Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w15 3/1 էջ 13–15
  • Արքային վայել նվերներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արքային վայել նվերներ
  • 2015 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՆԱՊԱՏՈՎ
  • ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՄԲ ՊԱՀՎԱԾ ԳԱՂՏՆԻՔ
  • Կոսմետիկայի գործածությունը վաղեմի ժամանակներում
    2012 Դիտարան
  • Գաղաադի բալասան. հոտավետ բուժիչ խեժ
    2010 Դիտարան
2015 Դիտարան
w15 3/1 էջ 13–15
Տարբեր անուշաբույր համեմունքներ

Արքային վայել նվերներ

«Արևելքից աստղագուշակներ եկան.... Ապա բացեցին իրենց գանձատուփերը և նվերներ տվեցին նրան՝ ոսկի, կնդրուկ և զմուռս» (Մատթեոս 2։1, 11)։

Ի՞ՆՉ նվեր կընտրեիք շատ կարևոր մի անձնավորության համար։ Աստվածաշնչյան ժամանակներում որոշ անուշաբույր խոտեր, խեժեր և համեմունքներ ոսկու պես թանկ էին։ Դրանք այնքան արժեքավոր էին, որ արքային վայել նվերներ էին համարվում։ Ուստի զարմանալի չէ, որ «հրեաների թագավորի» համար աստղագուշակների բերած նվերներից երկուսը անուշաբույր խեժեր էին (Մատթեոս 2։1, 2, 11)։

Բալասանի յուղ

Բալասանի յուղ

Աստվածաշնչում նաև նշվում է, որ երբ Սաբայի թագուհին այցելեց Սողոմոնին, «նա թագավորին նվիրեց հարյուր քսան տաղանդ ոսկի, մեծ քանակությամբ բալասանի յուղ և թանկարժեք քարեր։ Այդքան շատ բալասանի յուղ դեռևս չէր եղել, որքան որ Սաբայի թագուհին նվիրեց Սողոմոն թագավորին» (2 Տարեգրություն 9։9)a։ Տարբեր թագավորներ նույնպես «բալասանի յուղ» բերեցին Սողոմոնին՝ ի նշան իրենց բարյացակամության (2 Տարեգրություն 9։23, 24)։

Ինչո՞ւ էին հնում անուշահոտ համեմունքները, ինչպես նաև դրանցից ստացված նյութերը այդքան թանկ ու արժեքավոր։ Քանի որ դրանք լայնորեն գործածվում էին զանազան կարևոր նպատակներով, օրինակ՝ կոսմետիկ միջոցներում, կրոնական արարողությունների և թաղման ժամանակ (տե՛ս «Համեմունքների օգտագործումը հնում» շրջանակը)։ Անուշահոտ խոտերի, խեժերի և համեմունքների բարձր գնի պատճառը ոչ միայն դրանց մեծ պահանջարկն էր, այլև փոխադրման հետ կապված զանազան ծախսերը։

ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՆԱՊԱՏՈՎ

Կասիա

Կասիա

Աստվածաշնչյան ժամանակներում որոշ անուշահոտ խեժեր և համեմունքներ ստանում էին Հորդանան գետի հովտում աճող բույսերից։ Իսկ մյուսները բերվում էին այլ երկրներից։ Աստվածաշնչում հիշատակվում են տարբեր հոտավետ համեմունքներ և բույսեր, օրինակ՝ մեզ հայտնի զաֆրանը, հալվեն, բալասանը, դարչինը, կնդրուկը և զմուռսը։ Այնտեղ նաև նշվում է սննդի մեջ օգտագործվող համեմունքների մասին, ինչպիսիք են չամանը, անանուխը և սամիթը։

Որտեղի՞ց էին բերվում որոշ համեմունքներ։ Հալվեն, կասիան և դարչինը բերվում էին այն տարածքներից, որտեղ գտնվում են ներկայիս Չինաստանը, Հնդկաստանը և Շրի Լանկան։ Զմուռսը, կնդրուկը և նման այլ համեմունքներ ստանում էին այն բուսատեսակներից, որոնք աճում էին Արաբիայի հարավային շրջաններից մինչև Սոմալի (Աֆրիկա) ձգվող անապատային տարածքներում։ Իսկ Աստվածաշնչում հիշատակված նարդոսը բացառիկ հնդկական բուրավետ բույս էր կամ յուղ, որը բերում էին Հիմալայներից։

Զաֆրան

Զաֆրան

Շատ համեմունքներ Իսրայել էին բերվում Արաբիայի տարածքով։ Մասամբ դա էր պատճառը, որ մ.թ.ա. երկրորդ և առաջին հազարամյակներում Արաբիան ձեռք բերեց «արևելքի և արևմուտքի միջև ապրանքաշրջանառություն իրականացնելու մենաշնորհը», ինչպես նշվում է համեմունքների մասին մի գրքում (The Book of Spices)։ Իսրայելի հարավում՝ Նեգևում հայտնաբերված քաղաքները, ամրոցները և իջևանատները ցույց են տալիս, թե որ տարածքներով են անցել համեմունքների առևտրով զբաղվողների ուղիները։ Այս բնակավայրերը նաև «վկայում են, որ հսկայական շահույթ բերող առևտուր է իրականացվել.... Արաբիայի հարավային շրջաններից մինչև Միջերկրական ծով», ինչպես նշում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կենտրոնը։

«Համեմունքների առևտուրը շահավետ էր, քանի որ դրանք քիչ տեղ էին զբաղեցնում, ունեին բարձր գին և մշտական պահանջարկ» (The Book of Spices)

Հոտավետ համեմունքներով բեռնված քարավանները Արաբիայի տարածքով պարբերաբար անցնում էին մոտ 1800 կիլոմետր ճանապարհ (Հոբ 6։19)։ Աստվածաշնչում հիշատակվում է իսմայելացի վաճառականների մասին, որոնք Գաղաադից Եգիպտոս էին տանում «բուրումնավետ խեժ, բալասան և խեժավոր կեղև» (Ծննդոց 37։25)։ Հակոբի որդիներն իրենց եղբորը՝ Հովսեփին, ստրկության վաճառեցին հենց այս վաճառականներին։

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՄԲ ՊԱՀՎԱԾ ԳԱՂՏՆԻՔ

Սամիթ

Սամիթ

Արաբ վաճառականները դարեր շարունակ իրենց ձեռքում էին պահում համեմունքների մեծ մասի առևտուրը։ Նրանք դարձել էին Ասիայից բերվող համեմունքների, ինչպես օրինակ՝ կասիայի և դարչինի միակ մատակարարը։ Արաբները չէին ցանկանում, որ միջերկրածովյան երկրները անմիջական առևտրային կապեր հաստատեն Արևելքում գտնվող հիմնական աղբյուրների հետ։ Այդ պատճառով նրանք հորինված պատմություններ էին տարածում այն մասին, թե ինչ վտանգների միջով են անցնում համեմունքներ ձեռք բերողները։ Այն, թե իրականում որտեղից էին ձեռք բերվում համեմունքները, «թերևս եղել է բոլոր ժամանակների մեծագույն վարպետությամբ պահված գաղտնիքը», ինչպես նշվում է վերոհիշյալ գրքում։

Չաման

Չաման

Իսկ ի՞նչ պատմություններ էին դրանք։ Մ.թ.ա. հինգերորդ դարի հույն պատմիչ Հերոդոտոսը նկարագրում է մի այդպիսի պատմություն, որ իբրև ինչ-որ զարհուրելի թռչուններ դարչնի կեղևից բույն էին շինում անմատչելի ժայռերի վրա։ Նա գրում է, որ դարչին հավաքողները այդ թանկարժեք համեմունքը ձեռք բերելու համար մսի մեծ կտորներ էին դնում ժայռի ստորոտին, որ գրավեն այդ թռչուններին։ Թռչունները ագահաբար այնքան շատ միս էին տանում իրենց բները, որ դրանք քանդվում ու ընկնում էին ցած։ Այդ ժամանակ մարդիկ արագ հավաքում էին դարչնի կեղևը, հետո վաճառում առևտրականներին։ Նման պատմությունները լայն տարածում գտան։ Այդ «ենթադրյալ վտանգների պատճառով, [դարչինը] վաճառվում էր շատ բարձր գնով», ինչպես նշվում է համեմունքների մասին նույն գրքում։

Անանուխ

Անանուխ

Ի վերջո արաբների դարավոր գաղտնիքը բացահայտվեց, և նրանք զրկվեցին իրենց մենաշնորհից։ Մ.թ.ա. առաջին դարում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքն արդեն դարձել էր մեծ նավահանգիստ և համեմունքների առքուվաճառքի կենտրոն։ Իսկ երբ նավաստիները սովորեցին ճիշտ օգտագործել Հնդկական օվկիանոսի մուսսոնային քամիները, հռոմեական նավերը սկսեցին Եգիպտոսի նավահանգիստներից նավարկել դեպի Հնդկաստան։ Այս ամենի արդյունքում մի ժամանակ հազվագյուտ ու թանկարժեք համարվող համեմունքները դարձան տարածված և դրանց գինը նվազեց։

Այսօր անուշահոտ խոտերն ու համեմունքները այլևս ոսկու գին չունեն։ Եվ հազիվ թե որևէ մեկը դրանք համարի արքային վայել նվերներ։ Այդուհանդերձ, ողջ աշխարհում դրանք շարունակում են լայնորեն գործածվել օծանելիքների ու դեղորայքի արտադրության մեջ։ Նաև միլիոնավոր մարդիկ համեմունքներ են օգտագործում ուտելիքին յուրահատուկ համ ու հոտ տալու համար։ Իսկապես, համեմունքներն այսօր էլ շարունակում են գերել մեզ իրենց անուշ բուրմունքով։

Դարչինի փայտիկներ

Դարչին

a «Բալասանի յուղ» արտահայտությունը վերաբերում է անուշաբույր յուղերի կամ խեժերի, որոնք ստանում են ծառերից կամ թփերից։

Համեմունքների օգտագործումը հնում

Խունկ և օծման յուղ պատրաստելու համար։ Եհովան Մովսեսին հրահանգներ տվեց այն մասին, թե ինչպես պետք է պատրաստեին խունկը և օծման յուղը։ Երկուսի բաղադրության մեջ էլ մտնում էին չորս տարբեր անուշահոտ համեմունքներ (Ելք 30։22–25, 34–38)։ Որոշ քահանաների պարտականությունն էր պատրաստել օծման յուղը և հոգ տանել, որ խորանում միշտ լինեն անհրաժեշտ համեմունքներ (Թվեր 4։16; 1 Տարեգրություն 9։30)։

Օծանելիքներ և քսուքներ պատրաստելու համար։ Նրանք, ովքեր հնարավորություն ունեին գնելու հոտավետ փոշիներ, սովորաբար դրանք օգտագործում էին իրենց տունը, հագուստները, անկողինը և մարմինը անուշաբույր դարձնելու համար (Եսթեր 2։12; Առակներ 7։17; Երգերի Երգ 3։6, 7; 4։13, 14)։ Ղազարոսի քույրը՝ Մարիամը, «ազնիվ նարդոսից պատրաստված» թանկարժեք անուշահոտ յուղ լցրեց Հիսուսի գլխին ու ոտքերին։ Փոքր սրվակով մաքուր նարդոսի յուղի արժեքը հավասար էր մոտ մեկ տարվա աշխատավարձին (Մարկոս 14։3–5; Հովհաննես 12։3–5)։

Մահացածի մարմինը թաղման նախապատրաստելու համար։ Հիսուսի մարմինը թաղման նախապատրաստելու համար Նիկոդեմոսը իր հետ բերեց «զմուռսի և հալվեի մի փաթեթ» (Հովհաննես 19։39, 40)։ Իսկ Հիսուսի աշակերտներից ոմանք «հոտավետ խոտեր ու անուշահոտ յուղեր պատրաստեցին» և բերեցին գերեզման (Ղուկաս 23։56–24։1)։

Ուտելիքը համեմելու համար։ Իսրայելացիները, հավանաբար, տարբեր համեմունքներ էին օգտագործում ձկից և մսից պատրաստված ուտելիքները համեմելու համար։ Իսկ որոշ համեմունքներ օգտագործվում էին գինին ավելի թունդ դարձնելու համար (Երգերի Երգ 8։2)։

Երկու առանձնահատուկ համեմունք

Թե՛ կնդրուկը և թե՛ զմուռսը ստանում էին խեժերից, որոնք հավաքում էին՝ փոքր ծառերի կամ թփերի կեղևների վրա կտրվածքներ անելով։

Այն ծառը, որից կնդրուկ էին ստանում, աճում էր Արաբիայի հարավային ծովափնյա տարածքներում, իսկ թուփը, որից զմուռս էին ստանում, աճում էր կիսաանապատային այն շրջաններում, որոնք գտնվում են ներկայիս Սոմալիի և Եմենի տարածքում։ Երկու համեմունքն էլ բարձր էին գնահատվում իրենց անուշ բույրի համար։ Եհովան անձամբ էր պատվիրել, որ այդ անուշահոտ նյութերը գործածվեն իր երկրպագության մեջ. զմուռսը՝ օծման յուղ պատրաստելու համար, իսկ կնդրուկը՝ խնկի համար (Ելք 30։23–25, 34–37)։ Սակայն դրանք տարբեր կերպերով էին օգտագործվում։

Կնդրուկը, որը հիմնականում օգտագործվում էր խնկի բաղադրության մեջ, պետք է այրվեր, որ հաճելի բուրմունք արձակեր։ Իսկ զմուռսը՝ այդ անուշահոտ խեժը, չէին այրում, այլ օգտագործում էին հենց այդ վիճակում։ Աստվածաշնչում Հիսուսի մասին խոսելիս զմուռսը հիշատակվում է երեք անգամ։ Առաջին՝ երբ նա երեխա էր, նրան զմուռս բերեցին որպես նվեր (Մատթեոս 2։11)։ Երկրորդ՝ երբ Հիսուսին ցցին գամեցին, նրան գինու հետ խառնած զմուռս առաջարկեցին որպես թմրեցնող՝ ցավազրկող միջոց (Մարկոս 15։23)։ Եվ երրորդ՝ զմուռսը օգտագործեցին Հիսուսի մարմինը թաղման նախապատրաստելու համար (Հովհաննես 19։39)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը