Կոռուպցիա. ի՞նչ մասշտաբների է հասնում
«Մեր ընկերությունը կառավարության համար ծառայություններ է իրականացնում։ Սակայն հաճախ երկու կամ երեք ամիս պետք է սպասենք, մինչև որ վճարեն այդ ծառայությունների դիմաց։ Վերջերս կառավարության աշխատողներից մեկը զանգահարեց և ասաց, որ եթե ուզում ենք շուտ ստանալ փողը, պետք է դրա մի մասը նրան տանք» (ՋՈՆ)a։
ԵՐԲԵՎԷ դարձե՞լ ես կոռուպցիայի զոհը։ Նույնիսկ եթե Ջոնի իրավիճակում չես հայտնվել, այնուամենայնիվ, կրած կլինես կոռուպցիայի հետևանքները։
Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն կազմակերպության 2011թ. կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ)b՝ «ընդգրկված 183 պետությունների ու տարածքների մեծ մասի ԿԸՀ արժեքները 5-ից ցածր են 0-ից 10 սանդղակով, որտեղ 0-ն բացարձակապես կոռումպացված, իսկ 10-ը բացարձակապես չկոռումպացված լինելու ընկալումն է»։ 2009թ. հաշվետվությունը ցույց տվեց, որ կոռուպցիան առկա է աշխարհի բոլոր մասերում։ ԹԻ-ն ընդունեց հետևյալ փաստը. «Աշխարհի ոչ մի երկիր պաշտպանված չէ կոռուպցիայից»։
«Կոռուպցիան իշխանության չարաշահումն է հօգուտ սեփական շահի։ Կոռուպցիայի զոհ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք, ում կյանքը, ապրուստը և երջանկությունը կախված են նրանից, թե որքան ազնիվ կլինեն իշխանություն ունեցող մարդիկ» («ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ»)
Որոշ դեպքերում կոռուպցիայի հետևանքները կարող են աղետալի լինել։ Օրինակ՝ «Թայմ» ամերիկյան հանդեսում նշվում էր, որ 2010թ.-ին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ մեծ թվով մարդկանց մահվան պատճառը մասամբ «կոռուպցիան և անբարեխղճությունն» են եղել։ Նաև նշվում էր, որ այնտեղ շինարարական գծով փորձագետներին հաճախ կաշառք է տրվում և շինարարությունն իրականացվում է առանց ինժեներների կողմից հաստատված նախագծի։
Հնարավո՞ր է արդյոք հիմնովին վերացնել կոռուպցիան։ Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է իմանանք, թե որոնք են կոռուպցիայի հիմնապատճառները։
a Անունը փոխված է։
b «Կոռուպցիայի ընկալման համաթվի միջոցով չափվում է կոնկրետ երկրի պետական համակարգում կոռուպցիայի մակարդակը» («Թրանսփարենսի ինթերնեշնլ»)։