Հեծելազորի հարձակում, որի մեջ ներգրավված ես և դու
1 «Վեցերորդ հրեշտակը փողը փչեց»։ Դրանից հետո ‘ձիավոր զորքը’, որի թիվը կազմում էր «երկու բիւրերի բիւրեր», առաջ է սուրում։ Սա մի սովորական բանակային զորք չէ, քանի որ «ձիերի գլուխներն առիւծի գլուխների նման [են]»։ Կրակ, ծուխ և ծծումբ է դուրս գալիս նրանց բերանից, իսկ «անոնց պոչերը օձերու նման» (ԱԱ) են։ Խորհրդանշական այս հեծելազորը իր ետևից միայն ավերակներ է թողնում (Յայտն. 9։13–19)։ Գիտե՞ս, թե ինչպես ես ներգրավված մարգարեական այս զարմանալի տեսիլքի կատարման մեջ։
2 Օծյալ մնացորդը և ուրիշ ոչխարները՝ նրանց ընկերակիցները, միահամուռ կերպով Աստծո դատաստաններն են հայտարարում։ Դրա արդյունքում ամբողջովին բացահայտվում է քրիստոնեական աշխարհի հոգևորապես մահացած վիճակը։ Եկեք քննարկենք այս մարգարեական տեսիլքի առանձնահատկություններից երկուսը, որոնք ցույց են տալիս, թե ինչու է Աստծո ծառաների ծառայությունն այսքան ազդեցիկ։
3 Կրթված և պատրաստված՝ հռչակելու Աստծո պատգամը։ Աստվածապետական ծառայության դպրոցի և ժողովի մյուս հանդիպումների միջոցով Աստծո ծառաները կրթություն են ստանում, որպեսզի իշխանությամբ խոսեն Աստծո պատգամի մասին։ Ընդօրինակելով Հիսուսին և նրա աշակերտներին՝ նրանք փնտրում են արժանի մարդկանց՝ քարոզելով այնտեղ, որտեղ կարելի է գտնել մարդկանց (Մատթ. 10։11; Մարկ. 1։16; Ղուկ. 4։15; Գործք 20։18–20)։ Որքա՜ն արդյունավետ է եղել այս մեթոդը, որ հիմնված է Աստվածաշնչի վրա։
4 Աստծուց ստացած իրենց հանձնարարությունը կատարելու համար նրա քրիստոնյա ծառաները միլիարդավոր Աստվածաշնչեր, գրքեր, գրքույկներ և պարբերագրեր են տարածել։ Այս գրականությունը մատչելի է 400 լեզուներով, բովանդակում է բազմաթիվ թեմաներ և զանազան նյութեր՝ տարբեր մարդկանց սրտերին հասնելու համար։ Արդյունավետ կերպով գործածո՞ւմ ես այդ հրատարակությունները։
5 Երկնային առաջնորդություն և աջակցություն։ Մարգարեական տեսիլքից պարզ է դառնում նաև, որ այն գործունեությունը, որը ներկայացված է խորհրդանշական հեծելազորի հարձակումով, ունի Աստծո աջակցությունը (Յայտն. 9։13–15)։ Աշխարհածավալ քարոզչական գործը կատարվում է ոչ թե մարդկանց իմաստության կամ զորության շնորհիվ, այլ Աստծո սուրբ ոգու աջակցությամբ (Զաք. 4։6)։ Եհովան հրեշտակների միջոցով է առաջնորդում այս գործունեությունը (Յայտն. 14։6)։ Այս կերպով, ինչպես նաև իր Վկաների ներդրած ջանքերի միջոցով, Եհովան երկնքից իր օգնությունն է ցույց տալիս, որպեսզի դեպի իրեն բերի հեզ անհատներին (Յովհ. 6։45, 66)։
6 Աստծո պատգամը հաղորդելու համար կրթված և լավ պատրաստված լինելով՝ Եհովայի ծառաները անպարտելիորեն առաջ են ընթանում։ Ուստի՝ եկեք շարունակենք բերել մեր բաժինը մարգարեական այս տեսիլքի կատարման մեջ։
[Հարցեր ուսումնասիրության համար]
1, 2. Ինչպե՞ս են Աստծո ծառաները մեր օրերում ներգրավված Յայտնութիւն 9։13–19-ում արձանագրված տեսիլքի կատարման մեջ։
3. Ի՞նչ կրթություն ես ստանում, որպեսզի արդյունավետ կերպով խոսես Աստծո պատգամի մասին։
4. Ի՞նչ միջոցներ են առկա, որոնք հնարավորություն են տալիս քարոզիչներին կատարելու իրենց գործը։
5, 6. Ինչի՞ց է երևում, որ Եհովայի ծառաները երկնային աջակցություն են ստանում։