Նամակ Մադագասկարից
Հնչում էր ինչպես մի հիասքանչ մեղեդի
ԱՄՈՒՍԻՆՍ ու ես ուղևորվում էինք դեպի մեր միսիոներական նշանակման վայր՝ Մադագասկար կղզի։ Խեղդելով արցունքները և ճնշելով անհանգստությունը՝ մնաս բարով ասացինք մեր ընտանիքի անդամներին ու ընկերներին։ Վստահ էինք, որ Եհովան մեզ համար պարարտ հող է ընտրել, որտեղ կաճենք ու կփթթենք։
Մենք երբեք չենք մոռանա այն ժողովի հանդիպումը, որին առաջին անգամ ներկա եղանք մեր նոր նշանակման վայրում։ «Դիտարանի» ուսումնասիրությունն անցկացնող եղբայրը մեզ հիշեցնում էր դիրիժորի, որը ղեկավարում է սիմֆոնիկ նվագախումբը։ Այնքան քիչ բան գիտեինք տեղի լեզվով, որ նրանց խոսքերը մեզ համար հնչում էին ինչպես մի հիասքանչ մեղեդի։ Երկար ժամանակ պահանջվեց մինչև որ սովորեցինք նրանց լեզուն։
Երբ առաջին անգամ հասկացա եղբոր տված լրացուցիչ հարցը, պատասխանը ակամայից դուրս թռավ բերանիցս։ Նկատելով, որ կողքիս նստածները լսեցին ինձ՝ մի կերպ կարողացա զսպել քրքիջս։ Ես շփոթված էի, բայցև ոգևորված, որ գոնե մի բան հասկացել եմ։
Ուրիշների համար ծառայության մեջ նեցուկ լինելու փոխարեն՝ զգում էի, որ ինքս օգնության կարիք ունեմ։ Եղբայրներն ու քույրերը սիրով սովորեցնում էին ինձ, թե ինչպես պարզ մատուցումներ անեմ՝ ինչ ասեմ և որ աստվածաշնչյան համարն ընթերցեմ։
Հիշում եմ, թե ինչպես մի օր ծառայության ժամանակ երեխաներից մեկը մեր հետևից բղավեց. «Վազա՛, վազա՛» (մալգաշերեն նշանակում է «օտարերկրացի»)։ Մենք արագացրինք մեր քայլերը՝ հույս ունենալով, որ ուրիշ երեխաներ չեն միանա նրանց։ Հանկարծ նրանցից մեկը կշտամբեց բղավող երեխային՝ ասելով. «Նա օտարերկրացի չէ, նա մեր լեզվով է խոսում»։ Քույրը, որն ինձ հետ էր, ստիպված էր թարգմանել, քանի որ շատ արագ էին խոսում, և ես գրեթե ոչինչ չհասկացա։ Սակայն նրա ասածից ես ինձ անչափ լավ զգացի։ Հետզհետե Մադագասկարն ինձ համար հարազատ տուն էր դառնում։
Երբեմն երբ միայնակ էի զգում ինձ, մանկական փոքրիկ մի ձեռք բռնում էր ձեռքս։ Հայացքս իջեցնելով՝ տեսնում էի ժպտացող մի դեմք, որն ուրախ-ուրախ ինձ էր նայում, թեև չէի կարողանում ազատորեն հաղորդակցվել նրա հետ։ Այդ փոքրիկները մեր ժողովի երեխաներն են՝ Եհովայից տրված մեծ օրհնություն։ Հասին անունով մի պատանի քույր իմ անձնական թարգմանիչն է դարձել։ Երբ ոչ ոք չի հասկանում ինձ, նա հասկանում է։ Հասինը հաճախ օգնության է հասնում այն ժամանակ, երբ ժողովում փորձում եմ շփվել հավատակիցներիս հետ։ Նա բացատրում է, թե իրականում ինչ եմ ուզում ասել։
Ես և ամուսինս նշանակվել էինք ծառայելու մի ժողովում, որը պետք է շուտով կիսվեր ու դառնար երկու ժողով։ Սա նշանակում էր, որ որոշ Աստվածաշունչ ուսումնասիրողներ պետք է շարունակեին իրենց ուսուցումը այն հավատակիցների հետ, ովքեր ապրում էին նոր ժողովի տարածքում։ Քույրերից մեկը խրախուսեց ինձ Աստվածաշունչ ուսումնասիրել մի կնոջ հետ, որին սկզբում ինքն էր ուսուցանում։ Ես վախեցած էի և պնդում էի, որ դեռ պատրաստ չեմ։ Սակայն նա ինձ համոզեց՝ վստահեցնելով, որ Եհովան կօգնի։ Բարի ու ջերմ ժպիտով այս քույրը շատ պարզ բառերով ասաց ինձ, որ շուտով կկարողանամ ուրիշներին սովորեցնել այնպես, ինչպես իմ մայրենի լեզվով կսովորեցնեի։ Այս խոսքերն անչափ քաջալերական էին։
Ժամանակի ընթացքում այդ կինը, ում հետ Աստվածաշունչ էի ուսումնասիրում, հոգևորապես առաջադիմեց։ Մի օր, երբ դրսում էի, լսեցի, որ նա ձայն տվեց ինձ։ Նա իր կողակցի հետ գնում էր օրինականացնելու իրենց ամուսնությունը։ Նրա ամուսինը նույնպես սկսել էր Աստվածաշունչ ուսումնասիրել, և միասին մի քանի հոգևոր նպատակներ էին դրել ու փորձում էին հասնել դրանց։ Նպատակներից մեկը մկրտվելն էր։ Սիրտս բերկրանքով է լցվում այն բանի գիտակցումից, որ օգնել եմ նրանց, թեև հասկանում եմ, որ Եհովան է անհատին իր մոտ ձգում։
Մեր նոր նշանակումը հնարավորություն է ընձեռում շատ բաներ սովորելու։ Չնայած կարոտում ենք մեր ընկերներին ու ընտանիքի անդամներին, երջանիկ ենք. կարծես նրանց ջերմությունից մի մասնիկ մեզ հետ ենք բերել։ Մենք այնքան ենք պատմում մեր հարազատների մասին, որ քույրերն ու եղբայրները հաճախ հետաքրքրվում են նրանցով։ Սրտի թրթիռով ենք սպասում այն օրերին, երբ մեր «ընտանիքները» կհանդիպեն իրար։
Մինչ օրս, երբ մարդիկ խոսում են, ականջիս ասես քաղցրիկ մեղեդի է հնչում։ Հիմա ես հասկանում եմ այդ լեզուն և անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կկարողանամ ուրիշների պես վարժ խոսել և կցկտուր «նոտաների» փոխարեն՝ արտաբերել այդ հրաշալի «մեղեդին»։ Անչափ մխիթարական են Հիսուսի խոսքերը. «Երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին, որովհետև վաղվա օրը կունենա իր մտահոգությունները» (Մատթեոս 6։34)։ Մենք վճռել ենք շարունակ սովորել այդ հիասքանչ երաժշտության «նոտաները», կամ՝ բառերը, ինչպես նաև անդադար «լարել» մեր ականջները, սիրտն ու միտքը, որպեսզի կարողանանք մեր համբերատար ու գորովանքով լի քույրերի ու եղբայրների հետ ուս ուսի ծառայել այստեղ՝ Մադագասկարում։
[նկար 25-րդ էջի վրա]
Քարոզում եմ Հասինի հետ