջը, որը 38 տարվա Վկա է, նույնպես խուլ է։ Նա ասում է. «Երբ ինքդ ես հասկանում նյութը, արժանապատվության զգացումդ, անշուշտ, ավելանում է, սեփական ուժերի հանդեպ լցվում ես վստահությամբ։ Զգում եմ, որ ժեստերի լեզվով թվային տեսասկավառակները մեծապես նպաստում են իմ հոգևոր աճին»։
«Իմ լեզվով ժողով ստեղծվեց»
Բացի ժեստերի լեզվով հրատարակություններից, Եհովայի վկաները նաև կազմավորում են ժողովներ, որտեղ հանդիպումներն անցկացվում են ժեստերի լեզվով։ Ներկայումս ամբողջ աշխարհում կա ավելի քան 1100 ժողով ժեստերի լեզվով։ Այստեղ աստվածաշնչյան ճշմարտությունները ներկայացվում են խուլ մարդու համար հասկանալի ձևով՝ նրա լեզվով։ Մատուցման ձևը հարգանք է արտահայտում խուլերի նիստուկացի և կենսափորձի հանդեպ։
Անկասկած, ժեստերի լեզվով ժողովներ կազմավորելը ճիշտ որոշում էր։ Քննենք Սիրիլի դեպքը։ Նա մկրտվել է 1955 թ.–ին։ Տարիներ շարունակ Սիրիլը մեծ ջանքեր էր գործադրում գրավոր հրատարակություններն ուսումնասիրելու համար և հավատարմորեն հաճախում էր ժողովի հանդիպումներին։ Երբեմն լինում էին եղբայրներ և քույրեր, որոնք թարգմանում էին նրա համար։ Երբ թարգմանիչներ չէին լինում, նրան օգնում էին ուրիշ հավատակիցներ, ովքեր բեմից հնչող մտքերը գրի էին առնում թղթի վրա և ցույց տալիս Սիրիլին։ Միայն 1989 թ.–ին, երբ նա արդեն 34 տարվա Վկա էր, Միացյալ Նահանգներում (Նյու Յորք) կազմավորվեց ժեստերի լեզվով առաջին ժողովը։ Սիրիլը դարձավ այդ ժողովի անդամ։ Ի՞նչ զգացումներ ուներ նա։ «Թվում էր՝ մութ անտառից եմ դուրս եկել։ Վերջապես իմ լեզվով ժողով ստեղծվեց»։
Եհովայի վկաների ժեստերի լեզվով ժողովները այնպիսի վայրեր են, որտեղ խուլ մարդիկ կարող են կանոնավորաբար հավաքվել Աստծուն երկրպագելու և նրա մասին սովորելու նպատակով։ Ժողովները յուրօրինակ հանգրվան են նրանց համար։ Այստեղ նրանք ստանում են էմոցիոնալ աջակցություն, հաղորդակցվում են և համագործակցում են իրար հետ։ Խուլ մարդիկ կարող են շատ բաներ սովորել ու հոգևորապես առաջադիմել։ Շատ խուլ Վկաներ դարձել են լիաժամ քարոզիչներ։ Ուրիշները տեղափոխվել են այլ երկիր, որպեսզի օգնեն խուլ մարդկանց իմանալու Եհովայի մասին։ Խուլ եղբայրները սովորում են լինել արդյունավետ ուսուցիչներ, կազմակերպիչներ և հովիվներ, ինչի շնորհիվ նրանցից շատերը կարողանում են պատասխանատվություններ ստանձնել ժողովում։
Միացյալ Նահանգներում կա ժեստերի լեզվով 100–ից ավելի ժողով և մոտ 80 խումբ, Բրազիլիայում՝ մոտ 300 ժողով և 400–ից ավելի խումբ։ Մեքսիկայում ժեստերի լեզվով ժողովների թիվը հասնում է 300–ի, իսկ Ռուսաստանում կա 30–ից ավելի ժողով և 113 խումբ։ Սրանք ընդամենը մի քանի տվյալներ են, որոնք խոսում են ամբողջ աշխարհում տեղի ունեցող աճի մասին։
Եհովայի վկաները ժեստերի լեզվով կազմակերպում են նաև համաժողովներ։ Անցած տարի ամբողջ աշխարհում ժեստերի տարբեր լեզուներով տեղի է ունեցել 120–ից ավելի համաժողով։ Դրանք խուլ Վկաներին հնարավորություն են տալիս համոզվելու, որ իրենք ևս համաշխարհային քրիստոնեական եղբայրության մաս են կազմում և իրենք ևս օգուտներ են քաղում ժամանակին տրվող հոգևոր կերակրից։
Լենարդը, որն ավելի քան 25 տարի է, ինչ ծառայում է Եհովային, խուլ է։ Նա պատմում է. «Ես միշտ գիտեի, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը, բայց լիովին չէի կարողանում հասկանալ, թե ինչու է նա թույլ տալիս, որ մարդիկ տառապեն։ Այդ պատճառով երբեմն բարկանում էի նրա վրա։ Սակայն ժեստերի լեզվով մարզային համաժողովներից մեկի ժամանակ ներկայացված ելույթն օգնեց ինձ գտնելու տանջող հարցի պատասխանը։ Երբ ելույթն ավարտվեց, կինս արմունկով բոթեց ու հարցրեց. «Հը՞, բավարարվա՞ծ ես»։ Իհարկե, ես լիովին բավարարված էի։ Անչափ ուրախ եմ, որ երբեք չեմ թողել Եհովային։ Միշտ սիրել եմ նրան, բայց լիովին չեմ հասկացել։ Այսօր արդեն հասկանում եմ»։
Անչափ երախտապարտ են
Ի՞նչ են տեսնում Եհովայի դեմքին խուլ մարդիկ՝ սովորելով նրա մասին։ Սեր, կարեկցանք, արդարամտություն, նվիրվածություն, սիրառատ բարություն և այլ հաճելի հատկություններ։
Ամբողջ աշխարհի մեր խուլ եղբայրներն ու քույրերը տեսնում են Եհովայի երեսը և ապագայում է՛լ ավելի հստակ կտեսնեն այն։ Եհովան ջերմ սեր է տածում խուլերի հանդեպ և «պայծառացնում է իր երեսը նրանց վրա» (Թուոց 6։25)։ Նրանք երախտապարտ են Եհովային և անչափ երջանիկ են, որ ճանաչել են նրան։
[նկարներ 24–րդ և 25–րդ էջերի վրա]
Ամբողջ աշխարհում ժեստերի լեզվով կա 1100–ից ավելի ժողով
[նկարներ 26–րդ էջի վրա]
Եհովան իր երեսը պայծառացրել է խուլ մարդկանց վրա