Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w16 հունվար էջ 3–6
  • Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Օվկիանիա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Օվկիանիա
  • 2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԸՆՏԱՆԻՔՈՎ
  • ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ԵՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • «ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆՔ»
  • Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Արևմտյան Աֆրիկա
    2014 Դիտարան
  • Ինչպե՞ս հարմարվել նոր ժողովին
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Հիմա ես շատ եմ սիրում ծառայությունը»
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Կարո՞ղ ես «անցնել Մակեդոնիա»
    2009 Դիտարան
Ավելին
2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w16 հունվար էջ 3–6
Բարնետ, Սիմոնա, Էստոն և Քալեբ

Բարնետ, Սիմոնա, Էստոն և Քալեբ

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Օվկիանիա

ՌԵՆԵՆ, որը մոտ 35 տարեկան քույր է, մեծացել է Ավստրալիայում եռանդուն Վկաների ընտանիքում։ Նա պատմում է. «Մենք շատ անգամներ ենք ընտանիքով տեղափոխվել ծառայելու այն տարածքներում, որտեղ Թագավորության քարոզիչների կարիքը ավելի մեծ էր։ Հայրս ու մայրս այնպես էին անում, որ մեր կյանքը հետաքրքիր և ուրախ անցներ։ Երբ ես երկու երեխա ունեցա, շատ էի ուզում, որ նրանք էլ այդպիսի կյանք ունենան»։

Ռենեի ամուսինը՝ Շեյնը, որը մոտ 40 տարեկան է, նույնպես նման հոգևոր նպատակներ ուներ։ Նա ասում է. «Մեր երկրորդ երեխայի ծնվելուց հետո «Դիտարանում» կարդացինք մի Վկա ընտանիքի մասին, որը զբոսանավով տեղափոխվել էր Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտք՝ քարոզելու Տոնգայի կղզիներում։a Այդ հոդվածը մղեց մեզ նամակ գրելու Եհովայի վկաների՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի մասնաճյուղերին և հարցնելու, թե որտեղ Թագավորության քարոզիչների ավելի մեծ կարիք կա։b Մեզ առաջարկեցին տեղափոխվել Տոնգա. հենց այն տարածք, որի մասին կարդացել էինք»։

Ջեյքոբ, Ռենե, Սքայ և Շեյն

Ջեյքոբ, Ռենե, Սքայ և Շեյն

Շեյնը, Ռենեն և նրանց երեխաները՝ Ջեյքոբն ու Սքայը, մոտ մեկ տարի էր, ինչ տեղափոխվել էին Տոնգա, երբ երկրում բարձրացած խռովությունների պատճառով ստիպված եղան վերադառնալ Ավստրալիա։ Բայց նրանք շարունակում էին մտածել ծառայությունն ընդլայնելու իրենց նպատակի մասին։ 2011թ.-ին այս ընտանիքը տեղափոխվեց Նորֆոլկ կղզի, որը Ավստրալիայից մոտ 1500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող խաղաղօվկիանոսյան մի փոքրիկ կղզի է։ Տեղափոխությունը ծառայե՞ց իր նպատակին։ Ջեյքոբը, որն այժմ 14 տարեկան է, ասում է. «Եհովան ոչ միայն հոգ տարավ մեր մասին, այլ նաև այնպես արեց, որ ծառայությունը ուրախություն բերի մեզ»։

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԸՆՏԱՆԻՔՈՎ

Շեյնի, Ռենեի և նրանց երեխաների պես՝ շատ Վկա ընտանիքներ պատրաստակամորեն իրենց տրամադրել են ծառայելու այնտեղ, որտեղ կարիքը մեծ է։ Ի՞նչն է մղել նրանց այդպես վարվելու։

«Շատերը հետաքրքրված էին բարի լուրով, ուստի ուզում էինք, որ նրանք Աստվածաշունչը կանոնավորաբար ուսումնասիրելու հնարավորություն ունենային»։ (Բարնետ)

Բարնետը և Սիմոնան, որոնք մոտ 35 տարեկան ամուսիններ են, և նրանց որդիները՝ Էստոնն ու Քալեբը՝ 12 և 9 տարեկան, տեղափոխվեցին Բերկթաուն՝ Քվինսլենդ նահանգի մի մեկուսի քաղաք (Ավստրալիա)։ Բարնետն ասում է. «Այս քաղաքը երեք-չորս տարին մեկ էր քարոզվում։ Շատերը հետաքրքրված էին բարի լուրով, ուստի ուզում էինք, որ նրանք Աստվածաշունչը կանոնավորաբար ուսումնասիրելու հնարավորություն ունենային»։

Ջիմ, Ջեկ, Մարկ և Քարեն

Ջիմ, Ջեկ, Մարկ և Քարեն

Մարկը և Քարենը, որոնք այժմ 50-ն անց զույգ են, նախքան իրենց երեք երեխաների՝ Ջեսիկայի, Ջիմի և Ջեկի հետ Նուլանբեյ տեղափոխվելը, որը Հյուսիսային տերիտորիայում գտնվող հանքարդյունաբերական համայնք է, ծառայել էին Սիդնեյի մոտակայքում գտնվող տարբեր ժողովներում։ Մարկն ասում է. «Ես սիրում եմ մարդկանց, ուստի ցանկանում էի լինել այնտեղ, որտեղ ժողովներում և ծառայության մեջ շատ բան կունենայի անելու»։ Իսկ Քարենը, որը վարանում էր տեղափոխվել, ասում է. «Երբ Մարկը և մյուսները քաջալերեցին ինձ, ես համաձայնվեցի։ Այժմ ուրախ եմ, որ տեղափոխվել ենք»։

Բենջամին, Ջեյդ, Բրիա և Կարոլին

Բենջամին, Ջեյդ, Բրիա և Կարոլին

2011թ.-ին Բենջամինը և Կարոլինը նախադպրոցական տարիքի իրենց երկու աղջիկների՝ Ջեյդի և Բրիայի հետ Քվինսլենդից վերադարձան Թիմոր Լեստե՝ փոքր երկիր ինդոնեզական կղզեխմբի Թիմոր կղզում։ Բենն ասում է. «Ես ու Կարոլինը նախկինում հատուկ ռահվիրա էինք Թիմոր Լեստեում։ Ծառայությունը հիասքանչ էր։ Հավատակիցները միշտ աջակցում էին մեզ։ Անչափ ծանր էր թողնել այդ երկիրը։ Բայց մենք վճռեցինք վերադառնալ։ Երբ երեխաներ ունեցանք, չփոխեցինք մեր այս նպատակը, պարզապես հետաձգեցինք այն»։ Կարոլինն ավելացնում է. «Մենք ուզում էինք, որ մեր երեխաները շրջապատված լինեին միսիոներներով, բեթելցիներով ու հատուկ ռահվիրաներով և հնարավորինս շատ ուրախություն ստանային Եհովային ծառայելուց»։

ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հիսուսն իր հետևորդներին ասաց. «Եթե ձեզանից մեկը ցանկանա աշտարակ կառուցել, մի՞թե նախ չի նստի և չի հաշվի ծախսը» (Ղուկ. 14։28)։ Նմանապես, եթե ընտանիքը մտածում է ուրիշ վայր տեղափոխվելու մասին, շատ կարևոր է, որ ամեն բան լավ ծրագրի։ Իսկ ի՞նչ է պետք հաշվի առնել։

ՀՈԳԵՎՈՐ ԿԱՐԻՔՆԵՐ։ Բենն ասում է. «Մենք ցանկանում էինք ուրիշներին ծառայել, ոչ թե բեռ լինել նրանց համար։ Ուստի նախքան տեղափոխվելը որոշեցինք ամրացնել մեր հոգևոր վիճակը։ Նաև ավելի շատ սկսեցինք մասնակցել ծառայությանը և ժողովի մյուս գործերին»։

Ջեյքոբը, որի մասին նշվեց վերևում, պատմում է. «Նորֆոլկ կղզի տեղափոխվելուց առաջ «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերում բազմաթիվ կենսագրություններ կարդացինք այն ընտանիքների մասին, որոնք տեղափոխվել էին ծառայելու այնտեղ, որտեղ կարիքը ավելի մեծ էր։ Մենք խոսեցինք այն մասին, թե նրանք ինչ դժվարությունների էին բախվել, և Եհովան ինչպես էր հոգ տարել նրանց մասին»։ Նրա 11-ամյա քույրը՝ Սքայը, ավելացնում է. «Ես շատ էի աղոթում՝ թե՛ մենակ, թե՛ մայրիկիս և հայրիկիս հետ»։

ԶԳԱՑԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐ։ Ռենեն պատմում է. «Այն տարածքը, որտեղ ապրում էինք, շատ էի սիրում։ Բացի այդ, շրջապատված էինք մեր հարազատներով և մտերիմ ընկերներով։ Ուստի ինձ համար ավելի հեշտ կլիներ, եթե մնայինք նույն վայրում։ Բայց փոխանակ անընդհատ մտածելու, թե ինչ զոհողություն եմ անում, մտածում էի այն մասին, թե տեղափոխությունն ինչ օգուտներ կբերի ընտանիքիս»։

ՄՇԱԿՈՒՅԹ։ Շատ ընտանիքներ փնտրտուքներ են անում այն տարածքի վերաբերյալ, ուր պատրաստվում են տեղափոխվելու։ Մարկն ասում է. «Հնարավորինս շատ բան կարդացինք Նուլանբեյի մասին։ Այնտեղի եղբայրները մեզ թերթեր ուղարկեցին, որոնց օգնությամբ որոշակի պատկերացում կազմեցինք Նուլանբեյի մարդկանց և մշակույթի վերաբերյալ»։

Շեյնը, որը տեղափոխվեց Նորֆոլկ կղզի, ավելացնում է. «Ամենից շատ կենտրոնացել էի քրիստոնեական հատկություններ դրսևորելու վրա։ Գիտեի, որ եթե լինեմ անկեղծ, մեղմ, ազնիվ ու աշխատասեր, աշխարհի ցանկացած վայրում կկարողանամ ապրել»։

ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ԵՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այլ տարածքներ տեղափոխված քարոզիչները ընդգծում են այն միտքը, թե որքան կարևոր է ճկուն լինել և դրական տրամադրվածություն ունենալ, երբ անսպասելի դժվարություններ են ծագում։ Քննենք մի քանի օրինակ։

Ռենեն պատմում է. «Սովորել եմ հարմարվել տարբեր իրավիճակների։ Օրինակ՝ երբ ծովը փոթորկոտ է լինում, բեռնատար նավերը չեն կարողանում մոտենալ ափին, ինչի հետևանքով սննդամթերքը երբեմն շատ քիչ է լինում և թանկ։ Ուստի սովորեցի ուտելիք պատրաստելիս հնարամիտ լինել»։ Նրա ամուսինը՝ Շեյնը, ավելացնում է. «Սկսեցինք նաև փողը ծախսել շաբաթվա համար որոշած գումարի չափով»։

Նրանց որդին՝ Ջեյքոբը, մեկ այլ դժվարության մասին է նշում. «Մեր նոր ժողովում մեզնից բացի յոթ քարոզիչ կար, բոլորն էլ մեծահասակ։ Ուստի իմ տարիքի ընկերներ չունեի։ Բայց երբ նրանց հետ սկսեցի գնալ ծառայության, արագ ընկերացանք»։

Ջիմը, որն այժմ 21 տարեկան է, եղել է նույն իրավիճակում։ Նա պատմում է. «Նուլանբեյին ամենամոտ գտնվող հարևան ժողովը ավելի քան 725 կիլոմետր հեռու է, ուստի մենք լավագույնս օգտվում ենք համաժողովներում միմյանց տեսնելու հնարավորությունից։ Շուտ ենք գնում համաժողովի վայր և վայելում ենք եղբայրների ու քույրերի ընկերակցությունը։ Այս միջոցառումները տարվա ամենալավ ժամանակներն են մեզ համար»։

«ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆՔ»

Աստվածաշունչն ասում է. «Եհովայի օրհնությունն է հարստացնում» (Առակ. 10։22)։ Ողջ աշխարհում բազմաթիվ քարոզիչներ, ովքեր տեղափոխվել են ծառայելու այնտեղ, որտեղ կարիքը մեծ է, անձամբ համոզվել են այս ներշնչյալ խոսքերի ճշմարտացիության մեջ։

Մարկն ասում է. «Մեծագույն օրհնությունը մեզ համար այն է, թե ինչ ազդեցություն է տեղափոխությունը թողել մեր երեխաների վրա։ Երկու մեծ երեխաներս լիովին վստահ են, որ Եհովան հոգ կտանի նրանց մասին, ովքեր Թագավորության շահերը առաջին տեղում են դնում։ Իսկ այդ վստահությունը փողով չես գնի»։

Շեյնն ասում է. «Շատ եմ մտերմացել կնոջս ու երեխաներիս հետ։ Երբ լսում եմ՝ ինչպես են պատմում, թե Եհովան ինչեր է արել իրենց համար, սիրտս ուրախությամբ է լցվում»։ Նրա որդին՝ Ջեյքոբը, ավելացնում է. «Այնքա՜ն լավ է այստեղ։ Շատ ուրախ եմ, որ տեղափոխվել ենք»։

a Տես «Աստծո բարեկամները Բարեկամության կղզիներում» հոդվածը «Դիտարանի» 2004թ. դեկտեմբերի 15-ի համարում (էջ 8–11)։

b 2012թ.-ին Նոր Զելանդիայի մասնաճյուղը միացավ Ավստրալիայի մասնաճյուղին։

ԿՐԹԵԼԸ թանկագին պարգև է

Թագավորության սրահի ձայնային համակարգի մոտ Բենջամինը զրուցում է տեղի եղբայրներից մեկի հետ

ԵԹԵ ծառայում ես օտար երկրում, հարգանք դրսևորիր տեղի մարդկանց ու նրանց մշակույթի հանդեպ և համապատասխան փոփոխություններ արա, որ շահես նրանց սերն ու հարգանքը։ Այն երեցները, ովքեր ծառայում են այնպիսի տարածքներում, որտեղ կարիքը մեծ է, կարող են թանկագին պարգև փոխանցել իրենց ժողովներին՝ ուրիշներին կրթելու պարգևը։ Երբ այս երեցներն օգնում են տեղի եղբայրներին, որ դառնան հոգևոր հովիվներ, ողջ ժողովը շարունակում է օգուտներ քաղել նրանց արած գործից, նույնիսկ այն բանից հետո, երբ նրանք տեղափոխվում են՝ ծառայելու ուրիշ ժողովներում։ Եթե երեց ես և ծառայում ես այնտեղ, որտեղ կարիքը մեծ է, ուրիշներին կրթելիս կարող ես օգտվել ներքոհիշյալ առաջարկներից։

ԻՆՉ ԱՆԵԼ

Թագավորության սրահի գրադարանում Շեյնը զրուցում է տեղի եղբայրներից մեկի հետ

«Մարդկանց իրենց կարողություններին համապատասխան հանձնարարություններ տուր։ Սովորեցրու, թե ինչ պիտի անեն, և վստահեցրու, որ նրանց դա կհաջողվի»։ (Մարկ)

«Որոշ ցուցումներ թարգմանեցի տեղի լեզվով։ Դա շատ օգնեց, քանի որ եղբայրները հստակ հասկացան, թե որն է իրենց դերը»։ (Բենջամին)

«Երբ կենտրոնանում ես ժողովի և անդամների դրական կողմերի վրա, թե՛ դու, թե՛ քեզ շրջապատող մարդիկ ուրախ են լինում»։ (Բարնետ)

ԻՆՉԻՑ ԽՈՒՍԱՓԵԼ

«Մի՛ փորձիր վերահսկել ցանկացած բան, որ ուրիշներն անում են։ Ոչինչ ավելի շատ չի ընկճում մարդուն, քան այն, երբ ինչ-որ մեկը հետևում է իրեն, թե ինչպես է կատարում աշխատանքը, և քննադատում է։ Բացի այդ, քո ներկայիս ժողովը մի՛ համեմատիր նախկին ժողովիդ հետ։ Սովորաբար մարդիկ լավ չեն արձագանքում, երբ շարունակ ասում ես. «Իմ նախկին ժողովում....»»։ (Մարկ)

«Խուսափիր քեզ վրա ուշադրություն հրավիրելուց, ասես ավելի շատ հասկացողություն ունես կամ տեղի եղբայրներից ավելի լավ ես կարողանում անել որոշ բաներ։ Փոխարենը՝ մարդկանց ուշադրությունը հրավիրիր Աստծու Խոսքի և կազմակերպությունից ստացած գրավոր առաջնորդության վրա։ Սա կնպաստի միասնությանը և կօգնի բոլորին տեսնելու, որ մենք Եհովայի կողմից ենք կրթվում»։ (Շեյն)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը