Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 8/15 էջ 20–24
  • Զգուշացիր Սատանայի թակարդներից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Զգուշացիր Սատանայի թակարդներից
  • 2012 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՀԱՆԳՑՐՈՒ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԽՈՍՔԻ ԿՐԱԿԸ
  • ՓԱԽԻՐ ՎԱԽԻ ԵՎ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԾՈՒՂԱԿԻՑ
  • ԽՈՒՍԱՓԻՐ ԾՈՒՂԱԿԻՑ, ՈՐԸ ՃԶՄՈՒՄ Է՝ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ԶԳԱՑՈՒՄԻՑ
  • ՄԵՆՔ ԱՆՏԵՂՅԱԿ ՉԵՆՔ ՆՐԱ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
  • Դու կարող ես ազատվել Սատանայի թակարդներից
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հիսուսի պես՝ «հակառակվիր Բանսարկուին»
    2008 Դիտարան
  • «Դիմադրեցէ՛ք Սատանային»
    2002 Դիտարան
  • Հակառա՛կ կացեք Սատանային, և նա կփախչի
    2006 Դիտարան
Ավելին
2012 Դիտարան
w12 8/15 էջ 20–24

Զգուշացիր Սատանայի թակարդներից

«Ազատվե[ք] Բանսարկուի թակարդից» (2 ՏԻՄՈԹ. 2։26)։

ԻՆՉՊԵ՞Ս ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

Ինչպիսի՞ ինքնաքննություն պետք է անենք, եթե հակված ենք քննադատելու ուրիշներին։

Պիղատոսի և Պետրոսի օրինակից ի՞նչ ես սովորում ճնշումներին չենթարկվելու և վախի զգացումին անձնատուր չլինելու մասին։

Ինչպե՞ս կարող ես խուսափել չափազանց մեծ մեղավորության զգացումից։

1, 2. Սատանայի ո՞ր թակարդների մասին ենք խոսելու այս հոդվածում։

ՍԱՏԱՆԱՆ հետապնդում է Եհովայի ծառաներին։ Նրա նպատակը չէ սպանել նրանց, ինչպես որսորդներն են սովորաբար անում։ Սատանայի գլխավոր նպատակն է զոհին կենդանի որսալ և իր կամքին համաձայն օգտագործել նրան (կարդա՛ 2 Տիմոթեոս 2։24–26)։

2 Զոհին կենդանի բռնելու համար որսորդները տարբեր թակարդներ են օգտագործում։ Որոշ դեպքերում փորձում են կենդանուն դուրս բերել բաց տարածություն, որտեղ կարող են օղապարանով բռնել նրան։ Երբեմն էլ օգտագործում են թաքցված թակարդներ, որոնք ունեն գործի գցող մեխանիզմ և կարող են հանկարծակի բռնել զոհին։ Սատանան այսպիսի թակարդներ է օգտագործում Աստծու ծառաներին կենդանի բռնելու համար։ Որպեսզի զգուշանանք նրա ծուղակն ընկնելուց, պետք է զգոն լինենք և հետևենք այդ թակարդների մասին նախազգուշացումներին։ Այս հոդվածում կտեսնենք, թե ինչպես կարող ենք խուսափել նրա լարած երեք թակարդներից, որոնց մեջ շատերն են ընկել։ Դրանք են՝ 1) անկառավարելի խոսքը, 2) վախն ու ճնշումները և 3) մեղավորության ծանր զգացումը։ Իսկ հաջորդ հոդվածում կխոսենք ևս երկու թակարդի մասին։

ՀԱՆԳՑՐՈՒ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԽՈՍՔԻ ԿՐԱԿԸ

3, 4. Լեզուն չկառավարելու արդյունքը ի՞նչ կարող է լինել։ Բե՛ր օրինակ։

3 Որսորդը որոշ կենդանիների թաքստոցից դուրս բերելու համար կրակ է վառում, ու երբ կենդանին փորձում է փախչել, բռնում է նրան։ Փոխաբերական իմաստով Սատանան նույնպես ձգտում է քրիստոնեական ժողովում կրակ գցել։ Երբ նրան հաջողվում է դա անել, ժողովի անդամները ապահով հանգրվանից հայտնվում են ուղիղ նրա ճանկերում։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ակամայից չդառնանք նրա համագործակիցները և չընկնենք նրա ծուղակը։

4 Հակոբոս աշակերտը լեզուն նմանեցրեց կրակի (կարդա՛ Հակոբոս 3։6–8)։ Եթե չկառավարենք մեր լեզուն, գուցե այսպես ասած կրակ գցենք ժողովում։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Պատկերացրու հետևյալը. ժողովի հանդիպմանը հայտարարվում է, որ մի քույր նշանակվել է լիաժամ ռահվիրա։ Հանդիպումից հետո երկու քարոզիչ քննարկում են այդ հայտարարությունը։ Նրանցից մեկը իր ուրախությունն է հայտնում և վստահ է, որ նա հաջողությամբ կկատարի իր ծառայությունը։ Մյուս քարոզիչը հարցականի տակ է դնում նոր ռահվիրայի մղումները՝ ասելով, թե նա ուզում է ուշադրության կենտրոնում լինել։ Այս երկու քարոզիչներից ո՞ր մեկի հետ կուզեիր ընկերություն անել։ Դժվար չէ տեսնել, թե որ մեկը իր լեզվով կրակ կգցի ժողովում։

5. Անկառավարելի խոսքի կրակը հանգցնելու համար ի՞նչ ինքնաքննություն լավ կլինի անել։

5 Ինչպե՞ս կարող ենք հանգցնել անկառավարելի խոսքի կրակը։ Հիսուսն ասաց. «Սրտի լիությունից է բերանը խոսում» (Մատթ. 12։34)։ Առաջին քայլը մեր իսկ սիրտը քննելն է։ Խուսափո՞ւմ ենք բացասական տրամադրվածությունից, որը կարող է բորբոքել լեզվի կործանարար կրակը։ Օրինակ՝ երբ իմանում ենք, որ մի եղբայր առանձնաշնորհումների է ձգտում, հավատո՞ւմ ենք, որ նրա մղումները մաքուր են, թե՞ կասկածում ենք, որ իր անձնական շահերն է հետապնդում։ Եթե հակված ենք վատ մղումներ վերագրելու, լավ կլինի հիշել, որ Սատանան էլ նույնը արեց, երբ կասկածի ենթարկեց Աստծու հավատարիմ ծառա Հոբի մղումները (Հոբ 1։9–11)։ Կասկածամիտ լինելու փոխարեն՝ ճիշտ կվարվենք, եթե փորձենք գտնել պատճառը, թե ինչու ենք քննադատում մեր եղբորը։ Արդյոք հիմնավոր պատճառ ունե՞նք նրա մասին այդպես մտածելու։ Թե՞ մեր սիրտը թունավորված է սիրուց զերծ այն ոգով, որը տարածված է այս վերջին օրերում (2 Տիմոթ. 3։1–4)։

6, 7. ա) Ի՞նչ պատճառներով գուցե քննադատաբար վերաբերվենք ուրիշներին։ բ) Ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ մեզ չարախոսում են։

6 Քննենք, թե է՛լ ինչ պատճառներով գուցե քննադատաբար վերաբերվենք մյուսներին։ Դա կարող է լինել մեր հաջողություններով ուրիշներին տպավորելու ցանկությունը։ Մարդկանց աչքում մյուսներից ավելի բարձր երևալու համար գուցե փորձենք նվաստացնել մյուսներին, իսկ երբ ինքներս թերանում ենք որևէ բան անել, գուցե արդարացնենք մեզ։ Անկախ նրանից, թե որն է այդպես վարվելու պատճառը՝ հպարտությունը, նախանձը թե մեր ուժերի հանդեպ անվստահության զգացումը, արդյունքը կարող է կործանարար լինել։

7 Հնարավոր է՝ մտածենք, թե արդարացիորեն ենք քննադատում ուրիշներին։ Գուցե դարձել ենք անկառավարելի խոսքի զոհը։ Այդ դեպքում պետք է հիշենք, որ նույն ձևով հատուցելը խնդրի լուծում չէ։ Եթե այդպես վարվենք, ավելի կբորբոքենք կրակը և կգործենք Բանսարկուի կամքին համաձայն, ոչ թե Աստծու (2 Տիմոթ. 2։26)։ Այս հարցում մենք պետք է Հիսուսին ընդօրինակենք։ Երբ նրան չարախոսում էին, «փոխարենը՝ նա չէր չարախոսում», այլ «իրեն հանձնում էր նրան, ով արդարությամբ է դատում» (1 Պետ. 2։21–23)։ Հիսուսը վստահ էր, որ Եհովան հարցերը Իր ուզած ձևով և Իր ուզած ժամանակին կլուծի։ Մենք էլ պետք է նույն վստահությունն ունենանք Աստծու հանդեպ։ Երբ մեր լեզուն օգտագործում ենք բուժելու համար, ժողովում պահպանում ենք «խաղաղության միավորող կապը» (կարդա՛ Եփեսացիներ 4։1–3)։

ՓԱԽԻՐ ՎԱԽԻ ԵՎ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԾՈՒՂԱԿԻՑ

8, 9. Պիղատոսն ինչո՞ւ դատապարտեց Հիսուսին։

8 Թակարդում հայտնված կենդանին չի կարողանում ազատ շարժվել։ Այդպես էլ վախի և ճնշումների ենթարկված մարդը չի կարողանում լիովին ղեկավարել իր կյանքը (կարդա՛ Առակներ 29։25)։ Քննենք երկու շատ տարբեր մարդկանց օրինակներ, որոնք ենթարկվեցին ճնշումներին և վախի զգացումին, և տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել։

9 Հռոմեական կառավարիչ Պոնտացի Պիղատոսը գիտեր, որ Հիսուսն անմեղ է, և, ակներևաբար, չէր ուզում նրան վնասել։ Նա ասաց, որ Հիսուսը «մահվան արժանի ոչինչ» չի արել։ Այնուամենայնիվ, նրան մահվան դատապարտեց։ Ինչո՞ւ։ Քանի որ ենթարկվեց հավաքված բազմության ճնշմանը (Ղուկ. 23։15, 21–25)։ Հակառակորդները իրենց ուզածին հասնելու համար ճնշում բանեցրին Պիղատոսի վրա՝ բացականչելով. «Եթե դու ազատես այս մարդուն, կայսրի բարեկամը չես» (Հովհ. 19։12)։ Պիղատոսը, հնարավոր է, վախեցավ, որ եթե Քրիստոսին պաշտպանի, թերևս կորցնի իր պաշտոնը և գուցե նաև կյանքը։ Ուստի տեղի տալով՝ կատարեց Սատանայի կամքը։

10. Ի՞նչը ստիպեց Պետրոսին ուրանալ Քրիստոսին։

10 Պետրոս առաքյալը Հիսուսի ամենամտերիմ ընկերներից մեկն էր։ Նա մարդկանց ներկայությամբ հայտարարեց, որ Հիսուսը Մեսիան է (Մատթ. 16։16)։ Մի ուրիշ անգամ, երբ աշակերտներից շատերը չհասկացան Հիսուսի խոսքերի նշանակությունը և հեռացան նրանից, Պետրոսը հավատարիմ մնաց նրան (Հովհ. 6։66–69)։ Իսկ երբ թշնամիները եկան, որ ձերբակալեն Հիսուսին, նա փորձեց սրով պաշտպանել իր Տիրոջը (Հովհ. 18։10, 11)։ Սակայն հետո Պետրոսը տրվեց վախի զգացումին և նույնիսկ հերքեց, որ ճանաչում է Հիսուս Քրիստոսին։ Կարճ ժամանակով առաքյալը մարդավախության ծուղակն էր ընկել, և այդ վախը թույլ չտվեց, որ նա քաջություն դրսևորի (Մատթ. 26։74, 75)։

11. Ի՞նչ բացասական ազդեցությունների դեմ պետք է պայքարենք։

11 Լինելով քրիստոնյաներ՝ մենք պետք է դիմադրենք Աստծուն տհաճ բաներ անելու ճնշմանը։ Գործատերերը և ուրիշներ գուցե ստիպեն մեզ անազնիվ լինել կամ սեռական անբարոյություն գործել։ Դասընկերները գուցե ճնշում բանեցնեն, որ խաբենք քննությունների ժամանակ, պոռնկագրություն դիտենք, ծխենք, թմրանյութ օգտագործենք, չարաշահենք խմիչքը և անբարոյություն գործենք։ Ի՞նչը կարող է օգնել մեզ խուսափելու վախի ու Եհովային տհաճեցնող բաներ անելու ճնշման ծուղակն ընկնելուց։

12. Ինչո՞ւ Պիղատոսն ու Պետրոսը տրվեցին վախի զգացումին ու ենթարկվեցին ճնշումներին։

12 Տեսնենք, թե ինչու Պիղատոսն ու Պետրոսը տրվեցին վախի զգացումին ու ենթարկվեցին ճնշումներին։ Պիղատոսը քիչ բան գիտեր Քրիստոսի մասին, բայց գիտեր, որ նա անմեղ է և ոչ սովորական մարդ։ Սակայն Պիղատոսը չուներ խոնարհություն և սեր ճշմարիտ Աստծու հանդեպ։ Բանսարկուն հեշտությամբ նրան կենդանի բռնեց։ Պետրոսը և՛ սիրում էր Աստծուն, և՛ գիտեր ճշմարտությունը նրա ու Քրիստոսի մասին։ Սակայն երբեմն նա համեստություն չէր դրսևորում, վախով էր համակվում ու ենթարկվում էր ճնշումներին։ Հիսուսի ձերբակալությունից առաջ նա պարծեցավ. «Թեկուզ բոլորն էլ գայթակղվեն, ես չեմ գայթակղվի» (Մարկ. 14։29)։ Պետրոս առաքյալը փորձություններին ավելի լավ նախապատրաստված կլիներ, եթե վստահեր Աստծուն, ինչպես սաղմոսերգուն, որն ասաց. «Եհովան իմ կողքին է, ես չեմ վախենա։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը» (Սաղ. 118։6)։ Իր երկրային կյանքի վերջին գիշերը Հիսուսը Պետրոսի և ուրիշ երկու առաքյալների հետ գնաց Գեթսեմանիի պարտեզ։ Սակայն փոխանակ արթուն մնալու՝ Պետրոսն ու մյուս առաքյալները քնով ընկան։ Հիսուսն արթնացնելով նրանց՝ ասաց. «Արթո՛ւն մնացեք և աղոթե՛ք, որ փորձության մեջ չընկնեք» (Մարկ. 14։38)։ Բայց Պետրոսը դարձյալ քնեց, իսկ ավելի ուշ ենթարկվեց վախի և ճնշման ազդեցությանը։

13. Ինչպե՞ս կարող ենք դիմադրել սխալ բան անելու ճնշմանը։

13 Ի՞նչ ենք սովորում Պիղատոսի և Պետրոսի օրինակից։ Որպեսզի կարողանանք դիմադրել սխալ բան անելու ճնշմանը, պետք է ունենանք ճշգրիտ գիտելիքներ, խոնարհություն, համեստություն և սիրենք Աստծուն ու վախենանք նրանից, ոչ թե մարդկանցից։ Եթե մեր հավատը կառուցված լինի ճշգրիտ գիտելիքների վրա, մենք համարձակորեն և վստահությամբ կխոսենք մեր համոզմունքների մասին։ Դա կօգնի դիմադրելու ճնշումներին և հաղթահարելու մարդավախությունը։ Ինչ խոսք, երբեք չպետք է չափազանց վստահ լինենք մեր ուժերի վրա։ Փոխարենը՝ պետք է խոնարհաբար գիտակցենք, որ Աստծու զորության կարիքն ունենք։ Պետք է Եհովայից իր սուրբ ոգին խնդրենք և թույլ տանք, որ նրա հանդեպ սերը մղի մեզ առաջնորդվելու նրա չափանիշներով և սրբացնելու նրա անունը։ Նաև հարկավոր է նախապատրաստված լինել փորձություններին։ Օրինակ՝ անհրաժեշտ է երեխաների հետ աղոթել և նրանց նախապատրաստել դիմագրավելու հասակակիցների ճնշմանը, երբ նրանց ստիպում են սխալ բան անել (2 Կորնթ. 13։7)a։

ԽՈՒՍԱՓԻՐ ԾՈՒՂԱԿԻՑ, ՈՐԸ ՃԶՄՈՒՄ Է՝ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ԶԳԱՑՈՒՄԻՑ

14. Նախկինում գործած սխալների վերաբերյալ Սատանան ի՞նչ է ուզում, որ մտածենք։

14 Երբեմն կենդանուն բռնելու համար ծանր գերան կամ քար են կախում այն ճանապարհի վրա, որով նա հաճախ է անցնում։ Երբ անզգույշ կենդանին դիպչում է պարանին, վերևից ծանրությունը ընկնում է վրան և ճզմում։ Չափազանց մեծ մեղավորության զգացումը կարելի է նմանեցնել այդ ծանրությանը։ Երբ մտածում ենք անցյալում արած սխալի մասին, գուցե «սաստիկ փշրված» ենք զգում (կարդա՛ Սաղմոս 38։3–5, 8)։ Սատանան ուզում է այնպես անել, որ կարծենք, թե Եհովան ողորմած չէ մեր հանդեպ և մենք չենք կարող համապատասխանել նրա պահանջներին։

15, 16. Ինչպե՞ս կարող ես խուսափել չափազանց մեծ մեղավորության զգացումին անձնատուր լինելու ծուղակից։

15 Ինչպե՞ս կարող ես խուսափել այս ծուղակից, որը ճզմում է։ Եթե լուրջ մեղք ես գործել, անհապաղ քայլեր ձեռնարկիր վերականգնելու փոխհարաբերություններդ Եհովայի հետ։ Կապ հաստատիր երեցների հետ և օգնություն խնդրիր (Հակ. 5։14–16)։ Հնարավոր ամեն բան արա, որ սխալդ ուղղես (2 Կորնթ. 7։11)։ Եթե խրատ ես ստանում, մի՛ վհատվիր։ Դա երաշխիք է, որ Եհովան սիրում է քեզ (Եբր. 12։6)։ Վճռիր չկրկնել այն քայլը, որն առաջնորդել է մեղքի, և քո որոշման համաձայն գործիր։ Եթե զղջացել ես ու հետ դարձել, ապա վստահ եղիր, որ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհը իսկապես կարող է ծածկել քո մեղքերը (1 Հովհ. 4։9, 14)։

16 Որոշ անհատների շարունակում է տանջել մեղավորության զգացումը այն մեղքերի համար, որոնք արդեն ներվել են։ Եթե քեզ էլ հանգիստ չի տալիս այդ զգացումը, հիշիր, որ Եհովան ներեց Պետրոսին և մյուս առաքյալներին, որոնք ամենավճռական պահին լքեցին իր սիրելի Որդուն։ Եհովան ներեց Կորնթոսի ժողովի այն մարդուն, որը վտարվել էր խայտառակ անառակություն գործելու համար, սակայն հետո զղջացել էր (1 Կորնթ. 5։1–5; 2 Կորնթ. 2։6–8)։ Աստվածաշունչը խոսում է ծանր մեղք գործած ուրիշ մարդկանց մասին էլ, որոնք զղջացել և ներում են ստացել (2 Տար. 33։2, 10–13; 1 Կորնթ. 6։9–11)։

17. Ի՞նչ կարող է փրկանքը անել մեզ համար։

17 Եհովան կների և կմոռանա քո նախկին մեղքերը, եթե իսկապես զղջաս՝ հավատալով, որ նա ողորմություն կդրսևորի քո հանդեպ։ Երբեք մի՛ կարծիր, թե Հիսուսի քավիչ զոհը չի կարող ծածկել քո մեղքերը։ Հակառակ դեպքում կընկնես Սատանայի թակարդը։ Ինչ էլ որ Սատանան փորձի քեզ հավատացնել, հիշիր, որ փրկանքը կարո՛ղ է ծածկել բոլոր նրանց մեղքերը, ովքեր զղջում են դրանց համար (Առակ. 24։16)։ Փրկանքի հանդեպ հավատը կարող է ազատել քեզ մեղավորության զգացումի ծանր բեռից և զորացնել, որ կարողանաս ծառայել Աստծուն ամբողջ սրտով, մտքով և հոգով (Մատթ. 22։37)։

ՄԵՆՔ ԱՆՏԵՂՅԱԿ ՉԵՆՔ ՆՐԱ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

18. Ի՞նչը կօգնի խուսափելու Սատանայի լարած թակարդներից։

18 Սատանայի համար կարևորն այն չէ, թե ո՛ր ծուղակը կընկնենք, այլ այն, որ բռնի մեզ։ Սակայն մենք կարող ենք չխաբվել Սատանայի կողմից, քանի որ անտեղյակ չենք նրա դիտավորություններին (2 Կորնթ. 2։10, 11)։ Մենք չենք ընկնի նրա ծուղակը, կամ՝ թակարդը, եթե աղոթքով Աստծուց իմաստություն խնդրենք՝ հաղթահարելու մեր փորձությունները։ «Եթե ձեզանից որևէ մեկը իմաստության պակաս ունի,— գրեց Հակոբոսը,— թող շարունակ խնդրի Աստծուն, որն ամենքին տալիս է առատաձեռնորեն ու առանց նախատելու, և կտրվի նրան» (Հակ. 1։5)։ Մենք պետք է մեր աղոթքներին համապատասխան գործենք՝ կանոնավոր անձնական ուսումնասիրություն անենք և Աստծու Խոսքը կիրառենք։ Հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգը Աստվածաշնչի ուսումնասիրության տարբեր ձեռնարկներ է տվել մեզ, որոնք լուսավորում են մեր ճանապարհը՝ տեսանելի դարձնելով Սատանայի լարած ծուղակները, որպեսզի խուսափենք դրանցից։

19, 20. Ինչո՞ւ պետք է ատենք չարը։

19 Աղոթքը և Աստվածաշնչի ուսումնասիրությունը օգնում են, որ սիրենք բարին։ Բայց նույնքան կարևոր է ատելություն զարգացնել չարի հանդեպ (Սաղ. 97։10)։ Եսասիրական ցանկություններով առաջնորդվելու հետևանքների մասին խորհելը կօգնի խուսափելու դրանցից (Հակ. 1։14, 15)։ Եթե սովորենք ատել չարը և իսկապես սիրել բարին, ապա այն խայծը, որը Սատանան օգտագործում է մեզ իր ծուղակը գցելու համար, ոչ թե կհրապուրի մեզ, այլ կվանի։

20 Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային, որ օգնում է մեզ չխաբվելու Սատանայի կողմից։ Իր ոգու, Խոսքի և կազմակերպության միջոցով նա ազատում է մեզ «Չարից» (Մատթ. 6։13)։ Հաջորդ հոդվածում կիմանանք, թե ինչպես խուսափել Սատանայի լարած ևս երկու թակարդներից, որոնց շնորհիվ նրան հաջողվել է Աստծու ծառաներից ոմանց կենդանի որսալ։

[ծանոթագրություն]

a Ծնողներին խորհուրդ է տրվում երեխաների հետ քննարկել «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի «Ի՞նչ անեմ, երբ ինձ վրա ճնշում են բանեցնում» շրջանակը (2-րդ հատոր, էջ 132, 133, անգլ., ռուս.)։ Այն կարելի է քննարկել ընտանեկան երկրպագության ժամանակ։

[նկար 21-րդ էջի վրա]

Անկառավարելի խոսքը կարող է խնդիրներով բռնկել ժողովը

[նկար 24-րդ էջի վրա]

Դու կարող ես քո վրայից թոթափել մեղավորության զգացումի ծանր բեռը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը