Մոտեցեք Աստծուն
Նա մարդկանց մեջ լավն է փնտրում
«ՏԷՐԸ քննում է բոլոր սրտերը եւ գիտէ խորհուրդների բոլոր միտքը» (Ա Մնացորդաց 28։9)։ Այս ներշնչված խոսքերը մեր մեջ մեծ գնահատանք են առաջացնում, քանի որ ցույց են տալիս, որ Եհովան խորապես հետաքրքրված է մեզանով։ Նա լավն է փնտրում մեր մեջ, թեպետ մենք շատ հեռու ենք կատարելությունից։ Դա ակնհայտ է Աբիային ուղղված նրա խոսքերից, որոնք գրի են առնված Գ Թագաւորաց 14։13 համարում։
Աբիան ապրում էր ամբարիշտների ընտանիքում։ Նրա հայրը՝ Հերոբովամը, թագավորական տան գլխավոր հավատուրացն էրa։ Այդ պատճառով Եհովան որոշել էր լիովին բնաջինջ անել Հերոբովամի տունը, «ինչպէս որ աղբն են աւելում» (Գ Թագաւորաց 14։10)։ Սակայն Աստված պատվիրեց, որ Հերոբովամի տնից միայն մեկին՝ Աբիային, որը մահացու հիվանդ էր, պատվավոր կերպով թաղենb։ Ինչո՞ւ։ Աստված ասաց. «Յերոբովամի տանը միայն նորա վերայ մի բարի բան գտնուեցաւ Իսրայէլի Տէր Աստուծոյ առաջին» (Գ Թագաւորաց 14։1, 12, 13)։ Այս խոսքերից ի՞նչ կարող ենք իմանալ Աբիայի մասին։
Աստվածաշնչում չի նշվում, որ Աբիան Աստծու հավատարիմ երկրպագու է եղել։ Այդուհանդերձ, «Տէր Աստուծոյ առաջին» նրա մեջ ինչ-որ լավ բան գտնվեց՝ հավանաբար ճշմարիտ երկրպագության հետ կապված։ Ռաբունական գրողները նշում են, որ Աբիան կա՛մ գնացել է Երուսաղեմի տաճար, կա՛մ հեռացրել է այն պահակներին, որոնց իր հայրը կանգնեցրել էր իսրայելացիների մուտքը Երուսաղեմ արգելելու համար։
Ամեն դեպքում, Աբիայի բարությունը արժանի է ուշադրության։ Առաջին՝ նա բարություն է դրսևորել անկեղծորեն։ Դա եղել է «նորա վերայ», այսինքն՝ նրա սրտում։ Երկրորդ՝ նրա դրսևորած բարությունը բացառիկ էր։ Աբիան բարություն դրսևորեց նույնիսկ այդ ժամանակ, երբ գտնվում էր «Յերոբովամի տանը»։ Մի աստվածաշնչագետ նշում է. «Մեծ գովասանքի են արժանի այն մարդիկ, ովքեր շարունակում են բարություն ցուցաբերել, չնայած որ ապրում են վատ միջավայրում և ընտանիքում»։ Մեկ ուրիշ աստվածաշնչագետ էլ ասում է, որ Աբիայի բարությունն «ակնհայտ է,.... ինչպես որ պայծառ աստղերը մութ երկնքում, ինչպես որ գեղեցիկ մայրիները տերևաթափ եղած ծառերի մեջ»։
Սակայն Գ Թագաւորաց 14։13 համարը մի շատ կարևոր բան է սովորեցնում Եհովայի մասին։ Աբիայի մեջ ինչ-որ լավ բան «գտնուեցաւ»։ Դա նշանակում է, որ Եհովան քննեց Աբիայի սիրտը, մինչև որ բարության մի նշույլ գտավ։ Ինչպես նշում է մի աստվածաշնչագետ, Աբիան միակ մարգարիտն էր «լեռնային բյուրեղների կույտի մեջ»։ Եհովան գնահատեց այդ բարությունը և վարձատրեց Աբիային՝ այդ չար ընտանիքից միայն նրան ողորմելով։
Որքա՜ն է մեր սիրտը ջերմանում, երբ իմանում ենք, որ Եհովան մեր մեջ լավն է փնտրում և գնահատում է մեզ՝ չնայած մեր բազում թերություններին (Սաղմոս 130։3)։ Ինչ խոսք, դա մղում է մեզ է՛լ ավելի մտերմանալու Եհովայի հետ, այն Աստծու, որը ուշադրությամբ քննում է մեր սրտերը՝ «մի բարի բան գտնելու ակնկալիքով»։
[Ծանոթագրություններ]
a Հերոբովամը Իսրայելի հյուսիսային տասցեղ թագավորության մեջ հիմնեց հորթի պաշտամունքը, որպեսզի հետ պահի ժողովրդին Երուսաղեմ գնալուց և տաճարում Եհովային երկրպագություն մատուցելուց։
b Աստվածաշնչային ժամանակներում եթե թույլ չէր տրվում, որ անհատը պատշաճ կերպով թաղվի, դա նշանակում էր, որ այդ մարդը չունի Աստծու հավանությունը (Երեմիա 25։32, 33)։