Եկեք «կոնկրետ խոսենք»
1 Երբևէ հանդիպե՞լ ես այնպիսի տանտիրոջ, որը, չհամբերելով, մինչև կավարտես ջանասիրաբար պատրաստած ներածական խոսքերդ, ընդհատում է քեզ և ասում. «Ի՞նչ եք ուզում. կոնկրե՛տ խոսեք»։ Ի՞նչ կարող ենք սովորել նման դեպքերից։
2 Այսօր մարդիկ անհամբեր են դարձել։ Նրանք ցանկանում են իմանալ, թե ով ենք մենք և ինչու ենք իրենց այցելում։ Երբ նրանց համար պարզ է դառնում, որ մեր այցելության նպատակը Աստվածաշնչի քննարկումն է, հնարավոր է, որ չուզենան մեզ լսել։ Աստվածաշնչի ընթերցանությունն ու հոգեվոր թեմաներով զրույցը շատերի կյանքում կարևոր տեղ չեն զբաղեցնում։ Ինչպե՞ս կարող ենք հավաստիացնել այդպիսի մարդկանց, որ Աստվածաշնչի թեմայով զրույցին մի քանի րոպե տրամադրելն իրո՛ք անհրաժեշտ է։
3 Ո՞րն է ամենագործուն մեթոդը։ Անհրաժեշտ է տանտիրոջը հնարավորին չափ հակիրճ բացատրել, որ Աստվածաշունչը գործունյա լուծում է առաջարկում իրեն մտահոգող խնդիրների վերաբերյալ։ Լավագույն կերպով պատրաստած ներածական խոսքերը պարունակում են մի այնպիսի հարց, որը տանտիրոջը մտածելու տեղիք է տալիս. ապա կարդացվում է հարցին պատասխանող Գրությունների մի համար։ Փորձիր գործածել ստորև բերված ներածական խոսքերը։ Դրանք կօգնեն քեզ տանտիրոջ հետաքրքրությունն արթնացնելիս «կոնկրետ խոսել»։
4 Այն տարածքներում, որտեղ մարդիկ հաճախ են ասում, թե չեն հետաքրքրվում, առաջ քաշիր այնպիսի հարց, որն անձամբ իրենց է վերաբերում.
◼ «Ինչպե՞ս եք տրամադրված հաջորդ հազարամյակի նկատմամբ՝ կասկածանքո՞վ, թե՞ հույսով [Թույլ տուր պատասխանել]։ Աստվածաշնչում կանխագուշակվում է այսօր տեղի ունեցող անհանգիստ իրադարձությունների, ինչպես նաև դրանց վախճանի մասին»։ Կարդա Բ Տիմոթէոս 3։1, 2, 5 և Առակաց 2։21, 22 համարները։
◼ «Մեր երկրում շատերն են մտահոգված իրենց առողջությամբ։ Գիտե՞ք արդյոք, որ Աստված խոստանում է մեկընդմիշտ լուծել առողջության հետ կապված խնդիրները»։ Կարդա Յայտնութիւն 21։3, 4։
◼ «Ի՞նչ եք կարծում, մեր հասարակարգն ավելի լավը չի՞ լինի, եթե մեզ շրջապատող մարդկանցից յուրաքանչյուրը կիրառի Աստվածաշնչի սկզբունքները»։ Կարդա Մատթէոս 22։37—39։
5 Քանի որ մեր առաջադրանքը Թագավորության բարի լուրը քարոզելն է, մենք պետք է բոլոր հնարավոր դեպքերում մեր ուշադրությունը դարձնենք այն բանի վրա, թե ինչ է իրագործելու այդ Թագավորությունը։ Ուստի կարող ես ասել.
◼ «Գիտե՞ք արդյոք, որ աշխարհի ամենահին գիրքը՝ Աստվածաշունչը, նախագուշակում է, որ ամբողջ աշխարհում միայն մեկ կառավարություն է լինելու»։ Կարդա Դանիէլ 2։44։
◼ «Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ պայմաններ կլինեն երկրի վրա, երբ Հիսուս Քրիստոսը կառավարի երկիրը»։ Կարդա Սաղմոս 72։7, 8։
6 Այնպիսի տարածքներում, որտեղ մարդիկ կրոնասեր են, կարող ես կիրառել ներքոհիշյալ ներածական խոսքերից որևիցե մեկը.
◼ «Այսօր շատերը տառապում են իրենց սեռի, կրոնի կամ մաշկի գույնի պատճառով։ Ի՞նչ եք կարծում, Աստված ինչպե՞ս է նկատում այդ նախապաշարումները»։ Կարդա Գործք 10։34, 35։
◼ «Մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոսն իր օրերում շատ հրաշքներ կատարեց։ Եթե հնարավորություն ունենայիք նրանից խնդրել մի հրաշք գործել, ո՞րը կլիներ դա»։ Կարդա Սաղմոս 72։12—14, 16։
7 Եթե տանտերը չի բացում դուռը, կարող ես խոսակցությունը սկսել հետևյալ կերպ.
◼ «Այսօր շատ մարդիկ ձանձրացել են պրոբլեմների մասին լսելուց։ Նրանք ուզում են լսել այդ խնդիրների լուծման մասին։ Հավանաբար, դո՛ւք էլ եք նույնը ուզում։ Իսկ որտե՞ղ կարելի է գտնել մեր խնդիրների իրական լուծումները»։ Թույլ տուր պատասխանել։ Կարդա Բ Տիմոթեոս 3։16, 17։
8 Ինչո՞ւ չփորձենք։ Շատ հաճախ պարզ, հակիրճ հարցը բավական է տանտիրոջ հետաքրքրությունը շարժելու համար։ Մի կին, որը նախկինում հակառակվում էր Վկաներին, օրերից մի օր իրեն այցելած երկու քույրերի հրավիրում է իր տուն այն բանից հետո, երբ նրանցից մեկը հարցնում է. «Գիտե՞ք, թե ինչ Թագավորության մասին եք խնդրում Տերունական աղոթքում»։ Կնոջը հետաքրքրում է այդ հարցը, և նա համաձայնում է ուսումնասիրել Աստվածաշունչը։ Այսօր նա Եհովային նվիրված ծառա է։
9 Տանտիրոջ հետ զրուցելիս անկեղծությամբ արտահայտվիր։ Սրտա՛նց խոսիր։ Մարդիկ ավելի լավ կարձագանքեն, եթե համոզվեն, որ մենք իսկապես հետաքրքրվում ենք իրենցով (Գործք 2։46, 47)։
10 Այսօր հեշտ չէ քարոզել բարի լուրը։ Որոշ տանտերեր կասկածանքով են վերաբերվում անծանոթներին։ Ուրիշները անհանգիստ կյանքով են ապրում և ազատ ժամանակ քիչ են ունենում։ Այնուհանդերձ, կարող ենք վստահ լինել, որ դեռևս կան այնպիսիները, որոնք արժանի են գտնվելու (Մատթ. 10։11)։ Այդպիսի անհատներ գտնելու մեջ մեր ջանքերն ավելի արդյունավետ կլինեն, եթե գործածենք հակիրճ ներածական խոսքեր և «կոնկրետ խոսենք»։