Աբրահամ. հավատի տեր մարդ
Աբրահամը կանգնած է գիշերային լռության մեջ ու մտածկոտ նայում է աստղազարդ երկնքին. Աստված խոստացել է, որ նրա սերունդը երկնային լուսատուների չափ շատ կլինի (Ծննդոց 15։5)։ Աստղերը Աբրահամին հիշեցնում են Աստծու խոստման մասին։ Աստղերը նաև երաշխիք են։ Եթե Եհովան կարողացել է ստեղծել անծայրածիր տիեզերքը, ապա մի՞թե չի կարող այնպես անել, որ Աբրահամն ու Սառան երեխա ունենան։ Ահա այսպիսին էր Աբրահամի հավատը։
Ի՞ՆՉ Է ՀԱՎԱՏԸ։ Աստվածաշնչում ասվում է. «Հավատը լիակատար համոզվածությունն է այն բանում, որ հույսերը կիրականանան, և ակնհայտ ապացույցն է այն իրողությունների, որոնք տեսանելի չեն» (Եբրայեցիներ 11։1)։ Աստծու հանդեպ հավատ ունեցող մարդը կենտրոնանում է նրա խոստումների վրա՝ համոզված լինելով, որ դրանք անպայման կատարվելու են։
ԻՆՉՊԵ՞Ս ԱԲՐԱՀԱՄԸ ՀԱՎԱՏ ԴՐՍԵՎՈՐԵՑ։ Աբրահամն իր գործերով փաստեց, որ հավատում է Աստծու խոստումներին։ Հավատով Աբրահամը թողեց իր ծննդավայրը՝ համոզված լինելով, որ Եհովան կպահի իր խոստումը, այն է՝ կտանի նրան մի ուրիշ երկիր։ Հավատով Աբրահամը ման եկավ Քանանի երկրով մեկ՝ համոզված լինելով, որ իր ժառանգը ի վերջո տիրելու է այդ երկրին։ Հավատով Աբրահամը հնազանդվեց Եհովային ու քայլեր ձեռնարկեց Իսահակին զոհաբերելու համար՝ համոզված լինելով, որ, եթե անհրաժեշտ լինի, Եհովան նրան հարություն կտա (Եբրայեցիներ 11։8, 9, 17–19)։
Աբրահամը ոչ թե անցյալի, այլ ապագայի վրա կենտրոնացավ։ Աբրահամն ու Սառան ակներևաբար հարմարավետ կյանքով էին ապրել Ուրում, բայց «նրանք անընդհատ չէին մտածում այն երկրի մասին, որտեղից եկել էին» (Եբրայեցիներ 11։15, Today’s English Version)։ Փոխարենը՝ մտածում էին այն մասին, թե Աստված ինչպես է օրհնելու իրենց և իրենց հետնորդներին (Եբրայեցիներ 11։16)։
Աբրահամի հավատը իզուր չէր, որովհետև Եհովան պահեց իր բոլոր խոստումները. Աբրահամի սերունդը ի վերջո բազմապատկվեց և դարձավ ազգ՝ «Իսրայել» անունով։ Ժամանակի ընթացքում իսրայելացիները եկան ապրելու Քանանում՝ հենց այն երկրում, որը Եհովան խոստացել էր Աբրահամին (Հեսու 11։23)։
Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ։ Կարող ենք վստահ լինել, որ Եհովան կպահի իր խոստումները։ Մարդու աչքերով՝ որոշ խոստումների կատարումը գուցե անհնար թվա։ Բայց կարող ենք լիովին համոզված լինել, որ «Աստծու համար ամեն բան հնարավոր է» (Մատթեոս 19։26)։
Աբրահամի օրինակից սովորում ենք նաև, որ չպետք է կենտրոնանալ անցյալի վրա, փոխարենը՝ հարկավոր է մտածել այն մասին, թե ինչ ուրախություններ կբերի ապագան։ Ջեյսոն անունով մի մարդ անձամբ համոզվեց սրանում։ Նա տառապում է մի հյուծիչ հիվանդությունից, որը լիովին կաթվածահար է արել իրեն։ «Պետք է խոստովանեմ, որ երբեմն ակամա սկսում եմ մտածել անցյալի մասին»,— ասում է նա։ Հետո ավելացնում է. «Ամենից շատ ուզում եմ անել հասարակ, առօրեական բաներ։ Այնքան եմ ուզում նորից գրկել կնոջս՝ Ամանդային»։
Բայցևայնպես, Ջեյսոնը լիովին հավատում է, որ Եհովան կատարելու է իր խոստումները, այդ թվում նաև այն խոստումը, որ մեր մոլորակը շուտով վերածվելու է դրախտի, իսկ հավատարիմ մարդիկ ունենալու են կատարյալ առողջություն և ապրելու են հավիտյանa (Սաղմոս 37։10, 11, 29; Եսայիա 35։5, 6; Հայտնություն 21։3, 4)։ Նա ասում է. «Ինքս ինձ հիշեցնում եմ, որ լավագույն ժամանակները առջևում են։ Շուտով այս ամենը կվերանա, կվերանա հավիտյան. սթրեսը, անհանգստությունը, տխրությունը, մեղքը»։ Աբրահամական հավատի ինչպիսի՜ օրինակ։
[ծանոթագրություն]
a Ապագա երկրային դրախտի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը (գլուխ 3, 7, 8)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։