Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 3/1 էջ 18–20
  • Իրո՞ք Հիսուսը խաչի վրա է մահացել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Իրո՞ք Հիսուսը խաչի վրա է մահացել
  • 2011 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Արդյո՞ք դա խաչ էր
  • Խաչի ծագումը
  • Ինչին էին հավատում վաղ քրիստոնյաները
  • Ինչո՞ւ ճշմարիտ քրիստոնյաները երկրպագության մեջ խաչ չեն օգտագործում
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ինչո՞ւ Եհովայի վկաները խաչը չեն ընդունում
    Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
  • Հիսուսը խաչի՞ վրա է մահացել
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Խաչ
    2017 Արթնացե՛ք
Ավելին
2011 Դիտարան
w11 3/1 էջ 18–20

Իրո՞ք Հիսուսը խաչի վրա է մահացել

«ԽԱՉԸ,— ասվում է մի հանրագիտարանում,— քրիստոնեության ամենահայտնի խորհրդանիշն է»։ Բազմաթիվ կրոնական նկարներում և արվեստի գործերում Հիսուսին խաչին գամված են պատկերում։ Ինչո՞ւ է այս խորհրդանիշը լայնորեն տարածված քրիստոնեական աշխարհում։ Իսկապե՞ս Հիսուսը մահացել է խաչի վրա։

Այս հարցի պատասխանը գտնելու համար շատերը դիմում են Աստվածաշնչին։ Օրինակ՝ ըստ «Արարատ» թարգմանության՝ երբ Հիսուսին մահապատժի էին ենթարկում, ականատեսները ծաղրում էին նրան և ասում՝ «իջիր խաչիցը» (Մատթեոս 27։40, 42)։ Աստվածաշնչի շատ ուրիշ թարգմանություններ նույնպես օգտագործում են «խաչ» բառը։ Արևմտահայերեն թարգմանության մեջ Սիմոն Կյուրենացու մասին ասվում է. «Ստիպեցին որ անոր խաչը վերցնէ» (Մարկոս 15։21)։ Այս համարներում «խաչը» թարգմանված է հունարեն ստավրոս բառից։ Սակայն արդյո՞ք հիմնավոր պատճառ կա այդպես թարգմանելու։ Ո՞րն է ստավրոս բառի իմաստը։

Արդյո՞ք դա խաչ էր

Ըստ հույն գիտնական Վ. Վայնի՝ ստավրոս բառը «առաջին հերթին նշանակում է ուղղահայաց ցից կամ սյուն։ Դրանց վրա գամում էին չարագործներին՝ մահապատժի ենթարկելով նրանց։ Ինչպես ստավրոս գոյականը, այնպես էլ ստավրոո բայը, որը նշանակում է ամրացնել սյանը կամ ցցին, իրենց սկզբնական նշանակությամբ տարբերվում էին եկեղեցական խաչից, որը բաղկացած էր երկու գերաններից»։

Ինչպես գրված է մի բառարանում, ստավրոս բառը «նշանակում է սյուն, ցից կամ ցցագերան, որից կարելի է ինչ-որ բան կախել կամ որը կարելի է խրել հողի մեջ»։ Բառարանում նաև նշվում է. «Նույնիսկ հռոմեացիների համար քրուքս բառը (լատիներեն, որից ծագել է խաչ բառը) սկզբնապես նշանակում էր ուղղահայաց ցից» (The Imperial Bible-Dictionary)։ Ուստի զարմանալի չէ, որ «Կաթոլիկական հանրագիտարանում» (անգլ.) նշվում է. «Անկախ ամեն ինչից՝ հստակ է, որ սկզբնական շրջանում խաչը բաղկացած էր մի պարզ ուղղահայաց սյունից, որի վերևի ծայրը սուր էր»։

Աստվածաշնչի գրողներն օգտագործել են նաև հունարեն քսիլոն բառը՝ նկարագրելու համար այն առարկան, որի վրա գամել են Հիսուսին։ Մի աշխատության մեջ քսիլոն բառը սահմանվում է հետևյալ կերպ՝ «գերան, փայտե սյուն»։ Այն նաև նշում է, որ ինչպես ստավրոսը, այնպես էլ քսիլոնը «պարզապես ուղղահայաց սյուն կամ ցից է եղել, որի վրա հռոմեացիները գամել են մահապատժի արժանի մարդկանց» (A Critical Lexicon and Concordance to the English and Greek New Testament)։

Բացի այդ, ուշադրության է արժանի Գործեր 5։30 համարը, որում ասվում է. «Մեր հայրերի Աստվածը հարություն տվեց Հիսուսին, որին դուք ծառից [քսիլոն] կախած սպանեցիք» (King James Version)։ Այլ թարգմանություններում քսիլոն բառը նույնպես թարգմանվել է որպես «ծառ», թեև ստավրոս բառը թարգմանվել է որպես «խաչ»։ Օրինակ՝ Գործեր 13։29 համարում Հիսուսի վերաբերյալ ասվում է. «Իսկ երբ կատարեցին նրա մասին գրված բոլոր բաները, նրան ծառից [քսիլոն] իջեցրին և դրեցին գերեզմանի մեջ» (The Jerusalem Bible)։

Ինչ վերաբերում է հունարեն ստավրոս և քսիլոն բառերի հիմնական իմաստներին, վերը նշված աշխատությունում ասվում է. «Մենք տեսել ենք այս առարկաների նկարները, ուստի կարող ենք ասել, որ երկուսն էլ չեն համապատասխանում խաչի վերաբերյալ ունեցած ժամանակակից պատկերացումներին» (Critical Lexicon and Concordance)։ Այլ կերպ ասած՝ առարկան, որը նկարագրում էին ավետարանագիրները՝ օգտագործելով ստավրոս բառը, ամենևին էլ այն առարկան չէ, որին այսօր մարդիկ խաչ են անվանում։ Ուստի տեղին է, որ «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» Մատթեոս 27։40–42-ում և այլ համարներում, որտեղ հանդիպում է ստավրոս բառը, օգտագործում է «տանջանքի ցից» արտահայտությունը։ Նմանատիպ արտահայտություն՝ «մահապատժի ցից», գործածվում է նաև մեկ այլ թարգմանության մեջ (Complete Jewish Bible)։

Խաչի ծագումը

Եթե Աստվածաշունչը չի ասում, որ Հիսուսը իր մահապատիժը կրել է խաչի վրա, այդ դեպքում ինչո՞ւ են բոլոր եկեղեցիները՝ կաթոլիկ, բողոքական և ուղղափառ, որոնք պնդում են, թե պետք է ուսումնասիրել Աստվածաշունչը և առաջնորդվել այդ գրքով, իրենց շենքերը զարդարում խաչերով և օգտագործում այն որպես իրենց հավատի խորհրդանիշ։ Ինչպե՞ս խաչը այդքան հայտնի խորհրդանիշ դարձավ։

Բանն այն է, որ խաչին երկրպագում են թե՛ այն մարդիկ, ովքեր պնդում են, որ հետևում են Աստվածաշնչին, թե՛ նրանք, ովքեր հեռու են Աստծու Խոսքից և ում կրոնը ավելի վաղ շրջանում է ձևավորվել՝ մինչև «քրիստոնեական» եկեղեցիների ի հայտ գալը։ Բազմաթիվ կրոնական աշխատություններում ասվում է, որ խաչի տարբեր ձևերը գործածվել են դեռևս քաղաքակրթության վաղ շրջանում։ Օրինակ՝ հին եգիպտական հիերոգլիֆներում և աստվածների ու աստվածուհիների նկարներում հաճախ Թ (T) տառով են պատկերում խաչը, որի գլխին շրջան կա։ Այն կոչվում է եգիպտական խաչ (ansate) և համարվում է կյանքի խորհրդանիշ։ Ժամանակի ընթացքում խաչի այս ձևը լայն տարածում գտավ և սկսեց գործածվել ղպտիական և այլ եկեղեցիների կողմից։

Ըստ մի հանրագիտարանի՝ «խաչի պարզ ձևը, որն ակներևաբար այսպես կոչված «գամմա» խաչն է (crux gammata), արևելագետներին և հին ժամանակաշրջանի հնագիտությունն ուսումնասիրող ուսանողներին ավելի շատ ծանոթ է իր սանսկրիտական անունով՝ սվաստիկա (կեռխաչ)» (The Catholic Encyclopedia)։ Այս նշանը լայնորեն օգտագործվում էր Հնդկաստանում հնդուականների և ամբողջ Ասիայով մեկ սփռված բուդդայականների շրջանում։ Այն մինչ օրս կարելի է տեսնել նրանց զարդանախշերի մեջ։

Հայտնի չէ, թե երբ է խաչը գործածության մեջ մտել որպես «քրիստոնեական» խորհրդանիշ։ Վ. Վայնի բառարանում ասվում է. «Մ.թ. 3-րդ դարի կեսերին եկեղեցիները մերժեցին քրիստոնեական հավատի որոշ ուսմունքներ կամ աղավաղեցին դրանք։ Եկեղեցու հավատուրացական համակարգի ազդեցությունը մեծացնելու նպատակով եկեղեցիները իրենց շարքերն էին ընդունում հեթանոսներին, որոնք անգամ հավատափոխ չէին եղել, և նրանց թույլ էր տրվում պահպանել իրենց հեթանոսական նշաններն ու խորհրդանիշները», այդ թվում նաև խաչը (Expository Dictionary of New Testament Words)։

Որոշ գրողներ պնդում են, որ արևապաշտ Կոստանդինը մ.թ. 312-ին՝ իր ռազմարշավներից մեկի ժամանակ, արևի վրա դրված խաչ է տեսել լատիներեն հետևյալ նշանաբանով՝ «in hoc vince» (սրանո՛վ հաղթիր)։ Որոշ ժամանակ անց այս «քրիստոնեական» նշանը հայտնվեց իր զորքի դրոշի, վահանների ու զրահների վրա (տե՛ս ձախ կողմի նկարը)։ Կոստանդինը հավանաբար ընդունեց քրիստոնեությունը, բայց մկրտվեց միայն 25 տարի անց՝ մահվան անկողնում։ Սակայն ոմանք կասկածի տակ դրեցին նրա մղումը։ Մի գրքում ասվում է. «Նազովրեցի Հիսուսի ուսմունքներին հետևելու փոխարեն՝ նա կարծես փորձում էր քրիստոնեությունը փոխել՝ դարձնելով այն կաթոլիկ [համընդհանուր] կրոն, որն, ամենայն հավանականությամբ, կընդունեին իր հեթանոս հպատակները» (The Non-Christian Cross)։

Այդ ժամանակվանից սկսած՝ գործածության մեջ մտան խաչի տարբեր տեսակները։ Օրինակ՝ մի բառարանում ասվում է, որ սուրբ Անտոնի խաչը «ունեցել է մեծատառ Թաու (Tau կամ T) տառի ձևը, և ոմանց կարծիքով՝ այն [բաբելոնական] Թամուզ աստծու խորհրդանիշն է եղել»։ Իսկ սուրբ Անդրեասի խաչը ունեցել է X տառի ձևը։ Նաև օգտագործվել է բոլորիս հայտնի երկու գերաններից կազմված խաչը, որի լայնակի հատվածը իջեցված է։ Այս վերջին տեսակը կոչվում է լատինական խաչ, որը սխալմամբ, «ըստ ավանդության՝ համարում են խաչի այն ձևը, որի վրա մահացել է մեր Տերը» (The Illustrated Bible Dictionary)։

Ինչին էին հավատում վաղ քրիստոնյաները

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ առաջին դարում շատերը, ովքեր լսեցին Հիսուսին, դարձան հավատացյալներ և հավատ ընծայեցին նրա տված փրկանքի հանդեպ։ Աստվածաշնչում ասվում է, որ այն բանից հետո, երբ Պողոս առաքյալը քարոզեց Կորնթոսի հրեաներին՝ ապացուցելով, որ Հիսուսն է Քրիստոսը, «Կրիսպոսը, որ ժողովարանի պետն էր, իր բոլոր տնեցիների հետ միասին հավատաց Տիրոջը։ Եվ կորնթացիներից շատերն էլ լսելով հավատացին ու մկրտվեցին» (Գործեր 18։5–8)։ Պողոսը չասաց, որ իր քրիստոնյա հավատակիցները իրենց երկրպագության մեջ ինչ-որ կրոնական խորհրդանիշ կամ պատկեր օգտագործեն։ Ընդհակառակը՝ նա հորդորեց նրանց «փախչել կռապաշտությունից» և ցանկացած այլ սովորությունից, որը հեթանոսական ծագում ունի (1 Կորնթացիներ 10։14)։

Պատմաբանները և հետազոտողները ոչ մի ապացույց չեն գտել, որպեսզի հաստատեն, որ վաղ քրիստոնյաները օգտագործել են խաչը իրենց երկրպագության մեջ։ Հետաքրքիր է, որ մի գրքում մեջբերվում է 17-րդ դարի վերջում ապրած գրողներից մեկի խոսքերը. «Հաճելի կլինե՞ր օրհնյալ Հիսուսի համար տեսնել, թե ինչպես են Իր աշակերտները երկրպագում մահապատժի այն առարկային, որի վրա [ակներևաբար] Ինքը, արհամարհելով ամոթը, համբերատար կերպով տառապեց, չնայած որ անմեղ էր» (History of the Cross)։ Ի՞նչ կպատասխանեիք դուք։

Աստծուն հաճելի չէ, որ իրեն երկրպագելիս առարկաներ կամ պատկերներ գործածվեն։ Պողոս առաքյալը հարցրեց. «Ի՞նչ ընդհանուր բան կա Աստծու տաճարի և կուռքերի միջև» (2 Կորնթացիներ 6։14–16)։ Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում, որ քրիստոնեական երկրպագության մեջ պետք է գործածել մի առարկա, որը նման կլինի այն առարկային, որի վրա գամեցին Հիսուսին (համեմատի՛ր Մատթեոս 15։3; Մարկոս 7։13)։

Իսկ ո՞րն է ճշմարիտ քրիստոնյաների բնորոշող նշանը։ Դա իհարկե խաչը չէ և ոչ էլ որևէ ուրիշ խորհրդանիշ։ Այդ նշանը սերն է։ Հիսուսն ասաց իր հետևորդներին. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրե՛ք իրար։ Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար։ Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհաննես 13։34, 35)։

[մեջբերում 19-րդ էջի վրա]

Առարկան, որը նկարագրում էին ավետարանագիրները, ամենևին էլ այն առարկան չէ, որին այսօր մարդիկ խաչ են անվանում

[նկար 18-րդ էջի վրա]

17-րդ դար. մահապատիժ ստավրոսի վրա (լիպսիուս, «de cruce»)

[նկար 19-րդ էջի վրա]

Որմնանկար (մ.թ.ա. 14-րդ դար), որում պատկերված է եգիպտական խաչը (the ansate cross)՝ կյանքի խորհրդանիշը

[թույլտվությամբ]

© DeA Picture Library/​Art Resource, NY

[նկար 19-րդ էջի վրա]

Գամմա խաչը լակշմի նարայան հնդուական տաճարի վրա

[նկար 20-րդ էջի վրա. թույլտվությամբ]

From the book The Cross in Tradition, History, and Art (1897)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը