Մեր ընթերցողները հարցնում են
Արդյոք մանուկ Հիսուսին այցելե՞լ են երեք մոգեր
Ամբողջ աշխարհում Սուրբ ծնունդի տեսարանները ներկայացնում են երեք մոգերի, կամ՝ իմաստուն մարդկանց, որոնք թանկարժեք նվերներ են բերել նորածին Հիսուսին։ Ճի՞շտ է այս պատմությունը։ Կա՞ն արդյոք փաստեր, որ նման բան իրականում եղել է։ Տեսնենք։
Մատթեոսի և Ղուկասի Ավետարաններում նշվում է Հիսուսի ծննդի մասին։ Այս արձանագրությունները ցույց են տալիս, որ երբ Հիսուսը ծնվել է, միայն հովիվներն են այցելել նրան։ Իմաստուն մարդիկ իրականում աստղագուշակներ են եղել։ Աստվածաշունչը չի նշում նրանց թիվը։ Դեռ ավելին, այս աստղագուշակները չեն այցելել նորածին Հիսուսին մսուրում, նրանք տեսակցության եկել են այն ժամանակ, երբ Հիսուսն արդեն փոքր երեխա էր ու ապրում էր տան մեջ։ Նրանց այցելության պատճառով Հիսուսի կյանքը անգամ վտանգի ենթարկվեց։
Տեսնենք, թե ինչ է գրված Հիսուսի ծնունդի մասին Ղուկասի Ավետարանում։ Այնտեղ կարդում ենք. «Այդ նույն շրջանում հովիվներ կային, որ դրսում էին ապրում և գիշերը իրենց հոտերն էին պահպանում։ Եվ հանկարծ Եհովայի հրեշտակը կանգնեց նրանց առաջ, ու .... ասաց նրանց. «Դուք մի մանուկ կգտնեք՝ բարուրի մեջ փաթաթված և մսուրի մեջ պառկած»։ ....Եվ նրանք շտապելով գնացին և գտան Մարիամին ու Հովսեփին, նաև մանկանը՝ մսուրի մեջ պառկած» (Ղուկաս 2։8–16)։
Փաստորեն, ինչպես նշվեց, գոմում միայն Հովսեփը, Մարիամը և հովիվներն էին։ Ղուկասի արձանագրության մեջ ուրիշ ոչ մեկի մասին չի նշվում։
Այժմ տեսնենք, թե ինչ է գրված Մատթեոս 2։1–11 համարներում (ԱԹ). «Երբոր Յիսուսը ծնուեց Հրէաստանի Բեթլէհէմումը Հերովդէս թագաւորի օրերումը, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղէմ»։ Այնուհետև Հերովդեսը նրանց ուղարկեց Բեթլեհեմ։ Այդ մասին կարդում ենք. «Եւ երբոր տունը մտան, գտան երեխային իր մայր Մարիամի հետ»։
Ուշադրություն դարձնենք, որ արձանագրության մեջ գրված է ոչ թե «երեք մոգեր», այլ պարզապես «մոգեր», որոնք արևելքից գալիս էին դեպի Երուսաղեմ և ոչ թե Բեթլեհեմ, որտեղ ծնվել էր Հիսուսը։ Իսկ երբ հասան Բեթլեհեմ, փոքրիկ Հիսուսը ոչ թե մսուրում էր, այլ տանը։
Թեև «Արարատ» թարգմանության մեջ օգտագործվում է «մոգեր» բառը, սակայն այլ թարգմանություններում գրված է «իմաստուն մարդիկ»։ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի» համաձայն՝ «մոգ» բառը նշանակում է հին Իրանում «զրադաշտական կրոնի հոգևոր պաշտոնյա, կրակապաշտների քուրմ»։ Իսկ Վայնի «Նոր Կտակարանի բառերի բացատրական բառարանում» նշվում է, որ այս բառը նշանակում է «կախարդ, գուշակ, մարդ, որ ձևացնում է, թե գերբնական ուժով է օժտված, կախարդության արվեստի մասնագետ»։
Թեև այսօր աստղագուշակությունն ու կախարդությունը մեծ տարածում ունեն, սակայն Աստվածաշունչը զգուշացնում է, որ հեռու մնանք այդպիսի բաներից (Եսայիա 47։13–15)։ Դրանք ոգեհարցության ձևեր են և զզվելի են Եհովա Աստծու համար (Բ Օրինաց 18։10–12)։ Դա է պատճառը, որ ոչ մի հրեշտակ Հիսուսի ծնվելու մասին լուրը չհայտնեց աստղագուշակներին։ Այդուհանդերձ, մոգերը երազում Աստծուց նախազգուշացում ստացան չվերադառնալ չար թագավոր Հերովդեսի մոտ, քանի որ վերջինս ուզում էր սպանել Հիսուսին։ Ուստի «մեկ ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիր» (Մատթեոս 2։11–16)։
Մի՞թե ճշմարիտ քրիստոնյաները կցանկանան հավատալ մի պատմության, որն իրականում աղավաղում է ճշմարտությունը Հիսուսի ծնունդի մասին։ Իհա՛րկե ոչ։