Աստվածաշունչը դատապարտո՞ւմ է մոլեխաղը
ՀԱՅՏՆԻ ֆիլմերը և հեռուստատեսային ծրագրերը մոլեխաղը (հատկապես խաղատներում կազմակերպվող) հաճախ ներկայացնում են որպես գեղեցիկ, ճոխ ու ժամանակակից մի խաղաձև։ Անշուշտ, դիտորդները հասկանում են, որ այս նկարագրությունները սոսկ պատրանք են։
Իրականում խաղատների խաղերի հետ մրցակցության մեջ են մտնում վիճակախաղի տոմսերը, գրազախաղը և ինտերնետային մոլեխաղերը, որպեսզի իրենց վրա կենտրոնացնեն մոլեխաղով զբաղվողի ուշադրությունը։ Մոլեխաղը «համաշխարհային չարիք է, որի մոլուցքը տարածվում է հրդեհի պես»,— ասվում է մի գրքում (Internet Gambling)։ Օրինակ՝ պոկերը այսօր հեռուստատեսությամբ և ինտերնետով ներկայացվում է որպես սովորական սպորտաձև։ Ըստ մի թերթի՝ մասնագետները հաշվել են, որ Միացյալ Նահանգներում պոկեր խաղացողների թիվը վերջին մեկուկես տարվա ընթացքում կրկնապատկվել է։
Մոլեխաղը մի խաղ է, որի ժամանակ գումար է խաղարկվում՝ առանց նախօրոք արդյունքն իմանալու։ Շատերը կարծում են, որ քանի դեռ անհատը չի կորցրել իր ամբողջ գումարը և չի դարձել մոլի խաղացող, ոչ մի վատ բան չկա մոլեխաղի մեջ։ «Նոր կաթոլիկական հանրագիտարանն» էլ ասում է, որ մոլեխաղը «մեղք է համարվում միայն այն դեպքում, երբ շեղում է անհատին իր պարտականությունները կատարելուց»։ Սակայն աստվածաշնչյան ոչ մի համար թիկունք չի կանգնում այս տրամաբանությանը։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է քրիստոնյան վերաբերվի այս հարցին։ Արդյոք Աստվածաշունչը հավանություն տալի՞ս է մոլեխաղին, թե՞ դատապարտում է այն։
Պետք է նշել, որ Աստծու Խոսքում ուղղակիորեն չի խոսվում մոլեխաղի մասին։ Սակայն դա չի նշանակում, որ մենք այս հարցում չունենք առաջնորդություն։ Յուրաքանչյուր քայլի կամ արարքի հետ կապված օրենքներ սահմանելու փոխարեն՝ Աստվածաշունչը հորդորում է մեզ, որ «շարունակենք ըմբռնել, թե որն է Եհովայի կամքը» (Եփեսացիներ 5։17)։ Ըստ աստվածաշնչագետ Է. Բուլինգերի՝ հունարենից թարգմանված «ըմբռնել» բառը նշանակում է ինչ-որ առարկայի վերաբերյալ ընդհանուր պատկերացում կազմել՝ գործադրելով «մտային կարողությունները ու գիտելիքները, որոնք ձեռք ենք բերում տվյալ նյութի շուրջ խորհելու շնորհիվ»։ Ուստի քրիստոնյան կարող է ըմբռնել Աստծու տեսակետը մոլեխաղի վերաբերյալ, եթե իրար հետ կապի այդ հարցին վերաբերող աստվածաշնչյան սկզբունքները և խորհրդածի դրանց շուրջ։ Կարդալով այս հոդվածում տեղ գտած աստվածաշնչյան համարները՝ կարող եք հարցնել ինքներդ ձեզ. «Արդյո՞ք այս խոսքերը խրախուսում են մոլեխաղով զբաղվել։ Ո՞րն է Աստծու տեսակետը այս հարցի վերաբերյալ»։
Հաջողության հրապույրը
Քանի որ մոլեխաղի ժամանակ մարդը չգիտի, թե ինչ է լինելու արդյունքը, սկսում է հավատալ բախտին (մի գերբնական ուժ, որն իբր վերահսկում է պատահական դեպքերը) հատկապես այն ժամանակ, երբ գումար է խաղարկվում։ Նկատի առնենք հետևյալ օրինակները. վիճակախաղի տոմսերի համար ընտրվում են հաջողություն բերող թվեր, իսկ չինական դոմինո խաղացողները, որոնք սնոտիապաշտ են, արգելում են որոշ բառեր օգտագործել, ոմանք էլ փչում են զառի վրա նախքան այն նետելը։ Ինչո՞ւ։ Մոլեխաղով զբաղվողները հավատում են, որ բախտը գուցե ժպտա իրենց։
Արդյո՞ք անվնաս է այն խաղը, որի ժամանակ անհատը իր հույսը դնում է բախտի վրա։ Հին Իսրայելում ապրող մարդկանցից ոմանք մտածում էին, որ դա այդպես է։ Նրանք կարծում էին, որ հաջողությունը կարող է իրենց կյանքը բարեկեցիկ դարձնել։ Իսկ ո՞րն է Եհովա Աստծու տեսակետը այս հարցի վերաբերյալ։ Իր մարգարե Եսայիայի միջոցով Աստված ասաց նրանց. «Ձեզ, որ թողնում եք Եհովային, մոռանում եք իմ սուրբ լեռը, սեղան եք գցում Բախտի աստծու համար և խառնած գինի եք լցնում Ճակատագրի աստծու համար» (Եսայիա 65։11)։ Աստծու աչքում բախտին հավատալը կռապաշտության մի ձև է և անհամատեղելի է ճշմարիտ երկրպագության հետ։ Այն արտահայտում է վստահություն ինչ-որ մտացածին ուժի, և ոչ թե ճշմարիտ Աստծու հանդեպ։ Հիմքեր չկան կարծելու, որ Աստված փոխել է իր տեսակետը։
Շահում. ինչի՞ հաշվին
Անկախ նրանից՝ մոլեխաղով զբաղվողները գումար են խաղարկում ինտերնետով, վիճակախաղի տոմս են գնում, գրազախաղով են զբաղվում, թե խաղում են խաղատանը, նրանք հաճախ անտեսում են այն, թե ինչի հաշվին հույս ունեն շահելու այդ մրցանակը։ Մոլեխաղը տարբերվում է օրինական գործարքից կամ գնումից. խաղացողը ցանկանում է շահել այն գումարը, որ կորցնում են ուրիշներըa։ «Վիճակախաղի տոմս շահած յուրաքանչյուր միլիոնատիրոջ կողքին հայտնվում են նաև միլիոնավոր մարդիկ, ովքեր կորցրել են իրենց գումարները»,— նշում է Կանադայի առողջապահության կենտրոններից մեկը (Canada’s Centre for Addiction and Mental Health)։ Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կարող են օգնել քրիստոնյային հասկանալու Աստծու տեսակետը այս հարցի վերաբերյալ։
Իսրայելացիներին տրված տասը պատվիրաններից վերջինը ասում է. «Մի՛ ցանկացիր մերձավորիդ կնոջը, նրա ծառային, աղախնին, նրա ցուլը, էշը կամ որևէ բան, որ մերձավորիդ է պատկանում» (Ելք 20։17)։ Մերձավորին պատկանող որևէ բան ցանկանալը՝ լինի դա ունեցվածք, հարստություն կամ գումար, այնպիսի լուրջ մեղքերի թվում է հիշատակվում, ինչպիսին օրինակ, ուրիշի կնոջը ցանկանալն է։ Դարեր անց Պողոս առաքյալը կրկնեց այս պատվերը. «Մի՛ ցանկացիր» (Հռոմեացիներ 7։7)։ Կարո՞ղ է այն քրիստոնյան, որը փորձում է շահել ուրիշի կորցրածի հաշվին, մեղադրվել ագահության մեջ։
«Անկախ այն բանից՝ նրանք [խաղամոլներից շատերը] ընդունում են դա, թե ոչ,— գրում է թղթակից Ջ. Ֆիլիպ Վոգելը,— մինչ գործին ընթացք տալը երազում են իրենց ունեցած նույնիսկ մի քանի դոլարը մեծ գումարի վերածելու մասին»։ Այդպիսի խաղամոլները փափագում են առանց ջանքեր գործադրելու հարստանալ կամ շատ գումար ձեռք բերել։ Սա միանշանակ հակառակ է Աստվածաշնչի այն խորհրդին, որ քրիստոնյան պետք է «տքնաջան աշխատի՝ իր ձեռքերով բարին գործելով, որպեսզի կարողանա տալ կարիքի մեջ եղողին» (Եփեսացիներ 4։28)։ Պողոս առաքյալը ընդգծեց հետևյալ միտքը. «Եթե որևէ մեկը չի ուզում աշխատել, ուրեմն թող ոչ էլ ուտի»։ Ապա ավելացրեց, որ նման անհատները պետք է «իրենց վաստակած հացն ուտեն» (2 Թեսաղոնիկեցիներ 3։10, 12)։ Սակայն կարո՞ղ է մոլեխաղը օրինական աշխատանք համարվել։
Չնայած այն բանին, որ մոլեխաղով զբաղվողները ջանքեր են գործադրում, սակայն ցանկացած գումար, որ նրանք ձեռք են բերում, իրականում շահում են, և ոչ թե վաստակում են կամ ստանում կատարած աշխատանքի կամ մատուցած ծառայության դիմաց։ Անկախ ամեն ինչից՝ մոլեխաղի ժամանակ գումար է խաղարկվում, որի արդյունքը մեծապես կախված է հաջողությունից և հիմնված է այն ակնկալիքի վրա, որ վաղ թե ուշ ամեն ինչ լավ կլինի։ Պարզ ասած՝ խաղամոլն ուզում է որևէ բան ստանալ՝ առանց դրա դիմաց ինչ-որ բան տալու։ Բայց ճշմարիտ քրիստոնյաներին հորդոր է տրվում գումար վաստակել ազնիվ ճանապարհով։ «Մարդու համար բացի ուտելուց, խմելուց և իր տքնաջան աշխատանքով իր հոգուն հաճույք պատճառելուց, ավելի լավ բան չկա,— գրեց իմաստուն Սողոմոն թագավորը, ապա ավելացրեց,— դա էլ է ճշմարիտ Աստծու ձեռքից» (Ժողովող 2։24)։ Այո՛, Աստծու ծառաները իրենց հույսը դնում են ոչ թե պատրանքների կամ արագ ու հեշտ ճանապարհով գումար ձեռք բերելու, այլ Աստծու վրա, որպեսզի երջանկություն և օրհնություն ստանան։
«Որոգայթ», որից պետք է խուսափել
Նույնիսկ եթե խաղացողը շահի, լավ կլինի, որ մտածի ոչ միայն կարճատև ուրախության, այլև մոլեխաղի պատճառած երկարատև վնասների մասին։ Առակներ 20։21-ում ասվում է. «Այն ժառանգությունը, որ սկզբում ագահությամբ է ձեռք բերվել, ապագայում չի օրհնվի»։ Վիճակախաղում շահողներից շատերը և խաղամոլները դառը փորձից հասկացել են, որ իրենց շահած գումարները երջանկություն չեն բերել։ Որքա՜ն իմաստուն է հետևել Աստվածաշնչի խորհրդին և մեր հույսը դնել «ոչ թե անկայուն հարստության վրա, այլ Աստծու, որն առատապես ապահովում է մեզ ամեն ինչով, որ վայելենք» (1 Տիմոթեոս 6։17)։
Շահելուց և պարտվելուց բացի, մոլեխաղի մեջ թաքնված է շատ ավելի մեծ վտանգ։ Աստծու Խոսքն ասում է. «Նրանք, ովքեր որոշում են հարստանալ, ընկնում են փորձության և որոգայթի, բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք մարդկանց ընկղմում են կործանման և կորստի մեջ» (1 Տիմոթեոս 6։9)։ Որոգայթը նախատեսված է զոհին բռնելու համար։ Եվ անթիվ մարդիկ, ովքեր միայն փոքր գումար են դրել խաղարկության մեջ կամ մի քանի անգամ փորձել են մոլեխաղով զբաղվել, որոգայթի մեջ են ընկել և չեն կարողացել ձերբազատվել այդ կախվածությունից։ Մոլեխաղի պատճառով մարդիկ կորցրել են իրենց կարիերան, ցավ են պատճառել սիրելի անհատներին և քայքայել են իրենց ընտանիքները։
Այսպիսով՝ քննելով մոլեխաղին վերաբերող աստվածաշնչյան բազմաթիվ համարներ՝ կարելի է հասկանալ, թե որն է Աստծու տեսակետը այս հարցի հետ կապված։ Պողոս առաքյալը հորդորեց իր հավատակիցներին. «Մի՛ ընդունեք այս աշխարհի կերպարանքը, այլ վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը, որպեսզի հավաստիանաք, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (Հռոմեացիներ 12։2)։ Քրիստոնյան պետք է առաջնորդվի Աստծու չափանիշներով և ոչ թե մարդկանց կարծիքով։ Լինելով «երջանիկ Աստված»՝ Եհովան ցանկանում է, որ ուրախություն ստանանք այնպիսի կյանքից, որը զերծ է մոլեխաղի թակարդն ընկնելու հետևանքով առաջացած դառը պտուղներից (1 Տիմոթեոս 1։11)։
[ծանոթագրություն]
a «Արթնացե՛ք»-ի 2000թ. հոկտեմբերի 8-ի համարում (էջ 25–27, ռուս.)՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից, բացատրվում է, թե ինչ տարբերություն կա գումարը արժեթղթի շուկայում ներդնելու և մոլեխաղով զբաղվելու միջև։
[մեջբերում 14-րդ էջի վրա]
Աստծու ծառաները գումար են վաստակում ազնիվ ճանապարհով
[շրջանակ 13-րդ էջի վրա]
Հաղթանակի բերկրանքը
Արդյո՞ք մոլեխաղով զբաղվելը կարող է սովորություն դառնալ և հեշտությամբ կախվածության մեջ գցել մարդուն։ Հիմնվելով խաղամոլների՝ հաղթելու և պարտվելու արձագանքների ուսումնասիրության վրա՝ դոկտոր Հանս Բրայթերը նշում է, որ «մոլեխաղի ժամանակ գումար շահելիս խաղամոլի ուղեղը ակտիվանում է ճիշտ այնպես, ինչպես թմրամոլինը՝ կոկաին ընդունելիս»։
[նկար 13-րդ էջի վրա]
Խաղամոլները ո՞ւմ հաշվին հույս ունեն շահելու