Ճանաչեցնենք Աստծո անունը
1 Ինչպե՞ս արձագանքեցիր, երբ առաջին անգամ իմացար Աստծո անվան մասին։ Շատերն արձագանքել են այնպես, ինչպես մի կին, որն ասաց. «Երբ առաջին անգամ Աստվածաշնչում տեսա Աստծո անունը, արտասվեցի։ Ինձ շատ էր հուզել այն միտքը, որ իրականում կարող էի իմանալ և գործածել Աստծո անձնական անունը»։ Նրա համար Աստծո անունն իմանալը մի շատ կարևոր քայլ էր Եհովային որպես անձնավորություն ճանաչելու և նրա հետ փոխհարաբերություններ զարգացնելու համար։
2 Ինչո՞ւ ճանաչեցնել այն։ Աստծո անունն իմանալը իր մեջ ընդգրկում է իմանալ նրա հատկությունների, նպատակների ու գործերի մասին։ Այն նաև կապ ունի մեր փրկության հետ։ Պողոս առաքյալը գրել է. «Ամեն ոք, ով Եհովայի անունը կանչի, կփրկվի»։ Այնուհետև նա տրամաբանեց, թե «ի՞նչպէս կանչեն», եթե մարդիկ նախևառաջ չիմանան Եհովայի մասին և հավատ չընծայեն նրան։ Հետևաբար քրիստոնյաների համար հրատապ բնույթ է կրում ճանաչեցնել մարդկանց Աստծո անունը և այն ամենը, ինչ այդ անունն իր մեջ բովանդակում է (Հռովմ. 10։13 ՆԱ, 14)։ Այնուհանդերձ, առավել մեծ պատճառ կա, թե ինչու պետք է ճանաչեցնել Աստծո անունը։
3 1920–ականներին Աստծո ժողովուրդը Գրությունների հիման վրա հասկացողություն ձեռք բերեց Աստծո գերիշխանության արդարացման և նրա անվան սրբացման տիեզերական հարցի վերաբերյալ։ Նախքան ամբարիշտներին կործանելը և այդպիսով իր անվան վրա տեղացող նախատինքը մաքրելը՝ Եհովայի մասին ճշմարտությունը պետք է ‘իմացվի բոլոր երկրում’ (Ես. 12։4, 5; Եզեկ. 38։23)։ Ուստի մեր քարոզչության առաջնային պատճառը հանրության մեջ Եհովային փառաբանելն ու ողջ մարդկության առջև նրա անունը սրբացնելն է (Եբր. 13։15)։ Աստծո և մերձավորի հանդեպ սերը կմղի մեզ լիակատար մասնակցություն ունենալ Աստծո կողմից սահմանված այս գործի մեջ։
4 Ժողովուրդ՝ իր անվան համար։ 1931 թ.–ին մենք ընդունեցինք «Եհովայի վկաներ» անունը (Ես. 43։10)։ Սկսած այն ժամանակվանից՝ Աստծո ժողովուրդը աստվածային անունը այն աստիճան է ճանաչեցրել, որ «Հռչակողներ» գրքի 124–րդ էջում (անգլ.) նշվում է. «Ամբողջ աշխարհում եթե որևիցե անհատ ազատորեն գործածում է «Եհովա» անունը, ապա անմիջապես մարդիկ բնորոշում են նրան որպես Եհովայի վկայի»։ Քեզ ճանաչո՞ւմ են որպես Աստծո անունը գործածողի։ Երախտագիտությունը Եհովայի բարության համար պետք է մղի մեզ ‘օրհնել նրա անունը’՝ ամեն հարմար առիթի ժամանակ նրա մասին խոսելով (Սաղ. 20։7; 145։1, 2, 7)։
5 Որպես ‘ժողովուրդ իր անվան համար’՝ մենք պետք է բարձր պահենք նրա չափանիշները (Գործք 15։14; Բ Տիմոթ. 2։19)։ Առաջինը, որ մարդիկ հաճախ նկատում են Եհովայի վկաների մեջ, նրանց վարքն է (Ա Պետ. 2։12)։ Մենք երբեք չէինք ցանկանա ‘պղծել’ Աստծո անունը՝ արհամարհելով աստվածային սկզբունքները կամ նրա երկրպագությունը մեր կյանքում երկրորդական տեղ դնելով (Ղեւտ. 22։31, 32; Մաղ. 1։6–8, 12–14)։ Փոխարենը՝ թող որ մեր ապրելակերպով ցույց տանք, որ թանկ ենք համարում աստվածային անունը կրելու առանձնաշնորհումը։
6 Այսօր տեսնում ենք, թե ինչպես է կատարվում Եհովայի հայտարարությունը. «Արեգակի ելքիցը մինչեւ նորա մուտքը մեծ է իմ անունը ազգերի մէջ» (Մաղ. 1։11)։ Եկեք շարունակե՛նք ճանաչեցնել ճշմարտությունը Եհովայի մասին և ‘օրհնել նրա սուրբ անունը հավիտյանս հավիտենից’ (Սաղ. 145։21)։
[Հարցեր ուսումնասիրության համար]
1. Ի՞նչ ազդեցություն կարող է մարդկանց վրա թողնել Աստծո անձնական անունն իմանալը։
2. Ինչո՞ւ է Եհովայի մասին մարդկանց սովորեցնելու գործը հրատապ։
3. Ո՞րն է մեր քարոզչության առաջնային պատճառը։
4. Ինչպե՞ս են Աստծո անվամբ ճանաչվում Եհովայի վկաները։
5. Ինչպե՞ս է մեր վարքը առնչվում Աստծո անունը կրելու հետ։
6. Ի՞նչ պատիվ կարող ենք ունենալ հիմա և հավիտյան։