Իմ ետևից եկ
1 Շատ մարդիկ իրենց ուժերը կենտրոնացնում են իրենց հաճեցնելու վրա, սակայն հաճախ նրանք երջանկություն չեն գտնում։ Հիսուսը հորդորեց անեսասեր կյանքի ուղով ընթանալ և ‘տալ’ ուրիշներին, ինչը իսկական երջանկություն է բերում (Գործք 20։35)։ Նա ասաց. «Ով որ ուզում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ .... եւ իմ ետեւից գայ» (Մարկ. 8։34)։ Դա ավելին է, քան պարզապես ժամանակ առ ժամանակ որոշակի հաճույքներից հրաժարվելը։ Սա նշանակում է յուրաքանչյուր օր ապրել այնպես, որ ոչ թե մեզ հաճեցնենք, այլ Եհովային (Հռովմ. 14։8; 15։3)։
2 Քննենք Պողոս առաքյալի օրինակը։ Հանուն «Յիսուս Քրիստոսի գերազանց գիտութեան» նա դադարեց իր սեփական ցանկություններով ապրել և իր կյանքը նվիրեց Թագավորության շահերն առաջ տանելու գործին (Փիլիպ. 3։7, 8)։ Ուրիշներին ծառայություն մատուցելու վերաբերյալ նա ասաց. «Ես յօժարութեամբ ձեր անձերի համար ծախք կ’անեմ, եւ ծախք կ’լինիմ» (Բ Կորնթ. 12։15)։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է հարց տա ինքն իրեն. «Ինչպե՞ս եմ օգտագործում ժամանակս, ուժերս, կարողություններս և միջոցներս։ Հիմնականում իմ շահերն առաջ տանելու մասի՞ն եմ մտածում, թե՞ ձգտում եմ հաճեցնել Եհովային»։
3 Տալու հնարավորություններ։ Ամեն տարի Աստծու ժողովուրդը մեկ միլիարդից ավելի ժամեր է տրամադրում Թագավորության քարոզչության՝ կյանքեր փրկող գործին։ Ժողովի թե՛ երիտասարդ, թե՛ տարեց անդամները տարբեր հանձնարարություններ են կատարում, որոնք մյուսների օգտին են ծառայում։ Հսկայական գործ է արվում շրջանային և մարզային համաժողովների հետ կապված, ինչպես նաև ճշմարիտ երկրպագությունն առաջ տանելու նպատակով օգտագործվող շինությունների շինարարության և վերանորոգման ուղղությամբ։ Մտածիր նաև Հիվանդանոցների հետ կապի կոմիտեներում և Հիվանդներին այցելող խմբերում ծառայող եղբայրների ցուցաբերած սիրառատ օգնության մասին։ Այս բոլոր անձնազոհ ջանքերը օրհնություն են քրիստոնեական եղբայրության համար (Սաղ. 110։3)։
4 Մեր օգնությունն առաջարկելու հնարավորություններ կարող են բացվել, երբ, օրինակ, բնական աղետներ կամ դժբախտ պատահարներ տեղի ունենան։ Սակայն ավելի հաճախ մենք գուցե նկատենք, որ մեր քրիստոնյա հավատակիցներից ինչ–որ մեկը օգնության կամ քաջալերության կարիք ունի (Առակ. 17։17)։ Պատրաստակամորեն մեզ տրամադրելով մյուսներին ծառայելու, ինչպես նաև Թագավորության շահերն առաջ տանելու գործին՝ մենք հետևում ենք Հիսուսի օրինակին (Փիլիպ. 2։5–8)։ Եկեք շարունակենք այդպես վարվել։