Դա խոչընդոտո՞ւմ է քեզ ծառայել
1 Մարդկանց մեծամասնությունը միշտ շատ զբաղված է։ Նրանց թվին ենք պատկանում նաև մենք՝ Եհովայի վկաներս, քանի որ մեզ հարկավոր է ուսումնասիրել Աստվածաշունչը, այցելել ժողովի հանդիպումներին, քարոզել։ Բացի այդ, մեզանից շատերն աշխատում են, սովորում, զբաղվում տնային տնտեսությամբ, այլ պարտականություններ կատարում։ Այս ամենը ժամանակ է պահանջում։ Այս առումով առավել դժվար է ընտանիքի գլուխների համար։
2 Որոշ վայրերում անբարենպաստ տնտեսական պայմանների պատճառով ընտանիքի գլուխները ստիպված են շատ և տքնաջան աշխատել, որպեսզի հոգան ընտանիքի կարիքները։ Նրանք իրենց համարյա բոլոր ուժերը ներդնում են աշխատանքի մեջ, իսկ ծառայության համար ուժ ու ժամանակ գրեթե չի մնում։ Քանի որ ընտանիքի գլուխների վրա պարտականություն է դրված հոգալ ընտանիքի նյութական կարիքները, նրանցից ոմանց կարող է թվալ, թե ծառայությանը շատ քիչ ժամանակ կարող են տրամադրել (Ա Տիմոթ. 5։8)։ Իհարկե, այսօր շատ դժվար է բավարարել ընտանիքի կարիքները, սակայն աշխատանքը չպիտի խոչընդոտ հանդիսանա քարոզելու բարի լուրը (Մարկ. 13։10)։ Այդ իսկ պատճառով արժե քննել մեր հանգամանքները։
3 Քանի որ այս աշխարհի կերպարանքն անընդհատ փոխվում է, ընտանիքի գլուխը գուցե հակված լինի ավելի հաճախակի աշխատելու արտաժամ, որպեսզի գումար «ետ գցի» չնախատեսված իրադրությունների համար (Ա Կորնթ. 7։31, Արևմտ. Աստ.)։ Թեպետ լրացուցիչ աշխատանքը հնարավորություն կընձեռի ձեռք բերել ավելի շատ իրեր և հանգստի ու զվարճությունների ավելի լայն հնարավորությունների դուռ կբացի, սակայն այդ ընտանիքը գոհ ու երջանիկ կլինի՞, երբ այդ ամենի պատճառով զրկվի հոգևոր որոշ գործերից և կանոնավորաբար ժողովներին հաճախելուց։ Մենք, իհարկե, պիտի խուսափենք ամեն բանից, ինչը կարող է վնասել մեր հոգևորին։ Իմաստուն կլիներ հետևել Հիսուս Քրիստոսի խորհրդին՝ ‘գանձեր դիզել երկնքում’ և ‘Աստծո աչքում հարստանալ’ (ՆԿ–ի ՆԱԹ) (Մատթ. 6։19–21; Ղուկ. 12։15–21)։
4 Նախևառաջ՝ Թագավորության շահերը։ Հիսուս Քրիստոսն իր աշակերտներին սովորեցնում էր ամենից շատ գնահատել հոգևորը։ Նա խրախուսում էր նրանց՝ ասելով. «Այսուհետեւ հոգ մի՛ արէք ու ասէք՝ ի՛նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խմենք կամ ի՛նչ պիտի հագնենք»։ Ինչո՞ւ էր նա այդպես ասում. ահա՛ թե ինչու. «Ձեր երկնաւոր Հայրը գիտէ, թէ այդ բոլորը ձեզ պէտք է»։ Եթե մենք լիովին վստահ ենք, որ դա այդպես է, մեզ ոչինչ չի խոչընդոտի վարվել Հիսուսի այս խոսքերի համաձայն. «Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ նրա արդարութիւնը, եւ այդ բոլորը [անհրաժեշտ նյութական բաները] Աստուած ձեզ աւելիով կը տայ»։ Այո՛, այդ ամենի մասին հոգ կտանի ինքը Աստված (Մատթ. 6։31–33)։ Այժմ ժամանակը չէ ապրուստի մասին չափից դուրս մտահոգվելու կամ ներկա համակարգում «տնավորվելու». չէ՞ որ այս համակարգն անցնում է (Ա Պետ. 5։7; Ա Յովհ. 2։15–17)։
5 Աշխատանքի հիմնական նպատակը մեր նյութական կարիքները բավարարելն է։ Իսկ որքա՞ն է մեզ հարկավոր։ Պողոս առաքյալը գրեց. «Ունենք կերակուր եւ հանդերձներ ու դրանցով էլ բաւականանք»։ Ձգտո՞ւմ ենք արդյոք ավելին ձեռք բերել. եթե այո, ապա մեզ հետ կարող է պատահել այն, ինչի մասին զգուշացրեց առաքյալը. «Ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձութեան, որոգայթի եւ բազում անմիտ ու վնասակար ցանկութիւնների մէջ, որոնք ընկղմում–տանում են մարդկանց դէպի կործանում եւ դէպի կորուստ» (Ա Տիմոթ. 6։8, 9; Մատթ. 6։24; Ղուկ. 14։33)։ Ինչպե՞ս պարզել՝ արդյոք չեն խոչընդոտում մեզ այսպիսի ցանկությունները։
6 Եթե աշխարհային գործերը մեծ սահմանափակումներ են դնում մեր առջև ծառայությանը մասնակցելու հարցում, կամ եթե դրանք թույլ չեն տալիս զոհողությունների գնալ հանուն Թագավորության շահերի՝ ուրեմն մեզ հարկավոր է վերանայել, թե ինչին ենք տալիս առաջնահերթությունը (Եբր. 13։15, 16)։ Որպեսզի այդ արգելքը վերանա, անհրաժեշտ է ավելի համեստ կյանք վարել։ Հարկավոր է առաջնահերթությունը տալ Թագավորության շահերին՝ ժամանակը և ուժերը նախևառաջ ծախսելով այդ ուղղութամբ։
7 Այն աշխատանքը, որը զուր չէ։ Պողոս առաքյալի խոսքերը հորդորում են մեզ. «Ամեն ժամանակ աւելի առաջացէք Տիրոջ գործումը, գիտացէք, որ ձեր աշխատանքը զուր չէ Տէրումը» (Ա Կորնթ. 15։58, ԱԹ)։ Տիրոջ գլխավոր գործը Թագավորության մասին քարոզչությունն ու աշակերտներ պատրաստելն է (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Որպեսզի կարողանանք լիարժեք մասնակցել դրան, հարկավոր է ամեն շաբաթ ծառայությանը ժամանակ հատկացնել և թույլ չտալ, որպեսզի այլ գործերը գողանան այդ ժամանակը (Եփես. 5։15–17)։ Այդ դեպքում ո՛չ աշխարհային աշխատանքը և ո՛չ էլ այլ գործեր չեն խոչընդոտի մեր ծառայությանը։
8 Երբ մենք անձնուրաց ոգով մարդկանց քարոզում ենք աստվածաշնչյան ճշմարտությունը, մեզ անչափ երջանիկ ենք զգում, քանի որ տալիս ենք (Գործք 20։35)։ Ձգտելով կատարել Թագավորության քարոզչական աշխատանքը՝ մենք ապագային կարող ենք վստահությամբ նայել, «որովհետեւ Աստուած անիրաւ չէ որ մոռանայ [մեր] գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուի[ն]ք» (Եբր. 6։10, ԱԹ)։