«Հնազանդությունը զոհից լավ է»
ՀԻՆ Իսրայելի առաջին թագավորը Սավուղն էր։ Թեև նրան ճշմարիտ Աստված էր ընտրել, սակայն Սավուղը անհնազանդ դարձավ։
Ի՞նչ սխալներ թույլ տվեց նա։ Կարո՞ղ էր խուսափել դրանցից։ Ի՞նչ օգուտներ կարող ենք մենք ստանալ՝ քննելով նրա օրինակը։
Եհովան հայտնում է, թե ով է իր ընտրած թագավորը
Մինչ Սավուղի թագավոր դառնալը Սամուել մարգարեն Աստծու ներկայացուցիչն էր Իսրայելում։ Սակայն այժմ Սամուելը ծեր էր, նրա որդիները անհավատարիմ էին, իսկ ազգին սպառնում էին թշնամիները։ Երբ Իսրայելի երեցները խնդրեցին Սամուելին իրենց վրա թագավոր նշանակել, որ դատի իրենց և առաջնորդի պատերազմում, Եհովան պատվիրեց մարգարեին, որ օծի Սավուղին որպես առաջնորդ՝ ասելով. «Նա իմ ժողովրդին պիտի փրկի փղշտացիների ձեռքից» (1 Սամ. 8։4–7, 20; 9։16)։
Սավուղը «երիտասարդ էր ու բարետես»։ Բացի իր հաճելի արտաքին տեսքից, նա նաև լավ հատկություններ ուներ, օրինակ՝ խոնարհություն։ Մի անգամ նա Սամուելին խոնարհաբար հարցրեց. «Չէ՞ որ ես Իսրայելի ամենափոքր ցեղին պատկանող մի Բենիամինյան եմ, և իմ տոհմը Բենիամինի ցեղի մեջ ամենաաննշանն է։ Ուստի ինչո՞ւ ես ինձ այդ բաներն ասում»։ Սավուղը համեստ կարծիք ուներ թե՛ իր և թե՛ իր ընտանիքի մասին, չնայած որ իր հայրը՝ Կիսը, «շատ հարուստ մարդ» էր (1Սամ. 9։1, 2, 21)։
Քննենք նաև, թե ինչ արեց Սավուղը, երբ Սամուելը հանրորեն հայտնեց, որ Եհովան նրան է Իսրայելի թագավոր ընտրել։ Մարգարեն սկզբում առանձին օծեց նրան և ասաց. «Ինչ որ ձեռքիցդ գա, արա, որովհետև ճշմարիտ Աստվածը քեզ հետ է»։ Այնուհետև նա հավաքեց ժողովրդին, որպեսզի հայտնի Եհովայի ընտրության մասին։ Երբ պարզ դարձավ, որ Սավուղն է թագավորը, նրան չկարողացան գտնել. ամաչկոտ Սավուղը թաքնվել էր։ Եհովան ցույց տվեց, թե որտեղ է նա, և նրան թագավոր հռչակեցին (1 Սամ. 10։7, 20–24)։
Մարտի դաշտում
Ոմանք կարծում էին, որ Սավուղը լավ թագավոր չի լինի, սակայն շուտով վերջինս նրանց հակառակն ապացուցեց։ Երբ ամմոնացիները սպառնացին Իսրայելի քաղաքներից մեկին, «Աստծու ոգին սկսեց ներգործել նրա վրա»։ Սավուղը վճռական քայլերի դիմեց՝ հավաքեց ազգի զինվորներին, բաժանեց նրանց գնդերի, այնուհետև առաջնորդեց պատերազմի, որից հաղթանակած դուրս եկան։ Սակայն թագավորը այդ հաղթանակը Աստծուն վերագրեց՝ ասելով. «Եհովան այսօր փրկություն պարգևեց Իսրայելին» (1 Սամ. 11։1–13)։
Սավուղը լավ հատկություններ ուներ և վայելում էր Աստծու օրհնությունը։ Նա գիտակցում էր, թե ինչ մեծ զորություն ունի Եհովան։ Բայց իսրայելացիների և նրանց թագավորի հաջողությունները կախված էին մի շատ կարևոր բանից։ Սամուելն ասաց իսրայելացիներին. «Եթե դուք վախենաք Եհովայից, ծառայեք նրան ու հնազանդվեք նրա ձայնին և եթե չըմբոստանաք Եհովայի կարգադրությունների դեմ, ապա ձեր Աստված Եհովան ձեզ և ձեզ վրա իշխող թագավորի հետ կլինի»։ Իսկ ինչո՞ւմ կարող էին իսրայելացիները վստահ լինել, եթե հավատարիմ մնային Աստծուն։ «Եհովան հանուն իր մեծ անվան չի լքի իր ժողովրդին,— ասաց Սամուելը,— որովհետև Եհովան որոշեց ձեզ իր ժողովուրդը դարձնել» (1 Սամ. 12։14, 22)։
Հնազանդությունը անչափ կարևոր էր Աստծու հավանությունը ստանալու համար. դա այդպես է նաև այսօր։ Երբ Եհովայի ծառաները հնազանդվում են իր հրահանգներին, նա օրհնում է նրանց։ Սակայն ի՞նչ կլինի, եթե նրանք չհնազանդվեն։
«Դու հիմարություն գործեցիր»
Փղշտացիների դեմ կատարած Սավուղի հաջորդ քայլը զայրացրեց նրանց։ Սավուղի դեմ դուրս եկավ մի զորք, որը «ծովեզերքի ավազահատիկների չափ շատ էր»։ «Իսրայելացիները տեսան, որ իրենք աղետի մեջ են, որովհետև ժողովուրդը անչափ նեղ վիճակում էր, և սկսեցին թաքնվել քարայրերում, կիրճերում, ժայռերի մեջ, ստորգետնյա խոռոչներում ու փոսերում» (1 Սամ. 13։5, 6)։ Ի՞նչ պետք է աներ Սավուղը։
Սամուելը ասել էր Սավուղին, որ կհանդիպեն Գաղգաղայում, որտեղ մարգարեն պետք է զոհեր մատուցեր։ Սավուղը սպասեց, սակայն Սամուելը ուշացավ, իսկ զորքը սկսեց ցրվել։ Ուստի թագավորը որոշեց, որ ինքը կմատուցի զոհերը։ Բայց հենց որ վերջացրեց, Սամուելը եկավ։ Երբ մարգարեն իմացավ, թե ինչ է արել Սավուղը, ասաց. «Դու հիմարություն գործեցիր։ Քո Աստված Եհովայի պատվիրանը չկատարեցիր, որ նա տվել էր քեզ, որովհետև եթե այն կատարեիր, Եհովան քո թագավորությունը Իսրայելի վրա դարեդար կհաստատեր։ Բայց հիմա քո թագավորությունը չի շարունակվելու։ Եհովան իր համար իր սրտին հաճելի մարդ է գտնելու։ Եհովան առաջնորդ է դնելու նրան իր ժողովրդի վրա, քանի որ դու չկատարեցիր այն, ինչ որ Եհովան պատվիրել էր քեզ» (1 Սամ. 10։8; 13։8, 13, 14)։
Հավատի պակասի պատճառով էր, որ Սավուղը հանդգնորեն նախընտրեց չհնազանդվել Աստծու պատվերին, որն էր՝ սպասել Սամուելին, որ գա ու զոհ մատուցի։ Որքա՜ն էր Սավուղի արարքը տարբերվում Գեդեոնի՝ Իսրայելի բանակի նախկին հրամանատարի արարքից։ Եհովան պատվիրել էր նրան 32000-անոց բանակից պահել միայն 300 հոգու, և նա հնազանդվել էր։ Ինչո՞ւ. Գեդեոնը հավատ ուներ Եհովայի հանդեպ։ Աստծու օգնությամբ նա պարտության մատնեց 135000 հոգու (Դատ. 7։1–7, 17–22; 8։10)։ Եհովան կօգներ նաև Սավուղին։ Սակայն վերջինիս անհնազանդության պատճառով փղշտացիները կողոպտեցին Իսրայելին (1 Սամ. 13։17, 18)։
Դժվարությունների բախվելիս ինչպե՞ս ենք որոշումներ կայացնում։ Հավատի պակաս ունեցող մարդկանց տեսանկյունից Աստծու սկզբունքներն անտեսելը գուցե սխալ չէ։ Օրինակ՝ Սամուելի բացակայության ժամանակ Սավուղը թերևս մտածել էր, որ ինքն իմաստուն քայլի է դիմում։ Սակայն նրանց համար, ովքեր վճռել են ունենալ Աստծու հավանությունը, որոշումներ կայացնելիս աստվածաշնչյան սկզբունքներին հետևելը միակ ճիշտ ուղին է։
Եհովան մերժում է Սավուղին
Ամաղեկացիների դեմ արշավի ժամանակ Սավուղը մեկ ուրիշ լուրջ սխալ թույլ տվեց։ Աստված դատապարտել էր ամաղեկացիներին, քանի որ նրանք առանց պատճառի հարձակվել էին իսրայելացիների վրա, երբ վերջիններս դուրս էին եկել Եգիպտոսից (Ելք 17։8; 2 Օրենք 25։17, 18)։ Ավելին, դատավորների օրերում նրանք նույնիսկ միացել էին ուրիշներին, որ հարձակվեն Աստծու ընտրյալ ժողովրդի վրա (Դատ. 3։12, 13; 6։1–3, 33)։ Ուստի Եհովան ամաղեկացիներից հաշիվ պահանջեց և պատվիրեց Սավուղին դատաստան տեսնել նրանց հետ (1 Սամ. 15։1–3)։
Թշնամի ամաղեկացիներին կործանելու և նրանց ունեցվածքը ոչնչացնելու պատվերին հնազանդվելու փոխարեն՝ Սավուղը գերի վերցրեց նրանց թագավորին ու խնայեց լավ անասուններին։ Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Սամուելը հաշիվ պահանջեց Սավուղից։ Վերջինս մեղքը բարդեց ժողովրդի վրա՝ ասելով. «Ժողովուրդը խնայեց մանր ու խոշոր անասուններից ամենալավերին՝ քո Աստված Եհովային զոհելու համար»։ Անկախ այն բանից՝ Սավուղն իսկապես նպատակադրել էր զոհաբերել անասուններին, թե ոչ, նա անհնազանդություն դրսևորեց։ Թագավորն այլևս «փոքր չէր երևում իր աչքերում»։ Ուստի Սամուելը նշեց, որ Սավուղը չի հնազանդվել Աստծուն։ Այնուհետև ասաց. «Մի՞թե ողջակեզներն ու զոհերը Եհովային ավելի են ուրախացնում, քան Եհովայի ձայնին հնազանդվելը։ Հնազանդությունը զոհից լավ է.... Քանի որ դու մերժեցիր Եհովայի խոսքը, նա էլ քեզ է մերժում թագավոր լինելուց» (1 Սամ. 15։15, 17, 22, 23)։
Երբ Եհովան Սավուղի վրայից վերցրեց իր սուրբ ոգին և օրհնությունը, Իսրայելի առաջին թագավորի վրա սկսեց իշխել «չար ոգին»։ Սավուղը կասկածանքով ու նախանձով լցվեց Դավթի հանդեպ, այն մարդու, ում Եհովան հետագայում տալու էր թագավորությունը։ Մի քանի անգամ Սավուղը փորձեց սպանել Դավթին։ Տեսնելով, որ «Եհովան Դավթի հետ էր,— ասում է Աստվածաշունչը,— Սավուղը.... միշտ թշնամությամբ էր վերաբերվում նրան»։ Թագավորը փորձեց բռնել նրան և նույնիսկ հրամայեց սպանել 85 քահանաների և ուրիշների։ Զարմանալի չէ, որ Եհովան թողեց Սավուղին (1Սամ. 16։14; 18։11, 25, 28, 29; 19։10, 11; 20։32, 33; 22։16–19)։
Երբ փղշտացիները նորից հարձակվեցին Իսրայելի վրա, Սավուղը ոգեհարցության դիմեց՝ օգնություն ստանալու նպատակով ապարդյուն քայլ անելով։ Հաջորդ օրը նա ծանր վիրավորվեց պատերազմի դաշտում և ինքնասպան եղավ (1 Սամ. 28։4–8; 31։3, 4)։ Իսրայելի առաջին անհնազանդ թագավորի մասին Սուրբ Գիրքն ասում է. «Սավուղը մեռավ այն պատճառով, որ Եհովայի հանդեպ մեծ անհավատարմություն դրսևորեց, չպահեց Եհովայի խոսքը, նաև դիմեց ոգեհարցի, որ նրան հարցնի, և Եհովային չհարցրեց» (1 Տար. 10։13, 14)։
Սավուղի վատ օրինակը պարզ ցույց է տալիս, որ Եհովային հնազանդվելն ավելի լավ է, քան զոհաբերություն անելը։ «Սա է Աստծու հանդեպ սերը,— գրեց Հովհաննես առաքյալը,— որ մենք պահենք նրա պատվիրանները, և նրա պատվիրանները ծանր չեն» (1 Հովհ. 5։3)։ Թող որ երբեք չանտեսենք այս հիմնարար ճշմարտությունը՝ Աստծու հետ կարող ենք հարատև մտերմություն ունենալ, եթե հնազանդվենք նրան։
[նկար 21-րդ էջի վրա]
Սկզբում Սավուղը խոնարհ առաջնորդ էր
[նկար 23-րդ էջի վրա]
Ինչո՞ւ Սամուելն ասաց Սավուղին, որ «հնազանդությունը զոհից լավ է»