Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 10/15 էջ 29–31
  • Ապրում եմ՝ հետևելով հորս խորհրդին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ապրում եմ՝ հետևելով հորս խորհրդին
  • 2010 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Նոր տուն, նոր համագործակից
  • Քարոզում ենք Գասպեում
  • Ժառանգություն ենք ստանում
  • Շինարարական նախագծերը պահանջում են սեր, նվիրվածություն ու հավատարմություն
  • Երախտապարտ եմ Եհովային
  • Լավ օրինակներից սովորելով՝ առատապես օրհնվել եմ
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նրանք երբեք իրենց հույսը չէին կտրում ինձնից
    2012 Արթնացե՛ք
  • Անհատական հետաքրքրություն ցուցաբերելը հարատև օգուտներ է բերում
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Վճռել եմ չթուլացնել ձեռքերս
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2010 Դիտարան
w10 10/15 էջ 29–31

Ապրում եմ՝ հետևելով հորս խորհրդին

ՊԱՏՄՈՒՄ Է ՎԵՐՆՈՆ ԶՈՒԲԿՈՆ

ՄԵԾԱՑԵԼ եմ Սասկաչևան նահանգի (Կանադա) Ստենեն գյուղի մոտակայքում գտնվող ֆերմայում։ Ծնողներս՝ Ֆրեդն ու Ադելան, մեծ ջանքեր էին ներդնում, որ սովորեցնեն մեզ Եհովայի մասին, և տքնաջան աշխատում էին, որ հոգան ավագ քրոջս՝ Ավրելիայի, իմ, ինչպես նաև կրտսեր եղբայրներիս՝ Ալվինի, Դերիլի ու քրոջս՝ Ալեգրայի մասին։ Մինչ օրս երախտապարտ ենք մեր ծնողներին, որ սովորեցրել են մեզ ճշմարտությունը։

Հայրս, որը օծյալ քրիստոնյա էր, անվախ ավետարանիչ էր։ Նա ջանասիրաբար աշխատում էր, բայցև բոլորին հայտնում էր, որ Վկա է։ Հայրս միշտ խոսում էր ճշմարտության մասին։ Երբեք չեմ մոռանա նրա եռանդն ու քաջությունը։ Հաճախ ասում էր ինձ. «Միշտ զբաղված եղիր Եհովայի կազմակերպության մեջ և կխուսափես շատ խնդիրներից»։

Ստենենում և մոտակա համայնքներում հաճախ էինք փողոցի վկայություն տալիս։ Միշտ չէ, որ դա հեշտ էր ինձ համար։ Այդ վայրերից յուրաքանչյուրում խուլիգաններ կային, որոնք մոտենում էին մեզ՝ փոքրերիս, ու ծաղրում։ Ութ տարեկանում ինձ հետ հետևյալ դեպքը տեղի ունեցավ. մի անգամ կանգնել էի փողոցի անկյունում՝ «Դիտարանն» ու «Արթնացե՛ք»-ը ձեռքիս, և հանկարծ մի խումբ պատանիներ շրջապատեցին ինձ։ Նրանք գլխիցս հանեցին իմ նոր գլխարկն ու գցեցին կողքիս գերանին։ Բարեբախտաբար, ինձնից մեծ մի եղբայր, որը հետևում էր ինձ, տեսնելով դա՝ մոտեցավ ու հարցրեց. «Ինչ-որ բա՞ն է եղել, Վե՛րն»։ Տղաները անմիջապես անհետացան։ Թեև դա տհաճ միջադեպ էր, սակայն սովորեցի, որ փողոցի վկայություն տալիս պետք է շարժվել և ոչ թե սյան պես կանգնած մնալ։ Մինչ մեծանում էի, այդպիսի դեպքերը քաջություն էին տալիս ինձ, որ գնամ տնից տուն։

Ես ու Ալվինը մկրտվեցինք 1951​թ. մայիսին։ Այդ ժամանակ 13 տարեկան էի։ Մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես մկրտության ելույթը ներկայացնող եղբայրը՝ Ջեկ Նեյթնը, խրախուսեց մեզ, որ երբեք թույլ չտանք՝ ամիսն անցնի ու մենք չխոսենք Եհովայի մասինa։ Մեր ընտանիքում ռահվիրայական ծառայությունը համարվում էր կյանքի լավագույն ուղին։ Ուստի 1958​թ.-ին՝ դպրոցն ավարտելուց հետո, ռահվիրա ծառայելու նպատակով տեղափոխվեցի Վինիպեգ (Մանիտոբա)։ Թեև հայրս ուրախ էր, որ օգնում էի իրեն ընտանեկան բիզնեսում որպես ռանդող բանվոր, սակայն նա և մայրս մեծապես քաջալերեցին ինձ, որ լիաժամ ծառայություն սկսեմ, ու հավանություն տվեցին իմ տեղափոխվելուն։

Նոր տուն, նոր համագործակից

1959​թ.-ին մասնաճյուղը հրավիրեց կամավորների տեղափոխվել Քվեբեկ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար։ Ես գնացի Մոնրեալ՝ ծառայելու որպես ռահվիրա։ Ի՜նչ մեծ փոփոխություն։ Սա մի նոր էջ էր իմ կյանքում, քանի որ սովորում էի ֆրանսերեն ու պետք է հարմարվեի նոր մշակույթի։ Մեր շրջանային վերակացուն մի օգտակար խորհուրդ տվեց ինձ. «Երբեք չասես՝ մեզ մոտ ընդունված է այսպես անել» (1 Կորնթ. 9։22, 23)։

Երբ տեղափոխվեցի Քվեբեկ, ռահվիրա համագործակից չունեի։ 1961​թ. փետրվարին ամուսնացա Շիրլի Տուրկոտի հետ, ում ավելի շուտ հանդիպել էի Վինիպեգում, և նա դարձավ իմ մշտական համագործակիցը։ Շիրլին նույնպես մի ընտանիքից էր, որը սիրում էր Եհովային։ Այդ ժամանակ լիովին չէի պատկերացնում, որ տարիների ընթացքում նա ինձ համար զորության ու քաջալերանքի անգնահատելի աղբյուր կդառնա։

Քարոզում ենք Գասպեում

Ամուսնությունից երկու տարի անց մեզ նշանակեցին ծառայելու հատուկ ռահվիրա Ռիմուսկիում (Քվեբեկ)։ Հաջորդ գարնանը մասնաճյուղը խնդրեց մեզ քարոզել Գասպե թերակղզում, որը ձգվում է Կանադայի արևելյան ափի երկայնքով։ Մեր նպատակը հնարավորինս շատ ճշմարտության սերմեր ցանելն էր (Ժող. 11։6)։ Մեքենայի մեջ լցրինք 1000-ից ավելի պարբերագիր, մոտ 400 գիրք, ինչպես նաև մեզ հետ վերցրինք կերակուր ու հագուստ, որ մեկ ամիս քարոզենք այդ տարածքում։ Կանոնավորաբար մշակում էինք Գասպեի բոլոր փոքր գյուղերը։ Տեղի ռադիոյով նախազգուշացրին, որ Վկաներ են գալու և որ բնակիչները գրականություն չվերցնեն նրանցից։ Սակայն բնակիչների մեծամասնությունը սխալ հասկացավ այդ հայտարարությունը. նրանց թվաց, թե մեր գրականություններն են գովազդում, ուստի վերցրին դրանք։

Այդ տարիներին Քվեբեկի որոշ մասերում ազատ քարոզելը նորություն էր և սովորական բան էր, որ ոստիկանները կանգնեցնեն քարոզչին։ Մի քաղաքում, որտեղ համարյա թե ամեն դռան մոտ գրականություն էինք բաժանում, հետևյալ դեպքը տեղի ունեցավ։ Մեզ մոտեցավ մի սպա և ասաց, որ իր հետ գնանք ոստիկանության բաժանմունք։ Այդպես էլ արեցինք։ Ես իմացա, որ քաղաքի դատախազը հրաման էր արձակել, որ չքարոզենք։ Քանի որ ոստիկանապետը այդ օրը տեղում չէր, ես դատախազին ներկայացրի Տորոնտոյում գտնվող մասնաճյուղից մի նամակ, որտեղ մանրամասնորեն գրված էր, որ մենք իրավունք ունենք քարոզելու։ Նամակը կարդալուց հետո դատախազն արագորեն ասաց. «Լսե՛ք, ինձ խնդիրներ պետք չեն։ Ծխական քահանան է ինձ ասել, որ չթողնեմ ձեզ քարոզել»։ Քանի որ ուզում էինք, որ տարածքի մարդիկ հասկանան, որ մեր աշխատանքն անօրինական չէ, անմիջապես վերադարձանք այն վայրը, որտեղ մեզ կանգնեցրել էր ոստիկանությունը, և վերսկսեցինք մեր ծառայությունը։

Հաջորդ առավոտ վերադարձանք ոստիկանապետին տեսնելու։ Նա վրդովվեց, երբ իմացավ մեզ հետ պատահածի մասին։ Պետք է միայն լսեիք, թե ինչպես էր նա հեռախոսով խոսում դատախազի հետ։ Ոստիկանապետն ասաց մեզ, որ եթե խնդիրներ ունենանք, պետք է հենց իրեն զանգահարենք, և նա կլուծի դրանք։ Առհասարակ մարդիկ շատ բարի ու հյուրասեր էին մեր հանդեպ, թեև օտարներ էինք ու ֆրանսերեն լավ չէինք խոսում։ Հաճախ էինք մտածում. «Երբևէ կընդունե՞ն նրանք ճշմարտությունը»։ Այս հարցի պատասխանը ստացանք տարիներ անց, երբ վերադարձանք Գասպե, որ ողջ տարածքում Թագավորության սրահներ կառուցենք։ Այդ ժամանակ իմացանք, որ շատերը, ում վկայություն էինք տվել, այժմ մեր եղբայրներն են։ Իսկապես, աճեցնողը Եհովան է (1 Կորնթ. 3։6, 7)։

Ժառանգություն ենք ստանում

1970​թ.-ին ծնվեց մեր աղջիկը՝ Լիզան։ Եհովայից ստացած այս ժառանգությունը մեծ ուրախություն պարգևեց մեզ։ Շիրլին ու Լիզան ինձ հետ աշխատում էին Թագավորության սրահների շինարարության բազում նախագծերի վրա։ Դպրոցն ավարտելուց հետո Լիզան ասաց. «Դե՛, մա՛մ ջան, պա՛պ ջան, քանի որ իմ պատճառով դադարեցրիք լիաժամ ծառայությունը, կփորձեմ փոխհատուցել՝ դառնալով ռահվիրա»։ Ավելի քան 20 տարի է, ինչ Լիզան ծառայում է ռահվիրա, սակայն այժմ իր ամուսնու՝ Սիլվենի հետ։ Միասին նրանք առանձնաշնորհում են ունեցել մասնակցելու մի քանի միջազգային շինարարական նախագծերի։ Որպես ընտանիք՝ մեր նպատակն է պարզ կյանքով ապրել և տրամադրել մեր անձը Եհովային ծառայելուն։ Լիզայի խոսքերը, որոնք նա ասաց ռահվիրայություն սկսելիս, դաջվեցին իմ մտքում, ու 2001​թ.-ին վերսկսեցի լիաժամ ծառայությունը, որը շարունակում եմ մինչ օրս։ Այդ ծառայության շնորհիվ սովորում եմ ամեն ինչում ապավինել Եհովային և ապրել պարզ, սակայն բավարարվածություն բերող ու երջանիկ կյանքով։

Շինարարական նախագծերը պահանջում են սեր, նվիրվածություն ու հավատարմություն

Եհովան սովորեցրել է ինձ, որ եթե պատրաստակամությամբ ստանձնենք իր տված բոլոր նշանակումները, բազում օրհնություններ կհնձենք։ Ինձ համար թանկ առանձնաշնորհում է Տարածաշրջանային շինարարական կոմիտեում ծառայելը ու ողջ Քվեբեկում և այլ վայրերում քույրերիս ու եղբայրներիս հետ շինարարական նախագծեր իրականացնելը։

Գուցե որոշ կամավորներ չեն կարող հրաշալի ելույթներ ունենալ բեմից, սակայն իրենց գործն անելիս փայլում են աստղերի պես։ Այս սիրելի եղբայրներն իրենց սիրտն են դնում աշխատանքի մեջ, ու նրանց տաղանդները ակնառու են դառնում։ Արդյունքում մի գեղեցիկ շենք է կանգնում, որն օգտագործվում է Եհովային երկրպագելու համար։

Երբեմն ինձ հարցնում են. «Որո՞նք են այն ամենակարևոր հատկությունները, որ Թագավորության սրահների շինարարության նախագծին մասնակցողը պետք է ունենա»։ Իմ փորձից համոզվել եմ, որ առաջին հերթին անհատը պետք է սիրի Եհովային ու իր Որդուն, ինչպես նաև ողջ եղբայրությունը (1 Կորնթ. 16։14)։ Երկրորդ՝ կարևոր են նվիրվածությունն ու հավատարմությունը։ Երբ գործն այնպես չի ընթանում, ինչպես կուզեինք, և երբեմն հենց այդպես էլ լինում է, նվիրված մարդը շարունակում է աջակցել աստվածապետական կարգին։ Իսկ հավատարմությունը մղում է նրան որպես կամավոր մասնակցելու ապագա նախագծերին։

Երախտապարտ եմ Եհովային

Թեև հայրս մահացավ 1985​թ.-ին, նրա խորհուրդը, որ միշտ զբաղված լինեմ Եհովայի կազմակերպության մեջ, դաջված է իմ մտքում։ Ուրիշների նման, ովքեր ստացել են իրենց նշանակումը Եհովայի կազմակերպության երկնային մասում, նա, անկասկած, նույնպես զբաղված է (Հայտն. 14։13)։ Մայրս այժմ 97 տարեկան է։ Թեև կաթվածի պատճառով չի կարող առաջվա պես լավ խոսել, սակայն դեռ հիշում է աստվածաշնչյան համարները։ Իր նամակներում մեջբերում է դրանք և քաջալերում մեզ, որ շարունակենք հավատարմորեն ծառայել Եհովային։ Ես, քույրերս ու եղբայրներս անչափ երախտապարտ ենք մեր սիրառատ ծնողների համար։

Ես նաև երախտապարտ եմ Եհովային Շիրլիի՝ իմ հավատարիմ կնոջ ու ընկերոջ համար։ Նա սրտում պահում է իր մոր տված խորհուրդը. «Վերնը ճշմարտության մեջ շատ զբաղված է լինելու, իսկ դու պետք է սովորես, որ նա, քեզնից բացի, ուրիշներին էլ է ժամանակ տրամադրելու»։ Երբ 49 տարի առաջ ամուսնացանք, վճռեցինք, որ միասին ենք ծերանալու՝ ծառայելով Եհովային, ու եթե երկուսս վերապրենք այս համակարգից, միասին կերիտասարդանանք և կծառայենք Աստծուն հավիտյան։ Այո՛, մենք «միշտ զբաղված ենք եղել Տիրոջ գործում» (1 Կորնթ. 15։58)։ Իսկ Եհովան իսկապես հոգ է տարել մեր մասին, և երբեք լավ բանի պակաս չենք ունեցել։

[ծանոթագրություն]

a Ջեկ Հալիդեյ Նեյթնի կենսագրությունը կարող եք կարդալ 1990​թ. սեպտեմբերի 1-ի «Դիտարանում», էջ 10–14 (ռուս.)։

[նկար 31-րդ էջի վրա]

«Որպես ընտանիք՝ մեր նպատակն է պարզ կյանքով ապրել և տրամադրել մեր անձը Եհովային ծառայելուն»

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը