Պատրաստ եղիր
«Պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, որ չեք կարծում, մարդու Որդին կգա» (ՄԱՏԹ. 24։44)։
1, 2. ա) Աստվածաշնչում կանխագուշակված ո՞ր իրադարձությունը կարելի է համեմատել վագրի հարձակման հետ։ բ) Ինչի՞ է մղում քեզ այս մարգարեությունը։
ՏԱՐԻՆԵՐ շարունակ բենգալյան վագրեր վարժեցնող հանրաճանաչ արտիստը հիացնում էր հանդիսականներին իր զարմանահրաշ ներկայացումներով։ Մի առիթով նա ասաց. «Երբ կենդանին վստահում է քեզ, այնպես ես քեզ զգում, ասես աշխարհում ամենաթանկ նվերն ես ստացել»։ Սակայն 2003 թ. հոկտեմբերի 3-ին այդ վստահությունը հանկարծ անհետացավ։ Առանց ակնհայտ պատճառի՝ սպիտակ վագրերից մեկը, որը կշռում էր 172 կիլոգրամ, հարձակվեց նրա վրա։ Այդ հարձակումը բացարձակապես անսպասելի էր, արտիստը նման բանի պատրաստ չէր։
2 Նմանատիպ անսպասելի հարձակման մասին կանխագուշակվել է նաև Աստվածաշնչում, որին մենք պետք է պատրաստ լինենք (կարդա՛ Հայտնություն 17։15–18)։ Ի՞նչ գազանի մասին է խոսում «Հայտնություն» գիրքը և ո՞ւմ վրա է այն հարձակվելու։ Աստծու Խոսքը հայտնում է, որ Սատանայի աշխարհը անսպասելիորեն բաժանվելու է իր մեջ։ Ալ կարմիր գազանը ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպությունը, իսկ «տասը եղջյուրները» ներկայացնում են բոլոր քաղաքական ուժերը։ Սրանք դուրս են գալու պոռնիկ կնոջ նմանվող Մեծ Բաբելոնի՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության դեմ և դաժանորեն ոչնչացնելու են նրան։ Իսկ ե՞րբ է տեղի ունենալու այս իրադարձությունը։ Մենք չգիտենք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը (Մատթ. 24։36)։ Գիտենք միայն, որ դա լինելու է այն ժամին, որ չենք սպասում, և այդ ժամը մոտենում է (Մատթ. 24։44; 1 Կորնթ. 7։29)։ Ուստի անչափ կարևոր է, որ հոգևոր առումով պատրաստ լինենք, որպեսզի երբ այդ հարձակումը տեղի ունենա և Քրիստոսը՝ որպես Աստծու դատավճիռներն Իրականացնող, գործի անցնի, մեզ համար նա լինի Ազատարար (Ղուկ. 21։28)։ Իսկ թե ինչպես կարող ենք պատրաստ լինել այդ օրվան, կարելի է սովորել Աստծու հավատարիմ ծառաների օրինակից, որոնք պատրաստ են եղել, ուստիև տեսել են Աստծու խոստումների իրականացումը։ Կհետևե՞նք նրանց օրինակին։
Պատրաստ եղիր, ինչպես Նոյը
3. Ինչո՞ւ էր Նոյի համար դժվար հավատարմորեն ծառայել Եհովային։
3 Չնայած երկրի վրա տիրող սարսափելի իրավիճակին՝ Նոյը հոգևոր առումով պատրաստ էր, երբ Աստված իրականացրեց իր խոստումը։ Իսկ ի՞նչ դժվարություններ կարող էր ունենալ Նոյը։ Ապստամբ հրեշտակները ֆիզիկական մարմիններ էին հագել և սեռական հարաբերություն էին ունենում գեղեցիկ կանանց հետ։ Այս անբնական կապից ծնվում էին «նեֆիլիմներ», որոնք գերբնական զորություն ունեին և հարստահարում էին ուրիշներին (Ծննդ. 6։4)։ Պատկերացրու, թե հսկաների պատճառով բռնությունն ինչ աստիճանի էր հասել և ինչքան էր տարածվել։ Տիրող չարությունն ապականել էր մարդկանց մտածելակերպն ու վարքը։ Ուստի Գերիշխան Տեր Եհովան վճիռ կայացրեց և ժամանակ սահմանեց, թե երբ պետք է չար մարդկանց վերացնի (կարդա՛ Ծննդոց 6։3, 5, 11, 12)a։
4, 5. Ինչպե՞ս են մեր օրերը նման Նոյի օրերին։
4 Հիսուսը կանխագուշակեց, որ մեր օրերը նման են լինելու Նոյի օրերին (Մատթ. 24։37)։ Օրինակ՝ մենք նույնպես տեսնում ենք չար ոգիների ազդեցությունը մարդկանց վրա (Հայտն. 12։7–9, 12)։ Ճիշտ է, դևերն այսօր չեն կարող ֆիզիկական մարմիններ հագնել, ինչպես արեցին Ջրհեղեղից առաջ, այնուհանդերձ ձգտում են ազդել թե՛ երիտասարդների և թե՛ մեծերի վրա։ Նրանք հաճույք են ստանում, երբ տեսնում են այն մարդկանց չար ու դաժան արարքները, որոնց վրա կարողանում են ազդել (Եփես. 6։11, 12)։
5 Աստծու Խոսքը Սատանային կոչում է «մարդասպան» և ասում է, որ նա «կարող է մահ պատճառել» (Հովհ. 8։44; Եբր. 2։14)։ Ճիշտ է, նա չի կարող անմիջականորեն սպանել որևէ մեկին։ Սակայն չարությամբ լցված այս ոգեղեն էակը դրդում է մարդկանց նենգությունների և չարագործությունների։ Նա մարդկանց մտքում և սրտում դնում է սպանություն գործելու ցանկություն։ Օրինակ՝ ըստ մի հաշվարկի՝ Միացյալ Նահանգներում ամեն 142 նորածիններից մեկը ապագայում մարդասպանի զոհ կդառնա։ Տեսնելով հասարակության մեջ տիրող դաժանությունը՝ մի՞թե մտածում ես, որ հիմա Եհովան անտարբերությամբ է նայում աշխարհին՝ ի տարբերություն Նոյի օրերին։ Արդյոք նա ոչինչ չի՞ անի։
6, 7. Ինչպե՞ս Նոյն ու իր ընտանիքը հավատ և աստվածավախություն դրսևորեցին։
6 Աստված իր վճռի մասին տեղեկացրեց Նոյին՝ ասելով, որ ջրհեղեղ է բերելու երկրի վրա և ոչնչացնելու է բոլոր կենդանի էակներին (Ծննդ. 6։13, 17)։ Եհովան կարգադրեց Նոյին կառուցել մի տապան, որը նման էր լինելու հսկա արկղի։ Այս հավատարիմ ծառան իր ընտանիքի հետ գործի անցավ։ Ի՞նչն օգնեց նրանց հնազանդվելու և պատրաստ լինելու Աստծու դատաստանի օրվան։
7 Ամուր հավատը և աստվածավախությունը մղեցին Նոյին ու նրա ընտանիքին անելու այնպես, ինչպես պատվիրել էր Աստված (Ծննդ. 6։22; Եբր. 11։7)։ Որպես ընտանիքի գլուխ՝ Նոյը հոգևորապես արթուն մնաց և թույլ չտվեց, որ ապականված շրջապատն ազդի իր վրա (Ծննդ. 6։9)։ Նա գիտեր, որ իր ընտանիքը պետք է զգույշ լինի, որ չնմանվի դաժան վարք ու արհամարհական վերաբերմունք ունեցող մարդկանց։ Նրանք նաև չպետք է տարվեին առօրյա հոգսերով։ Աստված նրանց գործ էր հանձնարարել, ուստի անչափ կարևոր էր, որ ընտանիքի բոլոր անդամները իրենց կյանքը կենտրոնացնեին այդ գործի վրա (կարդա՛ Ծննդոց 6։14, 18)։
Նոյն ու իր ընտանիքը պատրաստ մնացին
8. Ի՞նչն է ցույց տալիս, որ Նոյի ընտանիքի անդամները նվիրված էին Աստծուն։
8 Աստվածաշնչի արձանագրության մեջ հիմնականում խոսվում է ընտանիքի գլխի՝ Նոյի մասին, սակայն պետք է հիշել, որ նրա կինը, որդիներն ու հարսները նույնպես երկրպագում էին Եհովային։ Եզեկիել մարգարեն հաստատում է այս փաստը՝ գրելով, որ Նոյի արդարության շնորհիվ նրա որդիները չէին կարող փրկվել (Եզեկ. 14։19, 20)։ Նրանք արդեն մեծ էին, որպեսզի ինքնուրույն որոշեին՝ հնազանդվել Աստծուն, թե ոչ։ Ուստի նրանք անձամբ էին ցույց տվել իրենց սերն Աստծու և նրա խոսքի հանդեպ։ Ընտանիքի անդամները հետևեցին Նոյի հրահանգներին, նրա նման ամուր հավատ դրսևորեցին և թույլ չտվեցին, որ մարդիկ ազդեն իրենց վրա և խանգարեն կատարել Աստծու հանձնարարած գործը։
9. Նոյի նման ի՞նչ օրինակներ կան այսօր։
9 Ուրախ ենք, որ մեր համաշխարհային եղբայրության մեջ տեսնում ենք այնպիսի եղբայրների, որոնք լինելով ընտանիքի գլուխ՝ ամեն ջանք թափում են ընդօրինակելու Նոյին։ Նրանք գիտակցում են, որ բավական չէ ընտանիքին ապահովել միայն սնունդով, հագուստով, կացարանով և հոգալ երեխաների կրթության մասին։ Նրանք պետք է հոգ տանեն նաև իրենց ընտանիքի հոգևոր կարիքների համար։ Այսպես վարվելով՝ նրանք ցույց են տալիս, որ պատրաստ են այն ամենին, ինչ Եհովան կանի շուտով։
10, 11. ա) Ի՞նչ էին զգում Նոյն ու իր ընտանիքը, երբ տապանի մեջ էին։ բ) Ի՞նչ հարց պետք է տանք ինքներս մեզ։
10 Նոյը, նրա կինը, որդիներն ու հարսները մոտ 50 տարում կառուցեցին տապանը։ Նրանք տապանը կուպրով պատեցին, սննդի պաշար դիզեցին և կենդանիներին բերեցին տապան։ Այդ ընթացքում նրանք շատ անգամներ էին մտնում տապան ու դուրս գալիս։ Ի վերջո, նշանակված օրը հասավ։ Մ.թ.ա. 2370-ի երկրորդ ամսվա 17-ին Նոյն իր ընտանիքով մտավ տապան, որից հետո Եհովան փակեց տապանի դուռը։ Սկսեց անձրև գալ։ Բայց սա սովորական անձրև չէր։ Մթնոլորտում եղած ջրային շերտը՝ երկնային օվկիանոսը, անձրևի տեսքով հեղեղեց երկիրը, և տապանը սկսեց լողալ ջրի վրա (Ծննդ. 7։11, 16)։ Դրսում մնացած մարդիկ մահացան, իսկ տապանի ներսում եղողները փրկվեցին։ Ի՞նչ էին զգում Նոյի ընտանիքի անդամները։ Ըստ ամենայնի, նրանց սիրտը լցված էր անսահման երախտագիտությամբ։ Անկասկած, նրանք մտածում էին. «Ի՜նչ լավ է, որ քայլեցինք ճշմարիտ Աստծու հետ ու պատրաստ էինք այդ օրվան» (Ծննդ. 6։9)։ Պատկերացնո՞ւմ ես քեզ Արմագեդոնից հետո։ Մի՞թե դու նույն զգացմունքները չես ունենա։
11 Ոչինչ չի կարող խանգարել Ամենակարողին իրականացնելու իր խոսքը և կործանելու Սատանայի այս համակարգը։ Հարցրու ինքդ քեզ. «Լիովին համոզվա՞ծ եմ, որ Աստծու խոստումներից ոչ մի բան, նույնիսկ փոքր մանրամասնություն, առանց կատարվելու չի մնա, և դրանք բոլորը իրենց նշանակված ժամին կկատարվեն»։ Եթե ունես նման համոզվածություն, ապա ցույց տուր, որ պատրաստ ես՝ մտքումդ վառ պահելով արագորեն մոտեցող «Եհովայի օրը» (2 Պետ. 3։12)։
Մովսեսը արթուն մնաց
12. Ի՞նչը կարող էր մթագնել Մովսեսի հոգևոր տեսողությունը։
12 Քննենք մեկ այլ օրինակ։ Մովսեսը մարդկանց տեսանկյունից շատ խոստումնալից դիրք ուներ Եգիպտոսում։ Փարավոնի դստեր կողմից որդեգրված լինելով՝ նա հավանաբար վայելում էր մարդկանց հարգանքը և ճաշակում էր համադամ կերակուրներ, հագնում էր շքեղ հագուստներ և ապրում էր պերճաշուք պալատում։ Նա նաև բարձրակարգ կրթություն էր ստացել (կարդա՛ Գործեր 7։20–22)։ Նա պետք է որ մի հսկայական կալվածքի ժառանգորդ լիներ։
13. Ինչի՞ շնորհիվ Մովսեսը կենտրոնացած մնաց Աստծու խոստումների վրա։
13 Ակներևաբար, ծնողների կողմից ստացած կրթության շնորհիվ Մովսեսը հասկանում էր, որ Եգիպտոսում տարածված կռապաշտությունը հիմարություն է (Ելք 32։8)։ Եգիպտոսի կրթական համակարգը և արքայական տան շքեղությունը չկարողացան ստիպել Մովսեսին թողնել ճշմարիտ երկրպագությունը։ Նա հավանաբար խորությամբ մտածել էր իր նախահայրերին տված Աստծու խոստումների մասին և ցանկանում էր ցույց տալ, որ պատրաստ է կատարելու Աստծու կամքը։ Հետագայում նա իսրայելացիներին ասաց. «Եհովան՝ ձեր նախահայրերի Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածն է ինձ ձեզ մոտ ուղարկել» (կարդա՛ Ելք 3։15–17)։
14. Ինչպե՞ս փորձվեցին Մովսեսի հավատն ու քաջությունը։
14 Մովսեսի համար իրական էր Եհո՛վան՝ ճշմարիտ Աստվածը, ոչ թե Եգիպտոսի աստվածները, որոնք ներկայացված էին կուռքերի՝ արձանների տեսքով։ Նա այնպես էր ապրում, «ասես տեսնում էր Նրան, ով անտեսանելի է»։ Մովսեսը հավատում էր, որ Աստծու ժողովուրդը կազատագրվի, սակայն չգիտեր, թե երբ դա կլինի (Եբր. 11։24, 25, 27)։ Եբրայեցիներին ազատ տեսնելու Մովսեսի մեծ ցանկությունը երևում է այն դեպքից, երբ նա պաշտպանեց իսրայելացի ծառային՝ սպանելով նրան հարվածող եգիպտացուն (Ելք 2։11, 12)։ Սակայն Եհովայի նշանակած ժամանակը դեռ չէր եկել, ուստի Մովսեսը ստիպված էր փախչել Եգիպտոսից և ապրել մի հեռավոր երկրում։ Անկասկած, շքեղ կյանքին սովոր Մովսեսի համար հեշտ չէր ապրել ամայի վայրում։ Այդուհանդերձ, նա ցույց տվեց, որ պատրաստ է կատարելու ցանկացած հրահանգ, որ կտար Եհովան։ Ուստի 40 տարի Մադիանի երկրում ապրելուց հետո Աստված նրան օգտագործեց իր ժողովրդին ազատագրելու համար։ Հետևելով Եհովայի կարգադրությանը՝ Մովսեսը վերադարձավ Եգիպտոս։ Հասել էր այն ժամը, երբ նա պետք է կատարեր Աստծու կամքն այնպես, ինչպես որ Նա էր ուզում (Ելք 3։2, 7, 8, 10)։ Եգիպտոս վերադառնալուց անմիջապես հետո Մովսեսը, որը «բոլոր մարդկանցից ամենահեզն էր», պետք է ամուր հավատ և խիզախություն ունենար Փարավոնի առաջ կանգնելու համար (Թվեր 12։3)։ Նա Փարավոնի մոտ գնաց ոչ թե մեկ անգամ, այլ ամեն անգամ, երբ Աստված պատուհաս էր բերում։ Մովսեսը նույնիսկ չգիտեր, թե մի պատուհասից մինչև հաջորդը քանի անգամ դեռ պետք է կանգնի Փարավոնի առաջ։
15. Ի՞նչն էր օգնում Մովսեսին, որ չնայած հիասթափություններին՝ միշտ առիթներ փնտրի Եհովային փառաբանելու համար։
15 Հաջորդ 40 տարիների ընթացքում՝ մ.թ.ա. 1513–1473 թթ., Մովսեսը շատ հիասթափություններ ունեցավ։ Սակայն նա միշտ առիթներ էր փնտրում Եհովային փառաբանելու համար և իր ազգակիցներին սրտանց քաջալերում էր նույնն անել (2 Օրենք 31։1–8)։ Նա այդպես էր վարվում, քանի որ իր անձից առավել սիրում էր Աստծուն՝ նրա անունն ու գերիշխանությունը (Ելք 32։10–13; Թվեր 14։11–16)։ Չնայած մեր անհաջողություններին և հիասթափություններին՝ մենք նույնպես պետք է շարունակենք թիկունք կանգնել Եհովայի գերիշխանությանը՝ վստահ լինելով, որ նրա իշխելու կերպը ամենաիմաստունն է, ամենաճիշտը և ամենալավը (Ես. 55։8–11; Երեմ. 10։23)։ Համաձայն չե՞ս այս մտքին։
Արթուն մնա
16, 17. Ինչո՞ւ է Մարկոս 13։35–37 համարներում արձանագրված կոչը կարևոր։
16 «Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք, որովհետև չգիտեք, թե երբ է նշանակված ժամանակը» (Մարկ. 13։33)։ Հիսուսը այս նախազգուշացումը տվեց, երբ խոսում էր չար աշխարհի կործանման նշանի մասին։ Ուշադրություն դարձրու, թե Հիսուսն ինչպես ավարտեց իր մարգարեական խոսքերը, որոնք արձանագրված են «Մարկոսի» ավետարանում. «Արթո՛ւն եղեք, որովհետև չգիտեք, թե տանտերը երբ կգա՝ երեկոյա՞ն, թե՞ կեսգիշերին, աքլորականչի՞ն, թե՞ վաղ առավոտյան, որպեսզի երբ հանկարծակի նա գա, ձեզ քնած չգտնի։ Բայց ինչ որ ձեզ ասում եմ, բոլորին եմ ասում՝ արթո՛ւն մնացեք» (Մարկ. 13։35–37)։
17 Հիսուսի խոսքերը մղում են մեզ լրջորեն մտածելու։ Նա նշեց գիշերվա չորս պահերի մասին, որոնցից վերջինի ժամանակ՝ գիշերվա 3-ից մինչև արևածագ, առավել դժվար կլիներ արթուն մնալ։ Ըստ ռազմագետների՝ թշնամու վրա հարձակվելու ամենահարմար ժամանակը հենց այդ պահն է, քանի որ հավանականությունը մեծ է, որ նրանք քնած կլինեն։ Նմանապես այսօր, երբ աշխարհը հոգևոր խորը քնի մեջ է, մենք պետք է ամեն ջանք թափենք արթուն մնալու համար։ Մի՞թե կասկածներ ունես այն հարցի վերաբերյալ, որ անհրաժեշտ է «արթուն մնալ» և «զգույշ լինել», որպեսզի կանխագուշակված վախճանի ժամանակ պատրաստ լինես և փրկվես։
18. Լինելով Եհովայի վկաներ՝ ի՞նչ անգին առանձնաշնորհում ունենք մենք։
18 Հոդվածի սկզբում նշված արտիստը ողջ մնաց բենգալյան վագրի հարձակումից հետո։ Սակայն Աստվածաշնչի մարգարեության համաձայն՝ ո՛չ կեղծ կրոնը, ո՛չ էլ այս չար համակարգի մնացած մասը չեն կարող խուսափել մոտալուտ վախճանից (Հայտն. 18։4–8)։ Թող Աստծու բոլոր ծառաները՝ երիտասարդ թե տարեց, գիտակցեն, թե որքան կարևոր է ամեն ջանք թափել, որ պատրաստ լինեն Եհովայի օրվան, ինչպես Նոյն ու իր ընտանիքն էին պատրաստ։ Մենք ապրում ենք Աստծուն արհամարհող աշխարհում, որտեղ կեղծ կրոնի առաջնորդները, ինչպես նաև ագնոստիկներն ու աթեիստները ծաղրում են Ստեղծչին իրենց գաղափարներով։ Մենք չպետք է թույլ տանք, որ նրանք ազդեն մեզ վրա։ Եկեք ընդօրինակենք Աստծու հավատարիմ ծառաներին և արթուն մնանք՝ ամեն առիթ օգտագործելով Աստծուն փառաբանելու համար, ինչպես նաև փաստելու, որ Եհովան «աստվածների Աստվածն» է՝ «մեծ, հզոր և ահազդու Աստվածը» (2 Օրենք 10։17)։
[ծանոթագրություն]
a Ծննդոց 6։3-ում նշված «հարյուր քսան տարիների» մասին տե՛ս «Դիտարանի» 2010թ. դեկտեմբերի 15-ի համարը, էջ 30։
Հիշո՞ւմ ես
• Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Նոյը առաջնահերթություն տար իր ընտանիքի հոգևոր կարիքները հոգալուն։
• Ինչո՞վ են մեր ժամանակները նման Նոյի օրերին։
• Չնայած հիասթափություններին՝ ինչո՞ւ Մովսեսը կենտրոնացած մնաց Աստծու խոստումների իրականացման վրա։
• Ո՞ր մարգարեություններն են օգնում քեզ հոգևորապես արթուն մնալու։
[նկար 25-րդ էջի վրա]
Նոյն ու իր ընտանիքը կենտրոնացած մնացին Եհովայի գործի վրա
[նկար 26-րդ էջի վրա]
Աստծու խոստումների մասին խորհրդածելն օգնեց Մովսեսին պահելու հոգևոր արթնությունը