Իմ կրոնը ե՞ս եմ ընտրում, թե՞ ծնողներս
ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ զգալի թվով մարդիկ ասում են. «Իմ կրոնի մեջ ծնվել եմ, իմ կրոնի մեջ էլ կմեռնեմ»։ Այլ խոսքով, ըստ այդ մարդկանց, կրոնը փոխանցվում է սերնդեսերունդ՝ ծնողներից երեխաներին և այսպես շարունակ։ Իսկ ձեր բնակավայրում ապրող մարդիկ այդպե՞ս են մտածում։ Նման տեսակետի պատճառով կրոնը հաճախ ձևական բնույթ է ստանում։ Այն դառնում է ընտանեկան ավանդույթ. երեխաները պարզապես ընդունում են իրենց ծնողների կամ տատիկ–պապիկների կրոնը։ Կարո՞ղ է նման բան տեղի ունենալ Եհովայի վկայի ընտանիքում։
Տիմոթեոսի հետ նման բան տեղի չունեցավ, որին նրա մայրն ու տատը օգնել էին հավատալու Աստծուն և սիրելու նրան։ Տիմոթեոսը «վաղ մանկությունից» գիտեր սուրբ գրությունները։ Ժամանակի ընթացքում Տիմոթեոսը, ինչպես նաև նրա մայրն ու տատը համոզվեցին, որ քրիստոնեությունը ճշմարիտ կրոնն է։ Նա ընդունեց բոլոր այն խոսքերը, որ գրություններն ասում էին Հիսուս Քրիստոսի մասին (2 Տիմոթ. 1։5; 3։14, 15)։ Այսօր էլ թեև քրիստոնյա ծնողները ջանք չեն խնայում, որ օգնեն իրենց զավակներին դառնալու Եհովայի ծառաներ, այնուամենայնիվ երեխաներն իրենք պետք է ցանկանան դառնալ Եհովայի ծառա (Մարկ. 8։34)։
Եթե ուզում ենք, որ մեր զավակները Եհովային ծառայեն սիրուց մղված և, անկախ ամեն ինչից, անարատ մնան, պետք է տրամաբանական փաստարկների միջոցով օգնենք նրանց անձամբ համոզվելու սովորած բաների ճշմարտացիության մեջ։ Այդ դեպքում նրանց հավատը կլինի ամուր և խոր արմատներ կունենա (Եփես. 3։17; Կող. 2։6, 7)։
Երեխայի պատասխանատվությունը
Ալբերտըa, որ մեծացել է Վկաների ընտանիքում, ասում է. «Ես միշտ գիտեի, որ Եհովայի վկաների դավանած կրոնն է ճշմարիտը։ Բայց ինձ համար դժվար էր համակերպվել այն մտքին, որ պետք է ապրեմ իրենց ասածով»։ Եթե պատանի ես, թերևս նման զգացումներ ես ունեցել։ Այդուհանդերձ, փորձիր տեսնել ու հասկանալ, թե ինչ է նշանակում ապրել աստվածահաճո կյանքով։ Արդյունքում՝ դու հաճույքով կկատարես Աստծու կամքը (Սաղ. 40։8)։ «Ես պարզապես սկսեցի աղոթել,— ասում է Ալբերտը։— Սկզբում դժվար էր. ինձ ստիպում էի աղոթել։ Շուտով, սակայն, զգացի, որ կարող եմ Աստծուն հաճելի լինել, եթե ձգտեմ անել այն, ինչ ճիշտ է։ Ես լցվեցի անհրաժեշտ փոփոխություններն անելու վճռականությամբ»։ Մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելով Եհովայի հետ՝ դու կցանկանաս անել այն, ինչ նա պահանջում է քեզնից (Սաղ. 25։14; Հակ. 4։8)։
Հավանաբար կա մի խաղ, որը շատ ես սիրում, գուցե շախմատ, շաշկի կամ մեկ այլ խաղ։ Դու ինքդ գիտես, որ եթե մարդը չգիտի խաղի կանոնները կամ լավ չի խաղում, ապա այն, ըստ ամենայնի, ձանձրույթ է պատճառում նրան։ Իսկ եթե գիտի կանոնները և լավ է խաղում, ապա անհամբերությամբ է սպասում հաջորդ խաղին և նույնիսկ քայլեր է ձեռնարկում դարձյալ խաղալու համար։ Նույնը կարելի է ասել քրիստոնեական գործունեության մասին։ Մի՛ վարանիր։ Սովորիր քրիստոնեական գործունեության «կանոնները» և հաճույք ստացիր ծառայությունից։ Ամեն ինչ արա, որ միշտ պատրաստված գնաս ժողովի հանդիպումներին։ Ճիշտ է, գուցե տարիքով մեծ չես, բայց կարող ես ուրիշներին ոգևորել քո օրինակով (Եբր. 10։24, 25)։
Դու կարող ես նաև քո հավատի մասին պատմել ուրիշներին։ Քրիստոնյան իր հավատի մասին պետք է խոսի սիրուց մղված և ոչ թե պարտադրված։ Ինքդ քեզ հարցրու. «Ինչո՞ւ եմ ուզում Եհովայի մասին պատմել ուրիշներին։ Ինչո՞ւ եմ նրան սիրում»։ Իսկ Եհովան քեզ համար սիրառա՞տ Հայր է։ Նա Երեմիայի միջոցով ասաց. «Դուք ինձ կ’որոնէք եւ կ’գտնէք, որովհետեւ ինձ կ’խնդրէք [կփնտրեք] ձեր բոլոր սրտովը» (Երեմ. 29։13, 14)։ Ի՞նչ պիտի անես, որպեսզի գտնես Եհովային։ Յակուբն ասում է. «Ես պետք է փոխեի մտածելակերպս։ Փոքրուց հաճախում էի հանդիպումներին, գնում էի ծառայության, բայց այս ամենը անհետաքրքիր էր։ Ճշմարտությունը սրտիս հասավ միայն այն բանից հետո, երբ Եհովային ավելի լավ ճանաչեցի և նրա հետ մտերմացա»։
Ծառայությունը քեզ հաճույք կպատճառի, թե՝ ոչ, մեծապես կախված է նրանից, թե ովքեր են ընկերներդ։ «Իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ»,— ասվում է Առակաց 13։20–ում։ Ուստի ձգտիր ընկերություն անել նրանց հետ, ովքեր հոգևոր նպատակներ ունեն և ուրախությամբ են ծառայում Եհովային։ Յոլան ասում է. «Ինձ համար անչափ քաջալերական էր շփվել հոգևորապես տրամադրված բազմաթիվ երիտասարդ եղբայրների և քույրերի հետ։ Նման ընկերակցության շնորհիվ ես սկսեցի ծառայել Եհովային մեծ ուրախությամբ»։
Ծնողների պատասխանատվությունը
«Շատ շնորհակալ եմ ծնողներիս, որ ինձ սովորեցրել են Եհովայի մասին»,— ասում է Յոլան։ Այո՛, ծնողները մեծ դեր են խաղում այն հարցում, թե ինչ ուղղությամբ կգնան իրենց երեխաները։ Պողոս առաքյալը գրեց. «Դո՛ւք, հայրե՛ր.... դաստիարակե՛ք [ձեր երեխաներին] Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփես. 6։4)։ Այս ներշնչյալ խորհուրդը հստակ ցույց է տալիս, որ ծնողների պատասխանատվությունն է սովորեցնել երեխաներին Եհովայի ուղիները։ Ինչ խոսք, գուցե դուք որոշակի նպատակներ և ցանկություններ ունեք ձեր զավակների առնչությամբ։ Բայց շատ լավ կլինի, եթե նրանց սովորեցնեք, որ իրենց կյանքի նպատակը դարձնեն Եհովայի կամքի համաձայն ապրելը։
Դու կարող ես Եհովայի խոսքերն արմատավորել քո երեխայի մեջ և խոսել այդ մասին «քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս» (Բ Օրին. 6։6, 7)։ էվան ու Ռիշարդը, որոնք ունեն երեք որդի, հիշում են. «Մենք շատ էինք խոսում լիաժամ ծառայության մասին»։ Ի՞նչ օգուտ բերեց դա։ Նրանք ասում են. «Տղաները վաղ տարիքից ցանկացան ցուցակագրվել Աստվածապետական ծառայության դպրոցին, դարձան քարոզիչներ և, ի վերջո, որոշեցին մկրտվել։ Հետագայում նրանք բոլորն էլ լիաժամ ծառայություն սկսեցին»։
Ծնողների օրինակն անչափ կարևոր է։ Ռիշարդն ասում է. «Մենք վճռել էինք ուշադիր լինել, որ երկակի կյանքով չապրենք՝ տանը վարվելով մի ձև, ժողովում՝ այլ»։ Ուստի ինքդ քեզ հարցրու. «Ի՞նչ են տեսնում երեխաներս։ Տեսնո՞ւմ են, որ ես իսկապես սիրում եմ Եհովային։ Նկատո՞ւմ են այդ սերը իմ աղոթքներում և այն բանի մեջ, որ ունեմ կանոնավոր անձնական ուսումնասիրության գրաֆիկ։ Իմ վերաբերմունքը քարոզչական ծառայությանը, ժամանցին, նյութականին, իմ խոսքերը ժողովի անդամների մասին արտահայտո՞ւմ են սեր Եհովայի հանդեպ» (Ղուկ. 6։40)։ Երեխաներն ուշադիր են և կնկատեն քո խոսքերի ու գործերի միջև եղած ցանկացած անհամապատասխանություն։
Աստծու Խոսքը ծնողներին պատվիրում է. «Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ» (Առակ. 22։6)։ Այո՛, շատ կարևոր է կրթել՝ խրատել զավակներին։ էվան ու Ռիշարդն ասում են. «Մենք երեխաների հետ առանձին–առանձին էինք Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնում»։ Ինչ խոսք, ծնողներն են որոշում, թե արդյոք կարիք կա յուրաքանչյուր երեխայի հետ առանձին ուսումնասիրություն անցկացնելու։ Ամեն դեպքում հարկավոր է երեխայի հանդեպ անհատական մոտեցում ցուցաբերել։ Դրա համար անհրաժեշտ է ճկուն և ողջախոհ լինել։ Օրինակ՝ երեխային ոչ թե պետք է պարզապես ասել, որ այսինչ երաժշտությունը վնասակար է, այլ հարկավոր է նաև բացատրել, թե աստվածաշնչյան ինչ սկզբունքներ են առնչվում այդ հարցին, և թե նա ինչպես կարող է իմաստուն կերպով վարվել։
Հնարավոր է՝ երեխաներդ շատ լավ իմանան, թե ինչ ես ակնկալում իրենցից, և քո ասածներն անեն։ Բայց ավելի լավ կլինի, եթե ձգտես հասնել նրանց սրտին։ Հիշիր, որ «խոր ջուրեր է մարդիս սրտի խորհուրդը, բայց խելօք մարդը նորան կ’հանէ» (Առակ. 20։5)։ Եղիր խորաթափանց, նկատիր ցանկացած խնդիր, որ կարող է թաքնված լինել երեխայի սրտում, և անմիջապես քայլեր ձեռնարկիր։ Առանց նրան մեղադրելու՝ հայտնիր անհանգստությունդ և տուր համապատասխան հարցեր։ Բայց զգույշ եղիր, որ չափազանց շատ հարցեր չտաս։ Վստահ եղիր, որ քո ջանքերն ապարդյուն չեն անցնի։
Ժողովի պատասխանատվությունը
Կարո՞ղ ես օգնել ձեր ժողովի երեխաներին ու պատանիներին գնահատելու իրենց հոգևոր ժառանգությունը։ Ճիշտ է, ծնողներն են պատասխանատու երեխաների դաստիարակության համար, սակայն ժողովի մյուս անդամները ևս, հատկապես երեցները, կարող են աջակցել նրանց։ Առանձնապես կարևոր է օգնել այն երեխաներին, ովքեր ապրում են կրոնապես բաժանված ընտանիքներում։
Ի՞նչ կարող են անել երեցները, որպեսզի երեխաները սիրեն Եհովային և իրենց օգտակար ու գնահատված զգան։ Մարիուշը, որը Լեհաստանի ժողովներից մեկում երեց է ծառայում, ասում է. «Երեցները անպայման պետք է հաղորդակցվեն ժողովի երեխաների ու պատանիների հետ։ Դա չպետք է անել միայն այն ժամանակ, երբ խնդիրներ են ծագում. հարկավոր է նրանց հետ շփվել միշտ՝ ծառայության ժամանակ, հանդիպումներից հետո, թեյի սեղանի շուրջ և այլն»։ Երեցնե՛ր, հարցրեք նրանց, թե ինչ են մտածում ժողովի մասին։ Եթե երեխաների հետ սերտորեն շփվեք, ապա նրանք իրենց ավելի լավ կզգան ժողովում, կտեսնեն, որ իրենք էլ իրենց տեղն ունեն ժողովում։
Երեցնե՛ր, ճանաչո՞ւմ եք ձեր ժողովի երեխաներին ու պատանիներին։ Ալբերտը, որն այժմ ծառայում է երեց, պատանեկության տարիներին տարբեր փորձությունների մեջ ընկավ։ Նա ասում է. «Ես պատանի էի ու շատ էի ուզում, որ ինձ հովվական այց կատարեն»։ Երեցները պատանիների հանդեպ կարող են անձնական ուշադրություն ցույց տալ նաև, եթե աղոթեն նրանց հոգևոր բարօրության համար (2 Տիմոթ. 1։3)։
Բացի այդ, օգտակար է պատանիներին ներգրավվել ժողովի գործերի մեջ։ Այլապես նրանք կարող են աշխարհային նպատակներ դնել։ Փորձառո՛ւ քարոզիչներ, կարո՞ղ եք նրանց հետ գնալ քարոզչական ծառայության։ Մտերմացեք նրանց հետ։ Հրավիրեք ձեզ հետ ազատ ժամանակ անցկացնելու և ստեղծեք ընկերական մթնոլորտ։ Յոլան հիշում է. «Մի ռահվիրա քույր իմ հանդեպ անձնական հետաքրքրություն ցույց տվեց։ Հենց նրա հետ էր, որ առաջին անգամ մեծ ցանկությամբ գնացի ծառայության»։
Դու ինքդ ես ընտրում
Պատանինե՛ր, ինքներդ ձեզ հարց տվեք. «Ի՞նչ նպատակներ ունեմ։ Իսկ մկրտվելու նպատակ ունե՞մ»։ Նա, ով որոշում է մկրտվել, պետք է ամբողջ սրտով սիրի Եհովային. դա չպիտի լինի որոշում, որն անհատը կայացնում է, քանի որ պարտավորված է զգում պահելու ընտանիքի ավանդույթը։
Թող Եհովան լինի քո լավագույն Ընկերը, և թող ճշմարտությունը լինի քո գանձը։ Աստված Եսայիայի միջոցով ասաց. «Մի վեհերիր, որովհետեւ ես քո Աստուածն եմ»։ Քանի դեռ դու Եհովայի ընկերն ես, նա քեզ թև ու թիկունք կլինի և «քեզ կհաստատի իր արդարության աջով» (Ես. 41։10)։
[ծանոթագրություն]
a Որոշ անուններ փոխված են։
[նկար 4–րդ էջի վրա]
Փորձիր նկատել, թե ինչ կա երեխայիդ սրտում
[նկար 6–րդ էջի վրա]
Նա, ով որոշում է մկրտվել, պետք է ամբողջ սրտով սիրի Եհովային