Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w19 հուլիս էջ 1–32
  • Ինչպես հասնել ոչ կրոնասեր մարդկանց սրտին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես հասնել ոչ կրոնասեր մարդկանց սրտին
  • 2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՀՈՒՅՍԴ ՄԻ՛ ԿՏՐԻՐ ՆՐԱՆՑԻՑ
  • ՓՈՐՁԻՐ ՀԱՍՆԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՍՐՏԻՆ
  • ԻՆՉՊԵՍ ՔԱՐՈԶԵԼ ԱՍԻԱՅՈՒՄ ՄԵԾԱՑԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ
  • Օգնիր ոչ կրոնասեր մարդկանց ճանաչել իրենց Արարչին
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Պահպանիր դրական տրամադրվածություն
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Օգնենք նրանց, ովքեր դեռ պատրաստ չեն «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքով ուսումնասիրելու
    2013 Մեր թագավորական ծառայությունը
  • Պատանինե՛ր, ամրացրեք ձեր հավատը
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w19 հուլիս էջ 1–32

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 30

Ինչպես հասնել ոչ կրոնասեր մարդկանց սրտին

«Ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ եղա, որպեսզի ամեն հնարավոր ձևով մի քանիսին փրկեմ» (1 ԿՈՐՆԹ. 9։22)։

ԵՐԳ 82 «Թող ձեր լույսը շողա»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa

1. Վերջին տասնամյակների ընթացքում որոշ երկրներում ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել։

ՀԱԶԱՐԱՎՈՐ տարիներ շարունակ աշխարհի բնակչության մեծ մասի կյանքում կրոնը իր ուրույն տեղն է ունեցել։ Բայց վերջին տասնամյակների ընթացքում իրավիճակը էապես փոխվել է։ Գնալով շատանում է այն մարդկանց թիվը, որոնք իրենց կրոնասեր չեն համարում։ Անգամ կան երկրներ, որոնց բնակչության մեծ մասն ասել է, որ կրոնասեր չէ (Մատթ. 24։12)։b

2. Այսօր շատերը ինչո՞ւ իրենց կրոնասեր չեն համարում։

2 Իսկ ինչո՞ւ են գնալով ավելի շատ մարդիկ իրենց ոչ կրոնասերc համարում։ Ոմանց դեպքում պատճառն այն է, որ նրանք տարվել են իրենց հոգսերով կամ էլ կյանքի հաճույքներով (Ղուկ. 8։14)։ Ոմանք էլ, ովքեր նախկինում կրոնասեր էին, այժմ դարձել են աթեիստ։ Կան մարդիկ, որոնք հավատում են Աստծուն, բայց կրոնը համարում են հնաոճ և անօգուտ մի բան, որը հակասում է գիտությանն ու առողջ դատողությանը։ Նրանց կարծիքը ձևավորել են իրենց ընկերները, ուսուցիչները կամ զանգվածային լրատվամիջոցները, որոնք պնդում են, թե կյանքն առաջացել է էվոլյուցիայի արդյունքում։ Եվ հազվադեպ է պատահում, որ այդ մարդիկ Աստծուն հավատալու տրամաբանական պատճառներ լսեն։ Ոմանք կրոնից հիասթափվել են՝ տեսնելով հոգևորականների ագահությունն ու իշխանատենչությունը։ Մյուսներն էլ ոչ կրոնասեր են դարձել, քանի որ իրենց երկրի կառավարությունը արգելքի տակ է դրել կամ սահմանափակել է կրոնների գործունեությունը։

3. Ո՞րն է այս հոդվածի նպատակը։

3 Հիսուսը մեզ պատվիրել է «բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստել» (Մատթ. 28։19)։ Ուստի ինչպե՞ս կարող ենք ոչ կրոնասեր մարդկանց օգնել, որ սիրեն Աստծուն և դառնան Քրիստոսի աշակերտ։ Դրա համար պետք է հասկանանք, որ բարի լուրի հանդեպ մարդու վերաբերմունքը կարող է պայմանավորված լինել այն բանով, թե որտեղ է նա մեծացել։ Օրինակ՝ Ասիայում մեծացած մարդիկ մեր քարոզչությանը, հնարավոր է, այնպես չարձագանքեն, ինչպես Եվրոպայում մեծացածները։ Ինչո՞ւ։ Որովհետև եվրոպացիների մեծ մասը որոշ չափով ծանոթ է Աստվածաշնչին և այն գաղափարին, որ ամեն բան Աստված է ստեղծել։ Իսկ ասիական շատ երկրների բնակիչների մեծամասնությունը քիչ բան գիտի կամ ոչինչ չգիտի Աստվածաշնչի մասին և չի հավատում Արարչի գոյությանը։ Այս հոդվածի նպատակն է՝ օգնել մեզ հասնել այն բոլոր մարդկանց սրտերին, որոնց հանդիպում ենք քարոզչական ծառայության ընթացքում, անկախ այն բանից, թե նրանք որտեղից են և ինչին են հավատում։

ՀՈՒՅՍԴ ՄԻ՛ ԿՏՐԻՐ ՆՐԱՆՑԻՑ

4. Ինչո՞ւ կարող ենք դրական տրամադրվածություն ունենալ։

4 Դրական տրամադրվածություն պահպանիր։ Ամեն տարի Եհովայի վկաների շարքերը համալրում են հազարավոր մարդիկ, այդ թվում՝ նրանք, ովքեր նախկինում կրոնասեր չեն եղել։ Նրանց մի մասն արդեն իսկ ապրում էր բարոյական բարձր չափանիշներով և խորշում էր կրոնական կեղծավորությունից։ Մինչդեռ մյուսները աչքի չէին ընկնում լավ վարքով և ունեին այնպիսի սովորություններ, որոնցից պետք է ձերբազատվեին։ Հետևաբար կարող ենք համոզված լինել, որ Եհովայի օգնությամբ մեզ կհաջողվի գտնել այնպիսի մարդկանց, որոնք «ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ» (Գործ. 13։48; 1 Տիմոթ. 2։3, 4)։

Եղբայրը վկայություն է տալիս իր հետ հիվանդանոցում աշխատող մի տղամարդու. վերջինս օրվա վերջում ուսումնասիրում է մեր՝ jw.org կայքը

Փոխիր մոտեցումդ, երբ քարոզում ես նրանց, ովքեր կասկածամտությամբ են վերաբերվում Աստվածաշնչին (տես պարբերություն 5–6)d

5. Հաճախ մարդկանց ի՞նչն է մղում դրականորեն արձագանքել մեր քարոզած լուրին։

5 Եղիր բարի ու նրբանկատ։ Հաճախ մարդկանց գրավում է ոչ թե այն, թե ինչ ենք ասում, այլ ինչպես ենք դա ասում։ Նրանց դուր է գալիս մեր բարի ու նրբանկատ վերաբերմունքը և անկեղծ հետաքրքրությունը։ Մենք չենք ստիպում մարդկանց լսել մեր տեսակետը, այլ փորձում ենք հասկանալ, թե ինչու է նրանց մտքում կրոնի վերաբերյալ այս կամ այն կարծիքը ձևավորվել։ Հարկ է նշել, որ ոմանք չեն սիրում անծանոթների հետ կրոնից խոսել։ Կան մարդիկ էլ, որոնք կարծում են, թե Աստծու մասին ուրիշին հարցեր ուղղելը անքաղաքավարություն է։ Ոմանք էլ ամաչում են, որ իրենց կտեսնեն Աստվածաշունչ կարդալիս, այն էլ՝ Եհովայի վկաների հետ։ Ինչևէ, մենք փորձում ենք հասկանալ և հաշվի առնել մարդկանց զգացմունքները (2 Տիմոթ. 2։24)։

6. Պողոս առաքյալը ինչպե՞ս էր իր մոտեցումը հարմարեցնում մարդկանց կարիքներին, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։

6 Օրինակ՝ ի՞նչ կարող ենք անել, եթե նկատում ենք, որ մարդուն դուր չի գալիս, երբ օգտագործում ենք «Աստվածաշունչ», «արարչագործություն», «Աստված», «կրոն» կամ նմանատիպ այլ բառեր։ Այդ դեպքում կարող ենք, ընդօրինակելով Պողոս առաքյալին, ճկուն լինել և այլ բառերով արտահայտել մեր միտքը։ Պողոսը հրեաների հետ խոսելիս Սուրբ Գրքի հիման վրա էր տրամաբանում։ Սակայն Արեոպագոսում հույն փիլիսոփաների հետ զրուցելիս ուղղակիորեն չէր ասում, որ իր արտահայտած մտքերի աղբյուրը Սուրբ Գիրքն է (Գործ. 17։2, 3, 22–31)։ Ինչպե՞ս կարող ես հետևել նրա օրինակին։ Երբ հանդիպում ես մեկին, ով չի ընդունում Աստվածաշունչը, լավ կլինի՝ նրա հետ զրուցելիս չհիշատակես այն։ Եթե զգում ես, որ մարդը նեղվում է, երբ իրեն տեսնում են քեզ հետ Աստվածաշունչ կարդալիս, փորձիր ոչ այնքան նկատելի ձևով ցույց տալ ընտրածդ հատվածները, ասենք՝ էլեկտրոնային սարքից։

7. Հաշվի առնելով 1 Կորնթացիներ 9։20–23 համարները՝ ի՞նչ պետք է անենք, որ նմանվենք Պողոսին։

7 Խորաթափանց եղիր և ուշադիր լսիր։ Մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչու է մեր զրուցակիցը այս կամ այն կերպ մտածում (Առակ. 20։5)։ Կրկին անդրադառնանք Պողոսի օրինակին։ Թեև նա մեծացել էր հրեաների մեջ, բայց այլազգիներին քարոզելիս պետք է ուրիշ ձևով ներկայացներ բարի լուրը, չէ՞ որ նրանք ոչինչ կամ գրեթե ոչինչ չգիտեին Եհովայի և Սուրբ Գրքի մասին։ Մեր տարածքի մարդկանց ավելի լավ հասկանալու համար գուցե հարկավոր լինի որոշ փնտրտուքներ անել և իմանալ, թե ինչ առանձնահատկություններ ունեն նրանք, կամ էլ խորհրդակցել ժողովի փորձառու քարոզիչների հետ (կարդա 1 Կորնթացիներ 9։20–23)։

8. Ինչպե՞ս կարելի է Աստվածաշնչի վերաբերյալ զրույց սկսել։

8 Մեր նպատակը արժանիներին գտնելն է (Մատթեոս 10։11)։ Դա անելու համար պետք է որևէ թեմայի շուրջ մարդկանց կարծիքը հարցնենք և ուշադիր լսենք նրանց։ Անգլիայում բնակվող մի եղբայր զրուցակցին հարցնում է, թե նրա կարծիքով՝ որն է երջանիկ ընտանիք ունենալու, երեխաներին ճիշտ դաստիարակելու կամ անարդար վերաբերմունքին դիմանալու գաղտնիքը։ Պատասխանը լսելուց հետո նա ասում է. «Իսկ ի՞նչ կասեք այս խորհրդի վերաբերյալ, որը գրվել է մոտ 2 000 տարի առաջ»։ Ապա առանց «Աստվածաշունչ» բառը հիշատակելու՝ իր հեռախոսի միջոցով համապատասխան սուրբգրային համար է ցույց տալիս։

ՓՈՐՁԻՐ ՀԱՍՆԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՍՐՏԻՆ

9. Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց, ովքեր չեն սիրում Աստծու մասին զրուցել։

9 Ոմանք չեն սիրում Աստծու մասին զրուցել։ Նման մարդկանց սրտին հասնելու համար կարող ենք քննարկել այնպիսի թեմա, որը հոգեհարազատ է նրանց։ Օրինակ՝ շատերին հիացնում է բնությունը։ Ուստի կարող ենք նման մի բան ասել. «Հավանաբար լսել եք, որ գիտնականները բազմաթիվ նորույթներ ստեղծելիս պատճենել են այն, ինչ արդեն գոյություն ունի բնության մեջ։ Օրինակ՝ խոսափող ստեղծողները հետազոտել են ականջի կառուցվածքը, իսկ տեսախցիկը ստեղծվել է աչքի կառուցվածքի ուսումնասիրության արդյունքում։ Ի՞նչ է գալիս ձեր միտքը, երբ մտածում եք բնության այդ հրաշքների մասին։ Ձեր կարծիքով՝ դրանք առաջ է բերել մի հրաշագործ ո՞ւժ, բանական էա՞կ, թե՞ մեկ այլ բան»։ Պատասխանն ուշադիր լսելուց հետո կարող ենք ասել. «Երբ ինժեներները նոր բաներ են սովորում՝ ուսումնասիրելով ականջի և աչքի կառուցվածքը, հարց է առաջանում, թե իրականում նրանք ումից են սովորում։ Գիտե՞ք, ես շատ տպավորվեցի, երբ կարդացի, թե այս մասին անտիկ շրջանի մի բանաստեղծ ինչ է գրել. «Մի՞թե ականջ Ստեղծողը չի կարող լսել, կամ մի՞թե աչք Ձևավորողը չի կարող տեսնել.... նա, ով մարդկանց գիտելիք է սովորեցնում»։ Հետաքրքիր է, որ մի շարք գիտնականներ նույնպես հավատում են Արարչի գոյությանը» (Սաղ. 94։9, 10)։ Այնուհետև կարող ենք jw.org® կայքից որևէ տեսանյութ ցույց տալ «Հարցազրույցներ և կյանքի օրինակներ» բաժնի «Տեսակետներ կյանքի ծագման վերաբերյալ» շարքից (ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)։ Կամ կարող ենք տալ «Ինչպե՞ս է կյանքն առաջացել» կամ «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» գրքույկը։

10. Է՞լ ինչպես կարող ենք զրույց սկսել մեկի հետ, ով հակված չէ խոսելու Աստծու մասին։

10 Մարդկանց մեծ մասը ցանկանում է լավ ապագա ունենալ։ Սակայն շատերը վախենում են, որ Երկիր մոլորակը կկործանվի կամ բնակության համար անպիտան կդառնա։ Նորվեգիայում ապրող մի շրջանային վերակացու ասում է, որ այն մարդիկ, որոնք հակված չեն զրուցելու Աստծու մասին, հաճախ մեծ հաճույքով խոսում են աշխարհի վիճակից։ Ուստի նա ողջույնից հետո իր զրուցակցին հարցնում է. «Ի՞նչ եք կարծում. ապագան մեզ ինչ-որ լավ բան կբերի՞, և ո՞ւմ շնորհիվ դա կլինի՝ քաղաքական գործիչների՞, գիտնականների՞, թե՞ ուրիշ մեկի»։ Պատասխանն ուշադիր լսելուց հետո եղբայրը Աստվածաշնչից մի համար է կարդում, որտեղ խոսվում է պայծառ ապագայի մասին։ Ոմանց հետաքրքրում է սուրբգրային այն խոստումը, որ երկիրը երբեք չի կործանվելու, և որ արդար մարդիկ հավիտյան ապրելու են դրա վրա (Սաղ. 37։29; Ժող. 1։4)։

11. Ինչո՞ւ պետք է զրույց սկսելու տարբեր ձևեր փորձենք և ինչպե՞ս կարող ենք հետևել Պողոսի օրինակին՝ նշված Հռոմեացիներ 1։14–16 համարներում։

11 Լավ կլինի, որ մեզ հանդիպած մարդկանց հետ տարբեր ձևերով զրույց սկսենք։ Ինչո՞ւ։ Քանի որ ամեն մարդ եզակի է։ Այն, ինչ գրավում է մեկին, կարող է վանել մյուսին։ Ոմանք չեն խուսափում Աստծու կամ Աստվածաշնչի մասին զրուցելուց, մինչդեռ ուրիշները գերադասում են այլ թեմաներով խոսել։ Ուստի պետք է սովորենք զրուցել ամեն տեսակ մարդկանց հետ (կարդա Հռոմեացիներ 1։14–16)։ Սակայն, անշուշտ, չպետք է մոռանանք, որ ճշմարտության սերմը Եհովան է աճեցնում այն մարդկանց սրտերում, որոնք արդարություն են սիրում (1 Կորնթ. 3։6, 7)։

ԻՆՉՊԵՍ ՔԱՐՈԶԵԼ ԱՍԻԱՅՈՒՄ ՄԵԾԱՑԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ

Եհովայի վկան Աստվածաշնչից գործնական խորհուրդ է կարդում մի կնոջ համար, որը ոչ քրիստոնյա երկրից է եկել

Բազմաթիվ քարոզիչներ անկեղծորեն հետաքրքրվում են ոչ քրիստոնյա երկրներից եկած մարդկանցով և ցույց են տալիս Աստվածաշնչում գրված իմաստուն խորհուրդները (տես պարբերություն 12–13)

12. Ինչպե՞ս կարող ենք օգնել Ասիայում մեծացած մարդկանց։

12 Ամբողջ աշխարհում կարելի է հանդիպել ասիական երկրներից եկած մարդկանց։ Ասիայի որոշ երկրներում իշխանությունները սահմանափակել են կրոնների գործունեությունը։ Ուստի այնտեղի բնակչության մեծ մասը խորությամբ չի մտածում Արարչի գոյության մասին։ Ճիշտ է, ոմանք, հետաքրքրասեր լինելով, ընդունում են Աստվածաշունչ ուսումնասիրելու ուղղակի առաջարկը, բայց մյուսները սկզբում վարանում են նոր գաղափարներ ուսումնասիրել։ Ի՞նչ կարող ենք անել, որ հասնենք այդ մարդկանց սրտին։ Փորձառու քարոզիչներից ոմանք նկատել են, որ այդպիսի մարդկանց հետ ավելի լավ է պարզապես առօրեական զրույց սկսել, անհատական հետաքրքրություն ցուցաբերել, իսկ հետո հարմար առիթի դեպքում պատմել, թե մեր կյանքը որքան է բարելավվել, երբ սկսել ենք աստվածաշնչյան սկզբունքներով ապրել։

13. Ի՞նչը կարող է օգնել, որ մարդը հետաքրքրվի Աստվածաշնչով (տես ամսագրի շապիկի նկարը)։

13 Ոմանց անմիջապես գրավում է Աստվածաշնչում ամփոփված իմաստությունը (Ժող. 7։12)։ Նյու Յորքում բնակվող մի քույր, որն այցելում է չինախոսներին, պատմում է. «Ես անկեղծորեն հետաքրքրվում եմ այդ մարդկանցով և ուշադիր լսում եմ նրանց։ Երբ իմանում եմ, որ նրանք վերջերս են տեղափոխվել ԱՄՆ, հարցնում եմ. «Ինչպե՞ս եք հարմարվել։ Աշխատանք գտե՞լ եք։ Տեղացիները լա՞վ են վերաբերվում ձեզ»»։ Երբեմն սա առիթ է ստեղծում ներկայացնելու աստվածաշնչյան որևէ ուսմունք։ Եվ հարմար պահին քույրը նրանց ասում է. «Ձեր կարծիքով՝ ո՞րն է մարդկանց հետ լավ փոխհարաբերություններ ունենալու գաղտնիքը։ Թույլ կտա՞ք Աստվածաշնչից մի իմաստուն խորհուրդ կարդալ. «Կռվի սկիզբը ջրերի արձակման պես է, ուստի նախքան վեճի բռնկվելը, հեռացիր»։ Այս խորհուրդը կարո՞ղ է օգտակար լինել» (Առակ. 17։14)։ Նմանատիպ զրույցները օգնում են կողմնորոշվել, թե արժե արդյոք կրկին այցելել մարդուն։

14. Հեռավոր Արևելքում ծառայող մի եղբայր ինչպե՞ս է օգնում նրանց, ովքեր ասում են, թե չեն հավատում Աստծուն։

14 Իսկ ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց, ովքեր ասում են, թե չեն հավատում Աստծուն։ Հեռավոր Արևելքում ծառայող մի եղբայր, որը ոչ կրոնասեր մարդկանց քարոզելու գործում մեծ փորձ ունի, պատմում է. «Այստեղ, երբ մարդն ասում է, թե չի հավատում Աստծուն, իրականում նկատի ունի, որ չի երկրպագում իր նախնիների աստվածներին։ Ուստի սովորաբար համաձայնվում եմ նրա հետ՝ ասելով, որ մարդկանց կողմից պատրաստված աստվածները չեն կարող իրական լինել։ Հաճախ կարդում եմ Երեմիա 16։20-ը. «Մի՞թե մարդ կարող է իր համար աստվածներ շինել։ Այն, ինչ նրանք շինում են, ամենևին էլ աստվածներ չեն»։ Ապա հարցնում եմ. «Իսկ ինչպե՞ս կարող ենք իրական Աստծուն տարբերել մարդակերտ աստվածներից»։ Պատասխանն ուշադրությամբ լսելուց հետո կարդում եմ Եսայիա 41։23-ը. «Պատմեք, թե ինչ է լինելու առաջիկայում, որպեսզի մենք իմանանք, որ դուք աստված եք»։ Հետո մի օրինակ եմ բերում, թե Եհովան ինչպես է կանխատեսել ապագան»։

15. Ի՞նչ կարող ենք սովորել Արևելյան Ասիայում բնակվող մեր եղբորից։

15 Արևելյան Ասիայում բնակվող մի եղբայր պատմում է, թե ինչպես է վերայցելություններ կատարում. «Ես օրինակներ եմ բերում, որոնք փաստում են, որ Աստվածաշունչը ահռելի իմաստություն է պարունակում, բացատրում եմ, թե այնտեղ գրված մարգարեությունները ինչպես են կատարվել, ինչպես նաև զրուցում եմ տիեզերքում գործող օրենքներից։ Հետո ընդգծում եմ այն փաստը, որ Արարիչ գոյություն ունի, այն էլ անհատակ իմաստության տեր Արարիչ։ Երբ մարդը որոշ չափով համաձայնվում է այդ մտքին, նրան ցույց եմ տալիս, թե Աստվածաշունչը ինչ է հայտնում Եհովայի մասին»։

16. Եբրայեցիներ 11։6-ի համաձայն՝ Աստվածաշունչ ուսումնասիրողը ինչո՞ւ պետք է հավատ ունենա Աստծու և նրա Խոսքի հանդեպ, և ինչպե՞ս կարող ենք օգնել նրան այդ հարցում։

16 Երբ Աստվածաշունչ ենք ուսուցանում այնպիսի մարդկանց, որոնք նախկինում կրոնասեր չեն եղել, պետք է շարունակաբար օգնենք նրանց ամրացնել իրենց հավատը առ այն, որ Աստված գոյություն ունի (կարդա Եբրայեցիներ 11։6)։ Բացի այդ՝ պետք է օգնենք հավատ զարգացնել Աստծու Խոսքի հանդեպ։ Դա անելու համար գուցե հարկավոր լինի որոշ ճշմարտություններ նորից ու նորից կրկնել։ Գուցե կարիք լինի ամեն դասի ժամանակ քննարկելու, թե ինչ ապացույցներ կան, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է։ Այդ հակիրճ քննարկումների ընթացքում կարող ենք խոսել կատարված սուրբգրային մարգարեությունների, Աստվածաշնչի գիտական և պատմական ճշգրտության, ինչպես նաև դրանում գրված իմաստուն խորհուրդների մասին։

17. Մեր սերը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մարդկանց վրա։

17 Ինչպիսին էլ լինեն մարդիկ՝ կրոնասեր, թե ոչ, մենք սեր դրսևորելով ենք օգնում նրանց դառնալ Քրիստոսի աշակերտ (1 Կորնթ. 13։1)։ Աստծու Խոսքն ուսուցանելիս մենք պետք է նպատակ ունենանք ցույց տալու, որ Եհովան սիրում է մեզ և ուզում է, որ մենք էլ իրեն սիրենք։ Ամեն տարի հազարավոր մարդիկ, որոնք նախկինում բոլորովին չեն հետաքրքրվել կրոնով կամ շատ քիչ են հետաքրքրվել, սովորում են սիրել Եհովային, մկրտվում են ու դառնում նրա Վկաները։ Ուստի դրական տրամադրվածություն պահպանիր, անհատական հետաքրքրություն ու սեր դրսևորիր ամեն տեսակ մարդկանց հանդեպ, ուշադրությամբ լսիր նրանց ու փորձիր հասկանալ։ Թող նրանք, քո օրինակը տեսնելով, դառնան Քրիստոսի աշակերտ։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Ինչպե՞ս կարող ենք քարոզելիս դրական տրամադրվածություն պահպանել։

  • Ինչպե՞ս կարող ենք հասնել ոչ կրոնասեր մարդկանց սրտին։

  • Ինչո՞ւ պետք է ճշմարտությունը հայտնենք բոլոր մարդկանց։

ԵՐԳ 76 Ի՞նչ է քո սիրտը զգում

a Այսօր առավել, քան երբևէ, շատ են ոչ կրոնասեր մարդիկ։ Այս հոդվածում կքննարկենք, թե ինչպես կարող ենք սուրբգրային ճշմարտությունը հայտնել այդպիսի մարդկանց, օգնել նրանց վստահել Աստվածաշնչին ու հավատալ դրա Հեղինակին՝ Եհովա Աստծուն։

b Հարցումների համաձայն՝ այդ երկրներից են, օրինակ, Ադրբեջանը, Ալբանիան, Ավստրալիան, Ավստրիան, Գերմանիան, Դանիան, Իռլանդիան, Իսպանիան, Իսրայելը, Կանադան, Հարավային Կորեան, Հոնկոնգը, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Չեխիան, Չինաստանը, Վիետնամը և Ֆրանսիան։

c ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Այս հոդվածում գործածված ոչ կրոնասեր արտահայտությունը վերաբերում է այն մարդկանց, որոնք որևէ կրոնական կազմակերպության անդամ չեն կամ էլ առհասարակ չեն հավատում Աստծուն։

d ՆԿԱՐ։ Եղբայրը վկայություն է տալիս իր հետ հիվանդանոցում աշխատող մի տղամարդու, որը օրվա վերջում ուսումնասիրում է մեր՝ jw.org կայքը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը