Ընթերցողների հարցերը
Ինչո՞ւ Մովսեսը բարկացավ Ահարոնի որդիներ Եղիազարի ու Իթամարի վրա իրենց եղբայրների՝ Նադաբի և Աբիուի մահից հետո, և ինչպե՞ս նրա բարկությունը հանդարտվեց (Ղևտ. 10։16–20)։
Խորանում ծառայություն մատուցելու համար քահանայություն հաստատելուց կարճ ժամանակ անց Եհովան մահվան մատնեց Ահարոնի որդիներ Նադաբին և Աբիուին, քանի որ նրանք ապօրինի կրակ էին մատուցել իր առաջ (Ղևտ. 10։1, 2)։ Մովսեսը հրամայեց Ահարոնի ողջ մնացած որդիներին չսգալ իրենց մահացած եղբայրների համար։ Շատ չանցած՝ նա բարկացավ Եղիազարի ու Իթամարի վրա, քանի որ չէին կերել մեղքի ընծայի նոխազը (Ղևտ. 9։3)։ Ինչո՞ւ Մովսեսն այդպես արձագանքեց։
Եհովայի օրենքներում, որոնք նա տվել էր Մովսեսին, նշվում էր, որ մեղքի ընծա մատուցող քահանան պետք է ուտեր դրա մի մասը հանդիպման վրանի գավիթում։ Այդպիսով կարծես պատասխան էր տալիս զոհաբերություն անողների մեղքերի համար։ Սակայն եթե զոհաբերության արյան մի մասը բերվում էր սուրբ վայր՝ սրբարանի առաջին բաժանմունք, նա չպետք է ուտեր ընծան, այլ պետք է այրեր (Ղևտ. 6։24–26, 30)։
Հավանաբար, այդ օրվա ողբերգական իրադարձություններից հետո Մովսեսը հարկ համարեց հավաստիանալ, որ Եհովայի բոլոր հրահանգները կատարված են։ Երբ նա բացահայտեց, որ մեղքի ընծայի նոխազը այրվել է, վրդովված հարցրեց Եղիազարին և Իթամարին, թե ինչու չեն կերել այն, ինչպես պատվիրված է, քանի որ դրա արյունը չէր ներկայացվել Եհովայի առաջ սուրբ վայրում (Ղևտ. 10։17, 18)։
Մովսեսի հարցին պատասխանեց Ահարոնը, քանի որ ողջ մնացած քահանաները, ակներևաբար, նրա հավանությամբ էին գործել։ Քանի որ իր երկու որդիները մահվան էին մատնվել, Ահարոնը գուցե մտածել էր, թե արդյոք քահանաներից որևէ մեկը կարող է այդ օրը մաքուր խղճով ուտել մեղքի ընծան։ Հավանաբար, նա եկել էր այն եզրահանգման, որ եթե իր որդիները ուտեին այն, ապա դա հաճելի չէր լինի Եհովային, թեև նրանք անմիջական պատասխանատվություն չէին կրում Նադաբի և Աբիուի սխալի համար (Ղևտ. 10։19)։
Շատ հնարավոր է՝ Ահարոնը մտածել էր, որ առաջին անգամ քահանայական պարտականությունները կատարելիս իր ընտանիքի անդամները պետք է շատ ուշադիր լինեին, որ հաճեցնեն Աստծուն անգամ փոքր բաներում։ Այնուհանդերձ, Եհովայի անունը անարգվել էր Նադաբի և Աբիուի պատճառով, ու նրա բարկությունը բորբոքվել էր նրանց դեմ։ Ուստի Ահարոնը թերևս եկել էր այն եզրահանգման, որ քահանայական ընտանիքի անդամները չպետք է ուտեին սուրբ ընծայից, քանի որ իրենց ընտանիքում այդպիսի մեղք էր գործվել։
Թվում է՝ Մովսեսը ընդունեց իր եղբոր պատասխանը, քանի որ արձանագրությունն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Երբ Մովսեսը լսեց այդ խոսքերը, դրանք հաճելի եղան նրա աչքին» (Ղևտ. 10։20)։ Ակներևաբար, Եհովային նույնպես բավարարեց Ահարոնի պատասխանը։