Հիսուս Քրիստոս. նրա պատգամը և դու
«Ես եկել եմ, որ նրանք կյանք ունենան, և այն առատությամբ ունենան» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 10։10)։
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ եկավ երկիր գլխավորապես տալու և ոչ թե ստանալու նպատակով։ Իր կատարած ծառայությամբ նա մի անգին նվեր տվեց մարդկությանը՝ պատգամ, որով հայտնեց ճշմարտությունը Աստծու և նրա կամքի մասին։ Նրանք, ովքեր արձագանքում են այդ լուրին, արդեն այսօր վայելում են կյանքը։ Դրա մասին կարող են վկայել միլիոնավոր ճշմարիտ քրիստոնյաներa։ Հիսուսի քարոզած պատգամը մի կարևոր նպատակի մասին էր. նա իր կատարյալ կյանքը զոհելու էր մեզ համար։ Փաստորեն, մեր հավիտենական բարօրությունը կախված է այն բանից, թե ինչպես կարձագանքենք այս լուրին։
Ի՞նչ են տվել Աստված և Քրիստոսը։ Հիսուսը գիտեր, որ իր թշնամիները տանջալից մահվան են մատնելու իրեն (Մատթեոս 20։17–19)։ Այդուհանդերձ, նա ասաց. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)։ Նա նաև ասաց, որ եկել է, որպեսզի «իր կյանքը որպես փրկանք տա շատերի փոխարեն» (Մատթեոս 20։28)։ Իսկ ինչո՞ւ Հիսուսը ասաց, որ տալու է իր կյանքը։
Անսահման սիրուց մղված՝ Աստված քայլեր ձեռնարկեց, որ մարդկությանը ազատի մեղքից ու դրա հետևանքներից՝ անկատարությունից և մահից։ Այդ պատճառով նա ուղարկեց իր միածին Որդուն երկիր՝ զոհաբերական մահով մահանալու համար։ Իր հերթին Հիսուսը հոժարակամորեն կատարեց Հոր կամքը՝ իր կատարյալ մարդկային կյանքը տալով մեզ համար։ Այո՛, փրկանքը Աստծու ամենամեծ նվերն է մարդկությանըb։ Դա մի նվեր է, որ կարող է առաջնորդել մեզ հավիտենական կյանքի։
Ի՞նչ պետք է անես։ Իսկ քեզ համար փրկանքը նվե՞ր է։ Գիտես, դա կախված է այն բանից, թե ինչպես կարձագանքես։ Օրինակ՝ պատկերացրու, որ ինչ–որ մեկը փաթեթավորված նվեր է տալիս քեզ։ Դա քոնը չի լինի, եթե ձեռքդ չմեկնես ու չվերցնես։ Նմանապես, Եհովան փրկանքը քեզ որպես նվեր է տալիս, սակայն որպեսզի այն քոնը լինի, դու պետք է ընդունես այն։
Իսկ ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ ընդունում ես այդ նվերը։ Հիսուսն ասաց, որ հավիտենական կյանք կստանան նրանք, ովքեր «հավատ կդրսևորեն»։ Իսկ հավատը դրսևորվում է գործերով. դա երևում է այն բանից, թե ինչպիսի կյանքով ենք ապրում (Հակոբոս 2։26)։ Հիսուսի հանդեպ հավատ դրևսորել նշանակում է ապրել նրա սովորեցրածի համաձայն։ Ուստի պետք է լավ ճանաչել Հիսուսին և նրա Հորը։ «Սա՛ է հավիտենական կյանքը,— ասաց Աստծու Որդին,— որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։
Մոտ 2 000 տարի առաջ Հիսուս Քրիստոսը հայտնեց մի պատգամ, որը միլիոնավոր մարդկանց կյանքեր է փոխում։ Ցանկանո՞ւմ ես ավելին իմանալ այդ պատգամի, ինչպես նաև այն մասին, թե ինչպես դու և քո մտերիմները կարող եք օգուտներ քաղել դրանից այժմ և հավիտյան։ Եհովայի վկաները ուրախությամբ կօգնեն քեզ այս հարցում։
Հաջորդ հոդվածներն ընթերցելով՝ ավելի շատ բան կիմանաս Հիսուս Քրիստոսի մասին, այն մարդու, որի հաղորդած պատգամը կարող է մեկընդմիշտ փոխել քո կյանքը։
[Ծանոթագրություններ]
a Ոչ բոլորը, ովքեր պնդում են, թե քրիստոնյա են, կարող են համարվել Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ։ Հիսուսի իսկական հետևորդները նրանք են, ովքեր ապրում են այն ճշմարտությունների համաձայն, որոնք նա սովորեցրեց Աստծու և նրա կամքի մասին (Մատթեոս 7։21–23)։
b Փրկանքի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի հինգերորդ գլուխը, որի վերնագիրն է՝ «Փրկանք. Աստծու մեծագույն նվերը»։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։