Ինչպե՞ս կպատասխաներ Հիսուսը
Բազմաթիվ աստվածասեր մարդկանց կարծիքով՝ կրոնը պետք է մասնակցի քաղաքականությանը։ Նրանք ասում են, որ կրոնը կարող է լուրջ դեր խաղալ մարդկության հիմնախնդիրների լուծման մեջ։ Բայց ուրիշներն էլ, որ նույնպես սիրում են Աստծուն, պնդում են, թե կրոնը չպետք է խառնվի քաղաքականությանը։ Իսկ դո՞ւք։ Ո՞րն է ձեր կարծիքը։ Պե՞տք է այս հզոր ուժերը քայլեն ձեռք ձեռքի տված։
ԻՆՉ-ՈՐ մեկն ասել է, որ Հիսուս Քրիստոսը «կրոնի պատմության մեջ ամենաազդեցիկ դեմքն» է։ Այդ դեպքում եկեք Հիսուսին հարցնենք. «Կրոնը պե՞տք է մասնակցի քաղաքականությանը»։ Ի՞նչ կպատասխաներ նա։ Երբ երկրի վրա էր, Հիսուսը այդ հարցին խոսքով և գործով պատասխանեց։ Օրինակ՝ իր՝ Լեռան քարոզում նա ասաց այնպիսի մտքեր, որոնց հիման վրա իր հետևորդները կարող էին կողմնորոշվել, թե ինչ չափով առնչվեն հասարակությանը։ Քննենք մի քանի մտքեր այդ հայտնի քարոզից։
Աղ և լույս
Հիսուսը բացատրեց, թե իր հետևորդները ինչ առնչություն կարող են ունենալ աշխարհի հետ։ Նա ասաց. «Դուք երկրի աղն եք։ Բայց եթե աղը կորցնի իր համը, էլ ինչպե՞ս կվերականգնվի նրա աղիությունը։ Այն այլևս ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կնետվի, որտեղ մարդկանց ոտների տակ կկոխկռտվի։ Դուք աշխարհի լույսն եք.... Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառք տան ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5։13–16)։ Ինչո՞ւ է Հիսուսն իր հետևորդներին համեմատում աղի և լույսի հետ։
Քրիստոսի խոսքերից կարելի է եզրակացնել, որ նրա հետևորդները նման են աղի ոչ թե մարդկանց մի փոքր խմբի համար, այլ հենց ամբողջ մարդկության համար։ Նույն ձևով, նրանք նման են լույսի ոչ թե սահմանափակ թվով մարդկանց, այլ բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հստակ տեսնել։ Այս պատկերավոր օրինակների միջոցով Հիսուսը պարզ ցույց տվեց, որ չի ուզում՝ իր հետևորդները մեկուսանան հասարակությունից։ Ինչո՞ւ։
Մտածեք։ Ինչպե՞ս կարող է աղը պահպանել սնունդը, եթե չխառնվի սննդին։ Ինչպե՞ս կարող է վառվող ճրագը ցրել սենյակի խավարը, եթե սենյակում չլինի։ Ուստի զարմանալի չէ, որ Հիսուսը երբեք չի պատվիրել իր աշակերտներին տեղափոխվել մեկուսի վայր ու այնտեղ հիմնել հավատացյալների առանձին համայնք։ Նա չի ասել, որ իր հետևորդները ստեղծեն կրոնական միաբանություն և ամփոփվեն դրանում։ Այո՛, ինչպես որ աղն է միախառնվում սննդին, և ինչպես որ լույսն է ցրում խավարը, այնպես էլ քրիստոնյաները բարերար ներգործություն են ունենում ուրիշների վրա։
«Աշխարհի մի մասը չեն»
Հիսուսի հիշյալ խոսքերից երևում է, որ նրա հետևորդները պետք է առնչվեն ուրիշ մարդկանց հետ։ Բայց հետաքրքիր է, որ նա իր աշակերտների համար աղոթելիս ասաց. «Խնդրում եմ քեզ, որ ոչ թե նրանց վերցնես աշխարհից, այլ որ պահպանես նրանց Չարից։ Նրանք աշխարհի մի մասը չեն, ինչպես ես էլ աշխարհի մի մասը չեմ» (Հովհաննես 17։15, 16)։ Հարց է առաջանում. «Ինչպե՞ս կարող են քրիստոնյաները և՛աշխարհից չլինել, և՛ հասարակության մեջ լինել»։ Այս հարցին պատասխանելու համար քննենք ուրիշ երեք հարց։
• Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում քաղաքականությանը։
• Ինչպե՞ս քրիստոնյաները պետք է վերաբերվեն քաղաքականությանը։
• Ի՞նչ ազդեցություն են թողնում քրիստոնեական ուսմունքները հասարակության վրա։
[մեջբերում 4-րդ էջի վրա]
Հիսուսը պարզ ցույց տվեց, որ չի ուզում՝ իր հետևորդները մեկուսանան հասարակությունից