Վայելուչ խոսք. լավ հարաբերությունների սկիզբ
«Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի» (ԿՈՂ. 4։6)։
1, 2. Ի՞նչ լավ արդյունքներ բերեց եղբոր վայելուչ խոսքը։
«ՏՆԻՑ տուն քարոզելիս հանդիպեցի մի մարդու, որն այնքան բարկացավ, որ շուրթերը սկսեցին դողալ, իսկ մարմինը՝ ցնցվել,— պատմում է մի եղբայր։— Ես հանգիստ փորձեցի տրամաբանել նրա հետ Աստվածաշնչի հիման վրա, բայց նա ավելի բարկացավ։ Քիչ հետո նրա կինն ու երեխաներն էլ հարձակվեցին վրաս. հասկացա, որ իմ գնալու ժամանակն է։ Ես ասացի, որ խաղաղ նպատակներով եմ եկել և կուզեի խաղաղությամբ էլ հեռանալ։ Նրանց համար կարդացի Գաղատացիներ 5։22, 23 համարները, որոնցում խոսվում է սիրո, մեղմության, ինքնատիրապետման և խաղաղության մասին, այնուհետև հեռացա։
2 Ավելի ուշ, երբ քարոզում էի այդ փողոցի մյուս տներում, տեսա, որ այդ ընտանիքը նստել է իրենց տան աստիճանների վրա։ Նրանք կանչեցին ինձ։ Ես մտածեցի. «Տեսնես՝ հիմա՛ ինչ են ասելու»։ Տղամարդը մի բաժակ սառը ջուր առաջարկեց և ներողություն խնդրեց իր կոպիտ վերաբերմունքի համար։ Հետո գովեց, որ ամուր հավատ ունեմ։ Մենք լավ բաժանվեցինք»։
3. Ինչո՞ւ չպետք է բարկանանք՝ ի պատասխան ուրիշների վատ վերաբերմունքին։
3 Այս աշխարհում ճնշումներն այնքան շատ են, որ զայրացած մարդկանց հաճախ ենք հանդիպում ամենուր, այդ թվում ծառայության ժամանակ։ Սակայն նման դեպքերում կարևոր է դրսևորել «մեղմություն և խորը հարգանք» (1 Պետ. 3։15)։ Եթե մեր եղբայրը, ի պատասխան տանտիրոջ զայրույթին ու անբարյացակամ վերաբերմունքին, նույնպես բարկանար, ապա այդ մարդը գուցե գազազեր և հետագայում չփոխեր իր տրամադրվածությունը։ Բայց քանի որ եղբայրը զսպեց իրեն և վայելուչ կերպով խոսեց, դրական արդյունքների հասավ։
Ի՞նչն է խոսքը վայելուչ դարձնում
4. Ինչո՞ւ է կարևոր վայելուչ կերպով խոսել։
4 Անկախ նրանից՝ գործ ունենք աշխարհի մարդկանց, մեր հավատակիցների թե ընտանիքի անդամների հետ, պետք է հետևենք Պողոս առաքյալի հետևյալ խորհրդին. «Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի, աղով համեմված» (Կող. 4։6)։ Այսպիսի հարգալից, պատշաճ խոսքը կարևոր է լավ հաղորդակցություն և խաղաղություն պահպանելու համար։
5. Ի՞նչ չի նշանակում լավ հաղորդակցությունը։ Պարզաբանի՛ր օրինակով։
5 Լավ հաղորդակցվել չի նշանակում ասել այն, ինչ մտածում կամ զգում ես այդ պահին, հատկապես, երբ անտրամադիր ես։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ անզուսպ բարկություն դրսևորելը թուլության նշան է (կարդա՛ Առակաց 25։28; 29։11)։ Մովսեսն, օրինակ, «շատ հեզ էր երկրի վերայ եղած բոլոր մարդկանցից», բայց մի անգամ Իսրայել ազգի ըմբոստության պատճառով չկարողացավ զսպել իրեն և փառքը Աստծուն չվերագրեց։ Թեև նա արտահայտեց այն, ինչ զգում էր, սակայն դա Եհովային դուր չեկավ։ Այդ պատճառով Մովսեսը զրկվեց իսրայելացիներին Ավետյաց երկիր տանելու առանձնաշնորհումից, թեև 40 տարի նրանց առաջնորդն էր եղել (Թուոց 12։3; 20։10, 12; Սաղ. 106։32)։
6. Ի՞նչ է նշանակում խոսելիս զգուշություն ցուցաբերել։
6 Աստվածաշունչը խրախուսում է, որ խոսելիս զսպվածություն, զգուշություն և խոհեմություն ցուցաբերենք։ «Շատախօսութեան մէջ յանցանք պակաս չի լինիլ, բայց շրթունքները զսպողը խելացի է» (Առակ. 10։19; 17։27)։ Սակայն զգուշություն դրսևորել չի նշանակում ընդհանրապես չարտահայտվել, այլ նշանակում է «վայելուչ» կերպով խոսել՝ լեզուն օգտագործել բժշկելու համար և ոչ թե ցավեցնելու (կարդա՛ Առակաց 12։18; 18։21)։
«Լռելու ժամանակ, եւ խօսելու ժամանակ»
7. Ինչի՞ց պետք է խուսափենք և ինչո՞ւ։
7 Ինչպես որ վայելուչ կերպով և զսպվածությամբ ենք խոսում մեր աշխատակիցների կամ ծառայության ժամանակ հանդիպող անծանոթ մարդկանց հետ, այնպես էլ պետք է խոսենք ժողովում և տանը։ Եթե թափենք մեր բարկությունը՝ առանց հետևանքների մասին մտածելու, թե՛ մեզ և թե՛ ուրիշներին հոգևոր, էմոցիոնալ և ֆիզիկական վնաս կհասցնենք (Առակ. 18։6, 7)։ Պետք է զսպենք բացասական զգացմունքները, որոնք անկատարության հետևանք են։ Վիրավորական խոսքը, ծաղրանքը, արհամարհանքն ու ատելությամբ լի զայրույթը Աստծուն հաճելի չեն (Կող. 3։8; Հակ. 1։20)։ Դրանք կարող են քայքայել մեր փոխհարաբերությունները Եհովայի և ուրիշների հետ։ Զուր չէ, որ Հիսուսն ասել է. «Յուրաքանչյուր ոք, ով շարունակի զայրացած մնալ իր եղբոր վրա, հաշիվ պետք է տա դատարանի առաջ. իսկ ով որ իր եղբոր հասցեին ստորացուցիչ անարգական խոսք ասի, հաշիվ պետք է տա Գերագույն դատարանի առաջ, բայց ով որ ասի՝ «ողորմելի հիմար», ենթակա կլինի կրակոտ գեհենին» (Մատթ. 5։22)։
8. Ո՞ր դեպքում պետք է արտահայտենք մեր զգացմունքները և ինչպե՞ս։
8 Սակայն որոշ դեպքերում գուցե մտածենք, որ լավ կլինի արտահայտվել։ Եթե մի եղբայր ինչ–որ բան է արել կամ ասել, որը քեզ այնքան է անհանգստացնում, որ չես կարողանում պարզապես անտեսել, ապա թույլ մի՛ տուր, որ սրտումդ ատելություն զարգանա, փորձիր կառավարել զգացմունքներդ և քայլեր ձեռնարկիր խնդիրը լուծելու համար (Առակ. 19։11)։ «Թող արևը մայր չմտնի, քանի դեռ դուք զայրացած վիճակում եք»,— գրել է Պողոսը։ Ձգտիր քեզ անհանգստացնող խնդիրը հարթել պատեհ ժամանակ (կարդա՛ Եփեսացիներ 4։26, 27, 31, 32)։ Անկեղծորեն, բայցև հարգալից կերպով խոսիր եղբորդ հետ այդ խնդրի մասին ու հաշտության եզրեր փնտրիր (Ղեւտ. 19։17; Մատթ. 18։15)։
9. Ինչո՞ւ պետք է սպասենք, որ մեր զգացմունքները հանդարտվեն, և հետո միայն մոտենանք մեզ վիրավորողին։
9 Իհարկե, զրուցելու համար պետք է հարմար պահ ընտրես՝ հաշվի առնելով, որ կա «լռելու ժամանակ, եւ խօսելու ժամանակ» (Ժող. 3։1, 7)։ Հիշիր նաև, որ «արդարի սիրտը մտածում է թէ ինչ պատասխանէ» (Առակ. 15։28)։ Սա նշանակում է, որ գուցե հարկ լինի մի քիչ սպասել, քանի որ եթե խոսես այն ժամանակ, երբ դու կամ եղբայրդ նյարդայնացած եք, իրավիճակն ավելի կբարդանա։ Իմաստուն չի լինի նաև երկար սպասել։
Բարի գործերը բարելավում են հարաբերությունները
10. Ինչպե՞ս բարի գործերը կարող են բարելավել հարաբերությունները։
10 Վայելուչ խոսքն ու լավ հաղորդակցությունը օգնում են մեզ հաստատելու և պահպանելու խաղաղ հարաբերություններ։ Երբ ամեն բան անում ենք, որ բարելավենք մեր հարաբերություններն ուրիշների հետ, դա անդրադառնում է մեր հաղորդակցության վրա։ Եթե նախաձեռնություն վերցնենք, որ անկեղծ, բարի արարքներ անենք ուրիշների համար, առիթներ փնտրենք նրանց օգնելու, սրտանց նվերներ տանք, հյուրասիրություն ցուցաբերենք, ապա կնպաստենք բաց հաղորդակցությանը։ Այդպես վարվելով՝ «այրվող ածուխներ կկուտակենք» անհատի գլխին, նա կմղվի դրսևորելու լավ հատկություններ, ինչն էլ կօգնի հեշտությամբ վարելու զրույցը և հարթել խնդիրը (Հռոմ. 12։20, 21)։
11. Ինչպե՞ս Հակոբը նախաձեռնություն վերցրեց՝ հաշտվելու Եսավի հետ, և ի՞նչ եղավ արդյունքը։
11 Հակոբ նահապետը լավ էր հասկանում բարի գործեր անելու կարևորությունը։ Երբ Հակոբի երկվորյակ եղբայր Եսավը զայրացավ և սպառնաց, թե կսպանի նրան, վերջինս փախուստի դիմեց։ Շատ տարիներ անց Հակոբը որոշեց վերադառնալ։ Եսավը 400 հոգով եկավ նրան դիմավորելու։ Այդ ժամանակ Հակոբը օգնության համար աղոթեց Եհովային, ապա Եսավին որպես նվեր ուղարկեց ընտանի կենդանիներ։ Այդ քայլը ծառայեց իր նպատակին. երբ եղբայրները հանդիպեցին, Եսավի սիրտն արդեն փափկել էր, և նա վազեց ու գրկեց Հակոբին (Ծննդ. 27։41–44; 32։6, 11, 13–15; 33։4, 10)։
Քաջալերիր վայելուչ խոսքով
12. Ինչո՞ւ պետք է վայելուչ խոսքեր օգտագործենք մեր եղբայրների հետ հաղորդակցվելիս։
12 Քրիստոնյաները ծառայում են Աստծուն և ոչ թե մարդկանց։ Այնուհանդերձ, մենք ցանկանում ենք արժանանալ ուրիշների հավանությանը, և դա բնական է։ Մեր օրերում շատերը ծանրաբեռնված են հոգսերով, իսկ վայելուչ խոսքերը կարող են թեթևացնել եղբայրների ու քույրերի բեռը։ Մինչդեռ դաժան քննադատությունը կարող է այդ բեռը ավելի ծանրացնել և նույնիսկ ստիպել նրանց մտածելու, թե կորցրել են Եհովայի հավանությունը։ Ուստի եկեք անկեղծորեն քաջալերական խոսքեր ասենք ուրիշներին, և թող մեր բերանից «միայն բարի խոսք դուրս գա հարկ եղած դեպքում կերտելու համար, որպեսզի օգտակար բաներ հաղորդի լսողներին» (Եփես. 4։29)։
13. Ի՞նչ պետք է հիշեն երեցները, երբ ա) խորհուրդ են տալիս, բ) նամակ են գրում։
13 Հատկապես երեցները պետք է «քնքշորեն» ու բարությամբ վերաբերվեն հոտին (1 Թեսաղ. 2։7, 8)։ Երբ խորհուրդ են տալիս, նրանց նպատակը պետք է լինի դա անել «մեղմությամբ», նույնիսկ եթե խոսում են «անբարյացակամորեն տրամադրված» մարդկանց հետ (2 Տիմոթ. 2։24, 25)։ Երեցները նաև պետք է վայելուչ խոսքեր օգտագործեն, երբ նամակ են գրում մեկ ուրիշ երեցների խորհրդին կամ մասնաճյուղին։ Նրանք պետք է բարյացակամ և նրբանկատ լինեն՝ հետևելով Մատթեոս 7։12–ի խոսքերին։
Վայելուչ կերպով խոսիր ընտանիքում
14. Ի՞նչ խորհուրդ տվեց Պողոսը ամուսիններին և ինչո՞ւ։
14 Պետք չէ թերագնահատել այն, թե ինչ ազդեցություն կարող են թողնել մեր խոսքերը, դեմքի արտահայտությունը և շարժուձևը ուրիշների վրա։ Որոշ տղամարդիկ գուցե լիովին չեն հասկանում, թե իրենց խոսքերը որքա՜ն կարող են խոցել կանանց։ Մի քույր ասում է. «Ես վախենում եմ, երբ ամուսինս բղավում է ինձ վրա»։ Խիստ խոսքերը ավելի մեծ ազդեցություն են թողնում կնոջ, քան տղամարդու վրա, և նա երկար ժամանակ չի կարողանում մոռանալ դրանք (Ղուկ. 2։19)։ Այդ ցավն ավելի անտանելի է, երբ վիրավորողը նա է, ում կինը սիրում է և ուզում է հարգել։ Ահա թե ինչ խորհուրդ է տալիս Պողոսը ամուսիններին. «Շարունակե՛ք սիրել ձեր կանանց և դառնապես մի՛ բարկացեք նրանց վրա» (Կող. 3։19)։
15. Օրինակով ցույց տուր, թե ինչու ամուսինը պետք է քնքշությամբ վերաբերվի իր կնոջը։
15 Մի եղբայր, որն արդեն երկար տարիներ ամուսնացած է, օրինակով բացատրում է, թե ինչու ամուսինը պետք է քնքշությամբ վերաբերվի իր կնոջը, ինչպես «թույլ անոթի»։ Նա ասում է. «Եթե թանկարժեք և նուրբ ծաղկամանի հետ անփութորեն վերաբերվես, այն կճաքի։ Եվ ինչ էլ անես, միևնույնն է, ճաքը կերևա։ Երբ ամուսինը խիստ խոսքեր է ասում կնոջը, վերջինս շատ է վիրավորվում, այդ պատճառով նրանց հարաբերությունների մեջ սեպ է խրվում» (կարդա՛ 1 Պետրոս 3։7)։
16. Ինչպե՞ս կինը կարող է կերտել իր ընտանիքը։
16 Տղամարդիկ նույնպես կարող են կա՛մ քաջալերվել, կա՛մ վհատվել ուրիշների, այդ թվում նաև իրենց կանանց խոսքերից։ «Իմաստուն կինը», որի «վերայ վստահ է իր մարդի սիրտը», հաշվի է առնում վերջինիս զգացմունքները։ Կինը նույն բանը ակնկալում է նաև ամուսնուց (Առակ. 19։14; 31։11)։ Իրականում, ընտանիքում կնոջ ազդեցությունը մեծ է։ «Կնիկների իմաստունը շինում է իր տունը, բայց յիմարը իր ձեռքովը քանդում է նորան»,— ասում է առակագիրը (Առակ. 14։1)։
17. ա) Ինչպե՞ս պետք է երեխաները խոսեն ծնողների հետ։ բ) Ինչպե՞ս պետք է մեծերը խոսեն երեխաների հետ և ինչո՞ւ։
17 Ծնողներն ու երեխաները նույնպես պետք է իրար հետ վայելուչ կերպով խոսեն (Մատթ. 15։4)։ Երեխաների հետ զրուցելիս մտածված խոսելով՝ կխուսափես նրանց «բարկացնելուց» (Կող. 3։21; Եփես. 6։4)։ Նույնիսկ երբ հարկ լինի խրատել նրանց, ծնողներն ու երեցները պետք է հարգանքով խոսեն։ Այդպիսով նրանք կօգնեն, որ երեխաները հեշտությամբ ուղղեն իրենց սխալները և պահպանեն փոխհարաբերությունները Աստծու հետ։ Դա ավելի լավ միջոց է, քան ասել, որ նրանք անուղղելի են, քանի որ երեխաները միգուցե վհատվեն և այլևս չձգտեն փոխվել։ Հնարավոր է՝ երեխաները չհիշեն այն բոլոր խորհուրդները, որ ստացել են, բայց անպայման կհիշեն, թե ինչպես են այդ խորհուրդները տրվել։
Թող վայելուչ խոսքերդ անկեղծ սրտից բխեն
18. Ինչպե՞ս կարող ես ձերբազատվել վնասակար մտքերից և զգացմունքներից։
18 Բարկությունը զսպել չի նշանակում միայն արտաքնապես հանգստություն պահպանել։ Մեր նպատակը չպետք է լինի պարզապես զգացմունքները ճնշելը։ Եթե փորձենք հանգիստ երևալ, բայց ներքուստ բորբոքված լինենք, ավելի շատ կլարվենք։ Պատկերացնենք, թե ինչ կլինի, երբ մեր ոտքը միաժամանակ դնենք և՛ մեքենայի արգելակին, և՛ գազի ոտնակին։ Մեքենան մեծ ճնշման տակ կընկնի և կվնասվի։ Ուստի բարկությունդ մեջդ մի՛ պահիր, որպեսզի հետո այն «չպայթի»։ Աղոթիր Եհովային, որ օգնի քեզ սրտիցդ հանելու վնասակար զգացմունքները։ Թույլ տուր, որ Եհովայի ոգին ազդի մտքիդ ու սրտիդ վրա, որպեսզի վարվես նրա կամքին ներդաշնակ (կարդա՛ Հռոմեացիներ 12։2; Եփեսացիներ 4։23, 24)։
19. Ո՞ր քայլերը կօգնեն մեզ խուսափելու ընդհարումներից։
19 Գործնական քայլեր ձեռնարկիր։ Եթե լարված իրավիճակում ես գտնվում և զգում ես, որ սկսում ես բարկանալ, լավ կլինի հեռանաս այդտեղից՝ թույլ տալով, որ զգացմունքներդ հանդարտվեն (Առակ. 17։14)։ Եթե զրուցակիցդ սկսում է զայրանալ, ավելի շատ ջանքեր գործադրիր, որ վայելուչ կերպով խոսես։ Հիշիր՝ «մեղմ պատասխանը կ’հանգստացնէ բարկութիւնը, բայց վիրաւորիչ խօսքը բարկութիւն կ’գրգռէ» (Առակ. 15։1)։ Կտրուկ կամ ագրեսիվ խոսքը կրակի վրա յուղ կլցնի, նույնիսկ եթե այն ասվի մեղմ տոնով (Առակ. 26։21)։ Ուստի եթե փորձվում է ինքնատիրապետումդ, եղիր «դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ»։ Աղոթիր, որ Եհովայի ոգին օգնի քեզ վատ խոսքեր ասելու փոխարեն՝ լավ խոսքեր ասել (Հակ. 1։19)։
Սրտանց ներիր
20, 21. Ի՞նչը կօգնի մեզ ներելու ուրիշներին, և ինչո՞ւ պետք է այդպես վարվենք։
20 Ցավոք, մեզնից ոչ ոք չի կարող կատարելապես զսպել իր լեզուն (Հակ. 3։2)։ Չնայած գործադրած մեծ ջանքերին՝ ընտանիքի անդամները և մեր սիրելի քույրերն ու եղբայրները երբեմն կարող են այնպիսի բաներ ասել, որոնք կվիրավորեն մեր զգացմունքները։ Սակայն արագ վիրավորվելու փոխարեն՝ համբերատարորեն վերլուծիր, թե ինչու նրանք ասացին կամ արեցին այդ բանը (կարդա՛ Ժողովող 7։8, 9)։ Գուցե նրանք ճնշված են, ինչ–որ բանից վախեցած են, վատ են զգում կամ էլ խնդիր ունեն, որի մասին դու տեղյակ չես։
21 Անշուշտ, այս պատճառները չեն արդարացնում պոռթկումները։ Սակայն դրանց մասին իմանալը օգնում է մեզ հասկանալու, թե ինչու են մարդիկ երբեմն ասում կամ անում բաներ, որոնք չպետք է ասեին կամ անեին։ Դա նաև օգնում է հեշտությամբ ներելու նրանց։ Բոլորս էլ այս կամ այն կերպով վիրավորել ենք ուրիշներին և ակնկալել, որ նրանք մեծահոգաբար կներեն մեզ (Ժող. 7։21, 22)։ Այս առնչությամբ Հիսուսն ասել է, որ Աստծու ներողամտությանը արժանանալու համար, մենք պետք է ներենք ուրիշներին (Մատթ. 6։14, 15; 18։21, 22, 35)։ Ուստի պիտի շտապենք ներողություն խնդրել և ներել։ Այդպես վարվելով՝ մեր ընտանիքում և ժողովում կպահպանենք սերը՝ «միասնության կատարյալ կապը» (Կող. 3։14)։
22. Ինչո՞ւ արժե ջանքեր գործադրել վայելուչ խոսքեր ասելու համար։
22 Մինչ այս չար համակարգը մոտենում է իր վախճանին, մեզ համար ավելի դժվար կլինի պահպանել մեր ուրախությունն ու միասնությունը։ Աստծու Խոսքի սկզբունքները կիրառելու շնորհիվ կկարողանանք ճիշտ օգտագործել մեր լեզուն։ Մենք խաղաղ հարաբերություններ կվայելենք ժողովում և ընտանիքում, ինչպես նաև մեր օրինակով հրաշալի վկայություն կտանք մարդկանց մեր «երջանիկ Աստծու»՝ Եհովայի մասին (1 Տիմոթ. 1։11)։
Ինչպե՞ս կպատասխանես
• Ինչո՞ւ է կարևոր հարմար պահ ընտրել խնդրի մասին խոսելու համար։
• Ինչո՞ւ ընտանիքի անդամները պետք է միշտ «վայելուչ» կերպով խոսեն իրար հետ։
• Ինչպե՞ս կարող ենք խուսափել վիրավորական խոսքեր ասելուց։
• Ի՞նչը կօգնի մեզ, որ ներողամիտ լինենք։
[Նկարներ 21–րդ էջի վրա]
Թող զգացմունքներդ հանդարտվեն, և հարմար պահ ընտրիր խնդրի մասին խոսելու համար
[Նկար 23–րդ էջի վրա]
Ամուսինը միշտ պետք է մեղմորեն խոսի իր կնոջ հետ