Գրասենյակի նամակը
Սիրելի՛ Թագավորության քարոզիչներ
Մենք շատ ուրախ ենք տեղեկացնելու, թե ինչպես է «խօսքը աճ[ել] .... եւ զօրա[ցել]» 2006 թ. ծառայողական տարվա ընթացքում (Գործք 19։20)։
Սկսած 2005 թ. սեպտեմբեր ամսից՝ շրջանային և մեկօրյա հատուկ համաժողովներին ամեն շաբաթ մկրտվել է միջին հաշվով 14 եղբայր և քույր։ Այդպիսի աճի շնորհիվ 2006 թ. ծառայողական տարվա ընթացքում 7 նոր ժողով է կազմավորվել։ Հիշատակի երեկոյին ներկա է եղել 21 657 հոգի, ինչը մոտ 5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ներկաների թվին։ Շատ ժողովներ բաղկացած են 120–220 քարոզիչներից և ստիպված են հանդիպումներն անցկացնել երկու հերթափոխով։ Երեցների և ծառայող օգնականների մեծ կարիք է զգացվում, ուստի, սիրելի՛ եղբայրներ, խրախուսում ենք ձեզ, որ ձգտեք համապատասխանել հարկ եղած պահանջներին, որպեսզի սուրբ ոգով նշանակվեք այդ պատվավոր պատասխանատվությունները ստանձնելու։ Նշանակված այն եղբայրները, ովքեր պատրաստ են տեղափոխվելու այնպիսի վայրեր, որտեղ ավելի մեծ կարիք կա, կարող են այդ հարցի վերաբերյալ խորհուրդ հարցնել տեղի երեցներից և շրջագայող վերակացուներից։
Շատ երիտասարդ եղբայրներ մինչև օրս լուրջ խնդիրներ են դիմագրավում չեզոքություն պահելու պատճառով (Ես. 2։4)։ Սակայն նրանցից յուրաքանչյուրը սեփական փորձով է տեսել Եհովայի հետևյալ խոստման կատարումը. «Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ» (Եբր. 13։5; Բ Օրին. 31։6)։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ չեք մոռանում ձեր աղոթքներում հիշատակել նրանց մասին։
Մի շրջանային վերակացու նշում է, որ «քարոզիչները սկսել են ավելի շատ կրկնակի այցելություններ կատարել և ավելի ակտիվորեն գործածել Աստվածաշունչը ծառայության մեջ»։ Նա նաև ասում է. «Չնայած տնտեսական խնդիրներին՝ անընդհատ ավելանում է ընդհանուր ռահվիրաների թիվը։ Իսկ մեր երիտասարդ եղբայրներն ու քույրերը հավատի հրաշալի օրինակ են ցույց տալիս՝ հաջողությամբ հակառակվելով այս աշխարհի գայթակղություններին»։
Մենք նկատել ենք, որ այն քաղաքների քարոզիչները, որտեղ տարածքները հաճախակի են մշակվում, քարոզչական տարածքներ են վերցնում հարևան գյուղերում և շրջաններում։ Դրա շնորհիվ շատ մարդիկ առաջին անգամ լսել են Աստծու մասին ճշմարտությունը, իսկ քարոզիչները մեծ թարմություն և ուրախություն են ստացել։ Խրախուսում ենք ձեզ շարունակել նախաձեռնություն վերցնել այս հարցում և հաշվի առնել երեցների ու շրջագայող վերակացուների խորհուրդները։
Դեռ միայն վերջերս մենք օգտագործում էինք մեր հրատարակությունների պատճենները, իսկ այսօր «Տիրոջ սեղանը» լիքն է հոգևոր «համեղ ճաշատեսակներով» (Ա Կորնթ. 10։21)։ Անցած տարի մենք առաջին անգամ հնարավորություն ունեցանք պատվիրելու պարբերագրերը և «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը։ Հավատարիմ և իմաստուն ծառայի միջոցով մենք ստանում ենք այն ամենը, ինչ որ անհրաժեշտ է մեր հոգևոր բարգավաճման համար։ Արդյոք սրտանց չե՞նք մղվում շարունակելու թիկունք կանգնել Թագավորությանը մեր կամավոր նվիրատվություններով, նույնիսկ «երկու լումայ[ով]» (Ղուկ. 21։1–4)։ Շատ ոգևորիչ էր տեսնել, թե ինչպիսի տրամադրվածությամբ քարոզիչները արձագանքեցին Թագավորության սրահների շինարարության ծրագրին մասնակցելու հորդորին։ Ձեզանից շատերը պատրաստ են արձակուրդ վերցնել կամ օգտագործել ազատ ժամանակը՝ ծառայության այդ ձևին մասնակցելու համար։ Թող Եհովան օրհնի ձեզ այդ գործում։
Սրտանց շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ հետևում եք Եհովայի ոգու առաջնորդությանը և ժրաջանորեն տարածում եք բարի լուրը, մասնակցում եք համաժողովների կազմակերպման գործին, նաև զոհում եք ձեր ժամանակը և ուժերը Թագավորության սրահների շինարարության և սպասարկման գործի համար։ Հորդորում ենք ձեզ, որ շարունակեք այդպիսի առատաձեռն ոգի դրսևորել և այդ նույն ոգին զարգացնեք ձեր երեխաների մեջ (Բ Կորնթ. 8։7, 9)։
Ձեր եղբայրներ՝
Հայաստանի Հանրապետությունում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպություն