Թագավորության սրահների շինարարությունը
1 Թագավորության սրահների շինարարությունը։Ի՜նչ բերկրալի է տեսնել Եհովայի երկրային կազմակերպության բուռն աճը ամբողջ աշխարհում։ Ռուսաստանի մասնաճյուղի վերակացության ներքո գտնվող երկրներում վերջին մեկ տարում կազմավորվել է 124 նոր ժողով, իսկ ամբողջ աշխարհում՝ 1 319։ Ուստի զարմանալի չէ, որ նման աճը պահանջում է ավելի շատ Թագավորության սրահներ։
2 Բազմաթիվ եղբայրներ և քույրեր ոգևորված ու անձնուրաց կերպով թիկունք են կանգնում Եհովայի կազմակերպությանը՝ կամավորապես իրենց ժամանակն ու միջոցները տրամադրելով Թագավորության սրահների շինարարությանը։ Ներկայումս Ռուսաստանի մասնաճյուղի հոգածության ներքո գտնվող տարածքում արդեն կառուցվել ու վերանորոգվել է 135 Թագավորության սրահ, իսկ 13–ի շինարարությունը ընթացքի մեջ է։ Թագավորության սրահների պահանջն աճում է ամեն տարի։ Կազմակերպությունը երկրագնդի շատ երկրներում գործողության մեջ է դրել Թագավորության սրահների շինարարության ծրագիրը։ Կազմավորվել են շինարարական խմբեր, որոնց նպատակն է օգնել ժողովներին Թագավորության սրահներ կառուցել։ Ռուսաստանի մասնաճյուղի վերակացության ներքո եղող տարածքում ներկայումս գործում է 7 այդպիսի խումբ, ինչպես նաև Թագավորության սրահների շինարարության գծով ծառայում են մասնաճյուղի մոտ 30 ներկայացուցիչներ, որոնք տեղերում օգնում են եղբայրներին թույլտվություններ ստանալու հարցում։ Այս բոլոր կամավորների աշխատանքը շատ գնահատելի է։ Թագավորության սրահների շինարարության ծրագիրը իրագործվում է տալու և անձնազոհության քրիստոնեական ոգով, որը հակապատկերն է այն ոգու, որ այդքան տարածված է աշխարհում (Բ Տիմոթ. 3։2, 4)։
3 Կրոնական կազմակերպությունը հոգ է տարել Թագավորության սրահների տիպային նախագծերի շարքի ստեղծման համար։ Դա կօգնի խնայել կամավոր շինարարների ժամանակն ու միջոցները, ինչպես նաև կնպաստի, որ Թագավորության սրահների ֆոնդից ստացված միջոցները խելամտորեն օգտագործվեն։ Ներկայումս երեցներն ընտրում են, թե առաջարկված ստանդարտ նախագծերից որն է առավել համապատասխանում իրենց ժողովին ու տարածքին։ ԱՄՆ–ում գործող Տարածաշրջանային շինարարական կոմիտեներից մեկը, առաջին անգամ նման օգնություն ստանալով, այսպես արձագանքեց. «Մեզ շատ դուր եկավ նախագծերի այդ շարքը, և մենք անչափ ուրախացանք՝ ստանալով դա։ Ճարտարապետության և ինժեներական արվեստում հմուտ եղբայրները հաշվարկեցին, որ շնորհիվ նոր նախագծերի՝ խնայվում է ժամանակի 50–60 տոկոսը։ Բացի այդ, նախագծերի շարքը կնպաստի Թագավորության սրահների շինարարության ստանդարտացմանը և ավելի կայուն ընթացք ապահովելուն»։ Սպասվում է, որ Թագավորության սրահների ստանդարտացման հարցում ժողովների աջակցության շնորհիվ կթեթևանա մեր շատ եղբայրների՝ ճարտարապետների, ինժեներների ու կապալառուների բեռը, որոնք կամավորապես առաջարկում են իրենց օգնությունը։ Նաև դրսից ճարտարապետների ու ինժեներների թանկ արժեցող ծառայությունների անհրաժեշտությունը կնվազի։ Նորամուծության կապակցությամբ յուրաքանչյուր ժողով, որ պլանավորում է Թագավորության սրահ կառուցել կամ գնել պատրաստի շենք, պետք է նախևառաջ կապ հաստատի կրոնական կազմակերպության տեղի գրասենյակի հետ՝ ավելի շատ տեղեկություն ստանալու համար։
4 Կամավորները հրաշալի գործի են աջակցում։ Եհովայի կազմակերպությունը շնորհակալ է այն բազմաթիվ կամավորներից, որոնք իրենց ներդրումն են ունենում Թագավորության սրահներ կառուցելու գործում։ Սիրտդ ցնծում է, երբ տեսնում ես հազարավոր կամավորների, որոնք իրենց օգնությունն են առաջարկում շինարարական աշխատանքների բոլոր օղակներում։ Շինարարական ծրագրի հաջողությունը հնարավոր է դառնում շնորհիվ կամավորների խանդավառության, առատաձեռնության և համագործակցության, որոնք զոհում են իրենց այն ժամանակը, որ կարող էին անցկացնել ժողովի ու իրենց ընտանիքի հետ (Սաղմոս 110։3; Կողոսացիս 3։23)։ Նման սիրառատ արձագանքը մղում է մեզ գովել նրանց, հայտնել մեր երախտագիտությունը և լիովին աջակցել նրանց (Հռովմ. 12։10, ԱԱ; Եբր. 13։1)։
5 Եթե ցանկացողներ կան օգնելու շինարարական խմբերին, ապա նրանց կխնդրեն լրացնել Թագավորության սրահների շինարարության դիմումը (A-25)։ Շուտով ժողովները կստանան այդ դիմումի բլանկները։ Լրացված բլանկներն անհրաժեշտ է ուղարկել կրոնական կազմակերպության գրասենյակ՝ այդպիսով տվյալներ ապահովելով կամավորի որակավորման ու հոգևոր վիճակի մասին։ Եթե կամավորի կարգավիճակը փոխվել է, ասենք՝ գուցե նա տեղափոխվել է այլ վայր կամ նշանակվել է ծառայող օգնական կամ երեց, ապա անհրաժեշտ է անհապաղ լրացնել նոր դիմում ու ժողովի քարտուղարի միջոցով ուղարկել։ Իսկ եթե կամավորն այլևս չի համապատասխանում չափանիշներին, ապա հարկավոր է այդ մասին անհապաղ տեղյակ պահել գրասենյակին։ Դիմումի ավելի շատ բլանկներ կարելի է պատվիրել ամենամսյա ձևակերպվող «Գրականության պատվերի բլանկի» միջոցով։ Շրջանային վերակացուն նույնպես կհետաքրքրվի նրանցով, ովքեր ցանկություն են հայտնել կամավոր աշխատել սուրբ ծառայության այս բնագավառում։ Ուստի ամեն անգամ, այցելելով ժողով, նա աչքի կանցկացնի Թագավորության սրահների կամավոր շինարարների դիմումների թղթապանակը։
6 Ձգտեք խնայել շինարարական ֆոնդերը։ Շինարարության համար մատակարարումների հարցով զբաղվում են շինարարական խմբերը։ Այդ եղբայրները ձգտում են շահավետ գնումներ կատարել՝ համեմատելով գները տարբեր վայրերում։ Դա հնարավորություն է տալիս որոշելու, թե ո՛ր մատակարարների հետ գործ ունենալ և ինչպիսի շինանյութեր գնել։ Թագավորության սրահի շինարարության այդ բաժնում աշխատելու համար երբեմն կարելի է հրավիրել տեղի ժողովից համապատասխան եղբայրների։
7 Խնայողության նպատակով շինարարական խմբի վերակացուն պետք է հաստատի շինարարության ծախսերը՝ անձամբ աչքի անցկացնելով վճարման բոլոր փաստաթղթերը։ Թագավորության սրահի շինարարության կամ վերանորոգման վերահսկումը հանձնարարվում է շինարարական խմբին։
8 Քանի որ անընդհատ աճում է Թագավորության սրահների պահանջը, հարկավոր է հնարավորինս խելամտորեն ծախսել միջոցները։ Այդ իսկ պատճառով Թագավորության սրահ կառուցող ժողովներին խորհուրդ է տրվում խիստ խնայողություն անել։ Այն մասին, որ որոշ երկրներ ավելի շատ Թագավորության սրահների կարիք ունեն, ընդգծվել է «1997 թ. Տարեգրքում» (ռուս.). «Ռուսաստանում ավելի շատ Թագավորության սրահների կարիք կա։ Վկաների թիվն այնտեղ շատ արագ է աճում, սակայն Ռուսաստանի մասնաճյուղի վերակացության ներքո եղող ժողովների մոտ 85 տոկոսը չունի հանդիպումներն անցկացնելու մշտական վայր։ Զիմբաբվեում մոտ 800 ժողով կա, և դրանցից շատերը ստիպված են իրենց հանդիպումներն անցկացնել բաց երկնքի տակ։ Այդ պատճառով նորերս հետաքրքրվածներից ոմանք չեն գալիս հանդիպումների»։ Թեպետ ներկայումս ավելի շատ Սրահներ գոյություն ունեն, այնուամենայնիվ դրանց պահանջը մեծ է։ Նման իրավիճակ է տիրում նաև Արևելյան Եվրոպայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի այլ երկրներում։
9 Չնայած որ մարդկության մեծ մասի սերը սառչել է այս վերջին օրերում, Աստծո ծառաները շարունակում են սիրել միմյանց՝ անկախ ռասայից ու բնակության վայրից (Մատթ. 24։12)։ Եկեք ընդօրինակենք մեր երկնային Հորը և ամեն ժամանակ սեր ցուցաբերենք՝ պատրաստակամորեն թիկունք կանգնելով Թագավորության սրահների շինարարությանը, որ իրականացվում է Ռուսաստանի կամ այլ մասնաճյուղի հոգածության ներքո։ Վարվելով այսպես՝ մենք առատ օրհնություններ կքաղենք ու կստանանք Եհովայի հավանությունը (Մաղ. 3։10; Եբր. 6։10)։