Մի՛ կորցրու ընկերներիդ
«Սա եմ ձեզ պատվիրում, որ սիրեք միմյանց» (ՀՈՎՀ. 15։17)։
1. Վաղ քրիստոնյաներն ինչո՞ւ պետք է պահպանեին իրենց ընկերությունը։
ՀԻՍՈՒՍԸ իր երկրային կյանքի վերջին գիշերը հորդորեց իր հավատարիմ աշակերտներին, որ լավ ընկերներ մնան։ Մինչ այդ, նա ասաց, որ իր ճշմարիտ հետևորդներին բնորոշելու է իրար հանդեպ ունեցած սերը (Հովհ. 13։35)։ Առաքյալները պետք է շարունակեին մնալ ընկերներ, քանի որ շուտով ծանր փորձությունների էին բախվելու։ Բացի այդ, նրանք պետք է կատարեին այն գործը, որը Հիսուսը նրանց կհանձնարարեր։ Առաջին դարի աշակերտները հետևեցին Հիսուսի հորդորին։ Նրանք հայտնի դարձան Աստծու և իրար հանդեպ անմնացորդ նվիրվածությամբ։
2. ա) Ի՞նչ են վճռել ճշմարիտ քրիստոնյաները և ինչո՞ւ։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։
2 Որքա՜ն հաճելի է լինել մի համաշխարհային կազմակերպության մեջ, որի անդամները հետևում են առաջին դարի քրիստոնյաների օրինակին։ Հետևելով Քրիստոսի հորդորին՝ նրանք վճռել են իրար հանդեպ անկեղծ սեր դրսևորել։ Սակայն այս վերջին օրերում մարդկանց մեծամասնությունը անհավատարիմ է և զուրկ է բնական կապվածությունից (2 Տիմոթ. 3։1–3)։ Նրանց փոխհարաբերությունները հաճախ մակերեսային են և շահադիտական։ Որպեսզի շարունակենք մնալ ճշմարիտ քրիստոնյաներ՝ պետք է խուսափենք նման վարվելակերպից։ Դրա համար եկեք քննենք հետևյալ հարցերը՝ ո՞րն է իսկական ընկերության հիմքը, ինչպե՞ս լավ ընկերներ գտնել, ե՞րբ պետք է վերջ դնել ընկերությանը, ինչպե՞ս պահպանել ընկերությունը։
Իսկական ընկերության հիմքը
3, 4. Ո՞րն է իսկական ընկերության հիմքը և ինչո՞ւ։
3 Իսկական ընկերության հիմքում ընկած է Եհովայի հանդեպ սերը։ Սողոմոն թագավորը գրեց. «Եթէ մէկը նորան բռնութիւն անէ, երկուսը նորա դէմ կ’կանգնեն. եւ երեքպատիկ թելը շուտով չի կտրուիլ» (Ժող. 4։12)։ Եթե երրորդ «թելը» ընկերության մեջ Եհովան է, ապա այդ ընկերությունը երկարատև կլինի։
4 Ճիշտ է, Եհովային չսիրող մարդիկ էլ կարող են լավ ընկերներ ունենալ։ Սակայն երբ անհատներին միավորում է Աստծու հանդեպ սերը, նրանց ընկերությունը ամուր է լինում։ Երբ տարաձայնություններ են ծագում, իսկական ընկերները միմյանց հետ վարվում են այնպես, ինչպես հաճելի է Եհովային։ Երբ Աստծու հակառակորդները փորձում են պառակտել քրիստոնյաներին, համոզվում են, որ վերջիններիս ընկերությունը բաժանել անհնար է։ Պատմության էջերը լի են այնպիսի դեպքերով, երբ Եհովայի ծառաները պատրաստ են եղել մահանալու, քան դավաճանելու իրենց ընկերներին (կարդա՛ 1 Հովհաննես 3։16)։
5. Ինչո՞ւ էր Հռութի և Նոեմիի ընկերությունը այդքան ամուր։
5 Անկասկած, հաճելի ընկերություն կարող ենք վայելել Եհովային սիրող մարդկանց հետ։ Այս առնչությամբ ուշագրավ է Հռութի և Նոեմիի ընկերության օրինակը։ Ինչո՞ւ էր նրանց ընկերությունն այդքան ամուր։ Այս հարցի պատասխանը գտնում ենք Հռութի խոսքերում, որոնք նա ասաց Նոեմիին. «Քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, եւ քո Աստուածն իմ Աստուածն է.... Տէրը ինձ այսպէս եւ սորանից աւելի անէ, որ ինձ քեզանից մահը պիտի բաժանէ» (Հռութ 1։16, 17)։ Այդ կանայք խոր սեր ունեին Եհովայի հանդեպ, և դա անդրադառնում էր իրենց փոխհարաբերությունների վրա։ Զարմանալի չէ, որ նրանք օրհնվեցին Եհովայի կողմից։
Ինչպես ձեռք բերել ընկերներ
6–8. ա) Իսկական ընկերությունը ինչի՞ արդյունք է։ բ) Ինչպե՞ս կարող ես նախաձեռնություն վերցնել ընկերներ գտնելու համար։
6 Հռութի և Նոեմիի օրինակը ցույց է տալիս, որ իսկական ընկերությունը չի ստեղծվում պատահականորեն։ Այն հիմնված է Եհովայի հանդեպ սիրո վրա։ Սակայն երկարատև ընկերություն ունենալու համար հարկավոր է նաև ջանքեր թափել և անձնազոհություն ոգի դրսևորել։ Նույնիսկ արյունակից քույր–եղբայրները, որոնք երկրպագում են Եհովային, պետք է ջանան ընկերներ լինել։ Ուստի ի՞նչ քայլեր կարող ենք անել լավ ընկերներ ունենալու համար։
7 Նախաձեռնություն վերցրու։ Պողոս առաքյալը Հռոմի ժողովում ծառայող իր ընկերներին հորդորեց հյուրասեր լինել (Հռոմ. 12։13)։ Ուստի լավ ընկերներ ձեռք բերելու համար մենք պետք է ցանկացած առիթի դեպքում հյուրասիրություն ցույց տանք։ Ոչ ոք քո փոխարեն չի կարող հյուրասեր լինել (կարդա՛ Առակաց 3։27)։ Ընկերներ ձեռք բերելու համար կարող ես ձեր տուն հրավիրել ժողովի տարբեր անդամների։ Պարտադիր չէ այդ ժամանակ ճոխ կերակուր պատրաստել։ Հյուրասիրություն ցույց տալը սովորություն դարձրու։
8 Ընկերներ գտնելու մյուս միջոցը ժողովի տարբեր անդամների հետ ծառայելն է։ Երբ տեսնում ես, թե ինչպես է հավատակիցդ անծանոթ մարդու հետ սրտանց խոսում Եհովայի մասին, անկասկած, մտերմանում ես նրա հետ։
9, 10. Ի՞նչ օրինակ թողեց Պողոսը, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։
9 «Ձեր գորովանքի մեջ ընդարձակվեք» (կարդա՛ 2 Կորնթ. 6։12, 13)։ Հնարավոր է՝ կարծում ես, թե ժողովում չկա այնպիսի մեկը, ում հետ կարող ես ընկերություն անել։ Գուցե պատճառն այն է, որ ստեղծել ես մի նեղ շրջանակ, որտեղ շատ քչերը կարող են «տեղավորվել»։ Պողոս առաքյալի օրինակը կարող է օգնել քեզ գորովանքի մեջ ընդարձակվելու հարցում։ Կար ժամանակ, որ նրա մտքով անգամ չէր անցնում ընկերություն անել ոչ հրեաների հետ։ Այնուամենայնիվ, նա դարձավ «առաքյալ ուրիշ ազգերի համար» (Հռոմ. 11։13)։
10 Պողոսը ընկերություն չէր անում միայն իր տարիքի մարդկանց հետ։ Նրա մտերիմ ընկերներից էր, օրինակ, Տիմոթեոսը, թեև վերջինս փոքր էր նրանից ու այլ ծագում ուներ։ Այսօր շատ երիտասարդներ հաճույքով ընկերություն են անում ժողովի մեծահասակ անդամների հետ։ Վանեսան, որը 20 տարեկան է, ասում է. «Ես ունեմ մի շատ մտերիմ ընկերուհի։ Նա 50 տարեկան է։ Նրան կարող եմ պատմել այնպիսի բաներ, որոնք կպատմեի հասակակիցներիս։ Այդ քույրը անչափ հոգատար է»։ Ինչպե՞ս էր նրանց հաջողվել այդպիսի ընկերներ դառնալ։ Վանեսան շարունակում է. «Ես ջանքեր եմ թափել և չեմ ակնկալել, որ ինքնըստինքյան կընկերանանք»։ Պատրա՞ստ ես ընկերություն անելու նրա հետ, ով քո հասակակիցը չէ։ Եհովան, անշուշտ, կօրհնի քո ջանքերը։
11. Ի՞նչ ենք սովորում Դավթի և Հովնաթանի օրինակից։
11 Հավատարիմ եղիր։ «Ամեն ժամանակ սիրող է բարեկամը, եւ եղբայրը նեղ օրուան համար է ծնուած»,— գրեց Սողոմոնը (Առակ. 17։17)։ Այս խոսքերը գրելով՝ նա գուցե նկատի ուներ այն ընկերությունը, որ կար իր հոր՝ Դավթի և Հովնաթանի միջև (Ա Թագ. 18։1)։ Հովնաթանի հայր Սավուղ թագավորը ուզում էր, որ ի՛ր որդին ժառանգի գահը։ Սակայն Հովնաթանը շատ լավ գիտեր, որ Եհովան Դավթին է ընտրել որպես թագավոր։ Ի տարբերություն Սավուղի՝ նա չէր նախանձում Դավթին։ Երբ իր ընկերը փառքի արժանացավ, Հովնաթանը չբարկացավ և ոչ էլ հավատաց այն բամբասանքներին, որ Սավուղը տարածել էր Դավթի մասին (Ա Թագ. 20։24–34)։ Հովնաթանի նմա՞ն ես։ Երբ ընկերներդ առանձնաշնորհումներ են ստանում, ուրախանո՞ւմ ես։ Իսկ երբ դժվարությունների են բախվում, սփոփո՞ւմ և աջակցո՞ւմ ես նրանց։ Երբ բամբասանքներ ես լսում ընկերոջդ մասին, հավատո՞ւմ ես դրանց։ Թե՞ Հովնաթանի նման հավատարմորեն պաշտպանում ես ընկերոջդ։
Ե՞րբ պետք է վերջ դնել ընկերությանը
12–14. Ի՞նչ դժվարությունների են բախվում որոշ Աստվածաշունչ ուսումնասիրողներ, և ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց։
12 Երբ Աստվածաշունչ ուսումնասիրողը սկսի փոփոխություններ մտցնել իր ապրելակերպի մեջ, հնարավոր է՝ որոշ դժվարությունների բախվի։ Նա գուցե ունի ընկերներ, ում հետ իրեն հաճելի է շփվել, մինչդեռ նրանք չեն ապրում Աստվածաշնչի բարոյական սկզբունքների համաձայն։ Նախկինում նա գուցե կանոնավորաբար ժամանակ է տրամադրել նրանց։ Այժմ, սակայն, նկատում է, որ նրանց ընկերակցությունը կարող է վատ ազդեցություն թողնել իր վրա և զգում է, որ կարիք կա սահմանափակելու շփումը (1 Կորնթ. 15։33)։ Այնուհանդերձ, նա գուցե մտածի, որ դիմելով այդ քայլին՝ դավաճան կդառնա։
13 Եթե դու Աստվածաշունչ ես ուսումնասիրում և նման դժվարություններ ունես, հիշի՛ր. իսկական ընկերը կուրախանա, երբ տեսնի, որ փորձում ես բարելավել կյանքդ։ Գուցե նա էլ ցանկանա սովորել Եհովայի մասին։ Իսկ կեղծ ընկերը գուցե «քո մասին վիրավորական խոսքեր արտահայտի», որովհետև նրա հետ չես վազում «ցոփության նույն ճահճի մեջ» (1 Պետ. 4։3, 4)։ Այդ դեպքում քո ընկերը դավաճանած կլինի քեզ, ոչ թե դու նրան։
14 Եթե Աստվածաշունչ ուսումնասիրողի ընկերները, որոնք չեն սիրում Եհովային, դադարեն նրա հետ ընկերություն անելուց, նա նոր ընկերներ կգտնի ժողովում (Գաղ. 6։10)։ Անձամբ ճանաչո՞ւմ ես ձեր ժողովի Աստվածաշունչ ուսումնասիրողներին։ Ժամանակ առ ժամանակ կերտիչ զրույցներ վարո՞ւմ ես նրանց հետ։
15, 16. ա) Ինչպե՞ս կարող ես վարվել, երբ ընկերդ թողնում է Եհովային բ) Ինչպե՞ս կարող ենք փաստել, որ սիրում ենք Աստծուն։
15 Իսկ ինչպե՞ս կվարվես, եթե ընկերդ այլևս չցանկանա ծառայել Եհովային, և դրա համար նրան զրկեն ընկերակցությունից։ Անշուշտ, դու շատ կցավես։ Մի քույր պատմում է, թե ինչ էր զգում, երբ իր մտերիմ ընկերներից մեկը դադարեց Եհովային ծառայելուց. «Դատարկություն էի զգում։ Ես կարծում էի, թե ընկերուհիս ամուր կանգնած է ճշմարտության ճանապարհին, սակայն պարզվեց՝ այդպես չէր։ Հավատս չէր գալիս, որ նա այդքան ժամանակ ծառայել է Եհովային իր ընտանիքի անդամներին չտխրեցնելու համար։ Ես սկսեցի վերանայել իմ մղումները. ճի՞շտ շարժառիթներով եմ ծառայում Եհովային»։ Ինչպե՞ս վարվեց քույրը։ «Հոգսս գցեցի Եհովայի վրա։ Ուզում էի ցույց տալ նրան, որ ծառայում եմ սիրուց մղված, և ոչ թե կազմակերպության մեջ ընկերներ ձեռք բերելու համար»։
16 Մենք չենք կարող Աստծու ընկերները լինել, եթե մտերմություն ենք անում նրանց հետ, ովքեր աշխարհի ընկերներն են։ Հակոբոս աշակերտը գրեց. «Մի՞թե չգիտեք, որ աշխարհի հետ ընկերությունը թշնամություն է Աստծու դեմ։ Ուստի եթե մեկը ցանկանում է ընկեր լինել աշխարհին, ինքն իրեն թշնամի է դարձնում Աստծուն» (Հակ. 4։4)։ Ինչպե՞ս կարող ենք փաստել մեր սերը Եհովայի հանդեպ։ Նրան հավատարիմ մնալով և վստահ լինելով, որ նա ուժ կտա հաղթահարելու այն ծանր զգացումը, որն առաջացավ քո մեջ, երբ կորցրիր ընկերոջդ (կարդա՛ Սաղմոս 18։25)։ Քույրը, որի մասին արդեն խոսեցինք, հետևություն է անում. «Մարդուն չես կարող ստիպել, որ սիրի Եհովային կամ քեզ։ Չէ՞ որ դա անձնական ընտրության հարց է»։ Իսկ ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր ընկերությունը ժողովի անդամների հետ։
Պահպանիր ընկերությունդ
17. Ինչպե՞ս պետք է իրար հետ խոսեն մտերիմ ընկերները։
17 Ընկերության մեջ կարևոր դեր է խաղում լավ հաղորդակցությունը։ Երբ կարդաս Հռութի և Նոեմիի, Դավթի ու Հովնաթանի, Պողոսի ու Տիմոթեոսի մասին, կտեսնես, որ լավ ընկերները ոչ միայն ազատորեն են շփվում իրար հետ, այլ նաև հարգանքով են վերաբերվում միմյանց։ Պողոս առաքյալը գրեց. «Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի, աղով համեմված»։ Նա հստակ նշեց, թե ինչպես պետք է խոսենք «դրսինների հետ», այսինքն՝ նրանց հետ, ովքեր մեր հոգևոր եղբայրները չեն (Կող. 4։5, 6)։ Եթե ուրիշների հետ պետք է հարգանքով խոսենք, ապա որքան ավելի մեր ժողովի անդամների հետ։
18, 19. Ինչպե՞ս ես արձագանքում, երբ քրիստոնյա ընկերդ խորհուրդ է տալիս քեզ, և այս հարցում ի՞նչ օրինակ են թողել Եփեսոսի երեցները։
18 Իսկական ընկերները արժևորում են միմյանց կարծիքը, ուստի նրանց միջև հաղորդակցությունը և՛ հարգալից է, և՛ անկեղծ։ Իմաստուն Սողոմոն թագավորը գրեց. «Իւղն ու խունկը ուրախացնում են սիրտը, նաեւ ընկերի քաղցր խօսքը մտերիմ խրատով» (Առակ. 27։9)։ Ինչպե՞ս ես վերաբերվում ընկերոջդ տված խորհրդին (կարդա՛ Սաղմոս 141։5)։ Ինչպե՞ս ես արձագանքում, երբ ընկերդ իր անհանգստությունն է արտահայտում քո որևէ արարքի առնչությամբ։ Բարության դրսևորո՞ւմ ես համարում դա, թե՞ նեղանում ես նրանից։
19 Պողոս առաքյալը մտերիմ հարաբերություններ ուներ Եփեսոսի ժողովի երեցների հետ։ Հավանաբար, ոմանց նա ճանաչում էր դեռ այն ժամանակվանից, երբ նոր էին ընդունել ճշմարտությունը։ Սակայն իր վերջին հանդիպման ընթացքում նա որոշ հստակ խորհուրդներ տվեց այդ տղամարդկանց։ Ինչպե՞ս նրանք արձագանքեցին։ Պողոսի ընկերները չնեղացան։ Ընդհակառակը՝ գնահատեցին առաքյալի անձնական հետաքրքրությունը իրենց հանդեպ։ Իսկ երբ իմացան, որ նրան այլևս չեն տեսնելու, նույնիսկ լաց եղան (Գործ. 20։17, 29, 30, 36–38)։
20. Ինչպե՞ս կվարվի սիրառատ ընկերը։
20 Իսկական ընկերը ոչ միայն ընդունում է, այլև տալիս է իմաստուն խորհուրդներ։ Բայց պետք է զգույշ լինենք, որ չխառնվենք մեզ չվերաբերող բաներին։ Աստվածաշունչն ասում է. «Ձեր գործով զբաղվեք» (1 Թեսաղ. 4։11)։ Հիշենք, որ մեզանից յուրաքանչյուրը «իր անձի համար հաշիվ պիտի տա Աստծուն» (Հռոմ. 14։12)։ Բայց սիրառատ ընկերը անհրաժեշտության դեպքում մեղմությամբ կհիշեցնի Եհովայի չափանիշների մասին (1 Կորնթ. 7։39)։ Օրինակ՝ ինչպե՞ս կվարվես, եթե իմանաս, որ ընկերդ մտերմություն է անում որևէ մեկի հետ, որ Եհովայի ծառան չէ։ Քո ընկերոջը չկորցնելու համար կխուսափե՞ս նրան քո անհանգստությունը հայտնելուց։ Իսկ ի՞նչ կանես, եթե ընկերդ արհամարհի քո խորհուրդը։ Իսկական ընկերը կդիմի սիրառատ հովիվների օգնությանը, որպեսզի օգնի սխալ ընթացք բռնած իր ընկերոջը։ Այդ քայլին դիմելու համար քաջություն է հարկավոր։ Ոչինչ չի կարող երկարատև վնաս հասցնել այն ընկերությանը, որը հիմնված է Եհովայի հանդեպ սիրո վրա։
21. Ի՞նչ ենք երբեմն անում բոլորս, և ինչպե՞ս են վարվում իսկական ընկերները։
21 Կարդա՛ Կողոսացիներ 3։13, 14։ Երբեմն մեր ընկերները կարող են «գանգատվելու պատճառ» ունենալ մեր դեմ։ Գուցե նրանք էլ ասեն կամ անեն բաներ, որոնք կզայրացնեն մեզ։ Հակոբոսը գրեց. «Բոլորս էլ շատ ենք սայթաքում» (Հակ. 3։2)։ Իսկական ընկերները նրանք չեն, ովքեր մեղք չեն գործում իրար դեմ, այլ նրանք, ովքեր սրտանց ներում են իրար։ Ուրեմն եկեք մեր ընկերների հետ բաց հաղորդակցություն պահենք և ներենք միմյանց։ Այդպես վարվելով՝ մենք սեր կդրսևորենք, որը «միասնության կատարյալ կապն» է (Կող. 3։13, 14)։
Ինչպե՞ս կպատասխանես
• Ինչպե՞ս կարող ենք ընկերներ գտնել։
• Ե՞րբ պետք է վերջ դնենք ընկերությանը։
• Ի՞նչ պետք է անենք, որ մեր ընկերությունը ամուր լինի։
[նկար 18–րդ էջի վրա]
Ի՞նչն էր ընկած Հռութի և Նոեմիի ընկերության հիմքում
[նկար 19–րդ էջի վրա]
Սովորություն ունե՞ս հյուրասիրություն ցույց տալու