Սովորենք Աստծու Խոսքից
Ինչպե՞ս կարող ենք լավ ընկերներ ընտրել
Այս հոդվածում առաջ են քաշվում այնպիսի հարցեր, որոնք գուցե դու էլ ես տվել, և ցույց է տրվում, թե ինչպես կարող ես գտնել այդ հարցերի պատասխանները հենց քո Աստվածաշնչում։ Եհովայի վկաները հաճույքով կզրուցեն քեզ հետ այդ հարցերի շուրջ։
1. Ինչո՞ւ է անհրաժեշտ զգուշորեն ընկերներ ընտրել։
Մարդկանց մեծամասնությունը ձգտում է ընդունված լինել ուրիշների կողմից։ Այս ցանկությունը հաճախ մղում է մեզ ընդօրինակելու մեր շրջապատի մարդկանց։ Հետևաբար մեր ընկերները մեծապես ազդում են այն բանի վրա, թե ինչ հատկություններ, տրամադրվածություն կզարգանա մեր մեջ։ Այսպիսով՝ այն թե ինչ ընկեր ենք ընտրում, կարող է վճռական դեր խաղալ այն հարցում, թե ինչ մարդ կդառնանք մենք (կարդա՛ Առակներ 4։23; 13։20)։
Դավիթը՝ Աստվածաշնչի գրողներից մեկը, իմաստությամբ էր ընկերներ ընտրում։ Նա, լինելով Աստծու ծառա, շփվում էր նրանց հետ, ովքեր նպաստում էին այն բանին, որ ինքը անարատ մնա Աստծու հանդեպ (Սաղմոս 26։4, 5, 11, 12)։ Օրինակ՝ Դավիթն ընկերություն էր անում Հովնաթանի հետ, որովհետև վերջինս հորդորում էր նրան վստահել Եհովային (կարդա՛ 1 Սամուել 23։16–18)։
2. Ինչպե՞ս կարող ես դառնալ Աստծու ընկերը։
Թեև Եհովան ամենազոր է, սակայն մենք իրականում կարող ենք դառնալ նրա ընկերը։ Օրինակ՝ Աբրահամը դարձավ Աստծու ընկերը։ Նա վստահում և հնազանդվում էր Եհովային, այդ պատճառով էլ Եհովան նրան համարում էր իր ընկերը (Ծննդոց 22։2, 9–12; Հակոբոս 2։21–23)։ Եթե վստահում ենք Եհովային և անում ենք նրա ասածները, մենք նույնպես կարող ենք դառնալ Աստծու ընկերը (կարդա՛ Սաղմոս 15։1, 2)։
3. Ինչպե՞ս կարող են լավ ընկերներն օգնել քեզ։
Լավ ընկերը հավատարիմ է և օգնում է անել այն, ինչ ճիշտ է (Առակներ 17։17; 18։24)։ Օրինակ՝ Հովնաթանը, չնայած հավանաբար 30 տարով մեծ էր Դավթից և լինելով թագավորի որդի՝ կարող էր Իսրայելի գահ բարձրանալ, հավատարմորեն թիկունք կանգնեց Դավթին, որովհետև Աստված վերջինիս էր ընտրել թագավոր։ Իսկական ընկերը նաև չի վարանում քեզ խորհուրդ տալուց, երբ տեսնում է, որ սխալ ես վարվում (Սաղմոս 141։5)։ Եթե ընկերդ սիրում է Աստծուն, ուրեմն կօգնի, որ լավ հատկություններ զարգացնես (կարդա՛ 1 Կորնթացիներ 15։33)։
Ճիշտը սիրող մարդկանց կարող ես գտնել Եհովայի վկաների Թագավորության սրահում։ Այդ մարդկանց օգնությամբ կարող ես համապատասխան քայլեր անել Աստծուն հաճելի լինելու համար (կարդա՛ Եբրայեցիներ 10։24, 25)։
Այդուհանդերձ, նույնիսկ Աստծուն սիրող մեր ընկերները երբեմն գուցե հիասթափեցնեն մեզ։ Մի շտապիր վիրավորվել (Ժողովող 7։9, 20–22)։ Հիշիր, որ կատարյալ ընկեր չկա, բայց եթե մեր ընկերը սիրում է Աստծուն, նա պետք է թանկ լինի մեզ համար։ Աստծու Խոսքը հորդորում է սրտին մոտ չընդունել հավատակիցների թերացումները (կարդա՛ Կողոսացիներ 3։13)։
4. Ինչպե՞ս վարվել, երբ «ընկերներդ» ընդդիմանում են։
Հաճախ է լինում, որ երբ անհատը սկսում է ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել Աստվածաշնչից, նախկին ընկերներն ընդդիմանում են նրան։ Հնարավոր է՝ նրանք չեն հասկանում, որ Աստվածաշունչը գործնական խորհուրդներ է պարունակում և հիմնավոր հույս է տալիս մարդկանց։ Գուցե կարողանաս օգնել նրանց (կարդա՛ Կողոսացիներ 4։6)։
Լինում է նաև, որ «ընկերները» ծաղրում են Աստվածաշնչի բարի լուրը (2 Պետրոս 3։3, 4)։ Ոմանք էլ թերևս ծաղրեն քեզ այն բանի համար, որ ձգտում ես ճիշտն անել (1 Պետրոս 4։4)։ Այդպիսի դեպքերում կանգնում ես ընտրության առաջ. կա՛մ լինել նրանց ընկերը, կա՛մ լինել Աստծու ընկերը։ Եթե ուզում ես, որ Աստված լինի քո ընկերը, ապա իմացիր, որ կատարել ես լավագույն ընտրությունը (կարդա՛ Հակոբոս 4։4, 8)։
Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 12-րդ և 19-րդ գլուխները։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։