Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 7/1 էջ 12–15
  • Աստվածաշունչը փոխում է կյանքերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշունչը փոխում է կյանքերը
  • 2012 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2009 Դիտարան
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2011 Դիտարան
  • Աստվածաշունչը փոխում է կյանքերը
    2012 Դիտարան
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2011 Դիտարան
Ավելին
2012 Դիտարան
w12 7/1 էջ 12–15

Աստվածաշունչը փոխում է կյանքերը

Ի՞ՆՉԸ օգնեց Ֆիլիպիններում ապրող մի կնոջ թողնելու հարբեցողությունը և կարգավորելու իր ընտանեկան կյանքը։ Ինչո՞ւ Ավստրալիայում ապրող մի կարատեիստ դարձավ կրոնական խաղաղասեր ծառայող։ Ահա թե ինչ են պատմում նրանք։

«Փոփոխությունները մեկ օրում չեղան» (ԿԱՐՄԵՆ ԱԼԵԳՐԵ)

ԾՆՎԵԼ Է՝ 1949​թ.

ԵՐԿԻՐԸ՝ ՖԻԼԻՊԻՆՆԵՐ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՀԱՐԲԵՑՈՂ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ես ծնվել եմ Սան Ֆեռնանդո քաղաքում (Կամարինես Սուր նահանգ)։ Սակայն չափահաս կյանքիս մեծ մասը ապրել եմ Անտիպոլոյում (Ռիզալ նահանգ)։ Երբ տեղափոխվեցի այստեղ, այն անտառապատ լեռների ծոցում գտնվող մի փոքրիկ քաղաք էր։ Մութն ընկնելուց հետո դրսում գրեթե մարդ չէր լինում։ Հիմա Անտիպոլոն մեծ քաղաք է դարձել։

Անտիպոլո գալուց որոշ ժամանակ անց հանդիպեցի Բենջամին անունով մի մարդու. մենք ամուսնացանք։ Ամուսնական կյանքն իմ պատկերացրածից ավելի դժվար էր։ Խնդիրներից փախչելու համար սկսեցի հարբել։ Վատ հատկություններ ձեռք բերեցի. ամուսնուս ու երկու որդիներիս լավ չէի վերաբերվում, չէի կարողանում ինքս ինձ տիրապետել։ Հարգանքի նշույլ անգամ չունեի Բենջամինի հանդեպ։ Մեր ընտանեկան կյանքը ամենևին էլ ընտանեկան չէր։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Ամուսնուս քույրը՝ Իդիթան, որը Եհովայի վկա է, ինձ ու Բենջամինին խորհուրդ տվեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Մենք համաձայնվեցինք՝ հույս ունենալով, որ դա կօգնի մեզ բարելավելու մեր ընտանեկան կյանքը։

Աստվածաշնչի ուսումնասիրությունից մենք բազմաթիվ գեղեցիկ ճշմարտություններ սովորեցինք։ Ինձ հատկապես դուր եկավ Հայտնություն 21։4 համարը։ Այնտեղ գրված է. «Նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի»։ Այս օրհնությունները վայելելու են այն մարդիկ, ովքեր ապրելու են Աստծու Թագավորության ներքո երկրային դրախտում։ Ես ուզում էի լինել նրանց թվում։

Հասկացա, որ պետք է լուրջ փոփոխություններ անեմ։ Իհարկե, այդ փոփոխությունները մեկ օրում չեղան, բայց, ի վերջո, ինձ հաջողվեց ազատվել ալկոհոլի կապանքներից։ Սովորեցի ընտանիքիս անդամների հանդեպ համբերատար և բարի լինել։ Ավելին, սովորեցի հարգել ամուսնուս և աջակցել նրան՝ որպես ընտանիքի գլխի։

Ես ու Բենջամինը սկսեցինք հաճախել Եհովայի վկաների հավաքույթներին և խորապես տպավորվեցինք մեր տեսածից։ Վկաները մերժում են մոլեխաղերը, հարբեցողությունը և կողմնապահությունը։ Նրանք հարգանքով և արժանապատվությամբ են վերաբերվում յուրաքանչյուր մարդու։ Կասկած չունեինք, որ գտել ենք ճշմարիտ կրոնը (Հովհաննես 13։34, 35)։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Մեր ընտանեկան կյանքը արմատապես փոխվել է։ Ես ու Բենջամինը հիմա շատ լավ ենք իրար հետ և միասին մարդկանց սովորեցնում ենք աստվածաշնչյան ճշմարտությունները։ Մեր որդիները արդեն մեծացել են, ամուսնացել ու իրենց կանանց հետ սկսել են Աստվածաշունչ ուսումնասիրել։ Հուսով ենք՝ ժամանակի ընթացքում նրանք էլ մեզ հետ կծառայեն Եհովային։ Իսկապես որ սա կյանքի լավագույն ուղին է։

«Ինձ անպարտելի էի զգում» (ՄԱՅՔԼ ԲԼԱՆՍԴԵՆ)

ԾՆՎԵԼ Է՝ 1967​թ.

ԵՐԿԻՐԸ՝ ԱՎՍՏՐԱԼԻԱ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԿԱՐԱՏԵԻՍՏ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ես մեծացել եմ Ալբերիում (Նոր Հարավային Ուելս նահանգ)։ Սա մի գեղեցիկ և բարգավաճող քաղաք է։ Ինչպես քաղաքների մեծ մասում, այստեղ ևս հանցագործներ կան։ Սակայն, ընդհանուր առմամբ, Ալբերին հանգիստ քաղաք է։

Մանկությունս անհոգ է անցել։ Երբ յոթ տարեկան էի, ծնողներս ամուսնալուծվեցին։ Այդուհանդերձ, նրանք հոգ էին տանում, որ ես, եղբայրս և երկու քույրերս ոչ մի բանի պակասություն չզգանք։ Ես լավ կրթություն եմ ստացել. հաճախել եմ մեր տարածքի լավագույն մասնավոր դպրոցը։ Հայրս ուզում էր, որ դպրոցն ավարտելուց հետո բիզնեսմեն դառնամ։ Բայց սպորտը ինձ ավելի շատ էր հետաքրքրում, հատկապես հեծանվավազքը և կարատեն. այս մարզաձևերում ես շատերին գերազանցում էի։ Ի վերջո, գործի մտա ավտովերանորոգման արհեստանոցում. այդպես ավելի շատ ժամանակ ունեցա իմ սիրելի մարզաձևերով զբաղվելու համար։

Ես հպարտ էի իմ մարզական տեսքով։ Պահեր էին լինում, որ ինձ անպարտելի էի զգում։ Հանգիստ կարող էի ծեծել ցանկացած մարդու։ Բայց կարատեի մարզիչս, իմանալով, որ հակված եմ իմ ուժը սխալ կիրառելու, ինձ սովորեցնում էր խիստ կարգապահության և իմ մեջ բարոյական արժեքներ էր սերմանում։ Նա միշտ շեշտում էր հնազանդության և հավատարմության կարևորությունը։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Աստվածաշնչի ուսումնասիրությունից իմացա, որ Աստված ատում է բռնությունը (Սաղմոս 11։5)։ Սկզբում ինքս ինձ ասում էի, որ կարատեն բռնություն չի պարունակում. այն անվտանգ մարզաձև է։ Իմ կարծիքով՝ այն արժեքներն ու բարձր չափանիշները, որ խրախուսում էր կարատեն, շատ մոտ էին աստվածաշնչյան սկզբունքներին։ Ինձ հետ ուսումնասիրող Վկա ամուսինները շատ համբերատար էին։ Նրանք երբեք չէին ասում, որ պետք է թողնեմ մարտարվեստը. պարզապես շարունակում էին սովորեցնել ինձ աստվածաշնչյան ճշմարտությունը։

Իմ աստվածաշնչյան գիտելիքները գնալով ավելանում էին, զգում էի, որ Եհովան դառնում է իմ ընկերը։ Այս ամենի շնորհիվ սկսեցի իրերին այլ տեսանկյունից նայել։ Շատ տպավորվեցի Եհովայի Որդու՝ Հիսուսի օրինակից. նա ահռելի ուժ ուներ, բայց երբեք չդիմեց բռնության։ «Բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն»,— ասաց նա։ Հիսուսի այս խոսքերը ուղիղ սրտիս դիպան (Մատթեոս 26։52)։

Որքան շատ էի սովորում Եհովայի մասին, այնքան ավելի շատ էի սիրում ու հարգում նրան։ Այն միտքը, որ մեր Ստեղծիչը, որն այդքան իմաստուն է և հզոր, կարող է հոգ տանել ինձ պես սովորական մարդու մասին, մինչև սրտիս խորքը հուզեց ինձ։ Տպավորվել էի նաև այն մտքից, որ նույնիսկ եթե հիասթափեցնեմ Եհովային կամ ինձ այնքան անզոր զգամ, որ այլևս չկարողանամ անել այն, ինչ ճիշտ է, բայց շարունակեմ ճիգեր գործադրել, նա ինձ երբեք չի թողնի։ Ինձ համար շատ մխիթարական էր հետևյալ խոստումը. «Ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, ամուր բռնում եմ քո աջ ձեռքից և ասում. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»» (Եսայիա 41։13)։ Երբ գիտակցեցի, որ Եհովան ինձ շատ է սիրում, զգացի, որ կարո՛ղ եմ հաջողությունների հասնել ճիշտն անելու հարցում։

Գիտեի, որ կարատեից հրաժարվելը ամենադժվար բանն է լինելու ինձ համար։ Բայց նաև գիտեի, որ դա հաճելի է լինելու Եհովային, և համոզված էի, որ նրան ծառայելու համար արժե ամեն զոհողություն անել։ Կարծում եմ՝ ինձ համար շրջադարձային եղան այն խոսքերը, որոնք գրված են Մատթեոս 6։24-ում. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել»։ Լավ հասկանում էի, որ անհնար է լինելու լիարժեքորեն ծառայել Եհովային և միաժամանակ զբաղվել կարատեով, որովհետև կարատեն, ի վերջո, «հաղթելու» էր։ Ժամանակն էր կողմնորոշվելու. «Ո՞վ է լինելու իմ տերը»։

Հեշտ չէր կարատեից հրաժարվելը։ Հակասական զգացումները բզկտում էին սիրտս։ Մի կողմից՝ հաճելի էր, որ ուրախացնում եմ Եհովային, մյուս կողմից էլ ինձ թվում էր, թե դավաճանում եմ մարզչիս։ Ընդհանրապես, մարտարվեստով զբաղվողները ինչ-որ մեկին դավաճանելը համարում են աններելի մեղք։ Ոմանց համար դա խայտառակություն է, ուստի նրանք նույնիսկ նախընտրում են ինքնասպան լինել, քան ապրել ամոթի զգացումով։

Ես ի վիճակի չէի բացատրելու մարզչիս, թե ինչու եմ թողնում կարատեն։ Պարզապես հեռացա, և դադարեցրի նրա և կարատեիստ ընկերներիս հետ շփումը։ Գիտեի, որ ճիշտ եմ վարվում, բայց, մյուս կողմից, մեղավորության զգացում ունեի, որ այդպես էլ չպատմեցի նրանց հավատալիքներիս մասին։ Ինձ թվում էր՝ դավաճանել եմ Եհովային, և դա այն դեպքում, երբ դեռ չէի էլ սկսել ծառայել նրան։ Այս ամենը շատ տանջալից էր։ Շատ է եղել, որ փորձել եմ աղոթել Եհովային, բայց չի ստացվել, և... դառնագին լացել եմ։

Եհովան, հավանաբար, ինչ-որ լավ բան էր նկատել իմ մեջ։ Ինչո՞ւ եմ այսպես ասում. որովհետև նա ժողովի եղբայրներին ու քույրերին մղեց թիկունք կանգնելու ինձ։ Նրանց սե՛րը, մխիթարությո՛ւնը, ջերմ ընկերական վերաբերմո՛ւնքը... դա ուղղակի աննկարագրելի մի բան էր։ Ես նաև մխիթարվեցի Դավթի և Բերսաբեի մասին աստվածաշնչյան պատմությունից։ Թեև Դավիթը լուրջ մեղքեր գործեց, Եհովան ներեց նրան, երբ նա անկեղծորեն զղջաց։ Այս պատմության շուրջ խորհրդածելն օգնեց ինձ ճիշտ տեսանկյունից նայելու թերություններիս։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Նախքան Աստվածաշունչ ուսումնասիրելը ոչ մեկով չէի հետաքրքրվում. տիեզերքի կենտրոնը ես էի։ Բայց Եհովայի օգնությամբ այժմ կարեկից եմ դարձել։ Իմ սիրելի կինը (արդեն յոթ տարի է, ինչ ամուսնացած եմ) նույնպես աջակցել է ինձ այս հարցում։ Շատ ուրախ ենք, որ կարողացել ենք օգնել զանազան մարդկանց, այդ թվում նաև ծանր հանգամանքներում գտնվողներին ուսումնասիրելու Աստվածաշունչը։ Համոզված եմ, որ եթե կարատեի չեմպիոն դառնայի, ապա այնքան ուրախություն չէի ստանա, ինչքան որ ստանում եմ՝ տեսնելով, թե ինչպես է մարդկանց հանդեպ Եհովայի ունեցած սերը փոխում նրանց կյանքը։

[մեջբերում 14-րդ էջի վրա]

«Այն միտքը, որ մեր Ստեղծիչը, որն այդքան իմաստուն է և հզոր, կարող է հոգ տանել ինձ պես սովորական մարդու մասին, մինչև սրտիս խորքը հուզեց ինձ»

[շրջանակ/​նկար 15-րդ էջի վրա]

«Շնորհակալությո՛ւն այս հիանալի հոդվածների համար»

Քեզ դո՞ւր եկան այս երկու պատմությունները։ 2008​թ. օգոստոսից մինչև հիմա «Դիտարանում» տպագրվել է հիսուն այսպիսի պատմություն։ «Աստվածաշունչը փոխում է կյանքերը» խորագիրը շատ է դուր գալիս մեր ընթերցողներին։ Ինչո՞ւ։

Այն մարդիկ, որոնց մասին խոսվում է այս հոդվածներում, ամենատարբեր անցյալ են ունեցել։ Մի քանիսը նախքան Եհովա Աստծուն ճանաչելը կյանքում ինչ-որ հաջողությունների են հասել, բայց այդպես էլ չեն գտել կյանքի իմաստը։ Ուրիշները բռնկվող բնավորություն են ունեցել, թմրանյութեր են օգտագործել կամ էլ չարաշահել են ալկոհոլը։ Ոմանք էլ մանկուց ճանաչել են Եհովային, բայց հետո հեռացել են նրանից։ Այս մարդկանց դեպքերը ցույց են տալիս, որ հնարավո՛ր է փոփոխություններ անել Աստծուն հաճելի լինելու նպատակով և այդպես վարվելը միշտ օգուտներ է բերում։ Ի՞նչ արձագանքներ են գտել «Աստվածաշունչը փոխում է կյանքերը» խորագրի հոդվածները մեր ընթերցողների շրջանում։

Ընթերցողներից մեկը պատմում է, թե ինչպես է 2009​թ. փետրվարի 1-ի համարում տպված հոդվածը օգնել կին բանտարկյալների։

◼ «Շատ բանտարկյալների ծանոթ էին հոդվածում նշված մարդկանց զգացումները։ Հատկապես տպավորիչ էին լուսանկարները և նրանց անցյալի մասին հակիրճ տեղեկությունները։ Հոդվածը ընթերցելուց հետո երկու բանտարկյալ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել» (Ս. Ու.)։

Որոշ պատմություններ առանձնահատուկ կերպով են տպավորել ընթերցողներին։ Օրինակ՝ 2011​թ. ապրիլի 1-ի համարում պատմվում է Գվադալուպե Վիլարեալի մասին, որը հրաժարվեց համասեռամոլի կյանքից, որպեսզի ծառայի Եհովային։ Նրա պատմությունից տպավորված՝ ընթերցողները բազմաթիվ նամակներ են ուղարկել մեզ։ Ներկայացնում ենք հատվածներ երկու նամակից։

◼ «Գվադալուպեի պատմությունը մինչև սրտիս խորքը հուզեց ինձ։ Ուղղակի ցնցված եմ, թե Եհովայի և նրա Խոսքի հանդեպ սերը ինչպես կարող է փոխել մարդուն» (Լ. Ֆ.)։

◼ «Նախկինում ես փորձում էի իմ հավատի մասին պատմել բոլորին, այդ թվում նաև համասեռամոլներին։ Հետագայում, սակայն, ակամա սկսեցի մի տեսակ նայել այդպիսի մարդկանց և նույնիսկ խուսափում էի նրանցից։ Այս հոդվածը հենց ինձ համար էր։ Այն օգնեց Եհովայի տեսանկյունից նայելու նման մարդկանց, այսինքն՝ ինչպես նրա հավանական երկրպագուների» (Մ. Կ.)։

Վիկտորիա Թոնգի պատմությունը ևս տպավորել է ընթերցողներին (նրա մասին գրված է 2011​թ. օգոստոսի 1-ի «Դիտարանում»)։ Վիկտորիան պատմում է իր դաժան մանկության մասին և խոստովանում, որ նույնիսկ երկար տարիներ Եհովային ծառայելուց հետո մտածում էր, թե Եհովան չի կարող իրեն սիրել։ Հետո Վիկտորիան նշում է, թե ինչը օգնեց իրեն ընդունելու Եհովայի սերը։ Ընթերցողներից մի քանիսը արձագանքել են նրա պատմությանը։

◼ «Վիկտորիայի պատմությունը շատ հարազատ էր ինձ. ես էլ եմ բազմաթիվ դժբախտություններ տեսել իմ կյանքում։ Անընդհատ պայքարում եմ բացասական մտքերի դեմ, չնայած որ արդեն երկար տարիներ է, ինչ մկրտվել եմ ու դարձել Եհովայի վկա։ Վիկտորիայի պատմությունը մղում է ինձ ավելի շատ ջանք թափելու, որ իմ մեջ տեսնեմ այն, ինչ տեսնում է Եհովան» (Մ. Մ.)։

◼ «Պատանեկան հասակում պայքարել եմ պոռնկագրություն դիտելու մոլուցքի դեմ։ Վերջերս, ցավոք, չդիմացա ու նորից դիտեցի։ Դիմեցի երեցներին և նրանց օգնությամբ որոշ հաջողության հասա այս հարցում։ Նրանք վստահեցրին, որ Աստված սիրում և ներում է ինձ։ Այդուհանդերձ, երբեմն թերարժեքության զգացում եմ ունենում. ինձ թվում է՝ ես չեմ կարող արժանանալ Եհովայի սիրուն։ Վիկտորիայի օրինակը ինձ շատ օգնեց։ Հիմա եմ հասկանում, որ երբ մտածում եմ, թե Եհովան չի կարող ներել ինձ, կարծես ասում եմ, որ իր Որդու զոհը բավարար չէ մեղքերիս ներման համար։ Ես կտրել եմ այս հոդվածը և միշտ մոտս եմ պահում, որպեսզի, եթե անարժեքության զգացումը գլուխ բարձրացնի, կարդամ այն ու խորհրդածեմ։ Շնորհակալությո՛ւն այս հիանալի հոդվածների համար» (Լ. Կ.)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը