«Մեկն է ձեր առաջնորդը՝ Քրիստոսը»
««Առաջնորդներ» [մի՛] կոչվեք, որովհետև մեկն է ձեր Առաջնորդը՝ Քրիստոսը» (ՄԱՏԹ. 23։10)։
1. Ո՞ւմ են Եհովայի վկաներն ընդունում որպես Առաջնորդ և ինչո՞ւ։
ՔՐԻՍՏՈՆՅԱ աշխարհի եկեղեցիների առաջնորդները մարդիկ են, ինչպես օրինակ՝ Հռոմի պապը, Արևելյան ուղղափառ եկեղեցու հայրերն ու պատրիարքները և այլն։ Սակայն Եհովայի վկաները չունեն մարդկային առաջնորդ։ Նրանք որևէ մարդու հետևորդ կամ աշակերտ չեն։ Նրանց առաջնորդը Հիսուս Քրիստոսն է, որի մասին Եհովան մարգարեացել էր. «Ահա ես նրան որպես վկա եմ տվել ազգությունների համար, որպես առաջնորդ ու ղեկավար՝ ազգությունների համար» (Ես. 55։4)։ Օծյալ քրիստոնյաների և «ուրիշ ոչխարների» միջազգային ժողովը Եհովայի նշանակած Առաջնորդից բացի ուրիշ ոչ ոքի չի ընդունում որպես առաջնորդ (Հովհ. 10։16)։ Նրանք լիովին համաձայն են Հիսուսի հետևյալ խոսքերին. «Մեկն է ձեր Առաջնորդը՝ Քրիստոսը» (Մատթ. 23։10)։
Իսրայելի ոգեղեն Իշխանը
2, 3. Ի՞նչ կարևոր դեր է խաղացել Աստծու Որդին Իսրայել ժողովրդի կյանքում։
2 Քրիստոնեական ժողովի կազմավորումից դարեր առաջ Եհովան իր ժողովրդի՝ Իսրայել ազգի վրա ոգեղեն առաջնորդ էր նշանակել։ Իսրայելացիներին Եգիպտոսի գերությունից ազատելուց հետո Եհովան ասաց նրանց. «Ահա ես հրեշտակ եմ ուղարկում քո առջևից, որ ճանապարհին պահպանի քեզ ու բերի այն վայրը, որը ես պատրաստել եմ։ Զգույշ եղիր, քանի որ նա քո առջև է, և հնազանդվիր նրա ձայնին։ Նրա դեմ մի՛ ապստամբիր, որովհետև նա չի ների ձեր հանցանքը, քանի որ նա իմ անունն է կրում» (Ելք 23։20, 21)։ Հիմքեր կան վստահ լինելու, որ Եհովայի անունը կրող այդ հրեշտակը Աստծու անդրանիկ Որդին էր։
3 Մինչև երկրի վրա որպես մարդ ծնվելը Աստծու Որդին ակներևաբար կրում էր Միքայել անունը։ «Դանիել» գրքում Միքայելը կոչվում է Իսրայելի «իշխան» (Դան. 10։21)։ Իսկ «Հուդա» գրքից իմանում ենք, որ Միքայելը կարևոր դեր է խաղացել Իսրայել ժողովրդի կյանքում Դանիելից դեռ շատ տարիներ առաջ։ Երբ Մովսեսը մահացավ, Սատանան, ամենայն հավանականությամբ, ուզում էր նրա մարմինը օգտագործել իր նպատակներն իրագործելու համար։ Ըստ երևույթին, նա ուզում էր Իսրայելին դրդել կռապաշտության։ Սակայն Միքայելը խոչընդոտեց նրան։ Հուդան գրում է. «Միքայել հրեշտակապետը, երբ վիճում էր Բանսարկուի հետ Մովսեսի մարմնի համար, չհանդգնեց անարգական խոսքերով դատապարտել նրան, այլ ասաց. «Թող Եհո՛վան քեզ սաստի»» (Հուդա 9)։ Հետագայում՝ Երիքովի պաշարումից առաջ, Միքայելն էր՝ «Եհովայի զորքերի իշխանը», որ հայտնվեց Հեսուին՝ վստահեցնելու, որ Աստված կաջակցի նրան (կարդա՛ Հեսու 5։13–15)։ Իսկ երբ «[դև] իշխանը» փորձում էր խոչընդոտել այն հրեշտակին, որը Դանիել մարգարեին կարևոր լուր պետք է հայտներ, Միքայել հրեշտակապետը օգնության հասավ (Դան. 10։5–7, 12–14)։
Առաջնորդ, որի մասին մարգարեացվել էր
4. Մեսիայի գալստի մասին ի՞նչ էր մարգարեացվել։
4 Վերը նշված դեպքից որոշ ժամանակ առաջ Եհովան Գաբրիել հրեշտակին ուղարկել էր Դանիել մարգարեի մոտ, որպեսզի հայտներ նրան «Մեսիայի՝ Առաջնորդի» գալստի մասին (Դան. 9։21–25)a։ Մարգարեացված ճիշտ ժամանակին՝ մ.թ. 29թ. աշնանը, Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից։ Սուրբ ոգին թափվեց Հիսուսի վրա, և նա դարձավ Օծյալ, այսինքն՝ Քրիստոս, Մեսիա (Մատթ. 3։13–17; Հովհ. 1։29–34; Գաղ. 4։4)։ Նա լինելու էր մի Առաջնորդ, որն իրեն հավասարը չէր ունենալու։
5. Իր երկրային ծառայության ժամանակ Քրիստոսն ինչպե՞ս փաստեց, որ ինքն է «Առաջնորդը»։
5 Երկրի վրա իր ծառայության հենց սկզբից Հիսուսը փաստեց, որ ինքն է Մեսիան՝ Առաջնորդը։ Առաջին մի քանի օրերի ընթացքում նա սկսեց աշակերտներ հավաքել և հետո իր առաջին հրաշքը գործեց (Հովհ. 1։35–2։11)։ Աստծու Թագավորության բարի լուրը քարոզելու համար նա գնում էր քաղաքից քաղաք և գյուղից գյուղ, և այդ շրջագայությունների ընթացքում նրա աշակերտները հետևում էին նրան (Ղուկ. 8։1)։ Հիսուսը սովորեցնում էր նրանց քարոզել։ Առաջնորդություն վերցնելով քարոզչական գործում ու մարդկանց սովորեցնելով՝ նա լավ օրինակ էր ծառայում նրանց համար (Ղուկ. 9։1–6)։ Հիսուսի լավ օրինակին պետք է ձգտեն հետևել նաև ներկայիս քրիստոնյա երեցները։
6. Ինչո՞ւ է տեղին Քրիստոսին անվանել Հովիվ և Առաջնորդ։
6 Մի անգամ Հիսուսն իրեն համեմատեց սիրալիր հովվի հետ և դրանով նկարագրեց, թե ինչպիսին էր ինքը որպես Առաջնորդ։ Արևելյան երկրներում հովիվները իրենց հոտի առջևից են քայլում՝ առաջնորդելով նրանց։ Ուիլյամ Թոմսոնը իր գրքում գրել է. «Հովիվը հոտի առջևից է քայլում ոչ միայն ճանապարհը ցույց տալու համար, այլև հավաստիանալու, որ ոչխարների համար ճանապարհը ապահով է և հեշտ անցանելի։ .... Նա գավազանով հովվում է նրանց, առաջնորդում դեպի պարարտ արոտավայրեր և պաշտպանում գիշատիչներից» (The Land and the Book)։ Ցույց տալով, որ ինքն է ճշմարիտ Հովիվը և Առաջնորդը՝ Հիսուսն ասաց. «Ես եմ բարի հովիվը. բարի հովիվը իր հոգին տալիս է իր ոչխարների համար։ Իմ ոչխարները լսում են իմ ձայնը, և ես ճանաչում եմ նրանց, ու նրանք իմ հետևից են գալիս» (Հովհ. 10։11, 27)։ Այս խոսքերի համաձայն՝ Հիսուսն իր կյանքը զոհեց հանուն իր գառների, և Եհովան «նրան՝ որպես Գլխավոր Առաջնորդի ու Փրկչի, իր աջ կողմը բարձրացրեց» (Գործ. 5։31; Եբր. 13։20)։
Քրիստոնեական ժողովի Վերակացու
7. Ինչպե՞ս է Հիսուսը վերահսկում քրիստոնեական ժողովը։
7 Հ Հարություն առնելուց հետո Հիսուս Քրիստոսն իր աշակերտներին ասաց. «Երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը ինձ է տրվել» (Մատթ. 28։18)։ Իսկ երկինք համբարձվելուց կարճ ժամանակ անց Հիսուսն իր Հոր կողմից լիազորվեց՝ սուրբ ոգին ուղարկելու իր աշակերտներին, որպեսզի նրանք ճշմարտության մեջ հաստատվեն (Հովհ. 15։26)։ 33թ. Պենտեկոստեին Հիսուսը սուրբ ոգին տվեց մի խումբ քրիստոնյաների (Գործ. 2։33)։ Այդպիսով հիմնվեց քրիստոնեական ժողովը, և Եհովան իր Որդուն Առաջնորդ նշանակեց այդ ժողովի վրա (կարդա՛ Եփեսացիներ 1։22; Կողոսացիներ 1։13, 18)։ Մինչև հիմա Հիսուսը երկնքից առաջնորդում է քրիստոնեական ժողովը սուրբ ոգու միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև հավատարիմ հրեշտակների միջոցով, որոնք «իրեն հպատակեցվեցին» (1 Պետ. 3։22)։
8. Ո՞ւմ միջոցով էր Քրիստոսն առաջնորդում քրիստոնյաներին առաջին դարում և ո՞ւմ միջոցով է առաջնորդում նրանց այսօր։
8 Քրիստոսը սուրբ ոգու միջոցով նաև «մարդկանց տեսքով պարգևներ» է նշանակում՝ տղամարդկանց, ովքեր ժողովում ծառայում են որպես «հովիվներ և ուսուցիչներ» (Եփես. 4։8, 11)։ Այս քրիստոնյա վերակացուներին Պողոս առաքյալը հորդորում է. «Ուշադիր եղեք ձեր անձերին և ամբողջ հոտին, որի մեջ սուրբ ոգին ձեզ վերակացուներ նշանակեց Աստծու ժողովը հովվելու համար» (Գործ. 20։28)։ Առաջին դարում նորաստեղծ քրիստոնեական ժողովի բոլոր վերակացուները օծյալ քրիստոնյաներ էին, իսկ Երուսաղեմի ժողովի առաքյալներն ու երեցները ծառայում էին որպես կառավարիչ մարմին։ Քրիստոսը նրանց միջոցով առաջնորդում էր երկրի վրա գտնվող իր բոլոր օծյալ «եղբայրներին» (Եբր. 2։11; Գործ. 16։4, 5)։ Իսկ մեր օրերում Քրիստոսն «իր ողջ ունեցվածքը», այսինքն՝ այն ամենը, ինչ կապված է իր Թագավորության շահերն առաջ տանելու գործի հետ, վստահել է «հավատարիմ և իմաստուն ծառային» և նրա ներկայացուցչին՝ Կառավարիչ մարմնին, որը բաղկացած է մի խումբ օծյալ քրիստոնյա տղամարդկանցից (Մատթ. 24։45–47)։ Այսօր օծյալ քրիստոնյաներն ու նրանց ընկերակցող «ուրիշ ոչխարները» գիտակցում են, որ ընդունելով Կառավարիչ մարմնի առաջնորդությունը՝ իրականում հետևում են իրենց Առաջնորդին՝ Քրիստոսին։
Քարոզչական գործի հիմնադիր
9, 10. Քրիստոսն ինչպե՞ս ընթացք տվեց քարոզչական գործին։
9 Իր ծառայության հենց սկզբից Հիսուսն անձամբ ընթացք տվեց համաշխարհային քարոզչական գործին։ Նա հրահանգներ տվեց իր հետևորդներին, թե ինչպես պետք է Թագավորության բարի լուրը տարածեն աշխարհով մեկ։ Սկզբում նա պատվիրեց. «Մի՛ գնացեք այլազգի մարդկանց մոտ և մի՛ մտեք սամարացիների որևէ քաղաք, այլ գնացեք Իսրայելի տան կորած ոչխարների մոտ։ Եվ երբ գնաք, քարոզեք ու ասացեք. «Երկնքի թագավորությունը մոտեցել է»» (Մատթ. 10։5–7)։ Այդպես էլ եղավ։ Հիսուսի աշակերտները սկզբում քարոզեցին հրեաներին և պրոզելիտներին, այսինքն՝ նորահավատներին, իսկ 33-ի Պենտեկոստեից հետո այդ գործը շարունակեցին անել ավելի մեծ եռանդով (Գործ. 2։4, 5, 10, 11; 5։42; 6։7)։
10 Հետագայում Հիսուսը սուրբ ոգու միջոցով իր հետևորդներին հրահանգ տվեց ընդլայնել քարոզչական գործը և վկայություն տալ նաև սամարացիներին և ոչ հրեաներին (Գործ. 8։5, 6, 14–17; 10։19–22, 44, 45)։ Որպեսզի բարի լուրը հասներ բոլոր ազգերին, Հիսուսն անձամբ քայլեր ձեռնարկեց, որ տարսոնացի Սողոսը դառնա քրիստոնյա։ Նա իր աշակերտներից մեկին՝ Անանիային, պատվիրեց. «Վե՛ր կաց, գնա՛ այն փողոցը, որ «Ուղիղ» է կոչվում, և Հուդայի տանը փնտրիր Սողոս անունով մի տարսոնացու։ .... Գնա՛, որովհետև այս մարդը ընտրյալ անոթ է ինձ համար, որ իմ անունը տանի մյուս ազգերին, ինչպես նաև թագավորներին ու Իսրայելի որդիներին» (Գործ. 9։3–6, 10, 11, 15)։ Այդ մարդը հետագայում հայտնի դարձավ որպես Պողոս առաքյալ (1 Տիմոթ. 2։7)։
11. Քրիստոսն ինչպե՞ս ընդլայնեց քարոզչական գործը սուրբ ոգու միջոցով։
11 Երբ արդեն ժամանակը եկել էր քարոզչական գործը ընդլայնելու և Թագավորության բարի լուրը ոչ հրեաներին հասցնելու, Եհովայի սուրբ ոգին Պողոսին ուղարկեց Փոքր Ասիա և հետո Եվրոպա։ «Գործեր» գրքում Ղուկասը գրել է. «Երբ նրանք [այսինքն՝ Ասորիքի Անտիոքի քրիստոնեական ժողովի մարգարեները և ուսուցիչները] ծառայություն էին մատուցում Եհովային և ծոմապահություն էին անում, սուրբ ոգին ասաց. «Բոլոր մարդկանցից ինձ համար առանձնացրեք Բառնաբասին ու Սողոսին այն գործի համար, որին նրանց կանչեցի»։ Այդ ժամանակ նրանք ծոմ պահեցին, աղոթեցին, իրենց ձեռքերը դրեցին նրանց վրա և ուղարկեցին» (Գործ. 13։2, 3)։ Ինչպես արդեն իմացանք, Հիսուսն էր անձամբ ընտրել տարսոնացի Սողոսին իր «ընտրյալ անոթը» լինելու և ազգերին իր մասին վկայություն տալու համար։ Ուստի կարելի է ասել, որ Քրիստոսի՝ ժողովի Առաջնորդի շնորհիվ էր, որ քարոզչական գործին նոր զարկ տրվեց։ Իսկ Պողոսի երկրորդ միսիոներական շրջագայության ընթացքում ավելի պարզ դարձավ, որ Հիսուսն է այդ գործն առաջնորդում։ Աստվածաշնչում ասվում է, որ այդ ժամանակ Պողոսին և նրա ուղեկիցներին առաջնորդում էր «Հիսուսի ոգին», այսինքն՝ Հիսուսն էր առաջնորդում սուրբ ոգու միջոցով։ Նա նրանց հայտնում էր, թե ուր պետք է գնան և երբ։ Այդ ժամանակ էր, որ տեսիլքի միջոցով նրանց առաջնորդություն տրվեց գնալ Եվրոպա (կարդա՛ Գործեր 16։6–10)։
Ժողովի Գլուխ
12, 13. Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսը հետաքրքրվում է յուրաքանչյուր ժողովով։
12 Հիսուսը ուշադրությամբ հետևում էր, թե ինչ էր կատարվում առաջին դարի քրիստոնեական ժողովներում, որոնք բաղկացած էին իր օծյալ հետևորդներից։ «Հայտնություն» գրքի 2-րդ և 3-րդ գլուխներից երևում է, որ նա լավ գիտեր յուրաքանչյուր ժողովի հոգևոր վիճակը։ Այնտեղ նա խոսում է Փոքր Ասիայում գտնվող յոթ ժողովների մասին (Հայտն. 1։11)։ Սակայն կարող ենք համոզված լինել, որ նա նաև լիովին տեղյակ էր մյուս բոլոր ժողովների հոգևոր վիճակին (կարդա՛ Հայտնություն 2։23)։
13 Հիսուսը գովեստի խոսքեր ասաց որոշ ժողովների, քանի որ նրանք տոկունություն էին դրսևորել, փորձությունների ենթարկվելիս հավատարիմ էին մնացել, նրա խոսքը պահել էին և հավատուրացներին մերժել (Հայտն. 2։2, 9, 13, 19; 3։8)։ Բայց նա նաև հանդիմանեց այդ ժողովներից մի քանիսին, քանի որ թողել էին այն սերը, որ սկզբից ունեին, աչք էին փակել կռապաշտության և պոռնկության վրա և հանդուրժել էին աղանդավորներին (Հայտն. 2։4, 14, 15, 20; 3։15, 16)։ Սակայն քանի որ նա սիրառատ վերակացու էր, իր հոգածության տակ եղողներին, այդ թվում նաև նրանց, ում խրատեց, ասաց. «Բոլոր նրանց, ում սիրում եմ, հանդիմանում եմ ու խրատում։ Ուստի նախանձախնդիր եղիր և զղջա» (Հայտն. 3։19)։ Թեպետ Հիսուսը երկնքում էր, նա սուրբ ոգու միջոցով առաջնորդում էր երկրի վրա գտնվող իր աշակերտներին։ Ուստի ժողովներին ուղղված իր պատգամի վերջում Հիսուսն ասաց. «Ով ականջ ունի, թող լսի, թե ոգին ինչ է ասում ժողովներին» (Հայտն. 3։22)։
14–16. ա) Ի՞նչ տարբեր ձևերով է Հիսուսն առաջնորդել Եհովայի ժողովրդին։ բ) Ի՞նչ արդյունք ունեցավ այն, որ Քրիստոսը շարունակեց իր աշակերտների հետ լինել։ գ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
14 Այս հոդվածում տեսանք, որ Միքայել հրեշտակապետը, այսինքն՝ Հիսուսը, Իսրայել ազգի իշխանն է եղել, իսկ իր աշակերտների համար՝ սիրալիր Առաջնորդ և Հովիվ։ Երկրի վրա եղած ժամանակ նա առաջնորդություն վերցրեց քարոզչական գործում։ Իսկ հարություն առնելուց հետո վերահսկեց այդ գործը և հոգ տարավ, որ այն հասնի մեծ մասշտաբների։
15 Երկինք համբարձվելուց առաջ Հիսուս Քրիստոսը խոստացավ, որ սուրբ ոգու միջոցով կառաջնորդի քարոզչական գործը, որպեսզի բարի լուրը տարածվի ամբողջ աշխարհով մեկ։ Իր աշակերտներին նա ասաց. «Զորություն կստանաք, երբ սուրբ ոգին գա ձեզ վրա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8; կարդա՛ 1 Պետրոս 1։12)։ Եվ իրոք, Քրիստոսի առաջնորդությամբ առաջին դարում հսկայածավալ վկայություն տրվեց (Կող. 1։23)։
16 Սակայն Հիսուսն ասաց, որ քարոզչական գործը պիտի շարունակվի մինչև աշխարհի վերջը։ Երբ իր հետևորդներին հանձնարարեց քարոզել և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստել, նա նաև խոստացավ. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։19, 20)։ Քրիստոսը պահեց իր խոստումը։ Իսկ 1914թ.-ին թագադրվելուց հետո սկսեց ավելի ակտիվորեն աջակցել իր աշակերտներին և ավելի ցայտուն կերպով գործել որպես նրանց Առաջնորդ։ Հաջորդ հոդվածում կքննարկենք, թե Քրիստոսն ինչ հսկայական գործով է զբաղված 1914-ից ի վեր։
[Ծանոթագրություն]
a Այս մարգարեության մասին հավելյալ տեղեկություններ կարող ես գտնել «Ուշադրություն դարձրեք Դանիելի մարգարեությանը» գրքի 11-րդ գլխում (ռուս.)։
Փորձենք հիշել
• Աստծու Որդին ինչպե՞ս է առաջնորդել Իսրայել ազգին։
• Ինչի՞ միջոցով է Քրիստոսն առաջնորդում իր ժողովին։
• Ինչպե՞ս է Քրիստոսը մինչև օրս առաջնորդում քարոզչական գործը։
• Որտեղի՞ց գիտենք, որ Քրիստոսը հետաքրքրված է յուրաքանչյուր ժողովի հոգևոր վիճակով։
[Նկար 21–րդ էջի վրա]
«Ահա ես հրեշտակ եմ ուղարկում քո առջևից»
[Նկար 23–րդ էջի վրա]
Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա Քրիստոսն իր հոտը հովվում է «մարդկանց տեսքով պարգևների» միջոցով