Քրիստոսի պես եղիր հնազանդ և քաջ
«Քա՛ջ եղեք, ես հաղթեցի՛ աշխարհին» (ՀՈՎՀ. 16։33)։
1. Որքանո՞վ Հիսուսը հնազանդ եղավ Աստծուն։
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ միշտ անում էր Աստծու կամքը և հնազանդվում էր նրան։ Ավելին, նա երբեք չէր մտածում Եհովային չհնազանդվելու մասին (Հովհ. 4։34; Եբր. 7։26)։ Բայց երկրի վրա հեշտ չէր հնազանդվել Աստծուն։ Հիսուսի ծառայության հենց սկզբից նրա թշնամիները, այդ թվում նաև Սատանան, խորամանկորեն փորձում էին համոզել կամ ստիպել Հիսուսին, որ թողնի իր հավատարիմ ընթացքը (Մատթ. 4։1–11; Ղուկ. 20։20–25)։ Այդ թշնամիները նրան ամեն տեսակ ցավ ու տառապանք պատճառեցին, իսկ վերջում սպանեցին տանջանքի ցցի վրա (Մատթ. 26։37, 38; Ղուկ. 22։44; Հովհ. 19։1, 17, 18)։ Բայց Հիսուսը, անցնելով այս բոլոր դժվարությունների միջով, «հնազանդ եղավ մինչև մահ» (կարդա՛ Փիլիպպեցիներ 2։8)։
2, 3. Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսից, որը տառապանքների ներքո հնազանդ մնաց Աստծուն։
2 Երկրի վրա Հիսուսը սովորեց, թե ինչ է նշանակում ծանր հանգամանքների ներքո հնազանդ մնալ Աստծուն (Եբր. 5։8)։ Գուցե թվա, որ նա ոչ մի նոր բան չուներ սովորելու։ Չէ՞ որ անթիվ–անհամար տարիներ էր անցկացրել իր Հոր հետ ու եղել էր նրա «ճարտարապետը», կամ՝ «հմուտ վարպետը» (ՆԱ) (Առակ. 8։30)։ Բայցևայնպես, լինելով մարդ՝ նա տոկաց մինչև վերջ և փաստեց իր անարատությունը։ Հիսուսը՝ Աստծու Որդին, հոգևորապես աճեց։ Ի՞նչ կարող ենք սովորել նրանից։
3 Կատարյալ մարդ լինելով՝ Հիսուսը չփորձեց իր սեփական ուժերին ապավինել։ Նա աղոթեց Եհովային, որ օգնի իրեն հնազանդ մնալու (կարդա՛ Եբրայեցիներ 5։7)։ Որպեսզի հնազանդ լինենք Աստծուն, մենք ևս պետք է խոնարհ լինենք և կանոնավորաբար աղոթենք օգնության համար։ Պողոս առաքյալը քրիստոնյաներին խորհուրդ է տալիս. «Ունեցեք նույնպիսի մտածելակերպ, ինչպիսին որ Քրիստոս Հիսուսն ուներ, որը.... խոնարհեցրեց իրեն և հնազանդ եղավ մինչև մահ» (Փիլիպ. 2։5–8)։ Հիսուսը փաստեց, որ մարդը կարող է հնազանդ մնալ Աստծուն՝ ապրելով ամբարիշտ հասարակության մեջ։ Ինչ խոսք, Քրիստոսը կատարյալ էր։ Իսկ կարո՞ղ է անկատար մարդը նման հնազանդություն դրսևորել։
Հնազանդություն՝ չնայած անկատարությանը
4. Ի՞նչ է մեզ համար նշանակում այն, որ օժտված ենք ազատ կամքով։
4 Ադամն ու Եվան բանական էակներ էին։ Աստված նրանց օժտել էր ազատ կամքով։ Լինելով նրանց հետնորդները՝ մենք ևս օժտված ենք ազատ կամքով։ Ի՞նչ է սա նշանակում։ Դա նշանակում է, որ կարող ենք որոշել՝ լա՞վ բան անել, թե՞ վատ։ Այլ խոսքով՝ Աստված մեզ ընտրության ազատություն է տվել՝ կա՛մ հնազանդվել իրեն, կա՛մ չհնազանդվել։ Այդպիսի մեծ ազատությունը իր հետ բերում է պատասխանատվություն։ Այո՛, բարոյականության վերաբերյալ կայացրած մեր որոշումները մեզ համար նշանակում են կյանք կամ մահ։ Այդ որոշումները կարող են անդրադառնալ նաև մեր մտերիմների վրա։
5. Ինչի՞ համար ենք բոլորս պայքարում և ինչպե՞ս կարող ենք հաջողության հասնել։
5 Ժառանգած անկատարության պատճառով մենք հնազանդվելու բնածին հակում չունենք։ Միշտ չէ, որ հեշտ է հնազանդվել Աստծու օրենքներին։ Պողոսը պայքարում էր հնազանդ մնալու համար։ Նա գրեց. «Իմ անդամներում ուրիշ օրենք եմ տեսնում, որը պատերազմում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է տանում մեղքի օրենքին, որն իմ անդամների մեջ է» (Հռոմ. 7։23)։ Իհարկե, երբ կարիք չկա զոհողություն անելու, երբ չենք կրում անհարմարություն կամ ցավ, հեշտ է հնազանդվել։ Իսկ ինչպե՞ս ենք վարվում, երբ բախում է առաջանում հնազանդ լինելու ցանկության և «մարմնի ու աչքերի ցանկության» միջև։ «Մարմնի ու աչքերի ցանկությունը» ծագում է մեր անկատարության, ինչպես նաև «աշխարհի ոգու» պատճառով։ Դրանք շատ զորեղ ազդեցություններ են (1 Հովհ. 2։16; 1 Կորնթ. 2։12)։ Այս ազդեցություններին դիմադրելու համար պետք է «պատրաստենք մեր սիրտը» նախքան փորձության մեջ ընկնելը և վճռենք հնազանդ մնալ Եհովային, ինչ էլ որ պատահի (Սաղ. 78։8)։ Աստվածաշունչը պատմում է բազմաթիվ մարդկանց մասին, ովքեր իրենց սիրտը պատրաստելու շնորհիվ կարողացել են հնազանդ մնալ (Եզր. 7։10; Դան. 1։8)։
6, 7. Բացատրիր, թե անձնական ուսումնասիրությունն ինչպես կարող է օգնել քեզ իմաստուն որոշումներ կայացնելու։
6 Մեր սիրտը կարող ենք պատրաստել, եթե փութաջանորեն ուսումնասիրենք Աստվածաշունչը և Աստվածաշնչի վրա հիմնված գրականությունը։ Պատկերացրու հետևյալ իրադրությունը։ Երեկոյան կատարում ես նախապես պլանավորած անձնական ուսումնասիրությունդ։ Հենց նոր ես աղոթել Եհովային, որ իր սուրբ ոգով օգնի քեզ կիրառելու այն, ինչ կսովորես նրա Խոսքից։ Դու մտադիր ես հաջորդ երեկո հեռուստացույցով մի ֆիլմ դիտել։ Այդ ֆիլմի մասին դրական կարծիքներ ես լսել, բայց նաև գիտես, որ ֆիլմում անբարոյության և բռնության դրվագներ կան։
7 Դու խորհում ես Պողոսի հետևյալ խորհրդի շուրջ. «Թող պոռնկություն և ամեն տեսակ անմաքրություն կամ ագահություն նույնիսկ չհիշատակվեն ձեր մեջ, ինչպես որ վայել է սուրբ մարդկանց» (Եփես. 5։3)։ Նաև հիշում ես Փիլիպպեցիներ 4։8 համարը (կարդա՛)։ Մտածելով այս ներշնչյալ խորհուրդների շուրջ՝ ինքդ քեզ ասում ես. «Այդպիսի հաղորդումները կարող են ազդել իմ մտքի ու սրտի վրա։ Եթե դրանք դիտեմ, կարո՞ղ եմ ասել, որ լիովին հնազանդ եմ Աստծուն, ինչպես որ Հիսուսն էր հնազանդ»։ Ի՞նչ կանես։ Կնայե՞ս այդ ֆիլմը։
8. Ինչո՞ւ պետք է միշտ հետևենք բարոյական և հոգևոր բարձր չափանիշների։
8 Չար ընկերակցությունը, փաստորեն, կարող է լինել նաև այնպիսի ժամանցի ձև, որը պարունակում է բռնություն և անբարոյություն։ Գուցե մտածենք, որ բավականաչափ ուժեղ ենք և կարող ենք խուսափել նման ընկերակցության վատ հետևանքներից։ Սակայն այդպես մտածելը կնշանակի, որ պակաս կարևոր ենք համարում մեր բարոյական և հոգևոր չափանիշները, ինչը, իհարկե, ճիշտ չէ։ Մենք պետք է պաշտպանենք մեզ և մեր երեխաներին Սատանայի ոգու չար ազդեցությունից։ Օրինակ՝ համակարգչից օգտվողները մեծ ջանքեր են թափում, որպեսզի պաշտպանեն այն վիրուսներից, քանի որ դրանք կարող են ոչնչացնել տվյալները, խանգարել համակարգչի նորմալ աշխատանքին և նույնիսկ այդ համակարգչի միջոցով «գրոհել» այլ համակարգիչների վրա։ Մի՞թե չպետք է ավելի զգոն լինենք Սատանայի նենգություններից պաշտպանվելու համար (Եփես. 6։11)։
9. Ինչո՞ւ պետք է վճռական լինենք ամեն օր հնազանդվելու Եհովային։
9 Գրեթե ամեն օր մենք ընտրության առջև ենք կանգնած՝ վարվել Եհովայի կամքի համաձայն, թե՝ ոչ։ Փրկության հասնելու համար պետք է հնազանդվենք Աստծուն և ապրենք նրա արդար սկզբունքներով։ Պատրաստ լինելով Քրիստոսի պես հնազանդ մնալ նույնիսկ «մինչև մահ»՝ փաստում ենք, որ մեր հավատը իսկական է։ Եհովան կպարգևատրի մեր հավատարմությունը։ Հիսուսն ասաց. «Ով որ մինչև վերջ համբերի, նա կփրկվի» (Մատթ. 24։13)։ Իսկ համբերելու համար անհրաժեշտ է զարգացնել այնպիսի քաջություն, որն ուներ Հիսուսը (Սաղ. 31։24)։
Հիսուսը քաջության մեծագույն օրինակ է
10. Ի՞նչ ճնշումների ենք ենթարկվում, և ինչպիսի՞ն պիտի լինի մեր արձագանքը։
10 Աշխարհը մեզ վրա մեծ ճնշում է բանեցնում, որ ընդունենք նրա վարքուբարքը, ու փորձում է ապականել մեզ։ Սոցիալական, ֆինանսական և կրոնական ճնշումները կարող են մեզ շեղել Եհովայի արդար ճանապարհներից։ Շատերս ընտանիքում բախվում ենք հակառակության։ Որոշ երկրներում կրթական հաստատություններն ավելի ակտիվորեն են ջատագովում էվոլյուցիոն տեսությունը, և աթեիզմը ավելի մեծ տարածում է գտնում։ Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել. պետք է քայլեր ձեռնարկենք այս բոլոր ազդեցություններին դիմադրելու նպատակով։ Հիսուսի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք դա անել։
11. Հիսուսի օրինակի շուրջ խորհրդածելն ինչպե՞ս կարող է լցնել մեզ քաջությամբ։
11 Քրիստոսն իր աշակերտներին ասաց. «Աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց քա՛ջ եղեք, ես հաղթեցի՛ աշխարհին» (Հովհ. 16։33)։ Նա երբեք թույլ չտվեց, որ աշխարհն ազդի իր վրա, որ այն ստիպի իրեն դադարեցնելու քարոզչական գործը։ Չնայած աշխարհի ճնշմանը՝ Քրիստոսը վարքի ու երկրպագության հարցում միշտ հետևեց բարձր չափանիշների։ Մենք պետք է ընդօրինակենք Հիսուսին։ Աստծուն աղոթելիս նա իր աշակերտների մասին ասաց. «Նրանք աշխարհի մի մասը չեն, ինչպես որ ես էլ աշխարհի մի մասը չեմ» (Հովհ. 17։16)։ Ուսումնասիրելով և խորհրդածելով Քրիստոսի քաջության մասին՝ մենք էլ կլցվենք քաջությամբ, ինչի շնորհիվ հեռու կմնանք աշխարհից։
Քաջություն սովորենք Հիսուսից
12–14. Օրինակով ցույց տուր, թե ինչպես Հիսուսը քաջություն դրսևորեց։
12 Իր ծառայության ամբողջ ընթացքում Հիսուսը մեծ քաջություն դրսևորեց։ Լինելով Աստծու Որդի՝ նա իր իշխանությունը անվախորեն գործադրեց. Քրիստոսը «տաճար մտավ ու դուրս վռնդեց բոլոր նրանց, ովքեր առուծախ էին անում տաճարում, և շուռ տվեց դրամափոխների սեղաններն ու աղավնի վաճառողների նստարանները» (Մատթ. 21։12)։ Երբ Հիսուսի երկրային կյանքի վերջին գիշերը զինվորները եկան նրան ձերբակալելու, նա համարձակորեն պաշտպանեց իր աշակերտներին՝ ասելով. «Եթե ինձ եք փնտրում, թողեք, որ սրանք գնան» (Հովհ. 18։8)։ Քիչ անց նա Պետրոսին ասաց, որ սուրը մի կողմ դնի՝ ցույց տալով, որ ապավինում է ոչ թե զենքին, այլ Եհովային (Հովհ. 18։11)։
13 Հիսուսը համարձակորեն քողազերծեց իր օրերի ուսուցիչների չարությունն ու կեղծավորությունը։ «Վա՜յ ձեզ, դպիրնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր, որովհետև երկնքի թագավորությունը փակում եք մարդկանց առաջ,— ասաց Հիսուսը։— Արհամարհում եք Օրենքի ավելի ծանրակշիռ բաները՝ արդարադատությունը, ողորմությունը և հավատարմությունը.... Մաքրում եք բաժակի և ափսեի դրսի կողմը, բայց նրանց ներսը լիքն է թալանով և անզսպվածությամբ» (Մատթ. 23։13, 23, 25)։ Հիսուսի աշակերտները այսպիսի քաջության կարիք էին ունենալու, որովհետև կեղծ կրոնական առաջնորդները հալածելու էին նրանց, իսկ ոմանց՝ սպանելու (Մատթ. 23։34; 24։9)։
14 Հիսուսը չէր վախենում նույնիսկ դևերից։ Մի անգամ նա հանդիպեց մի մարդու, որը դևերի ուժեղ ազդեցության տակ էր, այնքան ուժեղ, որ նա պոկում էր այն մետաղյա շղթաները, որով կապում էին իրեն։ Քրիստոսն այդ մարդուն ազատեց բազմաթիվ դևերից (Մարկ. 5։1–13)։ Այսօր Աստված քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործի համար քրիստոնյաներին նման հրաշքներ անելու զորություն չի տալիս։ Այնուամենայնիվ, մենք ևս պետք է հոգևոր պատերազմ մղենք Սատանայի դեմ, որը «կուրացրել է անհավատների մտքերը» (2 Կորնթ. 4։4)։ Ինչպես որ Հիսուսի դեպքում էր, մեր զենքերը ևս «մարմնավոր չեն, այլ Աստծով են զորավոր քանդելու համար ցանկացած ամրություն», այսինքն՝ այնպիսի կեղծ կրոնական գաղափարներ, որոնք խոր արմատներ են գցել հասարակության մեջ (2 Կորնթ. 10։4)։ Մենք Հիսուսից շատ բան ենք սովորում այն մասին, թե ինչպես գործածենք այդ հոգևոր զենքերը։
15. Ինչի՞ վրա էր հիմնված Հիսուսի քաջությունը։
15 Քրիստոսի քաջությունը ձևական չէր։ Այն հիմնված էր հավատի վրա։ Մեր քաջությունը նույնպես պետք է հավատի վրա հիմնված լինի (Մարկ. 4։40)։ Ինչպե՞ս կարող ենք իսկական հավատ ունենալ։ Դարձյալ կարող է օգնել Հիսուսի օրինակը։ Նա լիարժեք գիտելիքներ ուներ Գրություններից և լիովին վստահում էր դրանց։ Հիսուսի զենքը ոչ թե մետաղյա սուրն էր, այլ ոգու սուրը՝ Աստծու Խոսքը։ Բազմիցս նա ցույց տվեց, որ իր ուսմունքները հիմնված են Գրությունների վրա։ Հաճախ իր խոսքը սկսում էր այսպես. «Գրված է», այսինքն՝ գրված է Աստծու Խոսքումa։
16. Ինչպե՞ս կարող ենք մեծ հավատ ձեռք բերել։
16 Քրիստոսի աշակերտների համար անխուսափելի են փորձությունները։ Որպեսզի տոկանք այդ փորձությունների ներքո, պետք է կառուցենք ամուր հավատ։ Մենք այն կարող ենք ձեռք բերել՝ ամեն օր կարդալով և ուսումնասիրելով Աստվածաշունչը և հաճախելով քրիստոնեական հանդիպումներին։ Այս ամենը կօգնի մեզ, որ մեր մտքում դաջվեն այն ճշմարտությունները, որոնք հավատի հիմքն են (Հռոմ. 10։17)։ Նաև պետք է խորհրդածենք սովորածի շուրջ, որպեսզի այն հասնի մեր սրտին։ Միայն կենդանի հավատը կարող է մղել համարձակ քայլերի (Հակ. 2։17)։ Բացի այդ, պետք է աղոթենք սուրբ ոգին ստանալու համար, որովհետև հավատը ոգու պտղի հատկություններից է (Գաղ. 5։22)։
17, 18. Ինչպե՞ս մի երիտասարդ քույր կարողացավ քաջություն դրսևորել դպրոցում։
17 Քիթթի անունով մի երիտասարդ քույր անձամբ համոզվեց, թե իսկական հավատն ինչպես է քրիստոնյային լցնում քաջությամբ։ Վաղ տարիքից նա գիտեր, որ դպրոցում չպետք է «ամոթ համարի բարի լուրը», և անկեղծորեն ուզում էր լավ վկայություն տալ համադասարանցիներին (Հռոմ. 1։16)։ Ամեն տարի նա վճռում էր բարի լուրը պատմել նրանց, բայց քաջությունը չէր հերիքում։ Մի քանի տարի անց Քիթթին փոխեց դպրոցը։ Այս անգամ նա իր սրտում որոշեց. «Վե՛րջ։ Նախկինում խոսելու շատ առիթներ եմ բաց թողել։ Հիմա պետք է տեղը հանեմ»։ Աղջիկը Եհովային աղոթեց, որ իրեն քաջություն տա, օգնի խոհեմաբար վարվելու և քարոզելու հարմար առիթ ստեղծի։
18 Նոր դպրոց տեղափոխվելու հենց առաջին օրը ուսուցիչը աշակերտներին խնդրեց պատմել իրենց մասին։ Ոմանք նշեցին, թե ինչ կրոն են դավանում, բայց ավելացրին, որ իրականում չեն մասնակցում իրենց կրոնի գործերին։ Քիթթին հասկացավ, որ սա հենց այն առիթն է, որի համար աղոթել էր։ Երբ հասավ իր հերթը, նա վստահ ասաց. «Ես Եհովայի վկա եմ և հոգևոր ու բարոյական հարցերում առաջնորդվում եմ Աստվածաշնչով»։ Մինչ Քիթթին խոսում էր, մի քանի աշակերտներ հեգնանքով նայեցին նրան։ Սակայն ուրիշները ուշադիր լսեցին, իսկ ավելի ուշ հարցեր տվեցին։ Ուսուցիչը Քիթթիի օրինակով ցույց տվեց, թե ինչ է նշանակում պաշտպանել սեփական հավատը։ Մեր քույրը շատ ուրախ էր, որ կարողացավ Հիսուսի պես քաջ լինել ու վկայություն տալ։
Ընդօրինակիր Քրիստոսի հավատն ու քաջությունը
19. ա) Ի՞նչ է նշանակում իսկական հավատ ունենալ։ բ) Ինչպե՞ս կարող ենք ուրախացնել Եհովային։
19 Առաքյալները գիտակցում էին, որ քաջ լինելու համար պետք է հավատ ունենան։ Նրանք Հիսուսին խնդրեցին. «Մեզ ավելի շատ հավատ տուր» (կարդա՛ Ղուկաս 17։5, 6)։ Իսկական հավատն ավելին է, քան պարզապես Աստծու գոյությանը հավատալը։ Իսկական հավատ ունենալ նշանակում է մտերիմ լինել Եհովայի հետ, ինչպես որ փոքրիկ երեխան է մտերիմ իր բարի ու քնքուշ հոր հետ։ Աստծու ներշնչանքով՝ Սողոմոնը գրեց. «Որդեակս, եթէ սիրտդ իմաստուն լինի, իմ սիրտն էլ կ’ուրախանայ, եւ իմ երիկամունքները կ’ցնծան, քո շրթունքները ուղիղ բաներ խօսելիս» (Առակ. 23։15, 16)։ Նույն ձևով էլ, երբ համարձակորեն հետևում ենք Եհովայի արդար սկզբունքներին, նա ուրախանում է, և այս բանի իմացությունը մեզ է՛լ ավելի քաջ է դարձնում։ Ուստի եկեք Հիսուսի պես միշտ քաջ լինենք։
[ծանոթագրություն]
a Օրինակ՝ տե՛ս Մատթեոս 4։4, 7, 10; 11։10; 21։13; 26։31; Մարկոս 9։13; 14։27; Ղուկաս 24։46; Հովհաննես 6։45; 8։17։
Կարո՞ղ ես բացատրել
• Ի՞նչը կօգնի մեզ հնազանդ մնալու՝ չնայած մեր անկատարությանը։
• Ինչի՞ վրա է հիմնված իսկական հավատը, և ինչպե՞ս կարող է այն օգնել լինելու քաջ։
• Ի՞նչ արդյունքների կհասնենք, եթե Քրիստոսի պես հնազանդ ու քաջ լինենք։
[նկար 13–րդ էջի վրա]
«Պատրաստո՞ւմ ես քո սիրտը»՝ փորձությանը դիմադրելու համար
[նկար 15–րդ էջի վրա]
Հիսուսի պես՝ մենք կարող ենք հավատ և քաջություն դրսևորել