Ո՞վ է աղոթքներ լսողը
ԵԹԵ գոյություն ունի նա, ով լսում է աղոթք, ապա կարելի է մտածել, որ նա պետք է որ մեր Ստեղծիչը լինի։ Իսկ եթե նա մեզ ստեղծել է, ուրեմն և կարող է կարդալ մեր մտքերը, պատասխանել մեր աղոթքներին։ Բայց գուցե հարցնես. «Մի՞թե խելամիտ է հավատալ Ստեղծչի գոյությանը»։
Շատ մարդիկ կարծում են, որ Աստծուն հավատալ նշանակում է մերժել ժամանակակից գիտությունը։ Սակայն այն ենթադրությունը, որ Աստծու հանդեպ հավատը և գիտությունը անհամատեղելի են, ճիշտ չէ։ Ուշադրություն դարձրու հետևյալին։
◼ Միացյալ Նահանգների 21 էլիտար համալսարանների 1646 պրոֆեսորների շրջանում վերջերս անցկացվեց մի հետազոտություն։ Պարզվեց, որ Աստծուն չի հավատում պրոֆեսորների միայն մեկ երրորդ մասը։
Իրողությունն այն է, որ քիչ չեն Աստծուն հավատացող գիտնականները։
Ստեղծչի գոյության ապացույցը
Պե՞տք է արդյոք կուրորեն հավատանք, որ գոյություն ունի Աստված, ով լսում է մեր աղոթքները։ Իհարկե ոչ։ Այն գաղափարը, թե հավատը ինչ-որ բանում համոզված լինելն է՝ առանց ապացույցներ ունենալու, սխալ է։ Ըստ Աստվածաշնչի՝ «հավատը.... ակնհայտ ապացույցն է այն իրողությունների, որոնք տեսանելի չեն» (Եբրայեցիներ 11։1)։ Օրինակ՝ դու չես կարող տեսնել ռադիոալիքները, բայց քո բջջային հեռախոսը ակնհայտ ապացուցում է այն իրողությունը, որ կան անտեսանելի ալիքներ, որոնց միջոցով ձայնը փոխանցվում է։ Նմանապես թեև չենք կարող տեսնել աղոթքներ Լսողին, մենք կարող ենք քննել մեր ձեռքի տակ եղած ապացույցները, որոնք կարող են լցնել մեզ համոզվածությամբ, որ նա, անշուշտ, գոյություն ունի։
Ինչպե՞ս կարող ենք գտնել ապացույցներ, որ Աստված գոյություն ունի։ Դրա համար շատ բան պետք չէ. պետք է պարզապես նայենք մեր շուրջը։ Աստվածաշնչում ասվում է. «Անշուշտ, ամեն տուն ինչ-որ մեկի կողմից է կառուցվում, բայց ով բոլոր բաները կառուցեց, Աստված է» (Եբրայեցիներ 3։4)։ Համամիտ չե՞ս, որ այս խոսքերը տրամաբանական են։ Երբ խորհում ենք տիեզերքում տիրող կարգուկանոնի, կյանքի ծագման կամ էլ երկրագնդի վրա եղող ամենաբարդ կառուցվածքի՝ մարդու ուղեղի մասին, հասկանում ենք, որ մարդուց ավելի բարձր ինչ-որ մեկը կաa։
Բայց ստեղծված բաները ամեն ինչ չէ, որ կարող են սովորեցնել մեզ Աստծու մասին։ Աստծու գոյությունը արարչության մեջ տեսնելը նման է փակ դռան հետևից մոտեցող ոտնաձայներ լսելուն։ Գիտես, որ այնտեղ մեկը կա, բայց ո՞վ է։ Որպեսզի իմանաս, պետք է բացես դուռը։ Մենք նման մի բան պետք է անենք, որպեսզի տեսնենք նրան, ով կանգնած է արարչության հետևում։
Աստվածաշունչը դուռ է, որը բացվում է դեպի Աստծու մասին գիտելիքները։ Երբ բացես այդ դուռը և քննես Աստվածաշնչի մանրակրկիտ գրված մի քանի մարգարեություն և դրանց կատարումները, կհամոզվես, որ Աստված գոյություն ունիb։ Ավելին, դու կիմանաս, թե ինչպես է Աստված վարվել տարբեր իրավիճակներում և կհասկանաս, թե ինչպիսի անձնավորություն է աղոթքներ Լսողը։
Աղոթքներ լսողը
Աստվածաշունչը աղոթքներ լսողին ներկայացնում է որպես անձնավորության. նրան դու կարող ես ճանաչել։ Անկասկած, միայն անձնավորությունը կարող է լսել և հասկանալ։ Սաղմոս 65։2-ում գրված են հետևյալ սրտառուչ խոսքերը. «Ո՜վ աղոթքներ Լսող, ամեն մարմին քեզ մոտ է գալու»։ Նա լսում է բոլոր նրանց, ովքեր հավատով են աղոթում իրեն։ Ի դեպ, աղոթքներ Լսողը անուն ունի. Աստվածաշունչն ասում է. «Եհովան հեռու է ամբարիշտներից, բայց արդարների աղոթքը լսում է» (Առակներ 15։29)։
Եհովան զգացումներ ունի։ Նա «սիրո Աստված է», «երջանիկ Աստված» (2 Կորնթացիներ 13։11; 1 Տիմոթեոս 1։11)։ Աստվածաշունչն ասում է, թե ինչ էր զգում Եհովան, երբ մի ժամանակ մարդկանց չարությունը խիստ շատացել էր երկրի վրա. «[Նա] ցավ զգաց իր սրտում» (Ծննդոց 6։5, 6)։ Այն պնդումը, թե Աստված մարդկանց տառապանք է պատճառում նրանց փորձելու նպատակով, սուտ է։ Հոբ 34։10-ում կարդում ենք. «Անհնա՛ր է, որ ճշմարիտ Աստված ամբարշտությամբ վարվի»։ Այդուհանդերձ, գուցե հարցնես. «Եթե Աստված Ամենակարող է, ինչո՞ւ վերջ չի դնում տառապանքին»։
Եհովան մարդկանց օժտել է կամքի ազատությամբ, և սա ինչ-որ բան է ասում նրա մասին։ Անշուշտ, մեզ համար թանկ է այդ ազատությունը։ Ցավոք, բազմաթիվ մարդիկ չարաշահում են իրենց ազատությունը՝ տառապանք պատճառելով թե՛ իրենց, թե՛ ուրիշներին։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված վերացնելու է տառապանքը։ Այդ դեպքում գուցե հարց առաջանա. «Ինչպե՞ս է նա վերացնելու տառապանքը՝ առանց մարդուն զրկելու իր ազատությունից»։ Այս հարցը կքննարկենք հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություններ]
a Աստծու գոյության մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար տե՛ս «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» գրքույկը և «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը։ Հրատարակվել են Եհովայի վկաների կողմից։
b Համոզվելու համար, որ Աստվածաշունչը ներշնչված է Աստծուց, տե՛ս «Գիրք բոլորի համար» գրքույկը և «Աստվածաշունչը Աստծո՞ւ Խոսքն է, թե՞ մարդկանց» գիրքը (հրատարակվել են Եհովայի վկաների կողմից)։
[շրջանակ 5-րդ էջի վրա]
Կրո՞նն է պատճառը, որ կասկածում ես
Ցավոք, հենց կրոնն է պատճառը, որ բազմաթիվ մարդիկ կասկածում են կարեկից և աղոթքներ լսող Աստծու գոյությանը։ Քանի որ կրոնը առնչություն ունի պատերազմներին, ահաբեկչությանը և հանդուրժում է մանկապղծությունը, նույնիսկ աղոթող մարդիկ ստիպված են ասելու. «Ես չեմ հավատում Աստծուն»։
Ինչո՞ւ է հաճախ այնպես լինում, որ կրոնի պատճառով վատ բաներ են տեղի ունենում։ Պատճառը, եթե պարզ ասենք, սա է. չար մարդիկ չար բաներ են անում հանուն կրոնի։ Աստվածաշնչում կանխագուշակվել է, որ քրիստոնեությունը «առևանգելու» են և օգտագործելու են չար նպատակների համար։ Պողոս առաքյալը քրիստոնյա վերակացուներին ասաց. «Հենց ձեր միջից մարդիկ կելնեն և ծուռումուռ բաներ կխոսեն աշակերտներին իրենց հետևից քաշելու համար» (Գործեր 20։29, 30)։
Աստված զզվում է կեղծ կրոնից։ Հենց Աստվածաշնչից երևում է, որ կեղծ կրոններն են պատասխանատու «[սպանված] բոլոր մարդկանց արյան» համար (Հայտնություն 18։24)։ Քանի որ կեղծ կրոնները մարդկանց չեն սովորեցնում ճշմարիտ Աստծու մասին, որն իր ողջ էությամբ սեր է, ապա նրանք Աստծու աչքում արյունապարտ են համարվում (1 Հովհաննես 4։8)։
Աղոթքներ Լսողը կարեկցում է կեղծ կրոնի լծի տակ գտնվողներին։ Քանի որ Աստված սիրում է մարդկանց, նա Հիսուսի միջոցով շուտով հաշիվ կտեսնի բոլոր կեղծավոր կրոնականների հետ։ Հիսուսն ասաց. «Շատերը կասեն ինձ այն օրը. «Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք.... Բայց այն ժամանակ նրանց հայտնապես կասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել։ Հեռացե՛ք ինձանից, դո՛ւք, անօրենությո՛ւն գործողներ» (Մատթեոս 7։22, 23)։