Վրեժխնդիր լինե՞լ
ՇԱՏԵՐՆ են այն կարծիքին, որ վրեժխընդրությունը հովացնում է այրվող սիրտը։ Բանն այն է, որ բնական է վրդովմունք կամ զայրույթ զգալ, երբ ինչ–որ մեկը վիրավորում կամ ցավ է պատճառում։ Արդարության բնածին զգացումը մղում է մարդուն շտկելու անարդարությունը։ Բայց ինչպե՞ս։
Մարդը մտածում է վրեժխնդիր լինելու մասին, օրինակ՝ երբ իր հասցեին վիրավորական խոսքեր է լսում, ապտակ է ստանում, երբ իրեն հրում են, ծեծում կամ թալանում։ Իսկ դո՞ւ ինչ ես զգում, երբ քեզ հետ այդպես են վարվում։ Շատերն ասում են. «Դու դեռ պատասխան կտաս քո արածի համար»։
Միացյալ Նահանգներում դպրոցականները իրենց հետ վատ վերաբերվելու կեղծ մեղադրանքներ ներկայացրին ուսուցիչների դեմ, որովհետև ցանկանում էին վրեժխնդիր լինել ստացած նկատողության համար։ Նոր Օռլեանի ուսուցիչների միության նախագահ Բրենդա Միտչելն ասում է. «Երբ մեկ անգամ մեղադրանք է ներկայացվում ուսուցչի դեմ, նա հեղինակազրկվում է»։ Նույնիսկ եթե կեղծ մեղադրանքը հերքվում է, միևնույն է, ուսուցչի անունը մնում է արատավորված։
Գնալով ավելի շատ աշխատողներ, որոնք դժգոհ են իրենց գործատերերից կամ ովքեր պիտի հեռացվեն աշխատանքից, վրեժխնդիր են լինում գործատերերից. ընկերության համակարգչային ցանցից ջնջում են կարևոր տեղեկությունները, գողանում և վաճառում են ընկերության գաղտնի ինֆորմացիան կամ էլեկտրոնային ֆայլերը։ Ինչպես «Նյու Յորք Թայմս» թերթում է նշվում, «գործատիրոջից վրեժխնդիր լինելու այս հին ձևը մեծ տարածում ունի»։ Ուստի շատ ընկերություններ աշխատողին հեռացնելիս պահակ են նշանակում, որն ուղեկցում է այդ անձնավորությանը իր գրասենյակ, սպասում է, որ հավաքի իրերը, այնուհետև ճանապարհ է դնում։
Շատ հաճախ վրեժխնդիր լինում են մտերիմներից՝ ընկերներից, ընտանիքի անդամներից, ծանոթներից։ Երբ անհատը վիրավորվում է ինչ–որ մեկի աննրբանկատ խոսքից կամ անմիտ արարքից, նրա մեջ ցանկություն է առաջանում նույն ձևով հատուցելու։ Եթե ընկերդ կոպիտ տոնով է խոսում քեզ հետ, դու է՞լ ես այդպես պատասխանում։ Իսկ երբ ընտանիքիդ անդամն է քեզ նեղացնում կամ վիրավորում, անմիջապես վրեժխնդիր լինելու մասի՞ն ես մտածում։
Վրեժխնդրություն. անխոհեմ քայլ
Հաճախ վրեժխնդրության դիմում են էմոցիոնալ ցավը մեղմելու համար։ Օրինակ՝ Աստվածաշունչը պատմում է, որ երբ Հակոբ նահապետի որդիները իմացան, որ քանանացի Սյուքեմը բռնաբարել է իրենց քրոջը՝ Դինային, նրանք «նեղացան և շատ բարկացան» (Ծննդոց 34։1–7)։ Վրեժխնդիր լինելու համար Հակոբի երկու որդիները մի ծրագիր կազմեցին Սյուքեմի և նրա ընտանիքի դեմ։ Շմավոնն ու Ղևին մտան քանանացիների քաղաքը և սպանեցին բոլոր տղամարդկանց, այդ թվում նաև Սյուքեմին (Ծննդոց 34։13–27)։
Այս արյունահեղությունը շտկե՞ց ստեղծված իրավիճակը։ Երբ Հակոբն իմացավ, թե ինչ են արել որդիները, նրանց հանդիմանեց ու ասաց. «Ինձ այս երկրի բնակիչների.... մեջ ատելի անելով ինձ փորձանքի մէջ գցեցիք.... եւ նորանք ինձ վերայ կ’հաւաքուին, ինձ կ’զարկեն, կ’կորչեմ ես եւ իմ տունը» (Ծննդոց 34։30)։ Փաստորեն, վրեժխնդրությունը չհարթեց խնդիրը. Հակոբի ընտանիքը ստիպված եղավ փախչելու իր զայրացած հարևաններից։ Նրանց պաշտպանելու համար Աստված պատվիրեց դուրս գալ այդ տարածքից և ուղևորվել դեպի Բեթել (Ծննդոց 35։1, 5)։
Դինայի հետ կատարված այս դեպքը շատ կարևոր մի բան է մատնանշում. վրեժխընդրությունը հաճախ նոր վրեժի պատճառ է դառնում, և այդ շղթան շարունակ երկարում է։ Ինչպես ասում է մի գերմանական առակ, «վրեժխնդրությունը երբեք անպատասխան չի մնում»։
Ցավերի շղթա
Եթե շարունակ մտածենք վրեժխնդրության մասին, մենք կսպառվենք։ Մի գրքում, որի վերնագիրն է՝ «Ներել. ինչպե՞ս հաշտվել անցյալի հետ և շարունակել ապրել», ասվում է. «Վրեժը սպառում է։ Այն խլում է ժամանակը և ուժերը, եթե միշտ հիշում ես, թե ինչերի միջով ես անցել, անընդհատ անիծում ես քեզ վիրավորած մարդկանց և մտածում ես վրեժխնդիր լինելու մասին» (Forgiveness— How to Make Peace With Your Past and Get On With Your Life)։ Աստծու Խոսքը հստակ ասում է. «Նախանձը փտութիւն է ոսկորներին» (Առակաց 14։30)։
Եվ իրոք, ինչպե՞ս կարող է մարդը ուրախ լինել, եթե նրա սիրտը լի է ատելությամբ։ Մի վերլուծաբան ասում է. «Եթե կարծում ես, որ «վրեժխնդրությունը հովացնում է այրվող սիրտը», ապա նայիր նրանց դեմքին, ովքեր տարիներ շարունակ ոխ են պահում»։
Նկատի առեք, թե ինչ է տեղի ունենում երկրի որոշ մասերում էթնիկական և կրոնական լարվածության պատճառով։ Հաճախ մեկ սպանությունը մի ուրիշ սպանություն է ծնում, ինչն էլ պատճառ է դառնում, որ ատելության ու սպանությունների շղթան շարունակվի։ Օրինակ՝ երբ 18 երիտասարդներ մահացան ահաբեկիչների ռումբի պայթյունից, մի սգացող մայր դառնությամբ բացականչեց. «Մեր վրեժը հազար անգամ ավելի դաժան պիտի լինի»։ Այդպիսով չարագործությունները շատանում են, և ավելի ու ավելի շատ մարդիկ են ընդհարվում։
«Աչքի տեղ աչք»
Ոմանք վկայակոչում են Աստվածաշնչի խոսքերը, որպեսզի արդարացնեն իրենց։ Նրանք ասում են. «Չէ՞ որ Աստվածաշնչում գրված է՝ «աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ»» (Ղեւտացոց 24։20)։ Առաջին հայացքից «աչքի տեղ աչք» արտահայտությունը թվում է, թե խրախուսում է վրեժ լուծել։ Բայց իրականում այն հետ է պահում մարդուն վրեժխնդիր լինելուց։ Ինչպե՞ս։
Եթե իսրայելացին վնասում էր իր ազգակցի աչքը, Օրենքը պահանջում էր, որ վնասողը արդար հատուցում ստանա։ Սակայն ոչ թե տուժողը կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկն էր իրագործում օրենքը, այլ նշանակված դատավորները։ Այն բանի գիտակցումը, որ բռնություն կամ հանցանք գործողը պետք է նույն պատիժը ստանար, մարդուն հետ էր պահում վրեժխնդիր լինելուց։
Նախքան վերը նշված օրենքը սահմանելը Եհովա Աստված Իսրայել ազգին Մովսեսի միջոցով պատվիրել էր. «Քո եղբօրը սրտումդ չ’ատես.... Վրէժ չ’առնես, եւ քո ժողովրդի որդիներին ոխ չ’պահես» (Ղեւտացոց 19։17, 18)։ «Աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ» արտահայտությունը պետք է հասկանալ ամբողջ Օրենքի լույսի ներքո։ Հիսուսն այն ամփոփեց երկու պատվիրանների մեջ. «Սիրի՛ր քո Եհովա Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով» և «սիրի՛ր քո մերձավորին քո անձի պես» (Մատթեոս 22։37–40)։ Այդ դեպքում ճշմարիտ քրիստոնյաները ինչպե՞ս պետք է արձագանքեն, երբ անարդարության են բախվում։
Հետամուտ եղիր խաղաղության
Աստվածաշնչում Եհովան ներկայացվում է որպես «խաղաղության Աստված», և նրան երկրպագողներին հորդոր է տրվում «խաղաղություն փնտրել և հետամուտ լինել դրան» (Եբրայեցիներ 13։20; 1 Պետրոս 3։11)։ Բայց գործնակա՞ն է արդյոք այս խորհուրդը։
Հիսուսը իր երկրային ծառայության ընթացքում մեծ հալածանքների ենթարկվեց. նրա վրա թքեցին, մտրակեցին, մտերիմներից մեկը մատնեց նրան, իսկ հետևորդները թողեցին իրեն (Մատթեոս 26։48–50; 27։27–31)։ Ինչպե՞ս Հիսուսը արձագանքեց։ Պետրոսը գրեց. «Երբ նրա մասին չարախոսում էին, փոխարենը՝ նա չէր չարախոսում։ Երբ նա չարչարվում էր, չէր սպառնում, այլ իրեն հանձնում էր նրան, ով արդարությամբ է դատում» (1 Պետրոս 2։23)։
«Քրիստոսն էլ չարչարվեց ձեզ համար,— բացատրում է առաքյալը,— օրինակ թողնելով ձեզ, որ սերտորեն նրա հետքերին հետևեք» (1 Պետրոս 2։21)։ Այո՛, քրիստոնյաները պետք է ընդօրինակեն Հիսուսին և հալածանքների ժամանակ նրա պես վարվեն։ Այս մասին Հիսուսը Լեռան քարոզում ասաց. «Շարունակե՛ք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար, որպեսզի լինեք որդիները ձեր Հոր, որ երկնքում է» (Մատթեոս 5։44, 45)։
Ի՞նչ պետք է անեն նրանք, ովքեր ընդօրինակում են Քրիստոսի սերը, երբ անարդարության են բախվում կամ կարծում են, թե իրենց վիրավորել են։ Առակաց 19։11 համարում ասվում է. «Մարդիս իմաստութիւնը նորան երկայնամիտ կ’անէ, եւ նորա փառքը յանցանք ներելն է»։ Ճշմարիտ քրիստոնյաները կիրառում են նաև հետևյալ խորհուրդը. «Թույլ մի՛ տուր, որ հաղթվես չարից, այլ շարունակիր բարիո՛վ հաղթել չարին» (Հռոմեացիներ 12։21)։ Թեև այսօր աշխարհում բոլորովին այլ տեսակետ է տարածված, սակայն սերը օգնում է ճշմարիտ քրիստոնյաներին վրեժխնդիր չլինել և «անտեսել մեղքը», որովհետև սերը «վիրավորանքները չի հաշվում» (1 Կորնթացիներ 13։5)։
Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ պետք է լուռ մնաս, երբ հանցագործության զոհ ես դառնում կամ երբ քեզ սպառնում են։ Ամենևի՛ն։ Երբ Պողոսն ասաց, որ պետք է «շարունակել բարիով հաղթել չարին», նա նկատի չուներ, որ քրիստոնյան՝ որպես մարտիրոս, պետք է տանջանքների ենթարկվի։ Ընդհակառակը՝ երբ մեզ վրա հարձակվում են, իրավունք ունենք ինքնապաշտպանության դիմելու։ Եթե վտանգի տակ է քո կյանքը կամ ունեցվածքը, կարող ես զանգել ոստիկանություն։ Իսկ եթե խնդիր է առաջանում դպրոցում կամ աշխատավայրում, կարելի է դիմել տնօրինությանը (Հռոմեացիներ 13։3, 4)։
Ամեն դեպքում, լավ կլինի միշտ հիշել, որ չենք կարող ակնկալել, որ իրերի այս համակարգում բացարձակ արդարություն կլինի։ Շատերն են իրենց ամբողջ կյանքում արդարություն փնտրել, սակայն հիասթափվել են և դառնությամբ են լցվել, երբ իրենց ակնկալիքները չեն իրականացել։
Սատանային հաճույք է պատճառում այն, որ մարդկանց մեջ բաժանումներ են լինում վրեժի և ատելության պատճառով (1 Հովհաննես 3։7, 8)։ Լավ կլինի միշտ հիշել Աստվածաշնչի հետևյալ խոսքերը. «Սիրելինե՛ր, վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար, այլ տեղ թողեք ցասմանը, որովհետև գրված է. ««Վրեժխնդրությունը ի՛մն է։ Ե՛ս կհատուցեմ»,— ասում է Եհովան»» (Հռոմեացիներ 12։19)։ Խնդիրների լուծումը թողնելով Եհովային՝ մենք ազատվում ենք բազում ցավերից, այլևս չենք բարկանում և չենք փորձում վրեժ լուծել (Առակաց 3։3–6)։
[Մեջբերում 22–րդ էջի վրա]
«Սիրի՛ր քո Եհովա Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով» և «սիրի՛ր քո մերձավորին քո անձի պես»
[նկարներ 23–րդ էջի վրա]
Սերը «վիրավորանքները չի հաշվում» (1 Կորնթացիներ 13։5)