Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
«Թագավորության այս բարի լուրը....» (ՄԱՏԹԵՈՍ 24։14)։
ԻՐ ՀԱՅՏՆԻ Լեռան քարոզում Հիսուսը սովորեցրեց մի տիպար աղոթք, որում հետևյալ խնդրանքն է ուղղվում Աստծուն. «Թող գա քո թագավորությունը»։ Միլիոնավոր մարդիկ անգիր են սովորում այս աղոթքը և հաճախ կրկնում այն։ Ինչպես նշվում է մի հանրագիտարանում, դա «գլխավոր աղոթքն է, որն ասում են բոլոր քրիստոնյաները իրենց երկրպագության մեջ»։ Սակայն շատերը, ովքեր կրկնում են այդ աղոթքը, չգիտեն, թե ինչ է Թագավորությունը կամ ինչ է անելու այն, երբ հաստատվի (Մատթեոս 6։9, 10)։
Եվ դա զարմանալի չէ, քանի որ քրիստոնյա աշխարհի առաջնորդները հակասական, շփոթեցնող և բարդ բացատրություններ են տալիս այն բանի վերաբերյալ, թե ինչ է Թագավորությունը։ Նրանցից մեկը գրում է, որ Աստծու Թագավորությունը «ինչ-որ գերբնական բան է, ....ներքին կապ կենդանի Աստծու հետ, ....աստվածային մի զգացողություն, որի մեջ տղամարդիկ ու կանայք փրկություն են գտնում»։ Մյուսներն էլ Թագավորության ավետարանը ընդունում են որպես «եկեղեցու ուղեցույց»։ Համաձայն կաթոլիկ եկեղեցու վարդապետության մասին մի գրքի՝ «Աստծու թագավորությունը արդարություն [է], խաղաղություն և ուրախություն Սուրբ Ոգով» (Catechism of the Catholic Church)։
Սակայն Աստծու Թագավորության մասին հստակ բացատրություն դուք կարող եք գտնել այս պարբերագրի 2-րդ էջում։ Այնտեղ ասվում է. «Աստծու Թագավորությունը, որն իրական երկնային կառավարություն է, շուտով վերջ կդնի չարությանը և երկիրը կվերածի դրախտի»։ Եկեք տեսնենք, թե ինչպես է Աստվածաշունչը թիկունք կանգնում այս մտքին։
Ովքեր են իշխելու երկրի վրա ապագայում
Թագավորությունը մի կառավարություն է, որը ղեկավարվում է թագավորի կողմից։ Աստծու Թագավորության Թագավորը հարություն առած Հիսուս Քրիստոսն է։ Նրա գահակալումը նկարագրվում է Դանիել մարգարեին տրված մի տեսիլքում։ Մարգարեն գրում է. «Հետո գիշերվա տեսիլքներում նայում էի, և ահա երկնքի ամպերով գալիս էր մարդու որդու [Հիսուսի] նման մեկը։ Նրան թույլ տրվեց մոտենալ Հինավուրցին [Եհովա Աստծուն], և նա մոտ բերվեց Նրան։ Եվ նրան տրվեց իշխանություն, պատիվ ու թագավորություն, որպեսզի բոլոր ժողովուրդները, ազգություններն ու լեզուները ծառայեն նրան։ Նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որը չի անցնի, և նրա թագավորությունը չի ավերվի» (Դանիել 7։13, 14)։
Աստվածաշնչի «Դանիել» գիրքը նաև ցույց է տալիս, որ Թագավորությունը հաստատվելու է Աստծու կողմից և վերջ է դնելու մարդկային բոլոր կառավարություններին, մինչդեռ այն երբեք չի կործանվելու։ 2-րդ գլխում նկարագրվում է մի երազ, որը Աստծու կողմից տրվել էր Բաբելոնի թագավորին։ Վերջինս մի հսկայական արձան տեսավ, որը ներկայացնում էր իրար հաջորդող աշխարհակալ ուժերին։ Դանիել մարգարեն մեկնեց այդ երազը. «Վերջին օրերում,— գրում է նա,— երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու, որը երբեք չի ավերվելու։ Այդ թագավորությունը ուրիշ ժողովրդի չի տրվելու։ Այն փշրելու է և վերջ է դնելու այս բոլոր թագավորություններին, իսկ ինքը մնալու է հավիտյան» (Դանիել 2։28, 44)։
Աստծու Թագավորության Թագավորը մենակ չի իշխում։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը վստահեցրեց իր հավատարիմ առաքյալներին, որ նրանք մյուս ընտրվածների հետ միասին հարություն կառնեն երկնքում և կնստեն գահերի վրա (Ղուկաս 22։28–30)։ Նա բառացի գահերի մասին չէր խոսում, քանի որ, ինչպես նշել էր, Թագավորությունը լինելու էր երկնքում։ Աստվածաշունչը հայտնում է, որ այս իշխանակիցները «ամեն ցեղից, լեզվից, ժողովրդից և ազգից» են։ Նրանք կլինեն «մեր Աստծու համար.... թագավորներ ու քահանաներ.... և նրանք կթագավորեն երկրի վրա» (Հայտնություն 5։9, 10)։
Ինչու է Թագավորության լուրը բարի
Ուշադրություն դարձրեք, որ Հիսուս Քրիստոսը և նրա իշխանակիցները «կթագավորեն երկրի վրա», այսինքն՝ կիշխեն «ամեն ժողովրդի, ցեղի ու լեզվի» վրա։ Իսկ ովքե՞ր են լինելու Թագավորության հպատակները։ Նրանք, ովքեր դրականորեն են արձագանքում այսօր քարոզվող բարի լուրին։ Հպատակների մեջ են մտնում նաև այն մարդիկ, ովքեր հարություն կառնեն երկրի վրա և հավիտյան ապրելու հեռանկար կստանան։
Աստվածաշունչը վառ կերպով նկարագրում է այն օրհնությունները, որոնք մարդիկ կվայելեն Թագավորության ներքո։ Ահա դրանցից մի քանիսը.
«Նա դադարեցնում է պատերազմները մինչև երկրի ծայրերը. փշրում է աղեղը և կոտրատում նիզակը, կառքերը այրում է կրակով» (Սաղմոս 46։9)։
«Նրանք տներ կշինեն ու կբնակվեն դրանցում, խաղողի այգիներ կտնկեն ու դրանց պտուղը կուտեն։ Նրանք չեն շինի, որ ուրիշը բնակվի, ու չեն տնկի, որ ուրիշը ուտի» (Եսայիա 65։21, 22)։
«[Աստված] կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 21։3, 4)։
«Այդ ժամանակ կույրերի աչքերը և խուլերի ականջները կբացվեն։ Այդ ժամանակ կաղը եղջերուի պես կցատկոտի, և համրի լեզուն ուրախությամբ կբացականչի» (Եսայիա 35։5, 6)։
«Գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, նրա [Հիսուսի] ձայնը կլսեն և դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել, կյանքի հարության» (Հովհաննես 5։28, 29)։
«Հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։11)։
Ահա սա է բարի լուրը։ Ավելին, կատարված աստվածաշնչյան մարգարեությունները ցույց են տալիս, որ մոտ է այն ժամանակը, երբ Թագավորությունը իր արդար իշխանությունը կհաստատի ամբողջ երկրով մեկ։