Զարգացնենք մարդկանց հետ տրամաբանելու մեր հմտությունը
1 Պիսիդիայի Անտիոքում գտնվող ժողովարանում Պողոս առաքյալի մատուցած ելույթը, որն արձանագրված է Գործք 13։16–41-ում, մարդկանց հետ տրամաբանելու հիանալի օրինակ է։ Պողոսը հաշվի առավ իր ունկնդիրների ծագումն ու մտածելակերպը և համապատասխան փոփոխություններ կատարեց բարի լուրի մասին իր ելույթի մեջ։ Այս հաղորդագրությունը քննելիս եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք մեր ծառայության մեջ նույն ձևով վարվել։
2 Ընդհանուր եզրեր փնտրիր։ Թեև Պողոսի լուրը կենտրոնանում էր Աստծու նպատակների իրագործման մեջ Հիսուսի կարևոր դերի վրա, Պողոսը իր խոսքը հենց այդ մտքից չսկսեց։ Փոխարենը՝ նա խոսեց մի բանի մասին, ինչում նա և իր ունկնդիրները, որոնք մեծամասամբ հրեաներ էին, համակարծիք էին. դա հրեա ժողովրդի պատմությունն էր (Գործք 13։16–22)։ Նմանապես, մենք էլ ավելի արդյունավետորեն կզրուցենք մարդկանց հետ, եթե ձգտենք ընդհանուր եզրեր գտնել։ Դրա համար գուցե պահանջվի, որ մենք նրբանկատ հարցերի օգնությամբ հորդորենք նրանց արտահայտել իրենց մտքերը և ուշադիր լսենք, որպեսզի հասկանանք, թե ինչ է նրանց իսկապես հետաքրքրում։
3 Հրեաների պատմության մասին խոսելիս Պողոսը հիշեցրեց իր ունկնդիրներին Աստծու այն խոստման մասին, որի համաձայն՝ Աստված Փրկիչ էր ուղարկելու, որը գալու էր Դավթի շառավղից։ Սակայն շատ հրեաներ ռազմական հերոսի էին սպասում, որը կազատեր իրենց հռոմեական իշխանության լծից և հրեա ժողովրդին կբարձրացներ մյուս բոլոր ժողովուրդներից։ Անկասկած նրանք տեղյակ էին, որ Երուսաղեմի հրեա կրոնական առաջնորդները մերժել էին Հիսուսին, հանձնել էին նրան հռոմեական իշխանություններին և մահվան դատապարտել։ Ինչպե՞ս կարող էր Պողոսը հավաստիացնել նրանց, որ հենց Հիսուսն էր խոստացյալ Մեսիան։
4 Փոփոխիր քո մոտեցման ձևը։ Իմանալով իր ունկնդիրների մտածելակերպը՝ Պողոսը գործածեց Սուրբ Գրությունները, որպեսզի տրամաբանի նրանց հետ այն բաների շուրջ, որոնք նրանք ընդունում էին։ Օրինակ՝ նա Հիսուսին ներկայացրեց որպես Դավթի ժառանգ, նաև որպես մեկի, որի մասին վկայել էր Հովհաննես Մկրտիչը, որին շատերը համարում էին Աստծու մարգարե (Գործք 13։23–25)։ Պողոսը նշեց, որ, մերժելով Հիսուսին և նրան մահվան դատապարտելով, կրոնական առաջնորդները «կատարեցին մարգարէների խօսքը» (ԷԹ) (Գործք 13։26–28)։ Այնուհետև նա բացատրեց, որ ականատեսներ են եղել Հիսուսի՝ մահացածներից հարություն առնելուն, և իր հրեա ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց նրանց համար ծանոթ սուրբգրային համարների վրա, որոնք կատարվել էին Հիսուսի հարության միջոցով (Գործք 13։29–37)։
5 Իսկ Աթենքի Արիսպագոսում հույն ունկնդիրներին դիմելիս Պողոսը մեկ այլ մոտեցում ցուցաբերեց (Գործք 17։22–31)։ Այնուամենայնիվ, նա ներկայացրեց միևնույն հիմնական լուրը, և երկու դեպքում էլ նրա ջանքերը լավ արդյունքներ ունեցան (Գործք 13։42, 43; 17։34)։ Նմանապես և այսօր, մենք ավելի արդյունավետ կլինենք մեր ծառայության մեջ, եթե ձգտենք ընդհանուր եզրեր գտնել մարդկանց հետ զրուցելիս և եթե փոփոխենք մեր մոտեցումը՝ հաշվի առնելով նրանց ծագումն ու մտածելակերպը։
[Հարցեր ուսումնասիրության համար]
1. Աստվածաշնչում տեղ գտած ո՞ր հաղորդագրությունն ենք քննելու և ինչո՞ւ։
2. Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես Պողոսը սկսեց իր ելույթը։
3. Ի՞նչն էր պատճառը, որ Պողոսի ունկնդիրները դժվարանում էին ընդունել, որ Հիսուսն էր խոստացյալ Մեսիան։
4. Ինչպե՞ս Պողոսը հմտորեն տրամաբանեց իր՝ հրեա ունկնդիրների հետ։
5. ա) Ինչպե՞ս Պողոսը փոփոխեց իր մոտեցումը հույների հետ խոսելիս։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոսին, երբ վկայություն ենք տալիս մեր տեղանքում։