Ընդօրինակեք նրանց հավատը
Պայքար վախի ու կասկածների դեմ
ՆԱՎՈՒՄ Պետրոսն իր ընկերների հետ է, իսկ Հիսուսը մնացել է ափին։ Այդ օրը նրանք տեսան, թե ինչպես նա ընդամենը մի քանի հացով ու ձկով կերակրեց հազարավոր մարդկանց, ու թե ինչպես մարդիկ փորձեցին Հիսուսին թագավոր դարձնել։ Սակայն նա չցանկացավ որևէ կերպ առնչվել քաղաքականությանը։ Աստծու Որդին ուզում էր, որ իր աշակերտներն էլ չունենան այդպիսի նպատակներ։ Հետո նա բազմության միջից դուրս եկավ և ստիպեց իր աշակերտներին նավ մտնել ու գնալ դիմացի ափ։ Իսկ ինքը մենակ բարձրացավ լեռը՝ աղոթելու (Մարկոս 6։35–45; Հովհաննես 6։14, 15)։
Պետրոսը թիավարում է Գալիլեայի ծովում։ Գիշերվա խավարի մեջ նա հայացքը հառել է հեռուն, ասես փորձում է պարզել, թե արևելքում խավարը ցրվո՞ւմ է։ Փոթորկոտ ծովի կատաղի ալիքները զարկվում են նավին, ու սառը ջրափոշին լցվում է նավի մեջ։ Կատաղի քամին խառնում է Պետրոսի մազերը։ Նրա մեջքի և ուսերի մկանները լարվել են ժամեր շարունակ թիավարելուց, սակայն նա համառորեն շարունակում է թիավարել։
Երբ նավը հեռանում էր ափից, կլոր լուսինը դեռ նրանց գլխավերևում էր, սակայն այժմ այն արդեն թեքվել է դեպի արևմուտք, իսկ աշակերտներն ընդամենը մի քանի կիլոմետր են անցել։ Քամին սուրում է, ծովն ալեկոծվում, նրանք դժվարությամբ են լսում իրար։ Պետրոսը ոչինչ չի խոսում. նա մտորումների մեջ է։
Ինչի՞ մասին է Պետրոսը մտածում։ Նրա կյանքի վերջին երկու տարիները հետաքրքիր իրադարձություններով լի են եղել։ Նա շատ բաներ է սովորել, բայց դեռ պետք է շարունակեր սովորել։ Պետրոսը պատրաստ է դրան, թեև բազմաթիվ դժվարություններ պետք է հաղթահարի, որոնց թվում են վախն ու կասկածները։ Ի՞նչ կարող ենք սովորել նրանից։ Եկեք տեսնենք։
«Գտա՛նք Մեսիային»
Պետրոսը չի մոռացել Հիսուսի հետ իր հանդիպումը և այն օրը, երբ իր եղբայր Անդրեասը հայտնեց՝ «Գտա՛նք Մեսիային»։ Այս խոսքերը շրջադարձային եղան Պետրոսի համար։ Նրա կյանքը լիովին փոխվեց (Հովհաննես 1։41)։
Պետրոսն իր կնոջ, զոքանչի և իր եղբայր Անդրեասի հետ ապրում էր Կափառնայում քաղաքում, որը Գալիլեայի ծովի ափին է։ Նա և իր եղբայրը Հակոբոսի ու Հովհաննեսի՝ Զեբեդեոսի որդիների հետ զբաղվում էր ձկնորսությամբ։ Ընտանիքին հոգ տանելու համար նա պետք է տքնաջան աշխատեր։ Կարող ենք պատկերացնել, թե ինչքան անքուն գիշերներ է անցկացրել ծովի վրա. ամեն գիշեր նա իր ընկերների հետ ուռկանը ծովն է նետել, քաշել է դեպի նավ ձկներով լի ցանցը։ Իսկ լուսաբացին տեսակավորել, վաճառել է ձկները, նորոգել ու լվացել է ցանցերը։
Պետրոսի եղբայր Անդրեասը հավանաբար շատ հետաքրքիր բաներ էր պատմել նրան, քանի որ Հովհաննես Մկրտչի աշակերտն էր։ Մի օր նա տեսել էր, որ Հովհաննեսը, մատնացույց անելով Հիսուսին, ասել է. «Ահա՛ Աստծու Գառը»։ Նա շտապել էր հայտնելու եղբորը, որ Մեսիան եկել է։ Այդ օրվանից Անդրեասը դարձել էր Հիսուսի հետևորդը (Հովհաննես 1։35–40)։ Մոտ 4 000 տարի առաջ Եդեմում տեղի ունեցած ըմբոստությունից հետո Եհովան խոստացել էր, որ կծնվի մեկը, ով կփրկի մարդկանց անհույս վիճակից (Ծննդոց 3։15)։ Եվ այժմ Անդրեասը տեսնում էր այդ Փրկչին իր աչքերով։ Պետրոսն էլ էր ուզում հնարավորինս շուտ հանդիպել Մեսիային։
Երբ նրանք հանդիպեցին, Հիսուսն ասաց. «Դու Սիմոնն ես՝ Հովհաննեսի որդին, այսուհետև դու կկոչվես Կեփաս (որը թարգմանվում է «Պետրոս»)» (Հովհաննես 1։42)։ «Կեփաս» նշանակում է «քար» կամ «ժայռ»։ Հիսուսի խոսքերը մարգարեական նշանակություն ունեն։ Նա տեսավ, որ Պետրոսը հաստատակամ, տոկուն, վստահելի անձնավորություն է և կզորացնի իր հետևորդներին։ Պետրոսը, սակայն, այդպես չէր կարծում։ Նույնիսկ այսօր Աստվածաշունչն ընթերցողները համամիտ չեն, որ նա հաստատակամ ու վստահելի մարդ էր։ Ոմանք անգամ կարծում են, թե նա անկայուն, փոփոխական ու երկմիտ էր։
Պետրոսն, անշուշտ, թերություններ ուներ։ Եվ Հիսուսն, անկասկած, տեսնում էր դրանք։ Սակայն նա, իր Հոր՝ Եհովայի նման, մարդկանց մեջ լավն էր փնտրում։ Հիսուսը տեսավ, թե ինչ հատկություններ կարող է զարգացնել Պետրոսը, և օգնեց նրան անելու դա։ Եհովան ու իր Որդին մեր մեջ նույնպես լավն են փնտրում։ Թերևս մտածենք, որ մենք լավ հատկություններ չունենք։ Այնուհանդերձ, մենք պետք է վստահենք նրանց և թույլ տանք, որ կրթեն ու ձևավորեն մեզ, ինչպես Պետրոսը թույլ տվեց (1 Հովհաննես 3։19, 20)։
«Մի՛ վախեցիր»
Պետրոսը հավանաբար Հիսուսի հետ էր իր քարոզչական գործունեության սկզբում և թերևս ներկա էր, երբ վերջինս Կանայում՝ հարսանեկան խնջույքի ժամանակ, արեց իր առաջին հրաշքը՝ ջուրը գինի դարձրեց։ Ավելին, նա լսել էր Աստծու Որդու հուսադրող խոսքերը Թագավորության մասին։ Բայց չնայած այդ ամենին՝ նա թողեց Մեսիային ու վերադարձավ իր գործին։ Ամիսներ հետո, սակայն, Հիսուսը և Պետրոսը կրկին հանդիպեցին, և այս անգամ Հիսուսը առաջարկեց նրան միշտ հետևել իրեն։
Այդ օրը Պետրոսն անքուն գիշեր էր անցկացրել։ Նա բազում անգամներ ուռկանը ծովն էր նետել, սակայն դատարկ էր դուրս քաշել։ Պետրոսը գործի էր դրել իր փորձն ու հմտությունները՝ ծովի տարբեր մասերում փնտրելով ձկների վտառներ։ Անկասկած, ինքն էլ, շատ ձկնորսների պես, ցանկացել էր սուզվել մութ ջրերի խորքը, գտնել ու դեպի ցանց քշել ձկներին ...։ Ինչ խոսք, նա վհատված էր։ Պետրոսը հաճույքի համար չէր ձուկ բռնում, բացի այդ, իր գործընկերները վստահում էին իրեն որպես հմուտ ձկնորսի, և նա պարտավորված էր զգում իրեն նրանց առջև։ Առավոտյան, սակայն, նրանք ափ վերադարձան ձեռնունայն ու, թեև ձուկ չէին բռնել, սկսեցին լվանալ ցանցերը։ Հենց այդ ժամանակ էր, որ Հիսուսը մոտեցավ նրան։
Ժողովուրդը խմբվել էր Հիսուսի շուրջ և ուշադրությամբ ականջ էր դնում նրա ամեն մի խոսքին։ Նա նստեց Պետրոսի նավը և խնդրեց, որ այն ափից մի փոքր հեռացնի։ Այդպես մարդիկ կարող էին ավելի պարզ լսել Հիսուսի ձայնը։ Պետրոսը նույնպես կլանված լսում էր նրան։ Նա երբեք չէր հոգնում Աստծու Թագավորության մասին լսելուց, որը Հիսուսի քարոզի հիմնական թեման էր։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում կլիներ օգնել Քրիստոսին տարածելու այդ լուրն ամբողջ երկրով մեկ։ Սակայն մի՞թե նա կկարողանար հետևել Հիսուսին։ Կկարողանա՞ր հոգալ ընտանիքի կարիքները։ Այդ մտքերով տարված՝ Պետրոսն ակամայից հիշեց անցած գիշերը (Ղուկաս 5։1–3)։
Երբ Հիսուսը ավարտեց իր խոսքը, Պետրոսին ասաց. «Նավակը դեպի խորքը տար, և ձեր ցանցերը գցեք որսալու»։ Պետրոսը պատասխանեց. «Վարդապե՛տ, ամբողջ գիշեր չարչարվեցինք և ոչինչ չբռնեցինք, բայց քանի որ դու ես ասում, կգցե՛մ ցանցերը»։ Սակայն Պետրոսի սրտում կասկած կար, նա, ակներևաբար, չէր ցանկանում դա անել, հատկապես հիմա, երբ ձկները ծովի խորքում էին։ Բայց նա հնազանդվեց ու հավանաբար նշան արեց իր ընկերներին հետևել իրեն (Ղուկաս 5։4, 5)։
Պետրոսն անակնկալի եկավ. ցանցը ծանր էր։ Նա ավելի մեծ ճիգով սկսեց քաշել ուռկանը. այն լիքն էր թպրտացող ձկներով։ Ուստի նշան արեց մյուս նավակի մեջ եղող ընկերներին, որ գան և օգնեն իրենց։ Սակայն ձկներն այնքան շատ էին, որ չէին տեղավորվում նավի մեջ։ Նրանք երկրորդ նավն էլ լցրին ձկով։ Դրանք այնքան լիքն էին, որ քիչ էր մնում սուզվեին ծանրությունից։ Պետրոսն ապշել էր։ Նախկինում նա տեսել էր Հիսուսի հրաշքները, սակայն չէր զգացել դրանց զորությունն անձամբ իր առնչությամբ. Հիսուսն այն մարդն էր, որը կարողացել էր ձկներին դեպի ցանց բերել։ Պետրոսը համակվեց վախի զգացումով։ Նա ծնկի եկավ ու ասաց. «Հեռացի՛ր ինձանից, որովհետև ես մեղավոր մարդ եմ, Տե՛ր»։ Նա ասես իրեն արժանի չէր համարում հետևելու մեկին, ով կարողանում էր Աստծու զորությամբ նման հրաշքներ գործել (Ղուկաս 5։6–9)։
Նայելով Պետրոսին՝ Հիսուսն ասաց. «Մի՛ վախեցիր։ Այսուհետև դու կենդանի մարդկանց պիտի որսաս» (Ղուկաս 5։10, 11)։ Իսկապես, Պետրոսը վախենալու կամ կասկածելու պատճառ չպիտի ունենար։ Նրա անհանգստությունն առօրյա բաների մասին անտեղի էր։ Եվ իզուր էր մտահոգվում իր թերությունների մասին ու մտածում, թե արժանի չէ Հիսուսին հետևելու։ Պետրոսը հասկանում էր, որ Հիսուսը մի մեծ գործ է անում, որը փոխելու է մարդկանց ապագան, հասկանում էր նաև, որ նա ծառայում է մի Աստծու, որը «շատ ներող է» (Եսայիա 55։7)։ Եհովան, անկասկած, կհոգար նրանց թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր կարիքները (Մատթեոս 6։33)։
Ուստի Պետրոսը վճռական քայլերի դիմեց։ Դա նրա կյանքի լավագույն որոշումն էր։ Նրա օրինակին հետևեցին նաև Հովհաննեսն ու Հակոբոսը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Նրանք նավակները ցամաք հանեցին և ամեն ինչ թողնելով՝ նրա հետևից գնացին» (Ղուկաս 5։11)։ Այո՛, Պետրոսը հավատաց Հիսուսին ու նրան Ուղարկողին։ Այսօր էլ այն քրիստոնյաները, ովքեր պայքարում են վախի ու անվստահության դեմ, ցույց են տալիս իրենց հավատն Աստծու հանդեպ, երբ սկսում են ծառայել նրան։ Այդ մարդիկ երբեք ամոթով չեն մնա (Սաղմոս 22։4, 5)։
«Ինչո՞ւ կասկածեցիր»
Արդեն երկու տարի էր անցել այն օրից, երբ Պետրոսը հանդիպել էր Հիսուսին։ Նա այդ տարիներից շատ բան ուներ հիշելու։ Ինչ խոսք, չգիտենք, թե այդ գիշեր փոթորկոտ ծովում թիավարելիս ինչ հիշողություններ արթնացան նրա մտքում։ Գուցե նա հիշեց, թե ինչպես Հիսուսը բուժեց զոքանչին։ Հիշեց Լեռան քարոզում հնչած անգին մտքերը։ Հիսուսի խոսքերն ու հրաշալի գործերը վկայում էին, որ նա Եհովայի Օծյալն է՝ Մեսիան։ Ժամանակի ընթացքում Պետրոսի անվստահությունն ու վախի զգացումը մեղմացել էին։ Ու թեև նա Հիսուսի 12 առաքյալներից մեկն էր, սակայն դեռ լիովին չէր հաղթահարել այդ բացասական զգացումները։
Գիշերվա չորրորդ պահն էր՝ 3։00–ից էլ անց։ Պետրոսը ինչ–որ բան նշմարեց հեռվում ու տեղում քարացավ։ Ի՞նչ էր դա։ Արդյոք դա ջրափոշու խա՞ղն էր լուսնի լույսի ներքո։ Ո՛չ։ Նա տեսնում էր մարդու ուրվագիծ, որը քայլում էր ջրերի վրայով, ու այդ ուրվագիծը մոտենում էր։ Սարսափահար եղած աշակերտները մտածեցին, թե ուրվական են տեսնում։ Հանկարծ «ուրվականը» ձայն տվեց. «Քաջացե՛ք։ Այդ ե՛ս եմ։ Մի՛ վախեցեք»։ Հիսուսն էր (Մատթեոս 14։25–28)։
Պետրոսը ուշքի եկավ ու ձայն տվեց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով գալ քեզ մոտ»։ Համարձա՛կ խնդրանք։ Ոգևորված՝ նա ուզում էր ոչ միայն տեսնել, այլև զգալ հրաշքը և ավելի ամրացնել իր հավատը։ Հիսուսը մեղմորեն ասաց՝ ե՛կ։ Պետրոսը դուրս եկավ նավից ու սկսեց քայլել ջրերի վրայով։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ էր զգում նա այդ պահին, երբ ապշահար քայլում էր դեպի իր Ուսուցիչը.... Ու հանկարծ սրտի մի անկյունում ծվարած զգացումը գլուխ բարձրացրեց (Մատթեոս 14։29)։
Պետրոսը՝ հայացքը դեպի Հիսուսը, քայլում էր ջրի վրայով, որովհետև հավատ ուներ Հիսուսի հանդեպ։ Իսկ Հիսուսը, օգտագործելով Եհովայի զորությունը, պահում էր նրան ջրի վրա։ Բայց հանկարծ նրա ուշադրությունը շեղվեց։ Մատթեոսի Ավետարանում կարդում ենք. «Փոթորկին նայելով՝ վախեցավ»։ Պետրոսը մի հայացք նետեց այն ալիքների վրա, որոնք հարվածում էին նավին և ջրափոշին ու փրփուրը տալիս էին քամուն։ Նա խուճապի մատնվեց. ասես տեսնում էր, թե ինչպես են այդ անգութ ալիքները խեղդում իրեն. իրականում, սակայն, իր սրտի մեջ վախը խեղդում էր հավատը։ Այն մարդը, որը ժայռ էր կոչվել, քանի որ կարող էր ամուր և հաստատակամ լինել, քարի պես սկսեց սուզվել ջրի տակ։ Չնայած Պետրոսը հմուտ լողորդ էր, բայց չապավինեց իր ուժերին։ Նա բացականչեց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ Հիսուսը ձեռքը մեկնելով՝ բռնեց նրան։ Ու մինչ քայլում էին դեպի նավը, ասաց. «Ո՛վ դու թերահավատ, ինչո՞ւ կասկածեցիր» (Մատթեոս 14։30, 31)։
«Ինչո՞ւ կասկածեցիր»։ Տեղին դիտողություն էր։ Այո՛, կասկածը կարող է խեղդել մեր հավատը ու խորտակել մեզ հոգևորապես։ Մենք պետք է ամբողջ ուժով պայքարենք դրա դեմ՝ մեր ուշադրությունը կենտրոնացած պահելով հոգևոր բաների վրա։ Եթե շարունակ մտածենք այնպիսի բաների մասին, որոնք մեզ վախեցնում են, վհատեցնում և շեղում են հոգևորից, ապա մեր կասկածները կշատանան։ Բայց եթե մտածենք այն ամենի մասին, ինչ Եհովան և իր Որդին արել են ու դեռ կանեն այն մարդկանց համար, ովքեր սիրում են նրանց, մենք կվանենք կասկածները և կամրացնենք մեր հավատը։
Պետրոսը տեսավ, թե ինչպես հանդարտվեց փոթորկոտ ծովը։ Նա մյուս աշակերտների հետ հիացած բացականչեց. «Դու իրո՛ք Աստծու Որդին ես» (Մատթեոս 14։33)։ Լույսը գնալով բացվում էր, ու Պետրոսի սիրտը լցվում էր երախտագիտությամբ։ Նա շատ բան սովորեց այդ դեպքից, հասկացավ, որ չպետք է թույլ տա, որ վախը կասկածներ սերմանի իր մեջ Եհովայի և Հիսուսի հանդեպ։ Ինչ խոսք, նա դեռ շատ փոփոխություններ պիտի աներ, որ դառնար ժայռանման քրիստոնյա։ Պետրոսը վճռական էր և շարունակեց ջանքեր թափել։ Այո՛, Պետրոսի հավատն արժանի է ընդօրինակման։ Իսկ դու վճռե՞լ ես պայքարել վախի ու կասկածների դեմ։
[նկար 22–րդ և 23–րդ էջերի վրա]
Հիսուսը տեսավ այս հասարակ ձկնորսի լավ հատկությունները
[նկար 23–րդ էջի վրա]
«Ես մեղավոր մարդ եմ, Տե՛ր»
[նկար 24–րդ և 25–րդ էջերի վրա]
«Փոթորկին նայելով՝ վախեցավ»