Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 9/15 էջ 16–20
  • Քրիստոսի սերը մղում է մեզ սիրելու

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Քրիստոսի սերը մղում է մեզ սիրելու
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մեղք գործած անհատի հետ վարվիր Քրիստոսի պես
  • Սեր դրսևորենք այս վերջին օրերում
  • Հիվանդների հետ վարվիր Քրիստոսի պես
  • Ունեցիր Քրիստոսի մտածելակերպը
    2009 Դիտարան
  • Արտացոլե՛ք Քրիստոսի մտածելակերպը
    2000 Դիտարան
  • Սեր. արժեքավոր հատկություն
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Թող սերը կերտի ձեզ
    2001 Դիտարան
Ավելին
2009 Դիտարան
w09 9/15 էջ 16–20

Քրիստոսի սերը մղում է մեզ սիրելու

«Հիսուսը սիրեց իրենը եղողներին, որոնք աշխարհում են, նա մինչև վե՛րջ սիրեց նրանց» (ՀՈՎՀ. 13։1)։

1, 2. ա) Ինչո՞վ է ուշագրավ Հիսուսի դրսևորած սերը։ բ) Ի՞նչ կքննարկենք այս հոդվածում։

ՀԻՍՈՒՍԸ սիրո գերազանց օրինակ թողեց։ Նրա սերը երևում էր իր վարվելակերպի, խոսքերի և ուսուցանելու ձևի մեջ։ Սիրո դրսևորում էր նաև Քրիստոսի զոհագործական մահը։ Հիսուսը մինչև իր կյանքի վերջը սեր դրսևորեց մարդկանց և հատկապես իր աշակերտների հանդեպ։

2 Հիսուսի հետևորդները հասկանում են, որ նա իր օրինակով սիրո չափանիշ է սահմանել իրենց համար։ Այն մղում է նրանց սիրելու իրենց հոգևոր եղբայրներին և քույրերին, ինչպես նաև մյուս բոլոր մարդկանց։ Այս հոդվածում կքննենք, թե ժողովի երեցները, ընդօրինակելով Քրիստոսին, ինչպես կարող են սեր դրսևորել հավատակցի հանդեպ նույնիսկ այն դեպքում, երբ վերջինս լուրջ սխալ է գործում։ Կքննարկենք նաև, թե Հիսուսի սերն ինչպես է մղում քրիստոնյաներին գործնական օգնություն ցույց տալու հավատակիցներին և այն մարդկանց, ովքեր հայտնվում են դժվար իրավիճակում աղետի, հիվանդության կամ այլ պատճառով։

3. Ի՞նչ լուրջ սխալ գործեց Պետրոս առաքյալը, սակայն ինչպե՞ս Հիսուսը վարվեց նրա հետ։

3 Պետրոս առաքյալը Հիսուսի մահվանը նախորդող գիշերը երեք անգամ ուրացավ նրան (Մարկ. 14։66–72)։ Սակայն, ինչպես կանխագուշակել էր Հիսուսը, Պետրոսը «վերադարձավ», այսինքն՝ զղջաց իր արածի համար, և Հիսուսը ներեց նրան։ Նա Պետրոսին մեծ պատասխանատվություններ վստահեց (Ղուկ. 22։32; Գործ. 2։14; 8։14–17; 10։44, 45)։ Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես էր Հիսուսը վերաբերվում լուրջ մեղք գործած մարդկանց։

Մեղք գործած անհատի հետ վարվիր Քրիստոսի պես

4. Հատկապես ո՞ր իրավիճակներում կարիք կա Քրիստոսի պես մտածելու։

4 Մենք կարող ենք Քրիստոսի պես մտածել ամենատարբեր իրավիճակներում, օրինակ՝ երբ ընտանիքի կամ ժողովի անդամներից մեկը լուրջ սխալ է գործում։ Մինչ Սատանայի համակարգի օրերը մոտենում են ավարտին, աշխարհի ոգին էլ ավելի մեծ ճնշում է գործադրում մեզ վրա, որպեսզի սխալ քայլեր անենք։ Աշխարհը միանգամայն անտարբեր է բարոյական արժեքների նկատմամբ, և այդ ոգով կարող են վարակվել ինչպես երիտասարդները, այնպես էլ մեծահասակները, ինչի արդյունքում նեղ ճանապարհով քայլելու նրանց վճռականությունը աստիճանաբար կմարի։ Առաջին դարում քրիստոնյաներից ոմանք զրկվեցին ընկերակցությունից, իսկ ոմանք էլ հանդիմանություն ստացան։ Նույն սկզբունքը գործում է նաև այսօր (1 Կորնթ. 5։11–13; 1 Տիմոթ. 5։20)։ Շատ ավելի հավանական է, որ անհատը զղջա իր կատարած սխալի համար, եթե երեցները Քրիստոսի պես սեր դրսևորեն նրա հանդեպ։

5. Ընդօրինակելով Քրիստոսին՝ ինչպե՞ս պետք է երեցները վերաբերվեն մեղք գործած անհատին։

5 Հիսուսի պես՝ երեցները բոլոր իրավիճակներում պետք է կառչած մնան Եհովայի արդար չափանիշներին։ Վարվելով այդպես՝ նրանք արտացոլում են Եհովայի բարությունը, մեղմությունը և սերը։ Երբ անհատը անկեղծորեն զղջում է իր կատարած սխալի համար, «սրտով կոտրված» և «հոգով փշրված» է, ապա երեցների համար դժվար չի լինի «այդպիսի մարդուն ուղղել մեղմության ոգով» (Սաղ. 34։18; Գաղ. 6։1)։ Իսկ ինչպե՞ս կարող են նրանք վարվել այն անհատի հետ, ով համառում է և չի զղջում։

6. Ինչի՞ց պետք է երեցները խուսափեն, երբ գործ են ունենում մեղավոր անհատի հետ, և ինչո՞ւ։

6 Երբ անհատը մերժում է սուրբգրային խորհուրդը կամ մեղքը բարդում է ուրիշի վրա, երեցները և նրանք, ովքեր տեղյակ են այդ դեպքին, գուցե բարկանան։ Հասկանալով, թե նա ինչ վնաս է հասցրել՝ նրանք գուցե սեփական տեսակետներն արտահայտեն այդ անհատի գործողությունների և վերաբերմունքի մասին։ Սակայն բարկությունը վնասակար է և չի արտացոլում «Քրիստոսի միտքը» (1 Կորնթ. 2։16; կարդա՛ Հակոբոս 1։19, 20)։ Հիսուսը որոշ մարդկանց բավական հստակ խորհուրդ տվեց, բայց երբեք չասաց այնպիսի խոսքեր, որոնք լի էին ատելությամբ և նպատակ ունեին ցավ պատճառելու (1 Պետ. 2։23)։ Փոխարենը՝ նա հնարավորություն էր տալիս սխալ գործած անհատին զղջալու և կրկին շահելու Եհովայի բարեհաճությունը։ Այո՛, Հիսուսի՝ երկիր գալու գլխավոր պատճառներից մեկը «մեղավորներին փրկելն» էր (1 Տիմոթ. 1։15)։

7, 8. Ինչո՞վ պետք է առաջնորդվեն երեցները իրավական հարցեր քննելիս։

7 Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսից։ Մենք պետք է հիշենք, որ երբ ժողովը իրավական քայլեր է ձեռնարկում, դա պաշտպանություն է հոտի համար և կարող է մեղք գործած անհատին մղել զղջալու (2 Կորնթ. 2։6–8)։ Ցավալի է, երբ ոմանք չեն զղջում և զրկվում են ընկերակցությունից, բայց ուրախալի է, որ հետագայում շատ–շատերը, ցանկանալով վերականգնել իրենց փոխհարաբերությունները Եհովայի հետ, վերադառնում են ժողով։ Երբ երեցները մեղք գործած անհատի հետ վարվում են Քրիստոսի պես, նրա համար շատ ավելի հեշտ է լինում վերադառնալ։ Հնարավոր է՝ ապագայում նա չհիշի բոլոր այն սուրբգրային խորհուրդները, որ տվել են երեցները, բայց անշուշտ կհիշի, որ նրանք հարգել են իր արժանապատվությունը և սիրով են վարվել իր հետ։

8 Հետևաբար, երեցները պետք է դրսևորեն «ոգու պտուղը», առավելապես սերը։ Սա կարևոր է, հատկապես երբ անհատը չի ընդունում տրվող սուրբգրային խորհուրդը (Գաղ. 5։22, 23)։ Նրանք չպիտի շտապեն զրկել նրան ընկերակցությունից։ Մեղք գործած անհատը պետք է զգա, որ երեցներն անկեղծորեն ուզում են, որ նա վերադառնա Եհովայի մոտ։ Եվ այն ժամանակ, երբ հետագայում նրա սրտում փոփոխություն լինի, ինչպես որ շատերի դեպքում է լինում, նա թերևս խոր երախտագիտությամբ լցվի Եհովայի և «մարդկանց տեսքով պարգևների» հանդեպ, ովքեր ջանացել էին օգնել իրեն վերադառնալու ժողով (Եփես. 4։8, 11, 12)։

Սեր դրսևորենք այս վերջին օրերում

9. Բեր օրինակ, թե ինչպես Հիսուսը փաստեց իր սերը աշակերտների հանդեպ։

9 Ղուկաս ավետարանագիրը գրել է մի ուշագրավ դեպքի մասին, երբ Հիսուսը իր սերը փաստեց գործով։ Քրիստոսը գիտեր, որ կգա ժամանակ, երբ հռոմեացի զինվորները կշրջապատեն Երուսաղեմը, որպեսզի ոչ ոք չկարողանա փախչել։ Քաղաքը դատապարտվելու էր կործանման։ Սիրելով իր աշակերտներին՝ Հիսուսը նրանց զգուշացրեց. «Երբ տեսնեք Երուսաղեմը՝ բանակ դրած զորքերով շրջապատված, այն ժամանակ իմացեք, որ նրա ամայացումը մոտեցել է»։ Ի՞նչ պետք է անեին աշակերտները։ Հիսուսը տվեց հստակ ու կոնկրետ հրահանգներ. «Այն ժամանակ նրանք, ովքեր Հրեաստանում են, թող սարերը փախչեն, և նրանք, ովքեր քաղաքում են, թող հեռանան, և ովքեր շրջակայքում են, թող չմտնեն քաղաք, որովհետև սրանք այնպիսի օրեր են, երբ արդարադատություն է գործի դրվելու, որպեսզի բոլոր գրվածները իրականանան» (Ղուկ. 21։20–22)։ Երբ 66 թ.–ին հռոմեական բանակը շրջապատեց Երուսաղեմը, նրանք, ովքեր հնազանդ էին, հետևեցին այդ հրահանգներին։

10, 11. Վաղ քրիստոնյաների օրինակն ինչպե՞ս կարող է մեզ օգնել, որ պատրաստ լինենք «մեծ նեղությանը»։

10 Երուսաղեմից փախչելիս քրիստոնյաները պետք է իրար հանդեպ դրսևորեին այնպիսի սեր, ինչպիսին որ Քրիստոսը դրսևորեց իրենց հանդեպ։ Անկասկած, նրանք պետք է իրենց ունեցածից բաժին հանեին ուրիշներին։ Բայց Հիսուսի մարգարեությունը շատ ավելի մեծ կատարում էր ունենալու, քան Երուսաղեմի կործանումը։ Նա կանխագուշակեց. «Մեծ նեղություն կլինի, որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա և ոչ էլ երբևէ կլինի» (Մատթ. 24։17, 18, 21)։ «Մեծ նեղությունից» առաջ և հենց «մեծ նեղության» ընթացքում մենք թերևս դժվարություններ և զրկանքներ կրենք։ Սակայն Քրիստոսի մտածելակերպն ունենալը կօգնի մեզ տոկալու։

11 Այդ ժամանակ, հետևելով Հիսուսի օրինակին, մենք պետք է անշահախնդիր սեր դրսևորենք։ Պողոսը խորհուրդ տվեց. «Մեզանից յուրաքանչյուրը թող հաճեցնի իր մերձավորին ի բարին՝ նրան կերտելու համար։ Որովհետև նույնիսկ Քրիստոսը ինքն իրեն չհաճեցրեց.... Եվ այն Աստվածը, որը տոկունություն և մխիթարություն է տալիս, թող հնարավոր դարձնի, որ դուք իրար մեջ ունենաք այն նույն մտածելակերպը, որը Քրիստոս Հիսուսն ուներ» (Հռոմ. 15։2, 3, 5)։

12. Ինչպիսի՞ սեր պետք է մեր մեջ մշակենք այժմ և ինչո՞ւ։

12 Պետրոսը, որն անձամբ էր զգացել Հիսուսի սերը, հորդորեց քրիստոնյաներին «հնազանդվելու ճշմարտությանը» և «կեղծավորությունից զերծ եղբայրասիրություն» ունենալու։ Նրանք պետք է «սրտանց և ջերմորեն սիրեին իրար» (1 Պետ. 1։22)։ Մեր օրերում, առավել քան երբևէ, կարիք ունենք այս հատկությունները զարգացնելու մեր մեջ։ Արդեն այսօր ճնշումները Աստծու բոլոր ծառաների վրա ուժգնանում են։ Մեզանից ոչ մեկը չպետք է իր հույսը դնի աշխարհի որևէ համակարգի վրա. վերջերս աշխարհի ֆինանսական համակարգում տիրող խառնաշփոթը դրա վառ ապացույցն է (կարդա՛ 1 Հովհաննես 2։15–17)։ Որքան այս համակարգը մոտենում է իր վախճանին, այնքան մենք պետք է մոտենանք Եհովային և մտերմանանք ժողովի անդամների հետ։ Պողոսը խորհուրդ տվեց. «Եղբայրասիրության մեջ գորովանք ունեցեք իրար հանդեպ։ Միմյանց պատիվ տալու մեջ առաջինը եղեք» (Հռոմ. 12։10)։ Իսկ Պետրոս առաքյալը այս միտքը շեշտեց՝ ասելով. «Ամեն ինչից առաջ ուժգին սեր ունեցեք իրար հանդեպ, որովհետև սերը ծածկում է մեղքերի շատությունը» (1 Պետ. 4։8)։

13–15. Ինչպե՞ս են մեր հավատակիցները դրսևորել այնպիսի սեր, որը Քրիստոսը կդրսևորեր։

13 Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները հայտնի են նրանով, որ իրենց սերը դրսևորում են գործերով։ 2005 թ.–ին ուժեղ ալեկոծությունը, տեղատարափ անձրևները և փոթորիկը հսկայական տարածքներ ավերեցին Միացյալ Նահանգներում։ Հիսուսի օրինակը մղեց ավելի քան 20 000 Վկաների գործով փաստելու իրենց սերը։ Նրանք կամավոր թողեցին իրենց հարմարավետ տներն ու մշտական աշխատանքը և եկան օգնելու հավատակիցներին։

14 Մի վայրում ալիքների բարձրությունը հասավ 10 մետրի, ինչի պատճառով ցամաքի մի հատված՝ մինչև 80 կիլոմետր երկարությամբ, անցավ ջրի տակ։ Երբ ջրերն իջան, տների և այլ կառույցների մեկ երրորդն ավերվել էր։ Տարբեր երկրներից եկած եղբայրներն ու քույրերը, որոնցից ոմանք ունեին շինարարական հմտություններ, իրենց հետ բերեցին գործիքներ և շինանյութեր։ Նրանք պատրաստ էին անելու ցանկացած գործ։ Երկու հարազատ քույրեր իրենց իրերը տեղավորեցին փոքրիկ բեռնատար մեքենայում և 3 000 կիլոմետր անցնելով՝ եկան օգնության։ Այս քույրերից մեկը մինչև հիմա մնացել է այնտեղ և աջակցում է տեղի օգնության կոմիտեին. միաժամանակ նա ծառայում է ընդհանուր ռահվիրա։

15 Աղետի գոտում կառուցվեցին և վերանորոգվեցին 5 600–ից ավելի տներ, որոնք պատկանում էին Վկաների և այլոց։ Տեղի Վկաները շատ տպավորված էին ջերմ սիրո նման դրսևորումից։ Մի քույր, որի տունը քանդվել էր, տեղափոխվեց ապրելու փոքրիկ շարժական տնակում։ Այդ տնակի տանիքը ծակ էր, իսկ սալօջախը՝ ջարդված։ Եղբայրները նրա համար կառուցեցին փոքր, բայց հարմարավետ տուն։ Նորակառույց տան առաջ կանգնած՝ նա արտասվում էր՝ իր խորին երախտագիտությունը հայտնելով Եհովային ու հավատակիցներին։ Աղետից տուժած բազմաթիվ Վկաներ շարունակեցին ապրել իրենց ժամանակավոր կացարաններում մինչև մեկ տարի և ավել, չնայած որ իրենց տները վերակառուցված էին արդեն։ Ինչո՞ւ։ Նրանք իրենց նոր տները տրամադրել էին կամավորներին։ Այո՛, մեր այս եղբայրներն ու քույրերը հրաշալի կերպով ցույց տվեցին, թե ինչ է նշանակում մտածել Քրիստոսի պես։

Հիվանդների հետ վարվիր Քրիստոսի պես

16, 17. Ընդօրինակելով Քրիստոսին՝ ինչպե՞ս պետք է վարվենք հիվանդների հետ։

16 Մեզանից համեմատաբար քչերն են տուժում տարերային աղետներից։ Բայց գրեթե բոլորս բախվում ենք առողջական խնդիրների. գուցե մենք ենք հիվանդանում կամ մեր ընտանիքի անդամը։ Մեզ համար լավ օրինակ է այն, թե ինչպիսի վերաբերմունք ուներ Հիսուսը հիվանդների հանդեպ։ Սերը մղում էր Հիսուսին կարեկցելու նրանց։ Երբ մարդիկ հիվանդներին բերում էին նրա մոտ, նա «բուժում էր բոլորին» (Մատթ. 8։16; 14։14)։

17 Այսօր քրիստոնյաները չունեն հրաշքով բուժումներ անելու զորություն, բայց նրանք կարող են Քրիստոսի պես կարեկցել հիվանդներին։ Ինչպե՞ս։ Օրինակ՝ երեցները ժողովի հիվանդ անդամին օգնելու համար կարող են գործնական քայլեր ձեռնարկել և հետևել դրանց կատարմանը։ Այդպես նրանք կիրառած կլինեն այն սկզբունքը, որ գրված է Մատթեոս 25։39, 40 համարներումa (կարդա՛)։

18. Ինչպե՞ս երկու քույրեր իսկական սեր ցուցաբերեցին իրենց հոգևոր քրոջ նկատմամբ, և ի՞նչ դրական արդյունքներ տվեց դա։

18 Ինչ խոսք, պարտադիր չէ երեց լինել մյուսներին օգնելու համար։ Բերենք մի օրինակ։ 44–ամյա Շարլինը հիվանդ էր քաղցկեղով։ Բժիշկներն ասացին, որ նրա վիճակը ծանր է, և նա 10 օրից ավել չի ապրի։ Երկու քույրեր՝ Շարոնը և Նիկոլետը, տեսան, որ Շարլինը և նրա նվիրված ամուսինը, որը խնամում էր կնոջը, օգնության կարիք ունեն։ Նրանք պատրաստ էին ամբողջ օրը խնամելու իրենց հոգևոր քրոջը։ Շարլինը ապրեց վեց շաբաթ, բայց քույրերը մինչև վերջ դրսևորեցին իրենց սերը։ «Շատ դժվար է, երբ գիտես, որ հիվանդը չի ապաքինվելու,— ասում է Շարոնը։— Բայց Եհովան մեզ ուժ տվեց։ Մենք ավելի մտերմացանք Նրա հետ, ինչպես նաև միմյանց հետ»։ Շարլինի ամուսինն ասում է. «Միշտ կհիշեմ իմ այս շատ սիրելի քույրերի բարությունն ու աջակցությունը։ Նրանց մաքուր մղումները և դրական տրամադրվածությունը թեթևացրին իմ հավատարիմ Շարլինի վերջին փորձությունը։ Նրանք թեթևացրին նաև իմ հոգսերը, ինչի կարիքը ես շատ–շատ էի զգում։ Ես հավիտյան երախտապարտ եմ նրանց։ Այդ քույրերի անձնազոհ ոգին է՛լ ավելի ամրապնդեց հավատս Եհովայի հանդեպ և է՛լ ավելի բորբոքեց սերս եղբայրության հանդեպ»։

19, 20. ա) Քրիստոսի ո՞ր հատկությունները քննեցինք այս երեք հոդվածներում։ բ) Ի՞նչ ես վճռել անել։

19 Այս երեք հոդվածներում քննեցինք Հիսուսի մի քանի հատկություններ և տեսանք, թե ինչպես կարող ենք նրա նման մտածել և գործել։ Քրիստոսի պես եղիր հեզ, մեղմ և սրտով խոնարհ (Մատթ. 11։29)։ Ձգտիր միշտ վարվել բարությամբ՝ չնայելով ուրիշների թերություններին։ Եղիր քաջ և հնազանդվիր Եհովայի բոլոր պահանջներին, նույնիսկ եթե դժվարությունների հանդիպես։

20 Հիսուսի պես սիրիր քո եղբայրներին և քույրերին «մինչև վերջ»։ Այդպիսի սերն է բնորոշում նրա ճշմարիտ հետևորդներին (Հովհ. 13։1, 34, 35)։ Այո՛, «թող քո եղբայրասիրությունը հարատևի» (Եբր. 13։1)։ Վճռիր ապրել Եհովային փառաբանելու և ուրիշներին օգնելու համար։ Աստված կօրհնի քո ջանքերը։

[ծանոթագրություն]

a Տե՛ս «Դիտարան», 1986, հոկտեմբերի 15, «Միայն մի ասա. «Տաքացիր և կշտացիր»» հոդվածը, էջ 15, անգլ. [1987, մարտի 15, էջ 15, ռուս.]։

Կարո՞ղ ես բացատրել

• Ընդօրինակելով Քրիստոսին՝ ինչպե՞ս պետք է երեցները վարվեն մեղք գործած անհատի հետ։

• Այս վերջին օրերում ինչո՞ւ է հատկապես կարևոր ընդօրինակել Քրիստոսի սերը։

• Հետևելով Հիսուսի օրինակին՝ ինչպե՞ս պետք է վարվենք հիվանդների հետ։

[նկար 17–րդ էջի վրա]

Երեցները ուզում են օգնել մեղք գործած անհատին վերադառնալու Եհովայի մոտ

[նկար 18–րդ էջի վրա]

Երուսաղեմի քրիստոնյաները դրսևորեցին Քրիստոսի մտածելակերպը

[նկար 19–րդ էջի վրա]

Հիսուսի պես՝ Եհովայի վկաներն իրենց սերը դրսևորում են գործերով

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը