Հարցերի արկղ
◼ Տեղի՞ն է արդյոք եղբայրների մեջ տարածել անձնական բնույթի նյութեր, օրինակ՝ բժշկական կամ խորհրդատվական տարբեր ծառայությունների վերաբերյալ։
Անդրադառնալով քրիստոնեավայել վարքին՝ Պողոս առաքյալը գրեց, որ ‘եկեղեցին [այսինքն՝ ժողովը] սյուն և հաստատություն է ճշմարտության’ (Ա Տիմոթ. 3։15)։ Հետևաբար, ժողովը չի կարելի է օգտագործել որպես միջոց անձնական բնույթի նյութեր տարածելու համար՝ անկախ նրանից՝ կարվի դա Թագավորության սրահում թե մեկ այլ տեղ անցկացվող հատուկ հանդիպումների միջոցով, տպագրված նյութերի թե ձայներիզների ու տեսաերիզների օգնությամբ։
«Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը հիանալի տեղեկություններ և խորհուրդներ են տալիս բժշկության հետ կապված խնդիրները լուծելու, ինչպես նաև արյան մասին Աստծո օրենքին հետևելու վերաբերյալ։ Դրանք նաև ընդգրկում են Աստվածաշնչի լույսի ներքո գրված, հավասարակշռված տեսակետներ ներկայացնող հոդվածներ վախի, դեպրեսիայի և էմոցիոնալ այլ խնդիրների մասին։ Այս հոդվածների նպատակը ընդամենը տեղեկություններ հաղորդելն է։ Այդ հոդվածներում չեն տրվում որոշակի ախտորոշումներ, չեն առաջարկվում բուժման որոշակի ձևեր, չեն տրվում բժիշկների, խորհրդատուների կամ բուժկենտրոնների տվյալներ, քանի որ այդպիսի հարցերը անհատն ինքը պետք է որոշի (տե՛ս g02-U 08.04, էջ 21, ծանոթագրություն)։
Քանի որ Եհովայի վկաները մեծաթիվ են, ոմանք, այդ թվում նաև որոշ եղբայրներ փորձել են իրենց գործարքներն ու տեսակետները առաջ տանել՝ հոդվածներ, գրքույկներ գրելով և թողարկելով երիզներ, որոնք ուղղված են եղել կազմակերպության անդամներին։ Թերևս այնտեղ քննարկվում են հետաքրքիր ու մտահոգության առարկա հանդիսացող թեմաներ, բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ են դրանք տարածվում. գնորդներ և պատվիրատուներ ձեռք բերելու համար։ Նույնիսկ եթե դրանցից ոմանք չեն տարածվում գումար վաստակելու նպատակով, այնուամենայնիվ, կարող են պարունակել «աստվածապետական լեզվով» ներկայացված անձնական տեսակետներ՝ աստվածաշնչյան մեջբերումներով։ Անկախ նրանից տվյալ նյութը Վկա է պատրաստել, թե՝ ոչ, այնտեղ գտնվող տեսակետները գուցե չհամապատասխանեն Աստվածաշնչին և երեցների կողմից տրված սուրբգրային խորհուրդներին, այլ կարող են հիմնված լինել փիլիսոփայության և այս աշխարհի սկզբունքների վրա (Կող. 2։8; Ա Տիմոթ. 6։20)։
Խնդիրներ ու տարաձայնություններ են առաջացել այն բանի հետևանքով, որ եղբայրներն ու քույրերը, անկեղծ մղումներ ունենալով, մեկը մյուսին փոխանցել են նման անձնական բնույթի նյութեր։ Բոլորս, հատկապես երեցները, որոնք համագործակցում են ‘հավատարիմ և իմաստուն ծառայի’ հետ, և որոնց դիմում են առաջնորդության համար, պետք է զգույշ լինեն, որ այդպիսի խնդիրներ չհարուցեն (Մատթ. 24։45)։ Բացի այդ, մենք չպետք է թիկունք կանգնենք ինչ–որ մեկի գործարքների, գաղափարների և փիլիսոփայության առաջխաղացմանը՝ եղբայրների մեջ այդպիսի նյութեր տարածելով (տե՛ս w95-R 01.02, էջ 16; km00 07, էջ 1)։