Զարգացրու այնպիսի սեր, որը երբեք չի վերջանում
«Սերը ամեն ինչի տոկում է, սերը երբեք չի վերջանում» (1 ԿՈՐՆԹ. 13։7, 8)։
1. ա) Ինչպե՞ս է հաճախ ներկայացվում սերը։ բ) Ի՞նչ հատկություններով են աչքի ընկնում այսօր շատ մարդիկ։
ՍԻՐՈ կարիք ունեն բոլորը։ Սիրո մասին շատ գրքեր են գրվել, բազմաթիվ երգեր հյուսվել։ Խանութները լի են սիրո մասին գրքերով ու ֆիլմերով, որոնք բովանդակում են տարբեր սիրային պատմություններ։ Սակայն սերը հաճախ անիրական կերպով է ներկայացվում։ Ցավոք, այսօր քչերն են անկեղծ սեր դրսևորում Աստծու և մերձավորի հանդեպ։ Սա վկայում է այն մասին, որ ապրում ենք վերջին օրերում։ Ըստ աստվածաշնչյան մարգարեությունների՝ մարդիկ լինելու էին «անձնասեր, փողասեր.... ավելի հաճոյասեր, քան աստվածասեր» (2 Տիմոթ. 3։1–5)։
2. Ի՞նչ վտանգի մասին է նախազգուշացնում Աստվածաշունչը։
2 Մարդը ստեղծված է սիրելու ունակությամբ։ Բայց կան բաներ, որոնք չպետք է սիրենք։ Աստվածաշունչը ցույց է տալիս դրա հետևանքները (1 Տիմոթ. 6։9, 10)։ Հիշենք Դեմասին։ Նա Պողոս առաքյալի համագործակիցն էր։ Սակայն ժամանակի ընթացքում նրա սրտում սեր զարգացավ աշխարհի հանդեպ։ Արդյունքում՝ նա թողեց առաքյալին (2 Տիմոթ. 4։10)։ Աշխարհը սիրելու վտանգի մասին նախազգուշացրեց նաև Հովհաննես առաքյալը (կարդա՛ 1 Հովհաննես 2։15, 16)։ Հնարավոր չէ սիրել և՛ այս անցողիկ աշխարհը, և՛ Աստծուն։
3. Ինչի՞ց է դժվար խուսափել, և ո՞ր հարցերի վերաբերյալ պետք է իմանանք Աստծու տեսակետը։
3 Ինչ խոսք, մենք այս չար համակարգի մի մասը չենք։ Սակայն քանի դեռ ապրում ենք այս աշխարհում, դժվար է խուսափել սիրո վերաբերյալ սխալ տեսակետներից։ Ինչպե՞ս կարող ենք տեղի չտալ այդ թյուր գաղափարներին։ Անհրաժեշտ է որդեգրել Աստծու տեսակետը հետևյալ հարցերի վերաբերյալ. «Ո՞ւմ նկատմամբ պետք է սեր զարգացնենք։ Ինչպե՞ս կարող ենք այնպիսի սեր զարգացնել, որն «ամեն ինչի տոկում է» և «երբեք չի վերջանում»։ Եթե այդպիսի սեր դրսևորենք, ի՞նչ օգուտներ կքաղենք այսօր և ապագայում։
Սեր զարգացրու Եհովայի հանդեպ
4. Ինչպե՞ս է աճում սերը Աստծու հանդեպ։
4 Սեր զարգացնելը կարելի է համեմատել որևէ բան աճեցնելու հետ։ Հողագործը քրտնաջանորեն աշխատում է՝ փխրեցնելով հողը և ցանելով սերմը։ Նա ակնկալում է, որ սերմերը կաճեն (Եբր. 6։7)։ Աստծու հանդեպ մեր սերը նույնպես պետք է աճի։ Իսկ ի՞նչ է պահանջվում դրա համար։ Մենք պետք է «մշակենք» մեր սիրտը, որի մեջ «ցանվել» է ճշմարտության սերմը։ Ինչպե՞ս։ Հարկավոր է ջանասիրաբար ուսումնասիրել Սուրբ Գրությունները և ավելացնել մեր գիտելիքներն Աստծու մասին (Կող. 1։10)։ Անհրաժեշտ է նաև կանոնավորաբար մասնակցել ժողովի հանդիպումներին։ Անընդհատ ջանք թափո՞ւմ ես, որպեսզի խորացնես գիտելիքներդ (Առակ. 2։1–7)։
5. ա) Ինչպե՞ս կարող ենք ճանաչել Եհովային։ բ) Ի՞նչ կարող ես ասել Եհովայի արդարության, իմաստության և զորության մասին։
5 Եհովան հայտնում է իր մասին Աստվածաշնչի և արարչագործության միջոցով։ Կանոնավորաբար քննելով Գրությունները՝ ավելի շատ ենք գնահատում Աստծու հատկությունները՝ արդարությունը, զորությունը, իմաստությունը և անզուգական սերը։ Ուսումնասիրելով Եհովայի կատարյալ օրենքներն ու ճանապարհները՝ ավելի շատ բան ենք իմանում նրա արդարության մասին (Բ Օրին. 32։4; Սաղ. 19։7)։ Իսկ խորհրդածելով ստեղծագործությունների շուրջ՝ տեսնում ենք Աստծու գերազանց իմաստությունը (Սաղ. 104։24)։ Մտածելով անծայրածիր տիեզերքի մասին՝ տեսնում ենք Եհովայի անսպառ զորությունը (Ես. 40։26)։
6. Ինչի՞ց է երևում Եհովայի սերը մեր հանդեպ, և ինչպիսի՞ն է քո արձագանքը։
6 Իսկ ի՞նչ կարելի է ասել Աստծու ամենագլխավոր հատկության՝ սիրո մասին։ Մեր Հոր սերն անսահման է։ Նա դրսևորեց այն, երբ իր Որդուն երկիր ուղարկեց՝ քավելու մարդկանց մեղքերը (կարդա՛ Հռոմեացիներ 5։8)։ Այդպես Եհովան բոլորի համար փրկության հիմք նախապատրաստեց։ Սակայն կփրկվեն միայն նրանք, ովքեր հավատ կընծայեն նրա Որդու հանդեպ (Հովհ. 3։16, 36)։ Եհովայի տված մեծագույն պարգևը պետք է մղի մեզ փոխադարձաբար սիրելու նրան։
7, 8. ա) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք Աստծուն։ բ) Ի՞նչ դժվարությունների է բախվում Աստծու ժողովուրդը։
7 Իսկ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր սերն ու երախտագիտությունը Աստծու նկատմամբ։ Պատասխանը գտնում ենք հետևյալ համարում. «Սա է Աստծու սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները, և նրա պատվիրանները ծանրաբեռնող չեն» (1 Հովհ. 5։3)։ Այո՛, Եհովայի հանդեպ սերը մղում է մեզ պահելու նրա պատվիրանները, պատմելու Աստծու անվան և Թագավորության մասին։ Եթե ճշմարտության մասին խոսում ենք «սրտի լիությունից», փաստում ենք, որ Աստծու պատվիրանները անկեղծ մղումներով ենք պահում (Մատթ. 12։34)։
8 Աշխարհի բոլոր ծայրերում ապրող մեր հավատակիցները բարի լուրը քարոզելիս բախվում են անտարբերության և հակառակության։ Այդուհանդերձ, նրանք թույլ չեն տալիս, որ որևէ բան խանգարի նրանց ամբողջովին կատարելու իրենց ծառայությունը։ (2 Տիմոթ. 4։5)։ Մենք նույնպես սրտանց ցանկանում ենք պատմել Աստծու մասին և պահել նրա բոլոր պատվիրանները։
Ինչո՞ւ ենք սիրում Հիսուսին
9. Ի՞նչ փորձությունների ենթարկվեց Հիսուսը, և ի՞նչը օգնեց նրան տոկալու։
9 Մենք սիրում ենք Հիսուսին, որովհետև սիրում ենք նրա Հորը՝ Եհովային։ Բայց կան նաև ուրիշ պատճառներ։ Ճիշտ է, մենք երբեք չենք տեսել Աստծու Որդուն։ Սակայն երբ շարունակաբար գիտելիքներ ենք ստանում Հիսուսի մասին, մեր սերը նրա հանդեպ ավելանում է (1 Պետ. 1։8)։ Հիշենք, օրինակ, թե ինչ փորձություններ նա ունեցավ։ Մարդիկ նրան առանց պատճառի ատեցին, հալածեցին, հայհոյեցին, անարգեցին, կեղծ մեղադրանքներ ներկայացրին (կարդա՛ Հովհաննես 15։25)։ Բայց Հիսուսը կարողացավ տոկալ այս դժվարությունների ներքո։ Ինչո՞ւ։ Որովհետև սիրում էր Եհովային։ Այդ սերն էր, որ մղեց նրան իր կյանքը որպես փրկանք տալու շատերի փոխարեն (Մատթ. 20։28)։
10, 11. Ինչպե՞ս կարող ենք արձագանքել Հիսուսի սիրուն։
10 Հիսուսի գործերը չեն կարող մեզ անտարբեր թողնել։ Խորհելով այն մասին, թե ինչ է Քրիստոսն արել մեզ համար՝ մեր սերը նրա հանդեպ ավելանում է։ Որպես նրա հետևորդներ՝ մենք պետք է ձգտենք նույնանման սեր դրսևորել։ Դրա շնորհիվ կկարողանանք քարոզել բարի լուրը և աշակերտներ պատրաստել (Մատթ. 28։19, 20)։
11 Քրիստոսը սիրում է բոլոր մարդկանց և ուզում է, որ նրանք փրկվեն։ Դա պարտավորեցնում է մեզ ավարտին հասցնելու քարոզչության գործը, քանի դեռ վերջը չի եկել (կարդա՛ 2 Կորնթացիներ 5։14, 15)։ Հիսուսը կարողացավ կատարել Աստծու նպատակները մարդկության առնչությամբ։ Այդ հարցում կրկին մեծ դեր խաղաց նրա սերը։ Սերտորեն հետևելով Հիսուսի օրինակին՝ կկարողանանք մեր լուման ներդնել Եհովայի նպատակների իրագործման մեջ։ Իսկ դրա համար մենք պետք է սիրենք Աստծուն մեր ողջ էությամբ (Մատթ. 22։37)։ Եթե կատարենք Հիսուսի պատվերները, ցույց կտանք, որ սիրում ենք նրան և որ վճռել ենք նրա նման ամեն գնով թիկունք կանգնել Աստծու գերիշխանությանը (Հովհ. 14։23, 24; 15։10)։
Հետևենք սիրո գերազանց ճանապարհին
12. Ի՞նչ «գերազանց ճանապարհի» մասին էր խոսում Պողոսը։
12 Քրիստոսի օրինակին սերտորեն հետևում էր Պողոս առաքյալը։ Ուստի նա սրտանց խրախուսեց իր հավատակիցներին ընդօրինակելու իրեն (1 Կորնթ. 11։1)։ Ճիշտ է, առաքյալը կորնթացի քրիստոնյաներին հորդորեց նախանձախնդրաբար ձգտել սուրբ ոգու պարգևներին, ինչպիսիք են բժշկելու և տարբեր լեզուներով խոսելու կարողությունը։ Բայցևայնպես ասաց, որ կա ավելի արժեքավոր մի բան։ 1 Կորնթացիներ 12։31–ում Պողոսը գրեց. «Ես գերազանց ճանապարհ եմ ցույց տալիս ձեզ»։ Ի՞նչ նկատի ուներ առաքյալը։ Համատեքստը հուշում է, որ նա խոսում էր սիրո մասին։ Պողոսը բացատրեց, թե ինչ իմաստով է սերը գերազանց (կարդա՛ 1 Կորնթացիներ 13։1–3)։ Նա նշեց, որ նույնիսկ եթե ունենար արտասովոր ընդունակություններ և աներ մեծամեծ գործեր, բայց չունենար սեր, ապա այդ ամենը մի գրոշ անգամ չէր արժենա։ Ինչպիսի՜ ազդեցիկ միտք փոխանցեց առաքյալը սուրբ ոգու ներշնչմամբ։
13. ա) Ո՞րն է 2010 թվականի տարվա խոսքը։ բ) Ինչո՞ւ սերը երբեք չի վերջանա։
13 Հաջորդ համարներում Պողոսը բացատրում է, թե ինչպիսին պետք է լինի իսկական սերը (կարդա՛ 1 Կորնթացիներ 13։4–8)։ Այժմ մի պահ կանգ առ ու մտածիր, թե ինչպիսին է սերը քո ընկալմամբ։ Ուշադրություն դարձրու 7–րդ համարի վերջին մասի և 8–րդ համարի առաջին մասի վրա։ Այստեղ ասվում է. «Սերը ամեն ինչի տոկում է, սերը երբեք չի վերջանում»։ Սա 2010թ.–ի տարվա խոսքն է։ 8–րդ համարում ասվում է, որ սուրբ ոգու պարգևները, որոնցից են՝ մարգարեանալը և լեզուներով խոսելը, պետք է անհետանան։ Բայց սերը կմնա ընդմիշտ։ Ինչո՞ւ։ Բանն այն է, որ սիրո աղբյուրը Եհովան է, իսկ նա հավերժ է։ Ուստի այդ հատկությունը կմնա առհավետ (1 Հովհ. 4։8)։
«Սերն ամեն ինչի տոկում է»
14, 15. ա) Ինչպե՞ս կարող է սերն օգնել մեզ տոկալու։ բ) Ինչո՞ւ Վիլհելմը զիջումների չգնաց։
14 Ի՞նչն է օգնում քրիստոնյաներին տոկունություն դրսևորելու փորձությունների, դժվար հանգամանքների ու խնդիրների ժամանակ։ Գլխավորապես անկեղծ սերը։ Այդպիսի սեր դրսևորող անհատը չի սահմանափակվում միայն նյութական օգնություն ցույց տալով։ Նա սրտանց պահում է իր անարատությունը և պատրաստ է նույնիսկ մահանալու Քրիստոսի համար (Ղուկ. 9։24, 25)։ Հիշենք, օրինակ, այն հավատարիմ Վկաներին, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տառապանքներ են կրել համակենտրոնացման ճամբարներում, բանտերում և ուղղիչ–աշխատանքային գաղութներում։
15 Այդ հավատարիմ քրիստոնյաներից էր Վիլհելմը՝ գերմանացի մի երիտասարդ։ Քանի որ եղբայրը զիջումների չգնաց, նացիստները գնդակահարեցին նրան։ Մահանալուց առաջ նա հրաժեշտի մի նամակ գրեց իր ընտանիքի անդամներին, որում ասվում էր. «Ամենից առավել մենք պետք է սիրենք Աստծուն, ինչպես պատվիրեց մեր Առաջնորդ Հիսուս Քրիստոսը։ Եթե մենք հավատարիմ մնանք Եհովային, նա կվարձատրի մեզ»։ Ինչպե՞ս անդրադարձան այս տողերը Վիլհելմի հարազատների վրա։ Ավելի ուշ «Դիտարանի» հոդվածներից մեկում տպագրվեցին նրա ընտանիքի անդամներից մեկի հետևյալ խոսքերը. «Նույնիսկ ամենասարսափելի ժամանակներում մենք ձգտել ենք, որ սերն Աստծու նկատմամբ մեր ընտանիքում առաջին տեղում լինի»։ Այսօր նման ոգի են դրսևորում ազատազրկման մեջ գտնվող մեր եղբայրները էրիթրեայում, Հայաստանում, Հարավային Կորեայում և այլ երկրներում։ Այդ եղբայրները շարունակում են վառ պահել իրենց սերը Եհովայի հանդեպ։
16. Ի՞նչ փորձություններ են դիմագրավել Մալավիի մեր հավատակիցները։
16 Աշխարհի տարբեր մասերում մեր եղբայրներն ու քույրերը տոկում են հավատի զանազան փորձությունների ներքո։ Օրինակ՝ Մալավիի Եհովայի վկաները 26 տարի շարունակ ահավոր դժվարություններ են կրել. պետության կողմից դրված արգելքներ, կատաղի հալածանքներ, գազանային հարձակումներ։ Այդ հավատարիմ քրիստոնյաների տոկունությունը չի վրիպել Եհովայի աչքից. նա առատորեն օրհնել է նրանց։ Երբ հալածանքի ալիք բարձրացավ, այդ երկրում կար 18 000 Վկա։ Իսկ երեսուն տարի անց, նրանց թիվը կրկնապատկվեց՝ հասնելով 38 393–ի։ Նման արդյունքներ եղան նաև այլ երկրներում։
17. Ի՞նչ դժվարության են բախվել ոմանք, և ի՞նչն է օգնել նրանց տոկալու։
17 Ինչ խոսք, մի բան է, երբ Աստծու ժողովուրդն է բախվում հալածանքների, մի այլ բան, երբ փորձություններ են կրում առանձին քրիստոնյաները։ Նրանք կարող են հալածվել ընտանիքի անդամների կամ հարազատների կողմից։ Սակայն դա նրանց չի զարմացնում, քանի որ Հիսուսը մարգարեացել էր այդ մասին։ Նրա խոսքերի կատարումը շատերն են տեսել (Մատթ. 10։35, 36)։ Օրինակ՝ պատանիները։ Եղել են դեպքեր, երբ ոմանց վռնդել են տնից, իսկ ոմանցից ընդհանրապես հրաժարվել են։ Սակայն այդ պատանիներին օթևան են տվել իրենց հոգատար հավատակիցները։ Ի՞նչն է օգնել նրանց տոկալու։ Առաջին հերթին սերը Եհովայի և նրա Որդու հանդեպ։ Նրանց օգնել է նաև սերը հավատակիցների նկատմամբ (1 Պետ. 1։22; 1 Հովհ. 4։21)։
18. Ինչպե՞ս է սերն օգնում ամուսիններին։
18 Կյանքում կան մի շարք բնագավառներ, որտեղ անհրաժեշտ է դրսևորել այնպիսի սեր, որն «ամեն ինչի տոկում է»։ Օրինակ՝ ընտանիքում նման սեր ցուցաբերող ամուսինները կիրառում են Հիսուսի հետևյալ խոսքերը. «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթ. 19։6)։ «Նեղություն» ունենալիս ամուսնացած քրիստոնյաները պետք է առաջնորդվեն Եհովայի սկզբունքներով (1 Կորնթ. 7։28)։ Նրա Խոսքում ասվում է, որ սերն «ամեն ինչի տոկում է»։ Այդ հատկության շնորհիվ ամուսնական կապերն ավելի են զորանում (Կող. 3։14)։
19. Ինչպե՞ս արձագանքեցին Աստծու ծառաները աղետների ժամանակ։
19 Սերն օգնում է «ամեն ինչի տոկալու» նաև բնական աղետների ժամանակ։ Օրինակ՝ դա ակնհայտ դարձավ, երբ երկրաշարժ եղավ Պերուի հարավում, և երբ «Կատրինա» փոթորիկն ավերածություններ արեց Միացյալ Նահանգների հարավ–արևելքում։ Մեր եղբայրներից ու քույրերից շատերը կորցրին իրենց տները և ունեցվածքը։ Աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հավատակիցները նյութական օգնություն ուղարկեցին։ Նաև բազմաթիվ կամավորներ օգնեցին վերակառուցելու տներն ու Թագավորության սրահները։ Այդպիսի գործերը վառ ապացույցն են այն բանի, որ ճշմարիտ քրիստոնյաները սեր են ցուցաբերում միմյանց հանդեպ ամեն ժամանակ և ցանկացած հանգամանքներում (Հովհ. 13։34, 35; 1 Պետ. 2։17)։
Սերը երբեք չի վերջանում
20, 21. ա) Ինչո՞ւ է սերը գերազանց հատկություն։ բ) Ինչո՞ւ պետք է վճռես քայլել սիրո գերազանց ճանապարհով։
20 Ինչպես տեսանք, Եհովայի ժողովուրդն այսօր ընտրել է սիրո գերազանց ճանապարհը։ Այն գերազանց է բոլոր առումներով։ Ընդգծելով այս ճշմարտությունը՝ Պողոսն ասաց, որ ոգու պարգևները կանցնեն, և որ քրիստոնեական ժողովը կհասունանա։ Ապա շարունակեց. «Հիմա մնում են՝ հավատ, հույս, սեր՝ այս երեքը. բայց սրանցից մեծագույնը սերն է» (1 Կորնթ. 13։13)։
21 Այն ամենը, ինչի հանդեպ հավատ ենք ընծայում, ի վերջո իրականություն կդառնա։ Ուստի դրանց հանդեպ հավատ տածելն անիմաստ կլինի։ Այն բոլոր խոստումները, որոնց կատարմանը հույսով սպասում ենք, ի վերջո նույնպես կիրականանան։ Հետևաբար, դրանց այլևս հույսով չենք սպասի։ Իսկ ինչ վերաբերում է սիրուն, այն առհավետ կմնա՝ երբեք չի վերջանա։ Ամբողջ հավիտենության ընթացքում մենք դեռ շատ բան կսովորենք ու կհասկանանք Աստծու սիրո մասին։ Ուրեմն եկեք կատարենք Եհովայի կամքը և քայլենք սիրո գերազանց ճանապարհով՝ անմար սեր դրսևորելով։ Եթե այդպես վարվենք, կապրենք հավիտյան (1 Հովհ. 2։17)։
Ինչպե՞ս կպատասխանես
• Ինչո՞ւ չպետք է սեր զարգացնենք սխալ բաների հանդեպ։
• Ո՞ր հանգամանքներում սերը կօգնի տոկալու։
• Ինչո՞ւ սերը երբեք չի վերջանա։
[Մեջբերում 27–րդ էջի վրա]
2010 թ. տարվա խոսքն է. «Սերը ամեն ինչի տոկում է, սերը երբեք չի վերջանում» (1 Կորնթ. 13։7, 8)։
[նկար 25–րդ էջի վրա]
Աստծու հանդեպ սերը մղում է մեզ մասնակցելու քարոզչական գործին
[նկար 26–րդ էջի վրա]
Սերն օգնեց Մալավիի քրիստոնյաներին տոկալու