Քո օգնության կարիքը կա
1 «Շնորհակալություն ձեզ այն բոլոր բաների համար, որ անում եք հօգուտ մեզ։ Դուք իրոք անհրաժեշտ ծառայություն եք կատարում»։ Այս խոսքերում արտացոլված է մեր գնահատանքը երեցների և ծառայող օգնականների հանդեպ։ Աստծո կազմակերպությունը շարունակ մեծանում է, և մշտական կարիք է զգացվում հասուն տղամարդկանց, որոնք կարող են ծառայել աշխարհի գրեթե 100 000 ժողովներում։ Եթե մկրտված եղբայր ես, իմացիր, որ քո օգնության կարիքը կա։
2 ‘Ձգտիր’։ Ինչպե՞ս կարող ես ձգտել ծառայության մեջ լրացուցիչ առանձնաշնորհումներ ստանալու (Ա Տիմոթ. 3։1, ԷԹ)։ Գլխավոր պահանջներից է կյանքի բոլոր բնագավառներում լավ օրինակ լինելը (Ա Տիմոթ. 4։12; Տիտոս 2։6–8; Ա Պետ. 5։3)։ Լիարժեքորեն մասնակցիր քարոզչական ծառայությանը և օգնիր մյուսներին, որ նրանք էլ այդպես վարվեն (Բ Տիմոթ. 4։5, ՆԱ)։ Անկեղծորեն հետաքրքրվիր հավատակիցներիդ բարօրությամբ (Հռովմ. 12։13)։ Ջանասիրաբար ուսումնասիրիր Աստծո Խոսքը և զարգացրու քո ուսուցանելու արվեստը (Տիտոս 1։9, ՆԱ; Ա Տիմոթ. 4։13)։ Փութաջանորեն կատարիր երեցների կողմից հանձնարարված գործերը (Ա Տիմոթ. 3։10)։ Եթե ընտանիքի գլուխ ես, ապա «տանը լաւ վերակացու» եղիր (Ա Տիմոթ. 3։4 ԷԹ, 5, 12)։
3 Երեցի կամ ծառայող օգնականի պարտականություն կատարելու համար աշխատասիրություն և անձնազոհություն է պահանջվում (Ա Տիմոթ. 5։17)։ Հետևաբար այդպիսի նշանակման ձգտելիս կենտրոնացիր ուրիշներին խոնարհաբար ծառայելու վրա (Մատթ. 20։25–28; Յովհ. 13։3–5, 12–17)։ Խորհիր այն մասին, թե ինչ տրամադրվածությամբ էր ծառայում Տիմոթեոսը, և ձգտիր ընդօրինակել նրան (Փիլիպ. 2։20–22)։ Թող որ քո լավ վարքը «բարի վկայութիւն» լինի քո մասին, ինչպես որ Տիմոթեոսի դեպքում էր (Գործք 16։1, 2)։ Եթե մշակես այնպիսի հոգևոր հատկություններ, որոնք անհրաժեշտ են լրացուցիչ պատասխանատվություններ ստանձնելու համար, ու կիրառես ցանկացած խորհուրդ, որ ստանում ես, ապա «քո յառաջադիմութիւնը ամենին յայտնի [կ]լինի» (Ա Տիմոթ. 4։15)։
4 Ծնողնե՛ր, կրթե՛ք ձեր երեխաներին։ Երեխաներն ունակ են վաղ տարիքից սովորելու օգնել մյուսներին։ Կրթեք նրանց, որ ուշադիր լինեն ժողովի հանդիպումներին, սովորեցրեք նրանց քարոզել, ինչպես նաև Թագավորության սրահում և դպրոցում օրինակելի վարք դրսևորել։ Սովորեցրեք հաճույքով ծառայել մյուսներին, օրինակ՝ մասնակցել Թագավորության սրահի մաքրությանը, օգնել տարեցներին և այլն։ Թող որ նրանք զգան այն երջանկությունը, որ բխում է տալուց (Գործք 20։35)։ Այսպիսի կրթությունը կօգնի նրանց դառնալու մեր վաղվա ռահվիրաները, ծառայող օգնականները և երեցները։