Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 9/15 էջ 16–20
  • Տոկունությամբ վազիր մրցավազքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տոկունությամբ վազիր մրցավազքը
  • 2011 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հաղթելու համար տոկունություն է անհրաժեշտ
  • Վկաների բազմություն
  • Նրանք հաջողության հասան. ինչպե՞ս
  • Ինչ ենք սովորում
  • Կարո՛ղ եք դիմանալ մինչև վերջ
    1999 Դիտարան
  • Այնպես վազիր, որ ստանաս մրցանակը
    2011 Դիտարան
  • Վազիր մինչև վերջնագիծ
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Չհանձնվե՛ք կյանքի մրցասպարեզում
    1998 Դիտարան
Ավելին
2011 Դիտարան
w11 9/15 էջ 16–20

Տոկունությամբ վազիր մրցավազքը

«Եկեք տոկունությամբ վազենք այն մրցավազքը, որ դրված է մեր առաջ» (ԵԲՐ. 12։1)։

1, 2. Պողոս առաքյալը ինչի՞ հետ համեմատեց քրիստոնյայի կյանքը։

ԱՄԵՆ տարի տարբեր երկրներում մարաթոնյան վազքի մրցույթներ են կազմակերպվում։ Ուժեղագույն վազորդները մեկ նպատակով են վազում՝ հաղթելու։ Բայց մասնակիցների մեծ մասը գիտի, որ չի կարող հաղթել։ Մրցավազքն ավարտելը նրանց համար արդեն իսկ պարծանք է։

2 Աստվածաշունչը քրիստոնյայի կյանքը համեմատում է մրցավազքի հետ։ Պողոս առաքյալը հին Կորնթոսի իր հավատակիցների ուշադրությունը հրավիրեց դրա վրա, երբ գրում էր նրանց իր առաջին նամակը։ Նա ասաց. «Չգիտե՞ք, որ մրցավազքին բոլոր մասնակցողներն են վազում, բայց միայն մեկն է ստանում մրցանակը։ Ուրեմն այնպես վազեք, որ ստանաք այն» (1 Կորնթ. 9։24)։

3. Պողոսն ինչո՞ւ նշեց, որ մրցավազքում միայն մեկն է հաղթում։

3 Ասելով, որ միայն մեկն է մրցանակը ստանալու՝ արդյո՞ք Պողոսը նկատի ուներ, թե մյուս քրիստոնյաները զուր տեղն են վազում։ Իհա՛րկե ոչ։ Մրցույթների մասնակիցները մարզվում էին և լարում իրենց ողջ ուժերը, որ հաղթեն։ Պողոսն ուզում էր, որ իր հավատակիցները նրանց պես լարեին իրենց ուժերը, որպեսզի հասնեին իրենց նպատակին՝ հավիտենական կյանքին։ Այդպես նրանք կյանքի մրցանակը ստանալու հույս կունենային։ Այո՛, քրիստոնեական մրցավազքում բոլոր նրանք, ովքեր հասնում են վերջնագծին, ստանում են մրցանակը։

4. Ի՞նչ պետք է իմանանք մեր առջև դրված մրցավազքի վերաբերյալ։

4 Թեև Պողոսի խոսքերը քաջալերական են կյանքի մրցավազքի բոլոր մասնակիցների համար, սակայն նաև սթափեցնող են։ Ինչո՞ւ։ Քանի որ մրցանակը անհամեմատելի մեծ է՝ կյանք երկնքում կամ դրախտ-երկրի վրա։ Մրցավազքը երկար է ու դժվար՝ լի խոչընդոտներով, վտանգներով ու շեղող հանգամանքներով (Մատթ. 7։13, 14)։ Դժբախտաբար, ոմանք դանդաղեցրել են իրենց ընթացքը, հանձնվել կամ ընկել են ճանապարհին։ Ի՞նչ ծուղակներ և վտանգներ կան այդ ճանապարհին։ Ինչպե՞ս կարող ես խուսափել դրանցից։ Ի՞նչ կարող ես անել, որպեսզի հասնես վերջնագծին և հաղթես մրցավազքը։

Հաղթելու համար տոկունություն է անհրաժեշտ

5. Եբրայեցիներ 12։1-ում Պողոսը ի՞նչ նշեց մրցավազքի վերաբերյալ։

5 Երուսաղեմում ու Հրեաստանում գտնվող եբրայեցի քրիստոնյաներին ուղղած իր նամակում Պողոսը կրկին անդրադարձավ մրցավազքի որոշ առանձնահատկությունների (կարդա՛ Եբրայեցիներ 12։1)։ Նա ոչ միայն նշեց, թե ինչու քրիստոնյան պիտի մասնակցի մրցավազքին, այլև գրեց, թե ինչ է հարկավոր անել հաղթելու համար։ Նախքան քննելը, թե ինչ ենք սովորում եբրայեցի քրիստոնյաներին տված Պողոսի ներշնչյալ խորհրդից, տեսնենք, թե ինչը մղեց նրան գրելու այդ նամակը և ինչ էր նա քաջալերում նրանց անել։

6. Քրիստոնյաները ի՞նչ ճնշումների էին ենթարկվում կրոնական առաջնորդների կողմից։

6 Առաջին դարի քրիստոնյաները, հատկապես նրանք, ովքեր բնակվում էին Երուսաղեմում և Հրեաստանում, բազմաթիվ դժվարությունների ու փորձությունների մեջ էին։ Նրանք ճնշումների էին ենթարկվում հրեա կրոնական առաջնորդների կողմից, որոնք դեռ մեծ ազդեցություն ունեին ժողովրդի վրա։ Որոշ ժամանակ առաջ այս առաջնորդներին հաջողվել էր սպանել Հիսուս Քրիստոսին ինչպես մի հանցագործի՝ մեղադրելով նրան խռովարարության մեջ։ Եվ նրանք մտադիր չէին դադարեցնելու հալածանքները։ «Գործեր» գրքում կարդում ենք քրիստոնյաների դեմ ուղղված իրար հաջորդող սպառնալիքների և հարձակումների մասին, որոնք սկսվեցին 33թ. Պենտեկոստեի ժամանակ տեղի ունեցած հրաշալի իրադարձություններից շատ չանցած։ Ինչ խոսք, այս ամենը դժվարացնում էր հավատարիմ քրիստոնյաների կյանքը (Գործ. 4։1–3; 5։17, 18; 6։8–12; 7։59; 8։1, 3)։

7. Ի՞նչ դժվար ժամանակներում էին ապրում քրիստոնյաները, որոնց Պողոսը նամակ գրեց։

7 Այդ քրիստոնյաները նաև ապրում էին այն ժամանակաշրջանում, երբ մոտ էր հրեական համակարգի վախճանը։ Հիսուսը իր հետևորդներին զգուշացրել էր անհավատարիմ հրեա ազգի կործանման մասին, հայտնել էր, թե այդ կործանումից անմիջապես առաջ ինչ դեպքեր էին լինելու, և հատուկ հրահանգներ էր տվել ողջ մնալու համար (կարդա՛ Ղուկաս 21։20–22)։ Ուրեմն ի՞նչ պետք է անեին նրանք։ Հիսուսը զգուշացրել էր. «Ուշադրություն դարձրեք ձեր անձերին, որ ձեր սրտերը երբեք չծանրանան շատակերությամբ, հարբեցողությամբ ու կյանքի հոգսերով, և այդ օրը հանկարծակի հասնի ձեզ վրա» (Ղուկ. 21։34)։

8. Ի՞նչ պատճառներով էին որոշ քրիստոնյաներ դանդաղեցրել իրենց ընթացքը կամ հանձնվել կյանքի մրցավազքում։

8 Երբ Պողոսը եբրայեցիներին գրում էր իր նամակը, Հիսուսի այդ զգուշացումը տալուց անցել էր մոտ 30 տարի։ Այդ տարիները ի՞նչ ազդեցություն էին թողել քրիստոնյաների վրա։ Նրանցից ոմանք տեղի էին տվել ճնշումներին և կյանքի հոգսերին։ Նրանք հոգևորապես չէին առաջադիմել, ինչը իրենց համար զորության աղբյուր կլիներ (Եբր. 5։11–14)։ Ոմանք էլ, ակներևաբար, մտածում էին, թե կյանքը շատ ավելի հեշտ կլիներ, եթե պարզապես հետևեին իրենց շուրջը եղող հրեաների մեծամասնությանը. չէ՞ որ այդ հրեաները ամբողջովին չէին հեռացել Աստծուց, նրանք դեռ որոշ չափով պահում էին Օրենքը։ Ժողովի անդամներից ոմանք էլ պահանջում ու ստիպում էին, որ մյուսներն էլ կառչած լինեն Մովսիսական օրենքից ու ավանդույթներից։ Ի՞նչ կարող էր Պողոսն ասել իր քրիստոնյա եղբայրներին, որպեսզի օգներ նրանց հոգևորապես արթուն մնալու և տոկուն լինելու մրցավազքում։

9, 10. ա) Եբրայեցիներ 10-րդ գլխի վերջում ի՞նչ է հորդորում Պողոսը։ բ) Պողոսն ինչո՞ւ է հիշատակում հնում ապրած վկաների հավատի գործերը։

9 Հետաքրքիր է, թե Պողոսը, Աստծու ներշնչմամբ, ինչպես փորձեց զորացնել եբրայեցի քրիստոնյաներին։ Եբրայեցիներ 10-րդ գլխում առաքյալը գրեց, որ Օրենքը «գալիք օրհնությունների ստվերն» է, և հստակ կերպով ընդգծեց Քրիստոսի քավիչ զոհի արժեքը։ Այդ գլխի վերջում նա հորդորեց իր ընթերցողներին. «Դուք տոկունության կարիք ունեք, որպեսզի Աստծու կամքը կատարելուց հետո ստանաք նրա խոստացածը։ Եվս «մի փոքր ժամանակ», և «նա, ով գալու է, կգա ու չի ուշանա»» (Եբր. 10։1, 36, 37)։

10 Եբրայեցիներ 11-րդ գլխում Պողոսը տպավորիչ կերպով բացատրում է, թե ինչ է նշանակում Աստծու հանդեպ իսկական հավատը՝ բերելով հնում ապրած հավատի տեր տղամարդկանց ու կանանց օրինակները։ Արդյոք Պողոսը չէ՞ր շեղվում թեմայից։ Բոլորովի՛ն։ Նա հասկանում էր, որ իր հավատակիցներին անհրաժեշտ է գիտակցել, որ ճշմարիտ հավատը խիզախություն և տոկունություն է պահանջում։ Հնում ապրած հավատարիմ ծառաների հիանալի օրինակը կզորացներ եբրայեցի քրիստոնյաներին՝ հաղթահարելու դժվարություններն ու փորձությունները։ Ուստի Աստծուն նվիրված այդ մարդկանց հավատի գործերը հիշատակելուց հետո Պողոսը կարող էր ասել. «Քանի որ մեր շուրջը վկաների այսպիսի մեծ բազմություն ունենք, եկեք մենք էլ մեր վրայից հանենք ամեն ծանրություն, ինչպես նաև մեղքը, որը հեշտությամբ խճճում է մեզ, և եկեք տոկունությամբ վազենք այն մրցավազքը, որ դրված է մեր առաջ» (Եբր. 12։1)։

Վկաների բազմություն

11. Վկաների «մեծ բազմության» օրինակի շուրջ խորհելը ի՞նչ ազդեցություն կարող է թողնել մեզ վրա։

11 Վկաների «մեծ բազմությունը» պարզապես այսպես կոչված հանդիսատես չէր, որը զուտ դիտում էր մրցավազքը՝ տեսնելու համար, թե ինչպես է իր սիրած մարզիկը կամ թիմը հաղթում։ Այդ հավատարիմ մարդիկ մասնակիցներ էին՝ վազորդներ, որոնք հաջողությամբ ավարտել էին մրցավազքը։ Թեև այդ ժամանակ նրանք մահացած էին, սակայն քանի որ համարվում էին փորձառու վազորդներ, կարող էին քաջալերել մրցավազքի նոր մասնակիցներին։ Պատկերացրու, թե ինչ կզգար մասնակիցը՝ իմանալով, որ իրեն շրջապատել, կամ՝ դիտում են մեծ հաջողությունների հասած վազորդներ։ Մի՞թե նա չէր մղվի իր լավագույնը և նույնիսկ ուժերից ավելին անելու։ Հնում ապրած այդ վկաները վառ ապացույցն էին այն բանի, որ հնարավոր է հաղթել այս փոխաբերական մրցավազքում՝ անկախ նրանից, թե ուժերի ինչ մեծ լարում է պահանջվում։ Այսպիսով՝ մտքում վառ պահելով վկաների «մեծ բազմության» օրինակը՝ առաջին դարի եբրայեցի քրիստոնյաները կարող էին խիզախություն ձեռք բերել և «տոկունությամբ վազել.... մրցավազքը»։ Նույնը կարող ենք անել նաև մենք։

12. Պողոսի բերած օրինակները ի՞նչ ընդհանրություն ունեն մեզ հետ։

12 Մեր հանգամանքները նման են այն հավատարիմ մարդկանց հանգամանքներին, որոնց մասին հիշատակեց Պողոսը։ Օրինակ՝ Նոյը ապրում էր այն ժամանակներում, երբ մոտ էր նախաջրհեղեղյան աշխարհի վախճանը։ Իսկ մենք ապրում ենք ներկայիս համակարգի վերջին օրերում։ Աբրահամն ու Սառան պատվեր ստացան թողնել իրենց հայրենի քաղաքը, որ հետամուտ լինեն ճշմարիտ երկրպագությանը և սպասեն Եհովայի խոստման իրականացմանը։ Մեզ ևս հորդոր է տրվում անձնուրաց կյանքով ապրել. այդ դեպքում կստանանք Եհովայի հավանությունն ու օրհնությունները։ Մովսեսը անցավ վտանգներով լի անապատով, որ գնա Ավետյաց երկիր։ Մենք նույնպես անցնում ենք այս մեռնող աշխարհի միջով ու գնում դեպի խոստացված նոր աշխարհ։ Ուստի արժե քննել, թե ինչերի միջով են անցել այս մարդիկ, ինչպես նաև նրանց հաջողություններն ու ձախողությունները, նրանց ուժեղ ու թույլ կողմերը (Հռոմ. 15։4; 1 Կորնթ. 10։11)։

Նրանք հաջողության հասան. ինչպե՞ս

13. Ի՞նչ դժվարություններ ուներ Նոյը և ինչի՞ շնորհիվ կարողացավ հաղթահարել դրանք։

13 Եհովայի այս ծառաներին ի՞նչն օգնեց տոկալու և մրցավազքը հաջողությամբ ավարտելու։ Ուշադրություն դարձնենք, թե Պողոսը ինչ գրեց Նոյի մասին (կարդա՛ Եբրայեցիներ 11։7)։ Ջրհեղեղը, որ Աստված բերելու էր երկրի վրա՝ «կործանելու.... ամեն մարմին», մի բան էր, որ Նոյը «դեռ չէր տեսել» (Ծննդ. 6։17)։ Նախկինում երբեք նման բան չէր եղել։ Սակայն Նոյը չմտածեց, թե դա անհավանական է կամ նույնիսկ անհնարին։ Ինչո՞ւ։ Որովհետև նա հավատում էր, որ Եհովան ինչ ասել է, անպատճառ կանի։ Նոյը չէր կարծում, թե իրեն հանձնարարված աշխատանքը չափազանց դժվար է։ Փոխարենը՝ ինչպես Աստված պատվիրել էր իրեն, «նա հենց այդպես արեց» (Ծննդ. 6։22)։ Փորձենք պատկերացնել այն բոլոր գործերը, որ Նոյը պետք է աներ։ Նա պետք է տապան կառուցեր, հավաքեր կենդանիներին, մարդկանց ու կենդանիների համար ուտելիք ամբարեր, նախազգուշացնող պատգամը քարոզեր և իր ընտանիքին հոգևորապես ամուր վիճակում պահեր։ Ինչ խոսք, նրա հանձնարարությունը փոքր չէր, և մեծ ջանքեր էին պահանջվում «հենց այդպես անելու» համար։ Նոյի հավատն ու տոկունությունը օրհնություններ բերեցին իրեն ու իր ընտանիքին, և նրանք ողջ մնացին։

14. Ի՞նչ դժվարությունների տոկացին Աբրահամն ու Սառան, և ի՞նչ ենք սովորում նրանց օրինակից։

14 Մեր շուրջը եղող վկաների բազմության մեջ, որոնց մասին խոսեց Պողոսը, հաջորդը Աբրահամն ու Սառան են։ Նրանց կյանքը հիմնովին փոխվեց, երբ հեռացան Ուր քաղաքից։ Նրանք չգիտեին, թե իրենց ինչ կպատահի։ Դժվարությունների մեջ Աբրահամն ու Սառան անսասան հավատ ու հնազանդություն դրսևորեցին։ Այն բոլոր զոհողությունների համար, որոնց Աբրահամը պատրաստ էր գնալու հանուն ճշմարիտ երկրպագության, նա կոչվեց «բոլոր հավատ ունեցող[ների].... հայրը» (Հռոմ. 4։11)։ Պողոսը նշեց նրանց հավատի միայն մի քանի գործերի մասին, քանի որ նրա ընթերցողները քաջածանոթ էին Աբրահամի կյանքի մանրամասներին։ Սակայն այդ գործերն արդեն իսկ ցույց էին տալիս, թե որքան զորեղ էր նրանց հավատը։ Պողոսը ասաց. «Նրանք բոլորը [այդ թվում նաև Աբրահամն ու իր ընտանիքը] մինչև մահ հավատարիմ մնացին, թեպետև չստացան խոստացված բաները, սակայն հեռվից տեսան դրանք և ողջունեցին ու հրապարակավ հռչակեցին, որ իրենք օտարներ և ժամանակավոր բնակիչներ են այդ երկրում» (Եբր. 11։13)։ Հստակ է, որ Աստծու հանդեպ նրանց հավատը և նրա հետ ունեցած մտերիմ փոխհարաբերությունները օգնեցին տոկունությամբ վազելու իրենց առաջ դրված մրցավազքը։

15. Ի՞նչը մղեց Մովսեսին անձնուրաց կյանքով ապրելու։

15 Վկաների բազմության մեջ Եհովայի հավատարիմ ծառաներից է նաև Մովսեսը։ Նա իր հետևում թողեց հարուստ ու փառահեղ կյանքը՝ «նախընտրելով Աստծու ժողովրդի հետ դաժան վերաբերմունքի արժանանալ»։ Ի՞նչը մղեց նրան այդպես վարվելու։ Պողոսը պատասխանեց. «[Նա] աչքերը հառել էր վարձատրությանը.... շարունակեց հաստատուն մնալ, ասես տեսնում էր Նրան, ով անտեսանելի է» (կարդա՛ Եբրայեցիներ 11։24–27)։ «Մեղքի ժամանակավոր հաճույքը» չշեղեց Մովսեսին իր ընթացքից։ Աստված և նրա խոստումները այնքան իրական էին իր համար, որ նա արտասովոր խիզախություն և տոկունություն դրսևորեց։ Մովսեսը ջանք չխնայեց իսրայելացիներին Եգիպտոսից դուրս բերելու և Ավետյաց երկիր առաջնորդելու գործում։

16. Մովսեսն ինչո՞ւ չվհատվեց, երբ նրան թույլ չտրվեց մտնել Ավետյաց երկիր։

16 Աբրահամի պես՝ Մովսեսն էլ իր կյանքի ընթացքում չտեսավ Աստծու խոստման իրականացումը։ Երբ իսրայելացիները պետք է մտնեին Ավետյաց երկիր, Աստված Մովսեսին ասաց. «Այն երկիրը, որը տալիս եմ Իսրայելի որդիներին, դու հեռվից կտեսնես, բայց չես մտնի այնտեղ»։ Մովսեսին թույլ չտրվեց մտնել Ավետյաց երկիր այն բանի համար, որ նա և Ահարոնը, ժողովրդի ապստամբության պատճառով զայրացած, Մերիբայի ջրերի մոտ «չէին հնազանդվել [Աստծուն] Իսրայելի որդիների մեջ» (2 Օրենք 32։51, 52)։ Արդյոք Մովսեսը վհատվե՞ց կամ բարկացա՞վ։ Ո՛չ։ Նա օրհնեց ժողովրդին և վերջում հետևյալ խոսքերն ասաց. «Երջանի՜կ ես դու, ո՛վ Իսրայել, ո՞վ է քեզ նման։ Դու մի ժողովուրդ ես, որի փրկությունը Եհովան է, նա քո օգնության վահանն է և քո փառահեղ սուրը» (2 Օրենք 33։29)։

Ինչ ենք սովորում

17, 18. ա) Ի՞նչ ենք սովորում վկաների «բազմությունից»։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

17 Մեզ շրջապատող վկաների «մեծ բազմությունից» մի քանիսի օրինակը քննելուց հետո պարզ դարձավ, որ մրցավազքը մինչև վերջ վազելու համար մենք պետք է ամուր հավատ ունենանք Աստծու և նրա խոստումների հանդեպ (Եբր. 11։6)։ Այդ հավատը չպետք է դրսևորվի մեր կյանքի միայն որոշ ոլորտներում։ Այն պետք է արտացոլվի մեր ողջ կյանքում։ Ի տարբերություն հավատ չունեցողների, որոնք տեսնում են միայն ներկան՝ Եհովայի ծառաները հոգևոր աչքերով տեսնում են նաև ապագան։ Մենք կարողանում ենք տեսնել «Նրան, ով անտեսանելի է», և տոկունությամբ վազել կյանքի մրցավազքը (2 Կորնթ. 5։7)։

18 Ճիշտ է, քրիստոնեական մրցավազքը հեշտ չէ, սակայն մենք կարող ենք հասնել վերջնագծին։ Հաջորդ հոդվածում կքննենք, թե է՛լ ինչը կօգնի մեզ հաջողությամբ վազելու մեր առաջ դրված մրցավազքը։

Կարո՞ղ ես բացատրել

• Պողոսն ինչո՞ւ գրեց հնում ապրած հավատարիմ վկաների մասին։

• Ինչպե՞ս է այն բանի պատկերացումը, որ շրջապատված ենք վկաների «մեծ բազմությամբ», քաջալերում տոկունությամբ վազել կյանքի մրցավազքը։

• Ի՞նչ սովորեցիր հավատարիմ վկաների՝ Նոյի, Աբրահամի, Սառայի և Մովսեսի օրինակներից։

[նկար 19-րդ էջի վրա]

Աբրահամն ու Սառան հոժարակամորեն հրաժարվեցին Ուր քաղաքում իրենց հարմարավետ կյանքից

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը