Նրանք մղված էին «սուրբ ոգուց»
«Մարգարեությունը երբեք մարդկանց կամքով չի տրվել, այլ մարդիկ Աստծու կողմից են խոսել՝ սուրբ ոգուց մղված» (2 ՊԵՏ. 1։21)։
ՀԱՐՑԵՐ ԽՈՐՀՐԴԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Սուրբ ոգու միջոցով Աստծու պատգամը ինչպե՞ս է փոխանցվել Աստվածաշունչ գրողներին։
Ի՞նչ ապացույցներ կան, որ Աստվածաշունչը ներշնչված է Աստծուց։
Ամեն օր ի՞նչ կարող ես անել, որ պահպանես գնահատանքդ Աստծու Խոսքի հանդեպ։
1. Ինչո՞ւ Աստծու ներշնչված Խոսքի կարիքն ունենք։
ՈՐՏԵՂԻ՞Ց ենք առաջ եկել։ Ինչո՞ւ ենք այստեղ։ Ո՞ւր ենք գնում։ Ինչո՞ւ է աշխարհն այսպիսին։ Ի՞նչ է պատահում մահից հետո։ Ամբողջ աշխարհում մարդիկ տալիս են այս հարցերը։ Որտեղի՞ց կիմանայինք այս և այլ կարևոր հարցերի պատասխանները, եթե չունենայինք Աստծու ներշնչված Խոսքը։ Եթե չլիներ Սուրբ Գիրքը, մեր ուսուցիչը գլխավորապես կլիներ մեր անձնական փորձը։ Սակայն ունենալով այդպիսի ուսուցիչ՝ երբևէ կկարողանայի՞նք «Եհովայի օրենքի» հանդեպ ունենալ սաղմոսերգուի զգացումները (կարդա՛ Սաղմոս 19։7)։
2. Ի՞նչը կօգնի մեզ պահպանելու Աստվածաշնչի հանդեպ մեր գնահատանքը և համարելու այն թանկ նվեր Աստծուց։
2 Ցավալի է, սակայն ոմանք թույլ են տվել, որ աստվածաշնչյան ճշմարտության հանդեպ իրենց առաջին սերը սառչի (համեմատի՛ր Հայտնություն 2։4)։ Նրանք այլևս չեն քայլում Եհովային հաճելի ճանապարհով (Ես. 30։21)։ Չպետք է թույլ տանք, որ մեզ հետ էլ նման բան լինի։ Մենք կարո՛ղ ենք և պե՛տք է ջանք թափենք, որ պահպանենք Աստվածաշնչի և նրա ուսմունքների հանդեպ մեր գնահատանքը։ Աստվածաշունչը կենսական նվեր է մեր սիրառատ Արարչից (Հակ. 1։17)։ Ի՞նչը կօգնի մեզ խորացնելու մեր գնահատանքը «Աստծու խոսքի» հանդեպ։ Կերպերից մեկը խորհրդածելն է այն բանի շուրջ, թե ինչպես են Գիրքը գրողները այն գրի առել։ Դա նշանակում է վերհիշել նրա ներշնչված լինելու բազմաթիվ փաստերից մի քանիսը։ Եթե այդպես վարվենք, կմղվենք ամեն օր կարդալու Աստծու Խոսքը և կիրառելու նրա խորհուրդները (Եբր. 4։12)։
«ՍՈՒՐԲ ՈԳՈՒՑ ՄՂՎԱԾ» ԷԻՆ. ԻՆՉՊԵ՞Ս
3. Ինչպե՞ս էին Աստվածաշնչի մարգարեներն ու գրողները «սուրբ ոգուց մղված»։
3 1610 տարիների ընթացքում՝ սկսած մ.թ.ա. 1513-ից մինչև մ.թ. 98թ., մոտ 40 տղամարդիկ, որոնցից ոմանք մարգարեներ էին, «սուրբ ոգուց մղված» գրի առան Աստվածաշունչը (կարդա՛ 2 Պետրոս 1։20, 21)։ «Մղված» թարգմանված հունարեն արտահայտությունը ունի «մի տեղից մյուսը տանելու, տեղափոխելու» իմաստ և «կարող է տարբեր կերպերով թարգմանվել՝ մղվել, քշվել, շարժվել»a։ Գործեր 27։15-ում օգտագործված է նույն արտահայտությունը՝ նկարագրելու, որ նավը քամուց շարժվում կամ քշվում էր որոշակի ուղղությամբ։ Աստվածաշնչի մարգարեներն ու գրողները «սուրբ ոգուց մղված» էին այն իմաստով, որ Աստված հաղորդակցվում էր նրանց հետ, մղում և առաջնորդում էր իր գործուն ուժի միջոցով։ Այդ պատճառով նրանք գրում էին ոչ թե իրենց, այլ Աստծու մտքերը։ Երբեմն ոգով ներշնչված մարգարեներն ու գրողները նույնիսկ չգիտեին իրենց կանխագուշակած և գրի առած բաների նշանակությունը (Դան. 12։8, 9)։ Այո՛, «ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց» և զերծ է մարդկային գաղափարներից (2 Տիմոթ. 3։16)։
4-6. Ի՞նչ կերպերով էր Եհովան իր պատգամը հայտնում Աստվածաշունչ գրողներին։ Բե՛ր օրինակ։
4 Իսկ ինչպե՞ս էր Աստծու պատգամը սուրբ ոգու միջոցով փոխանցվում Աստվածաշունչ գրողներին։ Արդյոք նրանց բառ առ բա՞ռ էր ասվում՝ ինչ գրել, թե՞ պարզապես տրվում էին մտքեր, որոնք նրանք կարող էին շարադրել իրենց բառերով։ Նկատի առնենք գործարարի օրինակը, որը նամակ է կազմում։ Երբ կոնկրետ բառերը կարևոր են, նա ինքն է գրում նամակը կամ բառ առ բառ թելադրում է քարտուղարուհուն։ Վերջինս տպում է նամակը, բայց գործարարն է այն ստորագրում։ Այլ դեպքերում նա պարզապես հիմնական մտքերն է ասում, իսկ քարտուղարուհին իր ոճով ու բառապաշարով կազմում է նամակը։ Այնուհետև գործարարը գուցե սրբագրի այն և քարտուղարուհուն ասի, որ մի քանի փոփոխություններ անի։ Վերջում նա ստորագրում է նամակը, և ստացողը այն համարում է այդ մարդուց ստացված նամակ։
5 Նմանապես Աստվածաշնչի որոշ մասեր գրվել են «Աստծու մատով» (Ելք 31։18)։ Եհովան նաև թելադրել է իր խոսքերը, երբ կոնկրետ բառերի շարադրանքը անչափ կարևոր էր։ Օրինակ՝ Ելք 34։27-ում կարդում ենք. «Եհովան շարունակեց ասել Մովսեսին. «Քեզ համար գրի առ այս խոսքերը, որովհետև այս խոսքերի համաձայն եմ ես ուխտ կապում քեզ հետ և Իսրայելի հետ»»։ Իսկ Երեմիա մարգարեին նա ասաց. «Մի գրքի մեջ քեզ համար գրիր այն բոլոր խոսքերը, որ կասեմ քեզ» (Երեմ. 30։2)։
6 Սակայն հիմնականում ոչ թե կոնկրետ բառերը, այլ մտքերն էին հրաշքով փոխանցվում Աստվածաշունչ գրի առնողների սրտերին ու մտքերին՝ թույլ տալով, որ նրանք ընտրեն խոսքեր՝ դրանք արտահայտելու համար։ «Ժողովողը ձգտում էր հաճելի խոսքեր գտնել և ճշմարտության ճշգրիտ խոսքեր էր գրում»,— նշվում է Ժողովող 12։10-ում։ Իսկ ավետարանագիր Ղուկասը «սկզբից բոլոր բաները ճշգրտությամբ հետազոտեց», որ «տրամաբանական հաջորդականությամբ գրի դրանք» (Ղուկ. 1։3)։ Աստծու ոգին թույլ չէր տալիս, որ մարդկային անկատարությունը աղավաղի նրա պատգամը։
7. Այն, որ Աստված մարդկանց միջոցով գրեց Աստվածաշունչը, ինչպե՞ս է վկայում նրա մեծ իմաստության մասին։
7 Այն, որ Աստված մարդկանց միջոցով գրեց Աստվածաշունչը, վկայում է նրա մեծ իմաստության մասին։ Բառերը ոչ միայն տեղեկություններ են հայտնում, այլև հույզեր ու զգացմունքներ են արտահայտում։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե Եհովան հրեշտակների միջոցով գրեր իր Խոսքը։ Նրանք կկարողանայի՞ն մարդկանց հատուկ հույզերը, ինչպիսիք վախը, ցավը, հիասթափությունն են, հաղորդել նրանց հասկանալի նրբերանգներով։ Թույլ տալով, որ անկատար մարդիկ ընտրեն բառեր՝ սուրբ ոգու միջոցով ստացած մտքերն արտահայտելու համար՝ Աստված իր պատգամը հաղորդեց ջերմությամբ և բազմազանությամբ, ինչի շնորհիվ այն հույզեր ու զգացմունքներ է արթնացնում մարդկանց մեջ։
ԱՉՔԻԴ ԱՌԱՋ ՈՒՆԵՑԻՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ
8. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Աստվածաշունչը տարբերվում է կրոնական այլ գրքերից։
8 Բազմաթիվ ապացույցներ կան, որ Աստվածաշունչը Աստծու ներշնչյալ Խոսքն է։ Ոչ մի կրոնական գիրք այնպես չի ճանաչեցնում Աստծուն, ինչպես Աստվածաշունչը։ Օրինակ՝ հինդուիզմի գրվածքներից են վեդայական հիմները, արարողությունների և այդ հիմների վերաբերյալ մեկնաբանությունները, փիլիսոփայական տրակտատները, որոնք կոչվում են ուպանիշադաներ, ինչպես նաև «Ռամայանա» և «Մահաբհարաթա» էպոսները։ «Բհագավադ-Գիտան», որը «Մահաբհարաթայի» մի մասն է կազմում, բարոյականության վերաբերյալ հրահանգներ է պարունակում։ Բուդդայականության «Տիպիտակայի» (Երեք հավաքածու) հատորներից մեկը հիմնականում վերաբերում է վանականների և միանձնուհիների վարքի կանոններին ու սկզբունքներին։ Մյուս հատորը գլխավորապես բուդդայական ուսմունքների հիմունքների մասին է։ Իսկ երրորդ հատորը Բուդդայի բանավոր ուսմունքների արձանագրությունն է։ Բուդդան չէր պնդում, թե ինքն աստված է, և շատ քիչ բան է ասել Աստծու մասին։ Կոնֆուցիականության գրվածքները արձանագրված իրադարձությունների, վարքի կանոնների, կախարդական բաղադրատոմսերի ու երգերի խառնուրդ են։ Իսկ մահմեդականության սուրբ գիրքը թեև ուսուցանում է հավատ մեկ Աստծու հանդեպ և ներկայացնում է նրան որպես մի անձնավորություն, որը ամենագետ է և նախապես գիտի, թե ինչ է տեղի ունենալու, սակայն չի տեղեկացնում Աստծու Եհովա անվան մասին, որը հազարավոր անգամներ հանդիպում է Աստվածաշնչում։
9, 10. Աստծու մասին ի՞նչ կարող ենք սովորել Աստվածաշնչից։
9 Մինչ հիմնական կրոնական գրքերի մեծ մասը շատ քիչ բան է ասում կամ գրեթե ոչինչ չի ասում Աստծու մասին, Աստվածաշունչը ճանաչեցնում է Եհովա Աստծուն և նրա գործերը։ Այն օգնում է մեզ տեսնելու նրա անձնավորության տարբեր երեսակները՝ ցույց տալով, որ նա ոչ միայն ամենազոր, իմաստուն և արդար Աստված է, այլև սիրող (կարդա՛ Հովհաննես 3։16; 1 Հովհաննես 4։19)։ Աստվածաշունչն ասում է. «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործ. 10։34, 35)։ Ինչ-որ իմաստով Աստվածաշնչի մատչելի լինելը փաստում է այս ճշմարտությունը։ Լեզվաբաններն ասում են, որ այսօր աշխարհում գոյություն ունի մոտ 6700 լեզու, որոնցից մոտ 100-ով խոսում է բնակչության գրեթե 90 տոկոսը։ Մինչդեռ Աստվածաշունչը մասամբ կամ ամբողջությամբ թարգմանված է ավելի քան 2400 լեզուներով։ Այն գոնե մասամբ հասանելի է գրեթե յուրաքանչյուր մարդու։
10 Հիսուսն ասաց. «Իմ Հայրը մինչև հիմա գործում է, և ես նույնպես գործում եմ» (Հովհ. 5։17)։ Իսկ Սաղմոս 90։2-ում գրված է. «Հավիտենից մինչև հավիտյան [Եհովան] է Աստված»։ Ուստի մտածիր, թե ինչքան բան է նա իրագործել։ Միայն Աստվածաշունչն է հայտնում, թե Աստված ինչ է արել անցյալում, ինչ է անում ներկայումս և ինչ է անելու ապագայում։ Սուրբ Գիրքը նաև սովորեցնում է, թե նրան ինչն է հաճելի և ինչը՝ տհաճ, և թե ինչպես կարող ենք մոտենալ նրան (Հակ. 4։8)։ Թող երբեք թույլ չտանք, որ անձնական նպատակները կամ մտահոգությունները հեռացնեն մեզ Աստծուց։
11. Աստվածաշնչի էջերում ինչպիսի՞ իմաստություն է ամփոփված։
11 Աստվածաշնչում ամփոփված մեծ ու վստահելի իմաստությունը նույնպես ցույց է տալիս, որ այս գիրքը գերմարդկային Աղբյուր ունի։ Պողոս առաքյալը գրեց. «Ո՞վ կարողացավ իմանալ Եհովայի միտքը, որ սովորեցնի նրան» (1 Կորնթ. 2։16)։ Այս համարը հիմնված է Եսայիա մարգարեի հարցի վրա, որը նա տվեց իր ժամանակակիցներին՝ ասելով. «Ո՞վ է չափել Եհովայի ոգին, և ո՞վ կարող է խորհուրդ տալ ու որևէ բան իմացնել նրան» (Ես. 40։13)։ Իհարկե, դրա պատասխանն է՝ ոչ ոք։ Ուստի զարմանալի չէ, որ ամուսնության, երեխաների դաստիարակության, զվարճությունների, ընկերակցության, աշխատասիրության, ազնվության ու բարոյականության վերաբերյալ սուրբգրային խորհուրդները կիրառելը գերազանց արդյունքներ է բերում։ Աստվածաշնչից երբեք վատ խորհուրդ չենք ստանա։ Իսկ մարդիկ բավականաչափ իմաստություն չունեն, որ միշտ գործնական ու օգտակար խորհուրդներ տան (Երեմ. 10։23)։ Նրանք անընդհատ վերանայում, փոփոխում են իրենց խորհուրդները, երբ հասկանում են, որ նախորդը թերի էր։ «Մարդկանց մտքերը,— ասվում է Աստվածաշնչում,— ունայն են» (Սաղ. 94։11)։
12. Դարերի ընթացքում ի՞նչ փորձությունների միջով է անցել Աստվածաշունչը։
12 Այն, թե պատմությունը ինչ է հայտնում Աստվածաշունչը ոչնչացնելու մարդկանց ջանքերի մասին, ևս մեկ ապացույց է, որ նրա Հեղինակը ճշմարիտ Աստվածն է։ Մ.թ.ա. 168-ին ասորական թագավոր Անտիոքոս IV փորձում էր գտնել Օրենքի ներշնչված գրքերը, որ վառեր դրանք։ Մ.թ. 303-ին Հռոմի կայսր Դիոկղետիանոսը քրիստոնյաների հանդիպման վայրերը ոչնչացնելու և նրանց Սուրբ Գրքերն այրելու հրաման արձակեց։ Այդ կործանիչ գործունեությունը շարունակվեց մեկ տասնամյակ։ 11-րդ դարից հետո Հռոմի պապերը իրենց ձեռքից եկածն են արել, որ խոչընդոտեն աստվածաշնչյան գիտելիքների տարածմանը և թույլ չտան նրա թարգմանությունը հասարակ ժողովրդի լեզվով։ Չնայած Սատանայի ու նրա համախոհների ջանքերին՝ Աստվածաշունչը վերապրել է մինչև մեր օրերը։ Եհովան թույլ չի տվել, որ որևէ մեկը վերացնի մարդկությանը տված իր պարգևը։
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ, ՈՐՈՆՔ ՇԱՏԵՐԻՆ ԵՆ ՀԱՄՈԶԵԼ
13. Ի՞նչ ապացույցներ կարող ենք նշել, որ Աստվածաշունչը ներշնչված է Աստծուց։
13 Կան նաև այլ ապացույցներ, որոնք փաստում են Աստվածաշնչի ներշնչված լինելը։ Դրանք են՝ ներքին ներդաշնակությունը, գիտության և պատմության տեսանկյունից ճշգրիտ լինելը, կատարված մարգարեությունները, բացառիկ անկեղծությունը, կյանքեր փոխելու զորությունը և 1-ին պարբերությունում նշված հարցերին տրվող բավարար պատասխանները։ Նկատի առ, թե ինչն է օգնել որոշ մարդկանց համոզվելու, որ Աստվածաշունչը Աստծուց է։
14-16. ա) Ի՞նչը համոզեց մուսուլմանին, հինդուականին ու ագնոստիկին, որ Աստվածաշունչը Աստծուց տրված գիրք է։ բ) Ծառայության մեջ Աստվածաշնչի ներշնչված լինելու ո՞ր ապացույցներն ես սիրում օգտագործել։
14 Անորըb մեծացել է մուսուլմանական երկրում։ Երբ նա ժամանակավորապես ապրում էր Հյուսիսային Ամերիկայում, Եհովայի վկաները եկան նրա տուն։ «Այդ ժամանակ,— պատմում է Անորը,— ես բացասական կարծիք ունեի քրիստոնեական կրոնների մասին խաչակրաց արշավանքների ու ինկվիզիցիայի պատճառով։ Սակայն քանի որ էությամբ հետաքրքրասեր եմ, համաձայնեցի Աստվածաշունչ ուսումնասիրել»։ Կարճ ժամանակ հետո Անորը վերադարձավ իր երկիր և կորցրեց կապը Վկաների հետ։ Տարիներ անց նա տեղափոխվեց Եվրոպա, որտեղ վերսկսեց ուսումնասիրությունը և այս եզրահանգումն արեց. «Սուրբգրային մարգարեությունների կատարումը, ներքին ներդաշնակությունը, հակասությունների բացակայությունն ու Եհովայի երկրպագուների միջև սերը համոզեցին ինձ, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է»։ 1998թ.-ին Անորը մկրտվեց։
15 Տասնվեց տարեկան Այիշայի ընտանիքի անդամները նվիրված հինդուականներ են։ «Ես աղոթում էի միայն այն ժամանակ, երբ տաճար էի գնում կամ դժվարություններ էի ունենում,— ասում է նա,— բայց երբ ամեն ինչ լավ էր, երբեք չէի մտածում Աստծու մասին»։ Այիշան շարունակում է. «Սակայն մի անգամ Եհովայի վկաները թակեցին իմ դուռը, և կյանքս 180 աստիճանով փոխվեց»։ Աղջիկը ուսումնասիրեց Աստվածաշունչը և մտերիմ փոխհարաբերություններ հաստատեց Աստծու հետ։ Ինչի՞ շնորհիվ նա համոզվեց, որ Սուրբ Գիրքը ներշնչված է Աստծուց։ Նա բացատրում է. «Ինչ հարց էլ որ տայի, Աստվածաշունչը պատասխանում էր դրան։ Դա օգնեց ինձ հավատալու Աստծուն՝ առանց տաճար գնալու և կուռքի առաջ խոնարհվելու»։
16 Պաուլան մեծացել է որպես կաթոլիկ, սակայն երիտասարդ տարիքում իրեն ագնոստիկ էր համարում։ Օրերից մի օր մի բան տեղի ունեցավ։ «Ես հանդիպեցի ընկերոջս, որին մի քանի ամիս չէի տեսել,— պատմում է նա։— Հիպիական ժամանակաշրջանն էր։ Երբ տեսա, թե ինչպես է նա փոխվել՝ կոկիկ արտաքին ուներ ու երջանիկ էր, հարցրի. «Ի՞նչ է եղել քեզ, որտե՞ղ էիր»։ Նա ասաց, որ Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ է ուսումնասիրել, և վկայություն տվեց ինձ»։ Տեսնելով, թե ճշմարտությունը ինչ զորություն ունի փոխելու մարդուն՝ այս ագնոստիկը ընդունեց Աստվածաշունչը որպես Աստծու կողմից ներշնչված գիրք։
«ՔՈ ԽՈՍՔԸ ՃՐԱԳ Է ԻՄ ՈՏՔԵՐԻ ՀԱՄԱՐ»
17. Ամեն օր Աստծու Խոսքը կարդալու և դրա շուրջ խորհրդածելու շնորհիվ ի՞նչ օգուտներ կստանաս։
17 Աստվածաշունչը հրաշալի պարգև է, որը Եհովան տվել է իր սուրբ ոգու միջոցով։ Հաճույքով կարդա այն ամեն օր, և քո սերը կաճի այդ գրքի և նրա Հեղինակի հանդեպ (Սաղ. 1։1, 2)։ Ամեն անգամ աղոթքով սկսիր ուսումնասիրությունդ՝ խնդրելով, որ Աստծու ոգին առաջնորդի քո մտքերը (Ղուկ. 11։13)։ Աստվածաշունչը պարունակում է Աստծու մտքերը, ուստի երբ խորհրդածես նրա խոսքերի շուրջ, Աստծու մտածելակերպը քոնը կդարձնես։
18. Ինչո՞ւ ես ցանկանում շարունակել սովորել Աստվածաշնչից։
18 Մինչ շարունակում ես աճել ճշմարտության ճշգրիտ գիտելիքների մեջ, ապրիր սովորածիդ համաձայն (կարդա՛ Սաղմոս 119։105)։ Նայիր Սուրբ Գրքի մեջ, ինչպես հայելու մեջ։ Եթե տեսնես, որ փոփոխություններ անելու կարիք կա, արա՛ (Հակ. 1։23–25)։ Աստծու Խոսքն օգտագործիր որպես սուր՝ պաշտպանելու հավատալիքներդ և հեզ մարդկանց սրտերից արմատախիլ անելու կեղծ ուսմունքները (Եփես. 6։17)։ Ամեն անգամ, երբ ձեռքդ ես վերցնում Աստվածաշունչը, հիշիր, որ այն գրի առնողները իսկապես մղված են եղել «սուրբ ոգուց»։ Մի՞թե դա երախտագետ լինելու պատճառ չէ։
[ծանոթագրություններ]
a «A Greek-English Lexicon of the New Testament and Other Early Christian Literature»։
b Որոշ անուններ փոխված են։
[նկար 29-րդ էջի վրա]
Ամեն օր կարդա Աստվածաշունչը, և նրա Հեղինակի հանդեպ քո սերը կաճի
[նկար 26-րդ էջի վրա]
Նամակի հեղինակը համարվում է այն մարդը, որը ստորագրում է այն