Թագավորության սրահների միջազգային շինարարությունը եվրոպական մի շարք երկրներում
1 Վերջին տասնամյակների ընթացքում եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում նաև Արևելյան Եվրոպայում Եհովայի վկաների գործունեությունը արգելված է եղել։ Մեծամասամբ այդ սահմանափակումները բավականին խիստ են եղել։ Դժվարություններ ենք ունեցել ազատորեն հանդիպումներ անցկացնելու հարցում, իսկ Թագավորության սրահներ ունենալը գրեթե անհնար էր։ Վերջին տարիներին, սակայն, Եհովան «մեծ բաներ արաւ մեզ վերայ եւ մենք ուրախացանք» (Սաղ. 126։3)։
2 Սկսած 1983 թ.–ից՝ Եհովայի վկաների վրա գործադրված ճնշումը աստիճանաբար նվազեց։ 1989–ին Լեհաստանում և Հունգարիայում պետականորեն ճանաչվեց Եհովայի վկաների գործունեությունը։ 1991–ին Եհովայի վկաները գրանցվեցին Ռուսաստանում։ Այն ժամանակվանից ի վեր Վկաների գործունեությունը ծաղկում է Ռուսաստանում և նախկին Խորհրդային Միության պետություններում։ 1996–ի մարտից 1998–ի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Կառավարիչ մարմինը հավանություն է տվել եվրոպական 11 երկրների հսկողությունն իրականացնող մասնաճյուղերի ուղղած 359 հարցումներին Թագավորության սրահների կառուցման համար դրամական վարկերի վերաբերյալ։
3 Այս ներդիրում պատկերված նկարներին նայելիս մտածիր, թե ինչ մեծ ու հրաշալի բաներ է արել Եհովան իր ժողովրդի համար (Սաղ. 136։4)։ Անշուշտ, ուրախ կլինես՝ իմանալով, որ ամբողջ աշխարհով մեկ մեր եղբայրների կատարած նվիրատվությունները հիանալի կերպով են օգտագործվում, և դա ցույց է տալիս հենց այն, ինչ որ ասաց Հիսուսը Յովհաննէս 13։35–ում. «Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք»։
4 Սահմանափակ ֆինանսական միջոցներ ունեցող եվրոպական երկրներից, որ օգտվում են օգնության այդ միջոցառումից, Ռումինիան է, որտեղ, սկսած 2000 թ. հուլիս ամսից, 36 Թագավորության սրահ է կառուցվել։ Ուկրաինայում 2001 թ.–ին կառուցվել է 61 Սրահ, իսկ 2002–ին լրացուցիչ 76–ը, որոնց մեծ մասի համար գործածվել է ստանդարտ նախագիծը։ Թագավորության սրահների ֆոնդին նվիրաբերված դրամական միջոցների շնորհիվ հարյուրավոր Սրահներ են կառուցվել Բուլղարիայում, Խորվաթիայում, Մակեդոնիայում, Մոլդովայում, Ռուսաստանում ու Սերբիայում և Չեռնոգորիայում։
5 Որոշ երկրներում Թագավորության սրահների շինարարության գործն այնքան էլ հեշտ չի եղել, իսկ բուն շինարարական գործը սկսելուց առաջ մեծ ջանքեր պետք է թափել։ Հաճախ դա շատ ժամանակ է պահանջում։ Բացի այդ, Եվրոպայի այդ հատվածում Թագավորության սրահ կառուցելը շատ ավելի թանկ արժե, քան Աֆրիկայի կամ Հարավային Ամերիկայի շատ երկրներում։ Այնուամենայնիվ, Եհովայի երկրպագուների թվի մեծ աճի պատճառով Եվրոպական երկրներում, որտեղ ֆինանսական միջոցները սահմանափակ են, դեռ հարյուրավոր Սրահների կարիք կա։
6 Ի՜նչ հրաշալի է տեսնել, թե որքան արագ են կառուցվում Թագավորության սրահները։ Հրաշալի վկայություն է տրվել այդ Սրահների հարևանությամբ ապրող մարդկանց, ինչը ցույց են տալիս տեղի ունեցած բազմաթիվ դեպքերը։ Որոշ վայրերում տեղական իշխանություններին տպավորել է շինարարական գործին մասնակցողների ցուցաբերած պատրաստակամության ոգին՝ տրված ցուցումներին հետևելու։
7 Իրոք որ, ճշգրիտ են Եսայիայի մարգարեական խոսքերը, թե մեր ժամանակներում ճշմարիտ երկրպագությունը կբարգավաճի։ Մարգարեի միջոցով Աստված նախապես հայտնել է. «Ես Տէրս իր ժամանակին շուտով կ’անեմ» (Ես. 60։22)։ Անշուշտ, վերջին տասնամյակը մեծ աճի համար Եհովայի որոշած ժամանակն է եղել Արևելյան Եվրոպայում։ Թող որ Եհովան շարունակի առատորեն օրհնել մեր ջանքերը, որ գործադրում ենք արագացնելու համար Սրահների շինարարության գործը Թագավորության սրահների ֆոնդին մեր կատարած հետագա նվիրատվություններով։ Այս գործի արդյունքում ավելի շատ Սրահներ կկառուցվեն այն երկրներում, որտեղ ֆինանսական միջոցները սահմանափակ են։ Իսկ դա իր հերթին կնպաստի մաքուր երկրպագությունը Եվրոպայի շատ մասերում տարածելուն, և ավելի մեծ վկայություն կտրվի «մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 13։47)։
[Նկարազարդում 3–րդ էջի վրա]
Թագավորության սրահների համալիր, Մոսկվա, Ռուսաստան
[Նկարազարդում 4–րդ էջի վրա]
Նոր Թագավորության սրահներ Արևմտյան Եվրոպայում
Ստրումիցա, Մակեդոնիա
Դարուվար, Խորվաթիա
Ուկրաինա
Բիտոլա, Մակեդոնիա
[Նկարազարդում 5–րդ էջի վրա]
Մլադոստ, Բուլղարիա
Պլովդիվ, Բուլղարիա
Կրասնոօկտյաբրսկ, Մայկոպի շրջան, Ռուսաստան
Բաչկա Պետրովաց, Սերբիա և Չեռնոգորիա
[Նկարազարդում 6–րդ էջի վրա]
Տլումաչ, Իվանովո–Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինա
Ռավա ռուսսկայա, Լվովի մարզ, Ուկրաինա
Ստարա Պազովա, Սերբիա և Չեռնոգորիա
Զենիցա, Բոսնիա և Հերցեգովինա
Սոկալ, Լվովի մարզ, Ուկրաինա
Ժիդաչով, Լվովի մարզ, Ուկրաինա